Գլխավոր տեղեկություն
Համար
N 36-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (07.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.06.2022
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.06.2022
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

09 հունիս 2022 թ.

N 36-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՎԱԼԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել ընտանեկան բժշկի կողմից տրամադրվող հոգեբուժական օգնության և սպասարկման ծավալը և կարգը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Հավելված

Առողջապահության նախարարի

  «09» հունիս 2022 թ. N 36-Ն

հրամանի

 

ԾԱՎԱԼ ԵՎ ԿԱՐԳ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

 

1. Սույն հավելվածով սահմանվում է ընտանեկան բժշկի կողմից տրամադրվող հոգեբուժական օգնության և սպասարկման ծավալը և կարգավորվում են ընտանեկան բժշկի կողմից հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Ընտանեկան բժիշկը հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնելիս առաջնորդվում է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքներով և ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով:

3. Ընտանեկան բժշկի կողմից անձին (այսուհետ` պացիենտ) տրամադրվող հոգեբուժական օգնությունը և սպասարկումն իրականացվում է պացիենտի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` օրինական ներկայացուցչի գրավոր իրազեկված համաձայնությամբ, «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 17-րդ հոդվածի համաձայն:

4. Ընտանեկան բժշկի կողմից տրամադրվող հոգեբուժական օգնությունը և սպասարկումն ընդգրկում է՝

1) պացիենտի անամնեստիկ տվյալների հավաքագրումը,

2) պացիենտի զննումը,

3) հետազոտության տվյալների գնահատումը,

4) նախնական ախտորոշման իրականացումը,

5) բժիշկ-հոգեբույժի խորհրդատվության նպատակով պացիենտին ուղեգրումը հոգեբուժական կազմակերպություն,

6) պացիենտին (օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ նաև օրինական ներկայացուցչին) իր մոտ հնարավոր հոգեկան խանգարման նշանների, բնույթի, ծագումնաբանության, համապատասխան բուժում չստանալու դեպքում հետևանքների մասին իրազեկումը,

7) արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնության և սպասարկման կարիք ունեցող պացիենտի հետագա բուժման ու հսկողության իրականացումը,

8) բժիշկ-հոգեբույժի կրկնակի խորհրդատվության կազմակերպումը,

9) բժիշկ-հոգեբույժի կողմից նշանակված հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և այլ դեղի դեղատոմսի դուրս գրումը:

5. Ընտանեկան բժիշկը պացիենտի հոգեբուժական օգնությունը և սպասարկումն իրականացնում է սույն կարգի 6-12-րդ կետերով սահմանված ընթացակարգին համապատասխան:

6. Պացիենտի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ օրինական ներկայացուցչի դիմելու դեպքում ընտանեկան բժիշկն իրականացնում է անամնեստիկ տվյալների հավաքագրում, պացիենտի զննում և հետազոտության տվյալների գնահատում, նախնական ախտորոշման իրականացում, ինչի վերաբերյալ գրառում է արվում պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում:

7. Ընտանեկան բժիշկը պացիենտին բացատրում է իր մոտ հնարավոր հոգեկան խանգարման նշանների բնույթը, ծագումնաբանությունը, համապատասխան բուժում չստանալու դեպքում հետևանքները, ինչի վերաբերյալ գրառում է արվում պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում:

8. Եթե պացիենտն իր հոգեկան վիճակով ունակ չէ հասկանալու ընտանեկան բժշկի կողմից սույն կարգի 7-րդ կետով նշված տեղեկատվությունը, ապա այդ տեղեկատվությունը տրամադրվում է պացիենտի օրինական ներկայացուցչին:

9. Պացիենտի մոտ հոգեկան խանգարման կասկածի դեպքում ընտանեկան բժիշկը արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման շրջանակներում խորհրդատվական բժշկական օգնության տրամադրման նպատակով էլեկտրոնային ուղեգրմամբ պացիենտին ուղեգրում է հոգեբուժական կազմակերպություն` տրամադրելով ամբուլատոր բժշկական քարտից քաղվածք, ընդ որում՝ խորհրդատվական բժշկական օգնության տրամադրումը ներառում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 90-Ն հրամանով հաստատված հավելված 1-ի 12-րդ կետով սահմանված միջոցառումները:

10. Ընտանեկան բժիշկը արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնության և սպասարկման կարիք ունեցող պացիենտի հետագա բուժումն ու հսկողությունն իրականացնում է ըստ հոգեբուժական կազմակերպության բժիշկ-հոգեբույժի նշանակած բուժման՝ վերջինիս կողմից տրված եզրակացության հիման վրա և դրա վերաբերյալ գրառումներ է կատարում ամբուլատոր բժշկական քարտում:

11. Պացիենտի հոգեկան վիճակի փոփոխության դեպքում ընտանեկան բժիշկը կազմակերպում է բժիշկ-հոգեբույժի կրկնակի խորհրդատվություն:

12. Ընտանեկան բժիշկը կարող է դուրս գրել բժիշկ-հոգեբույժի կողմից նշանակված հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և այլ դեղի դեղատոմս` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1080-Ն որոշմամբ սահմանված կարգով, ընդ որում՝ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղի դուրս գրման համար հիմք է հանդիսանում բժիշկ-հոգեբույժի կողմից տրված մինչև 6 ամիս վաղեմություն ունեցող եզրակացությունը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան