ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ4/0139/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ4/0139/02/08 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան | |
Դատավորներ՝ Ս. Միքայելյան Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
|
Վ. Ավանեսյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի մարտի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հմայակ Զոհրաբյանի և Արայիկ Նավասարդյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.07.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հմայակ Զոհրաբյանի, Արայիկ Նավասարդյանի ընդդեմ Արամ և Վահագն Սիմոնյանների՝ «Կեչառք» ԲԲԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) պատճառված վնասի գումարը բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Հմայակ Զոհրաբյանը և Արայիկ Նավասարդյանը պահանջել են բռնագանձել Արամ և Վահագն Սիմոնյաններից 28.914.900 ՀՀ դրամ՝ որպես Ընկերությանը պատճառված վնասի գումար:
ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27.02.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.07.2009 թվականի որոշմամբ Դատարանի 27.02.2009 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Հմայակ Զոհրաբյանը և Արայիկ Նավասարդյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Արամ և Վահագն Սիմոնյանները:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀօրենքի 59-րդ հոդվածը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ընկերության խորհրդի` գույքի արժեքի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքից չի բխում, որ նրա կողմից որոշված ցանկացած արժեք նույնական է շուկայականին: Խորհրդի կողմից գույքի սահմանված արժեքը կարող է ինչպես նույնական լինել գույքի շուկայական արժեքին, այնպես էլ նշված արժեքից բարձր կամ ցածր լինել:
Տվյալ պարագայում հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ Դատարանն անտեսելով, որ Ընկերության խորհրդի (տվյալ դեպքում՝ Խորհրդի 10.06.2008թ. որոշմամբ սահմանված գույքի շուկայական արժեքը) բացառիկ իրավասությունն է որոշել գույքի շուկայական արժեքը, վիճելի գույքի շուկայական արժեք է ընդունել հայցվորների ներկայացրած անկախ գնահատող «Արթին Էնթրփրայս» ՍՊԸ-ի եզրակացությունը:
Ավելին, դա չի նշանակում որ գործի քննության ընթացքում Դատարանն իրավունք չունի ընդունել, գնահատել և վճռի հիմքում դնել համապատասխան լիցենզիա ունեցող մասնագիտացված կազմակերպության հաշվետվությունը:
2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի, 210-րդ հոդվածի 5-րդ կետի, 219-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկով.
Վերաքննիչ դատարանը, ընդունելով «Ի հավելումն վերաքննիչ բողոքին» կից ներկայացված ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի 06.04.2009 թվականի գրությունը և այն էական համարելով սույն գործի լուծման համար չի պատճառաբանել, թե վերաքննիչ բողոք բերած անձինք իրենցից անկախ ինչ պատճառներով չեն ներկայացրել տվյալ ապացույցը առաջին ատյանի դատարանում:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Արամ և Վահագն Սիմոնյանները վերաքննիչ բողոք են ներկայացրել 25.03.2009 թվականին, որով պահանջել են բեկանել դատական ակտը և այն փոփոխել՝ հայցը մերժել, իսկ 11.06.2009 թվականին «Ի հավելումն վերաքննիչ բողոքին» փաստաթղթով փոխել են 25.03.2009 թվականին բերված բողոքի պահանջը և պահանջել են դատական ակտը բեկանել և գործն ուղարկել ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 08.07.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 27.02.2009 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ «Արթին Էնթերփրայս» ՍՊԸ-ի եզրակացությունն անհիմն է և, որ Դատարանը սխալ է մեկնաբանել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածը, հիմնավոր է, քանի որ Ընկերությունն իրավասու է որոշել իր սեփականության ներքո գտնվող գույքի արժեքը և որոշված գնով այն վաճառել: Որևէ իրավական ակտով սահմանված չէ, որ Ընկերության խորհուրդը պարտավոր է ապացուցել բաժնետերերին վաճառվող գույքի արժեքը: Դրան հակառակ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը սահմանել է, թե երբ և որ դեպքերում է պարտադիր անկախ գնահատողի ծառայությունից օգտվելը:
Ինչ վերաբերում է բողոք բերած անձանց այն պնդմանը, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի 06.04.2009 թվականի գրությունը կարող էր ներկայացվել Դատարանում գործի քննության ժամանակ, հիմնավոր չէ, քանի որ Վահագն և Արամ Սիմոնյանները զրկված են եղել Դատարանին լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Ընկերության խորհուրդը, 10.06.2008 թվականին քննարկելով Ընկերության ֆինանսական վիճակը, որոշել է թույլատրել Աղավնաձորում գտնվող մեկ հեկտար հողատարածքն օտարել՝ 1քմ հողամասի համար սահմանելով 1.400 ՀՀ դրամ վաճառքի գին (գ.թ. 15):
2. 19.06.2008 թվականի թիվ 1 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Ընկերությունը վաճառել է, իսկ Զարուհի Բաղդասարյանը 14.000.000 ՀՀ դրամով գնել է ՀՀ Կոտայքի մարզ գյուղ Աղավնաձոր հասցեում գտնվող 1,01 հա մակերեսով հողատարածքը (գ.թ. 16, հ. 1-ին):
3. «Արթին Էնթրփրայս» ՍՊԸ-ի գնահատման գործակալության 26.01.2009 թվականին կազմված հաշվետվության համաձայն՝ Կոտայքի մարզ, գ. Աղավնաձոր ճամբարում գտնվող «Կեչառք» ԲԲԸ-ին պատկանող հողամասի շուկայական արժեքը (առանց կադաստրային արժեքի) հունիս 2008 թվականի դրությամբ կազմում է 62 460 000 դրամ (գ.թ. 127, հ.1-ին):
4. Արամ և Վահագն Սիմոնյանների կողմից 11.06.2009 թվականի «Ի հավելումն վերաքննիչ բողոքին» կից ներկայացված՝ Ընկերության խորհրդի նախագահ Վ. Սիմոնյանին հասցեագրված ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի 06.04.2009 թվականի թիվ ՀՀ-4/1321 գրությամբ նշվել է.« Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Արթին Էնթրփրայս» ՍՊԸ-ի կողմից իրականացված գնահատման հաշվետվությունում տեղ են գտել որոշակի թերություններ, սխալ հաշվարկներ և արդյունքում ձևավորվել է գերագնահատված արժեք: Կոմիտեի մասնագետների տրված եզրակացության հիման վրա ընկերության կողմից ուղղվել և կոմիտե է ներկայացվել գնահատման հաշվետվությունը, որի արդյունքում Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում գտնվող «Կեչառք» ԲԲԸ-ին պատկանող անշարժ գույքի շուկայական արժեքը կազմել է 30.164.000 ՀՀ դրամ» (գ.թ. 44, հ. 2-րդ):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1. Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի համաձայն՝ խորհրդի բացառիկ իրավասությանն է պատկանում գույքի շուկայական արժեքի որոշումը՝ սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գույքի շուկայական արժեք է համարվում, ներառյալ՝ ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի արժեքը, այն գինը, որով գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն վաճառելու պարտավորություն չունեցող վաճառողը կհամաձայներ վաճառել այդ գույքը, իսկ գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն ձեռք բերելու պարտավորություն չունեցող գնորդը կհամաձայներ այդ գույքը ձեռք բերել:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խորհրդի անդամները, Ընկերության տնօրենը (գլխավոր տնօրենը), վարչության ու տնօրինության անդամները, ինչպես նաև կառավարիչ կազմակերպությունը և կառավարիչն իրենց պարտականությունների կատարման ընթացքում պետք է գործեն` ելնելով Ընկերության շահերից, իրականացնեն իրենց իրավունքները և Ընկերության նկատմամբ իրենց պարտականությունները կատարեն բարեխիղճ ու ողջամիտ կերպով:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ բաժնետիրական ընկերության սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի շուկայական արժեքը որոշվում է Ընկերության խորհրդի կողմից՝ ելնելով Ընկերության շահերից: Ընդ որում այն որոշելիս պետք է հիմք ընդունվեն մի շարք չափանիշներ, մասնավորապես՝ որքան է վաճառքի պահին տվյալ անշարժ գույքի շուկայական արժեքը և արդյո՞ք այդ պայմաններում տվյալ գույքը վաճառելու պարտավորություն չունեցող անձը կհամաձայնվեր այն վաճառել, իսկ գնելու պարտավորություն չունեցող անձը կհամաձայնվեր այն ձեռք բերել:
Վերաքննիչ դատարանը դատական ակտի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ընկերության խորհրդի բացառիկ իրավասությանն է պատկանում գույքի շուկայական արժեքի որոշումը, հետևաբար անկախ գնահատողի կողմից տրված եզրակացությունը հիմք չէ շուկայական արժեքի որոշման համար:
Մինչդեռ, հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության խորհրդի կողմից 10.06.2008 թվականին որոշված Կոտայքի մարզ գյուղ Աղավնաձոր հասցեում գտնվող 1,01 հա մակերեսով հողատարածքի՝ 1 քմ հողամասի համար սահմանված շուկայական արժեքը, այն է՝ 1.400 ՀՀ դրամ վաճառքի գինը, էականորեն տարբերվում է ոչ միայն գործում առկա «Արթին Էնթրփրայս» ՍՊԸ-ի գնահատման գործակալության 26.01.2009 թվականի հաշվետվությամբ սահմանված՝ հողամասի շուկայական արժեքից, այն է՝ (առանց կադաստրային արժեքի) 2008 թվականի հունիս ամսվա դրությամբ` 62 460 000 դրամ, այլ նույնիսկ Արամ և Վահագն Սիմոնյանների կողմից 11.06.2009 թվականին «Ի հավելումն վերաքննիչ բողոքին» կից ներկայացված՝ Ընկերության խորհրդի նախագահ՝ Վ. Սիմոնյանին հասցեագրված ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի 06.04.2009 թվականի թիվ ՀՀ-4/1321 գրությամբ նշված 30.164.000 ՀՀ դրամ արժեքից:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Ընկերության խորհրդի 10.06.2008 թվականի որոշումը չի վիճարկվել, հետևաբար այդ որոշումն առաջացրել է իրավական հետևանքներ, ապա Վճռաբեկ դատարանը գտնում, որ խորհրդի 10.06.2008 թվականի որոշման վիճարկված լինելու կամ չլինելու հանգամանքը սույն գործի համար էական նշանակություն չունի հետևյալ պատճառաբանությամբ՝
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ խորհրդի անդամները, Ընկերության տնօրենը (գլխավոր տնօրենը), վարչության ու տնօրինության անդամները, ինչպես նաև կառավարիչ-կազմակերպությունը և կառավարիչն ու օրենքով սահմանված այլ անձինք Ընկերության առջև պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների (անգործության) հետևանքով Ընկերությանը պատճառած վնասի համար` Օրենսգրքով, սույն օրենքով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Ընկերությունը կամ Ընկերության այն բաժնետերը (բաժնետերերը), որը (որոնք համատեղ) տնօրինում է (են) Ընկերության տեղաբաշխված հասարակ (սովորական) բաժնետոմսերի մեկ և ավելի տոկոսին, իրավունք ունի (ունեն) խորհրդի անդամների, տնօրենի
(գլխավոր տնօրենի), վարչության ու տնօրինության անդամների, ինչպես նաև կառավարիչ-կազմակերպության և կառավարչի դեմ հայցով դիմել դատարան` Ընկերությանը պատճառված վնասների փոխհատուցման պահանջով:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ սույն գործով Ընկերությանը պատճառված վնասի բռնագանձման պահանջի մասին հայցի առկայության պայմաններում, Ընկերության խորհրդի 10.06.2008 թվականի որոշման վիճարկված լինելու հանգամանքը էական չէ:
2. Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին: Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը և այն ուղարկում համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն` գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտի բեկանման հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ բողոք բերած անձանց կողմից «Ի հավելումն վերաքննիչ բողոքին» կից ներկայացված 06.04.2009 թվականի թիվ ՀՀ-4/1321 գրությունը էական նշանակություն ունի սույն գործի լուծման համար:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը որոշման մեջ չի նշել, թե վերաքննիչ բողոք ներկայացրած անձինք, իրենցից անկախ ինչ պատճառներով չեն ներկայացրել տվյալ ապացույցը առաջին ատյանի դատարանում:
Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես՝ Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը): Ուստի, սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:
Ինչ վերաբերում է բողոքի սույն հիմքում նշված մյուս փաստարկներին, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի խախտման պայմաններում Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում:
Վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանությամբ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.07.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Ա. Բարսեղյան |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |