Գլխավոր տեղեկություն
Համար
N 1-05/03-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (27.04.2006-12.05.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.04.17/11(220) Հոդ.134
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
Ընդունման ամսաթիվ
13.02.2006
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12406083


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

13 փետրվարի 2006 թ. 
ք. Երևան

N 1-05/03-Ն

 Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՌԵԶԻԴԵՆՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համակարգում կանոնակարգել ու միասնականացնել կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրերի (կոնվենցիաների) կիրարկումը, մասնավորապես՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային տեսչությունների կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատումը


 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման կարգը և տեղեկանքի միասնական ձևը` համաձայն կից հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային տեսչությունների պետերին` այսուհետ կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերի (կոնվենցիաների) կիրառման նպատակներով Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակը հաստատելիս առաջնորդվել սույն հրամանով հաստատված կարգով:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Պետ`

Ֆ. Ցոլակյան


 

Հավելված 1
ՀՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական ծառայության պետի
2006 թ. փետրվարի 13-ի
N 1-05/03-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՌԵԶԻԴԵՆՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը  Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև կրկնակի հարկումը բացառելու մասին գործող պայմանագրերի (համաձայնագրերի, կոնվենցիաների) կիրառման նպատակով հաստատում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) իրավաբանական և ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտության կարգավիճակը: Վերջինս որոշելու համար հիմք են ընդունվում.

1.1  Համաձայն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ են համարվում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպությունները, բացառությամբ` ոչ ռեզիդենտ կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների:

1.2  Համաձայն «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ ում կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող` ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձը:

2. Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատումը ձևակերպվում է.

- տեղեկանքի տեսքով (ձևը կցվում է) կամ

- օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևը հաստատելու եղանակով: Ընդ որում, նշված ձևերը համարվում են ռեզիդենտության փաստը հաստատող, եթե պարունակում են հետևյալ կամ իմաստով նմանատիպ ձևակերպում.

«Հաստատվում է, որ …(կազմակերպության անվանումը կամ անձի անունը, ազգանունը)… հանդիսանում է(էր) …(ժամանակահատվածը)… թվական(ներ)ին Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ` Հայաստանի Հանրապետության կառավարության և …(պետության անվանումը)… կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի իմաստով»:

3. Դիմողը Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման նպատակով փաստաթղթերը ներկայացնում է իր հաշվառման վայրի, իսկ ֆիզիկական անձանց դեպքում բնակության (հաշվառման) վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչությունը երկու աշխատանքային օրում փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային վարչարարության կատարելագործման վարչություն, որը նշված փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո, երկու աշխատանքային օրում, համապատասխան ցուցումով, վերահասցեագրում է  դրանք դիմողի հաշվառման վայրի, իսկ ֆիզիկական անձանց դեպքում` բնակության (հաշվառման) վայրի, հարկային տեսչություն: Վերջինս երկու աշխատանքային օրում հաստատում է տեղեկանքը հարկային տեսչության կնիքով և ամրագրում հարկային տեսչության պետի ստորագրությամբ՝ այն հանձնելով դիմողին, իսկ պատճենը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային վարչարարության կատարելագործման վարչություն, որն էլ իր հերթին մեկ կրկնօրինակը հասցեագրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչություն:

Իրավաբանական անձի, որպես Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակը հաստատվում է, եթե վերոհիշյալ իրավաբանական անձը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և հաշվառված է համապատասխան հարկային տեսչությունում:

4. Հաստատումը կարող է իրականացվել ինչպես ընթացիկ տարվա, այնպես էլ նախորդ տարիների համար, եթե առկա են նախորդ տարիներին վերաբերող և ռեզիդենտության փաստը հաստատող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

5. Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատումը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

1) իրավաբանական անձանց դեպքում.

ա) ազատ ոճով շարադրած դիմում, որում նշվում են`

-  կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, ՀՎՀՀ և գտնվելու վայրը,

-  օրացուցային տարին(երը), որի համար անհրաժեշտ է հաստատել հարկային ռեզիդենտի կարգավիճակը,

-  օտարերկրյա պետության անվանումը, որի հարկային մարմնին ներկայացվում է հաստատումը,

-  կցվող փաստաթղթերի ցանկը:

Դիմումը ստորագրվում է կազմակերպության ղեկավարի և գլխավոր հաշվապահի կողմից: Եթե դիմումը ստորագրում է կազմակերպության լիազորված անձը, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր. 

բ) օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները: Նման փաստաթղթերի շարքին են դասվում`

-  պայմանագիրը,

-  շահաբաժինների վճարման մասին բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը,

-  հիմնադիր փաստաթղթերը (օտարերկրյա պետությունում առանձնացված ստորաբաժանման բացման համար ուղղած միջոցները հարկերից ազատելու նպատակով) և այլն:

Նշված փաստաթղթերի պատճենները հաստատվում են կազմակերպության կնիքով և ամրագրվում կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ:

2) Հայաստանյան և օտարերկրյա ֆիզիկական անձանց դեպքում.

ա) ազատ ոճով շարադրված դիմումը, որում նշվում են`

-  դիմողի ազգանունը, անունը, հայրանունը և բնակության (հաշվառման) վայրը, իսկ անհատ ձեռնարկատերերը նաև ՀՎՀՀ,

-  օրացուցային տարին, որի համար անհրաժեշտ է հաստատել հարկային ռեզիդենտի կարգավիճակը,

-  օտարերկրյա պետության անվանումը, որի հարկային մարմնին է ներկայացվում հաստատումը,

-  կցվող փաստաթղթերի ցանկը.

բ) օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները: Նման փաստաթղթերի շարքին են դասվում`

-  պայմանագիրը,

-  շահաբաժինների վճարման մասին բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը և այլն.

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի բոլոր էջերի պատճենները.

դ) Հայաստանի Հանրապետության տարածքում անձի գտնվելու ժամանակահատվածի հաշվարկման աղյուսակը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում նրա կենսական շահերի կենտրոնի գտնվելու մասին ազատ ոճով շարադրած հիմնավորումը՝ հաստատող փաստաթղթերի պատճենների հետ:

Որպես հաստատող փաստաթղթեր կարող են ծառայել`

-  տեղեկանքը բնակության վայրից,

-  տեղեկանքը աշխատանքի վայրից,

-  ավիատոմսերը,

-  սեփականության վկայականները և այլն.

ե) օտարերկրյա ֆիզիկական անձինք լրացուցիչ ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու փաստը հաստատող փաստաթղթերի պատճենները:

Մեկ տարուց ավելի գործողության ժամկետ ունեցող փաստաթղթերի պատճենները նախկինում ներկայացված լինելու դեպքում դրանց կրկնակի ներկայացումը չի պահանջվում: Այդ դեպքում դիմումի մեջ պետք է կատարել հղում այն գրությանը, որով նախկինում ներկայացվել է տվյալ փաստաթուղթը:
 

 

Հավելված 2
ՀՀ  կառավարությանն առընթեր
հարկային պետական ծառայության պետի
2006թ. փետրվարի 13-ի
N 1-05/03-Ն հրամանի


Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

 

Սույնով հաստատվում է, որ ____________________________________________

_____________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը / ֆիզիկական անձի անունը և ազգանունը)

____________________________________________________________

(բնակության վայրը)


հանդիսանում է/էր Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ _______________ թվականին:

(տարեթիվ)                                        

 

Եկամուտների և գույքի կրկնակի հարկման մասին համաձայնագրի իմաստով՝ կնքված Հայաստանի

Հանրապետության կառավարության և _________________________________ միջև

         (պետության անվանումը)


և հաշվառված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական

ծառայության ____________________________ հարկային տեսչությունում:

(հարկային տեսչության անվանումը)                                            

 

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
               

 

 

 

Հարկային տեսչության պետ՝ 

______________________ /          /

                                            

 

  Կ.Տ.

 

____/____/____

(օր / ամիս / տարի)

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.05.2018, N 319-Ն 11.06.2018, N 1-05/03-Ն
23.03.2011, N 666-Ն 12.05.2011, N 1-05/03-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան