ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1536(ՏԴ) |
Նախագահող դատավոր՝ | Էդ.Նահապետյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | |
Ս. Գյուրջյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի դեկտեմբերի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գյումրու քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 09.07.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ «Գյումրու ջերմամատակարարում» ՓԲԸ-ի անվճարունակության գործով կառավարչի (այսուհետ` Կառավարիչ) հայցի ընդդեմ Քաղաքապետարանի՝ գործարքը չեղյալ համարելու և գործարքի հետևանքով հանձնած գույքը վերադարձնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Կառավարիչը պահանջել է չեղյալ համարել Քաղաքապետարանի հետ կնքված գույքի հանձման-ընդունման գործարքը և վերադարձնել հանձնած գույքը:
ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 09.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է Քաղաքապետարանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Կառավարիչը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի, «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Ընկերությունը սնանկ է ճանաչվել Դատարանի 05.05.2005 թվականի վճռով, իսկ 20.05.2005 թվականին նշանակվել է Կառավարիչ:
22.07.2005 թվականին կազմված հանձնման-ընդունման ակտի համաձայն՝ Ընկերության տնօրենը հանձնել, իսկ Կառավարիչն ընդունել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց համաձայն էլ վերջինս 22.09.2006 թվականին՝ Ընկերության սնանկ ճանաչվելուց ավելի քան մեկ տարի չորս ամիս անց, վիճելի գույքը փոխանցելու գործարքը չեղյալ համարելու վերաբերյալ հայց է ներկայացրել Դատարան:
«Իրավական ակտերի մասին օրենքի» 86-րդ հոդվածի 1-ին կետի ճիշտ մեկնաբանման և կիրառման դեպքում Դատարանը իրավական ակտը պետք է մեկնաբաներ դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները և չփոփոխելով դրա իմաստը, որի դեպքում դատարանը պարտավոր էր բավարարել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ պատասխանողի դիմումը:
2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 49-րդ, 51-րդ, 53-րդ, 130-132-րդ հոդվածների պահանջները, չի կիրառել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 48-50-րդ և 52-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վիճելի գույքը սեփականության իրավունքով Ընկերությանը պատկանելու վերաբերյալ հայցվորի կողմից որևէ ապացույց Դատարանին չի ներկայացվել: Մինչդեռ, գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք: Գործի հագամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Գույքի պատկանելությունը հայցվորը վիճարկել է տարիներ առաջ Ընկերությունում ոչ պատշաճ ու թերի կազմված հաշվեկշիռների երևակայական վերլուծություններով:
Դատարանը գտել է նաև, որ 1997 թվականին գույքը չի հանձնվել Գյումրու քաղաքապետարանին: Այդ դեպքում դատարանը պետք է նշեր այն հիմքը, ապացույցը, ըստ որի այն հանձնվել է Ընկերությանը: Քաղաքապետարանի ֆինանսական բաժնի 25.06.2007 թվականի թիվ 01/1 գրության համաձայն` վիճելի գույքը գտնվում է Քաղաքապետարանի հաշվեկշռում: Նշված գույքը Ընկերությանը նախկինում նրա միակ հիմնադրի՝ Քաղաքապետարանի կողմից տրված է եղել օգտագործման համար:
Դատարանի վճռից հասկանալի չէ, թե ի վերջո կիրառվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի առաջին, թե երրորդ կետի պահանջները: Դատարանը, վիճելի գույքի միայն ընդունման-հանձնման ակտը հիմք ընդունելով, մի դեպքում հաստատված է համարել, որ այն գտնվել է ընկերության հաշվեկշռում` այդ փաստը գործի քննության համար էական նշանակություն ունեցող ճանաչելով, իսկ մեկ այլ դեպքում եզրակացրել է, որ վիճելի գույքը սեփականության իրավունքով պատկանել է իրավաբանական անձ հանդիսացող ընկերությանը:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 48-50-րդ և 52-րդ հոդվածների համաձայն՝ համայնքի վարչական սահմաններում գտնվող գույքը, սույն օրենքին համապատասխան, սեփականության իրավունքով անհատույց փոխանցվում է համայնքներին, բացի ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն համարվողներից, ինչպես նաև պետությանն իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ գույքից: Սույն օրենքով համայնքներին վերապահված պարտադիր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ գույքը, որը պատկանում է պետությանը, որպես սեփականություն, անհատույց փոխանցվում է համայնքներին: Համայնքի սեփականություն կարող է դառնալ նաև համայնքի տարածքում գտնվող ջեռուցման համակարգը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 09.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.
Վճռաբեկ բողոքում Քաղաքապետարանը նշել է, որ հայցվոր կողմից ոչ մի ապացույց չի ներկայացվել վիճելի գույքը սեփականության իրավունքով Ընկերությանը պատկանելու վերաբերյալ, իսկ այն, որ 14.03.1997 թվականի թիվ 51 որոշման համաձայն` Շիրակի մարզպետարանի և Քաղաքապետարանի միջև ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգի ընդունման-հանձնման ակտ ժամանակին չի կազմվել, բոլորովին չի նշանակում և չի հիմնավորում այն հանգամանքը, որ նշված, այդ թվում 2001 թվականին շահագործման հանձնված գույքը՝ ջերմակայանները (կաթսայատները), փոխանցվել և պատկանել են Ընկերությանը:
Վերոհիշյալ որոշման պահանջները նույն որոշմամբ սահմանված ժամկետում չկատարելու փաստից բացի, որպես ապացույց ներկայացվել են Ընկերության կողմից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Գյումրու հարկային տեսչություն ներկայացված 2000-2005 թվականների ֆինանսական հաշվետվությունները, 2000-2005 թվականնների գույքահարկի և հողի հարկի հաշվարկները (պատճենները` հաստատված Ծառայության Գյումրու հարկային տեսչության կողմից, ներկայացվել են Դատարանին): Ըստ նշված հաշվետվությունների՝ Ընկերությունը սկսած 1999 թվականից փաստացի տիրապետել և օգտագործել է վիճելի գույքը` այն հաշվառելով Ընկերության հաշվեկշռում և հաշվարկելով գույքահարկ և հողի հարկ, որն էլ բավարար հիմք է վիճելի գույքի նկատմամբ Ընկերության սեփականության իրավունքը հաստատելու համար:
Նշվածը հիմնավորում է այն հանգամանքը, որ չեն կատարվել ՀՀ կառավարության 14.03.1997 թվականի թիվ 51 որոշման պահանջները:
Վճռաբեկ բողոքում նշված է, որ Դատարանի կողմից սխալ է մեկնաբանվել և կիրառվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի և 86 հոդվածի 2-րդ կետի պահանջները, ինչպես նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54 հոդվածի 1-ին կետի պահանջները:
Այս առումով պետք է նշել, որ Ընկերության տնօրենը 22.07.2005 թվականին, խախտելով «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «զ» կետի պահանջները, անվճարունակության գործով կառավարչին է հանձնել ոչ բոլոր փաստաթղթերը և ոչ սահմանված ժամկետում, որոնք պահանջվում են «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով: Գույքացանկ պարտապանը չի ներկայացրել, իսկ վերջին գույքագրումն Ընկերությունում անցկացվել է 20.09.2003 թվականին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) ՀՀ կառավարության 14.03.1997 թվականի թիվ 51 որոշմամբ սահմանվել է ՀՀ Շիրակի մարզի քաղաքային և գյուղական համայնքների գույքի ցանկը: Որպես Գյումրի համայնքին պատկանող գույք նշվել է նաև ներհամայնքային նշանակության ջերմամատակարարման համակարգը:
2) Քաղաքապետի 2003 թվականի (ամսաթիվը բացակայում է) թիվ 1308 որոշմամբ որոշվել է Ընկերության ակտիվների և պասիվների հանձնման-ընդունման նպատակով ստեղծել հանձնաժողով: Կազմված ընդունման-հանձնման ակտի համաձայն՝ Ընկերությունը հանձնել, իսկ Քաղաքապետարանն ընդունել է 78.890.267 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով գույք:
3) Քաղաքապետի 16.09.2003 թվականի թիվ 1433 որոշման 7-րդ կետով նախատեսվել է Գյումրու համայնքի սեփականություն հանդիսացող և տարիներ շարունակ անհիմն կերպով Ընկերության հաշվեկշռում հաշվառված գույքը, ընդունման-հանձնման ակտի համաձայն, հաշվառել Քաղաքապետարանի հաշվեկշռում, և որից էլ կենտրոնական ջերմային կայանները, ջերմացանցերը և վերջիններիս վերանորոգման համար անհրաժեշտ պահեստամասերը` ընդամենը 49.500.000 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով, 2 տարի ժամկետով անհատույց տրամադրել «Գյումրուն տաք ձմեռ» ՓԲԸ-ին:
4) Վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի թիվ 3-313(Ա) որոշմամբ բեկանվել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի՝ Ընկերության կողմից Քաղաքապետարանի սեփականություն հանդիսացող գույքը որպես իր սեփական գույք ներկայացնելու փաստը անվավեր ճանաչելու և նշված գույքի նկատմամբ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից դրված արգելանքը հանելու մասին 23.05.2005 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նոր քննության:
5) Դատարանի 05.05.2005 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Ընկերությունը ճանաչվել է անվճարունակ (սնանկ): 20.05.2005 թվականին նշանակվել է Կառավարիչ:
6) Կառավարչի կողմից վիճելի գույքը փոխանցելու գործարքը չեղյալ համարելու և Ընկերության գույքը վերադարձնելուն Քաղաքապետարանին պարտավորեցնելու պահանջով սույն հայցը Դատարան է ներկայացվել 2006 թվականի սեպտեմբեր ամսին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:
Սույն վեճի հիմքում ընկած իրավահարաբերությունների ծագման պահին գործող՝ Անվճարունակության (սնանկության) մասին» 17.12.2003 թվականի ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարիչը կարող է պարտապանին սնանկ ճանաչելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում դիմել դատական կարգով հետ ստանալու` պարտապանի կատարած անհատույց փոխանցումները ցանկացած երրորդ անձանց, որոնք կատարվել են պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում, պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդած 90 օրվա ընթացքում կատարված ցանկացած փոխանցում (այդ թվում՝ ոչ դրամային), պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված գործարքների, փոխանցումների և գույքի օտարումների հետևանքով պարտապանին պատճառված վնասը, որը հետևանք է իրացման և շուկայական արժեքի տարբերության: Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում կառավարիչը կարող է դիմել դատարաններ՝ պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կնքված այն գործարքները անվավեր ճանաչելու պահանջով, որոնք ակնհայտորեն անշահավետ են եղել պարտապանի համար և (կամ) էականորեն նվազեցրել են պարտապանի ակտիվները:
Ակնհայտ է, որ օրենսդիրը վերը նշված պահանջներով դատարան դիմելու Կառավարչի իրավունքի իրականացման համար սահմանել է մեկ տարվա ժամկետ:
Սույն գործի փաստերի համաձայն՝ «Գյումրու Ջերմամատակարարում» ՓԲԸ-ն անվճարունակ է ճանաչվել ՀՀ տնտեսական դատարանի 05.05.2005 թվականի վճռով, որն օրինական ուժի մեջ է մտել 20.05.2005 թվականին:
Մինչդեռ, Կառավարիչը գույքը փոխանցելու գործարքը չեղյալ համարելու և Ընկերության գույքը վերադարձնելուն Քաղաքապետարանին պարտավորեցնելու պահանջով սույն հայցը Դատարան է ներկայացրել 2006 թվականի սեպտեմբեր ամսին, այսինքն՝ դատարան է դիմել օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետի խախտմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:
«Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով օրենսդիրը Կառավարչի կողմից իրավունքի պաշտպանության ժամանակահատվածի սկիզբ է դիտել պարտապանին սնանկ ճանաչելը: Հետևաբար, վճռաբեկ բողոքի պատասխանի այն փաստարկը, թե Կառավարիչը իրավունքի խախտման մասին ուշ է իմացել, սույն վեճի լուծման հարցում որևէ էական նշանակություն չունի:
Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի՝ «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի սխալ մեկնաբանության վերաբերյալ հիմքը հիմնավոր է համարում:
2) Սույն բողոքի առաջին հիմքի հիմնավոր լինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը բողոքի երկրորդ հիմքին չի անդրադառնում այն պատճառաբանությամբ, որ այն սույն վեճի լուծման հարցում որևէ էական նշանակություն չի կարող ունենալ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի առաջին հիմքը հիմնավոր համարելով, դրա առկայությունը բավարար է դիտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 09.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ՝ |
Ս. Անտոնյան |
Ս. Գյուրջյան | |
Է. Հայրիյան | |
Ս. Սարգսյան |