ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N ԱԽ-5-Ո-10
2008թ.ԵՐԵՎԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Կ. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, Ժ. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի |
մասնակցությամբ ԱԽ անդամներ |
Վ. Աբելյանի, Ս. Անտոնյանի, Մ. Սիմոնյանի, Ա. Թումանյանի, Ա. Խաչատրյանի, Մ. Մարտիրոսյանի, Տ. Պետրոսյանի, Ն. Տավարացյանի, Հ. Մովսեսյանի, Տ. Բարսեղյանի, Գ. Բադիրյանի, Հ. Փանոսյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Պետրոսյանի, Ժ. Հովսեփյանի, Կ. Ղազարյանի |
քարտուղարությամբ |
Շ. Վարդանյանի |
2008 թվականի հունիսի 26-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մ. Պետրոսյանին, Ժ. Հովսեփյանին և Երևանի քրեական դատարանի դատավոր Կ. Ղազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
2008 թվականի ապրիլի 9-ին Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` Կարգապահական հանձնաժողով) թիվ N-Կ-2-08/08 որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մ. Պետրոսյանի, Ժ. Հովսեփյանի և Երևանի քրեական դատարանի դատավոր Կ. Ղազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ դատարաններում կատարված դատական պրակտիկայի ամփոփման տեղեկանքը:
2. Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.
Կարգապահական հանձնաժողովը Արդարադատության խորհրդին է ներկայացրել եզրակացություն՝ կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որոնք հանձնաժողովը գնահատել է որպես նյութական և դատավարական նորմերի ակնհայտ խախտումներ:
Ըստ եզրակացության՝
Նախաքննության մարմնի կողմից Սամվել Գրիգորի Հունիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով այն արարքի համար, որ նա 2007 թվականի հուլիսի 10-ին՝ ժամը 2300-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցի 9-րդ շենքի դիմաց վիճաբանության ժամանակ դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել տուժող Շիրազ Սոսեյանին և նրա առողջությանը պատճառել կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:
Վիճաբանության և կռվի նախաձեռնողը եղել է ալկոհոլ օգտագործած Սամվել Հունիկյանը:
Տուժող Շիրազ Սոսեյանին ուղղված դանակի հարվածներից մեկը դիպել է Կարապետ Բաբլոյանին, որն այդ պահին, գրկելով տուժողին, փորձել է մի կողմ տանել: Հարվածի հետևանքով Կարապետ Բաբլոյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճռով Սամվել Հունիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման՝ 1 (մեկ) տարի ժամկետով:
Սամվել Հունիկյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է համարել տուժողին պատճառած նյութական վնասի հատուցումը, հանցագործության բացահայտմանն աջակցելը և տուժողի հետ հաշտվելը: Այդ հանգամանքները դատարանը դիտել է «որպես բացառիկ մեղմացուցիչ հանգամանքներ»: Նշվել է նաև, որ «ծանրացնող հանգամանքներ չկան»:
Գործով մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննելով գործը՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 2007 թվականի նոյեմբերի 29-ի դատավճռով Սամվել Հունիկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ բողոքն՝ առանց բավարարման:
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի վերը շարադրված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները համարել է հիմնավոր և գտել, որ պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում Սամվել Հունիկյանի նկատմամբ նշանակվել է արդարացի պատիժ:
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի նոյեմբերի 29-ի դատավճռի դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
ՀՀ վճռաբեկ դատարանը 29.02.2008թ. թիվ ՎԲ-11/08 որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարել է` բեկանել Սամվել Գրիգորի Հունիկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 17-ի և ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի նոյեմբերի 29-ի անփոփոխ թողնելու մասին դատավճիռները և գործն ուղարկել է Երևանի քրեական դատարան՝ նոր քննության:
Անդրադառնալով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից Ս. Հունիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման իրավաչափության հարցին, Կարգապահական հանձնաժողովը գտել է, որ դատարանի կողմից անտեսվել է Ս. Հունիկյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող, գործի տվյալներով լիովին հաստատված՝ ալկոհոլի ազդեցության տակ հանցանք կատարելու հանգամանքը, որպիսին Ս. Հունիկյանի պատասխանատվությունը ծանրացնող չհամարելու որևէ հիմնավորում դատարանը չի բերել: Այն դեպքում, երբ անձի կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների բացարձակ մեծամասնությունը կատարվում է ալկոհոլի ազդեցության տակ:
Հակառակ դրան` դատարանը, առանց որևէ ապացույցի, որպես Ս. Հունիկյանի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք նշել է ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված` հանցագործությունը բացահայտելուն աջակցելը: Հանցագործությունը բացահայտելուն աջակցելը կարող է արտահայտվել նախաքննության մարմնին և դատարանին այնպիսի տեղեկություններ հաղորդելով, որոնք նրանց համար հետաքրքրություն են ներկայացնում և վերջիններիս մինչ այդ անհայտ են եղել (հանցավորը մատնանշում է հանցագործության գործիքի գտնվելու տեղը, ներկայացնում է իրեղեն ապացույցներ, օգնում է քննչական փորձարարությունների կազմակերպմանն ու անցկացմանը և այլն): Սույն գործով դատարանը չի հիմնավորել, թե դեպքի վայրից փախուստի դիմած, հետախուզման մեջ գտնվող և դեպքից միայն 10 օր անց ոստիկանության աշխատակիցների ջանքերով հայտնաբերված մեղադրյալ Ս. Հունիկյանն ինչպես է աջակցել հանցագործության բացահայտմանը, մանավանդ որ, ինչպես երևում է նախաքննության ընթացքում նրա տված ցուցմունքներից, վերջինս հարբած լինելու պատճառով չի կարողացել անգամ մտաբերել իր և տուժողի միջև ծագած վիճաբանության պատճառը, դեպքի մյուս մանրամասները:
Չբերելով հանցագործությունը բացահայտելուն աջակցելը հիմնավորող որևէ ապացույց՝ դատարանն այն համարել է Ս. Հունիկյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք, որը տուժողին պատճառած նյութական վնասի հատուցման և տուժողի հետ հաշտվելու հետ միասին դիտել է «որպես բացառիկ մեղմացուցիչ հանգամանքներ», որոնց առկայության պայմաններում Ս. Հունիկյանի նկատմամբ կիրառելի է համարել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը:
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը գտել է, որ հանցագործությունը բացահայտելուն աջակցելը, որը դիտվել է «որպես բացառիկ մեղմացուցիչ հանգամանք», արհեստածին է, քանի որ գործի նյութերում այդ հանգամանքը հիմնավորող ոչ մի փաստական տվյալ չկա:
Դատարանի կողմից անտեսվել է նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող, գործի տվյալներով լիովին հաստատված՝ ալկոհոլի ազդեցության տակ հանցանք կատարելու հանգամանքը:
Փաստորեն, դատարանը հանցագործությունը բացահայտելուն աջակցելու և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության մասին իր հետևությունները չի հիմնավորել և չի պատճառաբանել, որով թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջների խախտում:
Բացի այդ, անհիմն կերպով Ս. Հունիկյանին վերագրելով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը՝ հանցագործությունը բացահայտելուն աջակցելը, և ծանրացնող չհամարելով ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով սահմանված պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքը՝ հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը, դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում` կիրառել է քրեական օրենքի այն հոդվածը, որը ենթակա չէր կիրառման:
Միաժամանակ, դատարանի կողմից բացառիկ ճանաչված հանգամանքները՝ տուժողին պատճառած նյութական վնասը հատուցելը և տուժողի հետ հաշտվելը, չեն վկայում այն հասարակական վտանգավորության բացակայության մասին, որը բնորոշ է Ս. Հունիկյանի կատարած հանցագործությանը: Դրանք էականորեն չեն նվազեցնում դատապարտյալի կատարած արարքների՝ հանրության համար վտանգավորության աստիճանը և Ս. Հունիկյանի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու օբյեկտիվ հիմք չեն:
Հետևաբար, հաշվի չառնելով գործի վերը նշված հանգամանքները, Ս. Հունիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նշանակվել է պատիժ, որն անարդարացի է ակնհայտ մեղմ լինելու առումով և չի համապատասխանում նրա կատարած հանցագործության ծանրությանը և դատապարտյալի անձին:
Կարգապահական հանձնաժողովը հանգել է այն հետևության, որ մեղմացնող հանգամանքը՝ հանցագործությունը բացահայտելուն աջակցելը, բացառիկ հանգամանք համարելով, իսկ ալկոհոլի ազդեցության տակ հանցանք կատարելը ծանրացնող չհամարելով և դրանց արդյունքում Ս. Հունիկյանի նկատմամբ ակնհայտ մեղմ պատիժ նշանակելով՝ դատարանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել նյութական իրավունքի ակնհայտ խախտում:
Դատարանը նաև սխալ հետևության է հանգել Ս. Հունիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու միջոցով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակների՝ սոցիալական արդարության վերականգնման, պատժի ենթարկված անձի ուղղման և հանցագործությունների կանխմանը հասնելու հնարավորության իրականացման առումով:
Արդյունքում՝ Ս. Հունիկյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի նորմերի՝ 5-րդ, 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտմամբ, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող անօրինական և չհիմնավորված դատավճռի կայացմանը:
Սույն կարգապահական վարույթը Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել է դատավորներ Մ. Պետրոսյանի, Ժ. Հովսեփյանի, Կ. Ղազարյանի կողմից նյութական և դատավարական նորմերի ակնհայտ խախտումներ թույլ տալու հիմքով: Կարգապահական հանձնաժողովը գտել է, որ այն դեպքերում, երբ կարգապահական պատասխանատվության հիմք են դատավորների կողմից նյութական կամ դատավարական նորմերի ակնհայտ խախտումները, որոնց առկայությունը հաստատվում է կարգապահական պատասխանատվության գործի քննությամբ, Կարգապահական հանձնաժողովը ելնում է դատավորների մեղավորության կանխավարկածից, քանի որ դատական ակտերը, որոնք պարունակում են նյութական և դատավարական օրենքի նորմերի խախտումներ, չեն կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ:
Կարգապահական հանձնաժողովը գտել է, որ տվյալ պարագայում դատավորների մեղավորությունն առկա է, քանի որ նրանք չեն դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում արդարադատություն իրականացնելիս չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները և թույլ է տրվել նյութական և դատավարական իրավունքի ակնհայտ խախտում:
3. Դատավորների բացատրությունում բերված փաստարկները Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Դատավորներ Մ. Պետրոսյանը, Ժ. Հովսեփյանը, Կ. Ղազարյանը չառարկեցին եզրակացության մեջ նշված փաստերի առկայության դեմ, վիճարկեցին դրանց որակումը որպես կարգապահական խախտում:
Դատավորները մասնավորապես նշել են.
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածը (պատիժ նշանակելու ընհանուր սկզբունքները) սահմանում է պատիժ նշանակելու որոշակի պահանջները, որոնցով պետք է ղեկավարվեն դատարանները յուրաքանչյուր կոնկրետ գործով:
1. Պատիժ նշանակելիս հաշվի է առնվում հանցագործության՝ հանրության համար վտանգավորության բնույթն ու աստիճանը: Կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության բնույթն առաջին հերթին որոշվում է ոտնձգության օբյեկտով, նրա նշանակությամբ, պետության և հասարակության համար դրա կարևորությամբ, այդ օբյեկտներին հասցված վնասի չափով և մյուս հետևանքներով:
Հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը ոչ միայն կախված է հանցագործության օբյեկտին պատճառված վնասի չափից, դրա բնույթից, օբյեկտին հասցված վնասի առկայությունից կամ բացակայությունից, այլև մեղքի ձևից, նպատակից, շարժառիթից, հանցագործության կատարման եղանակից, նաև հանցագործության պատճառով առաջացած հետևանքներից, դրա ծանրությունից: Հետևաբար, երբ հանցագործության սուբյեկտը հանցագործության կատարումից հետո կամովին (ինչպես մեր օրինակում) հատուցում է տուժողին պատճառված վնասը՝ բուժման ծախսերը, միջոցներ է ձեռնարկում նրա առողջությունը վերականգնելու, բերելու նախնական վիճակին, ապա այդպիսի հանգամանքը էականորեն նվազեցնում է հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը: Այն ուղղակիորեն բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի բովանդակությունից:
Ավելին, երբ հանցագործության սուբյեկտը կամովին միջոցներ է ձեռնարկում վերացնելու իր հանցավոր գործողությունների հետևանքով առաջացած վնասը, վերականգնելու խախտված հասարակական հարաբերությունները (հատուցում է տուժողին պատճառված վնասը, ներողություն է խնդրում նրանից, որի արդյունքում տուժողը հաշտվում է նրա հետ), ապա նվազում է ոչ միայն կատարված հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանը, այլև՝ անձի հանրության համար վտանգավոր լինելը (մեր օրինակում), իսկ առանձին դեպքերում այդպիսի անձը կարող է դադարել հանրության համար վտանգավոր լինելուց:
2. ՀՀ քրեական օրենսգրգի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում նշված է նաև պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող այնպիսի հանգամանք, ինչպիսին է հանցագործությունը բացահայտելուն աջակցելը:
Հանցագործությունը բացահայտելուն աջակցելը կարող է դրսևորվել ինչպես վերը նշված պարագաներում, այլև գործի հանգամանքների վերաբերյալ ճշմարտացի ցուցմունք տալով: Այստեղ տեղին է նշել, որ քրեական գործի ուսումնասիրության արդյունքում կարելի է հանգել հետևության, որ Սամվել Հունիկյանը տվել է ցուցմունքներ և ճշմարտացի ցուցմունքներ, առանց թաքցնելու դեպքի հանգամանքները, ինչքան էլ դրանք ցանկալի չլինեն իր համար:
Այսպես, նա ցուցմունք է տվել այն մասին, որ նախկինում լարված փոխհարաբերությունների մեջ է գտնվել տուժողի հետ, փոխադարձ վիճաբանության ընթացքում, ինչպես աղոտ կերպով հիշում է, սկզբում ինքը հարվածել է տուժողին (ցուցմունքից հետևում է, որ նախահարձակ է եղել ամբաստանյալը և այն հաստատվել է տուժողի ցուցմունքով), որից հետո վերջինս հարվածել և վայր է գցել իրեն, դրանից հետո գրպանից հանելով դանակը՝ հարվածել է տուժողին: Այնուհետև սթափվելով՝ խնդրել է ներկաներին տուժողին հասցնել հիվանդանոց և թողել հեռացել է դեպքի վայրից:
Կարգապահական հանձնաժողովի որոշման մեջ նշված` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հիշյալ հանգամանքի բացակայության դեպքում նույնիսկ, երբ առկա են Սամվել Հունիկյանի պատասխանատվությունը մեղմացնող բազմաթիվ այլ հանգամանքներ, որոնց մասին չի նշվել դատարանների կողմից (հանցագործությունը առաջին անգամ կատարելը, ամբաստանյալի տարիքը՝ 55 տարեկան է, մշտապես զբաղվել է հանրօգուտ աշխատանքով, խնամքին է գտնվում մեկ անձ) պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող մյուս հանգամանքների հետ միասին (հատուցել է տուժողին պատճառված վնասը և վերջինս հաշտվել է ամբաստանյալի հետ) իրենց համակցության բավարար հիմք են հանդիսանում Սամվել Հունիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման համար:
Կարգապահական հանձնաժողովի կողմից նշված այն հարցին, որ վերաքննիչ քրեական դատարանի կողմից անտեսվել է նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող, գործի տվյալներով լիովին հաստատված՝ ալկոհոլի ազդեցության տակ հանցանք կատարելու հանգամանքը, ապա դատավորները նշեցին, որ ցանկացած փաստական հանգամանք, այդ թվում նաև հանցակազմի յուրաքանչյուր տարր, պետք է տեղ գտնի մեղադրական եզրակացության մեջ և որ դատարանին թույլ չի տրվում դուրս գալ մեղադրական եզրակացության ծավալից: Իսկ նշված գործով մեղադրական եզրակացության մեջ անդրադարձ չի եղել ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու մասին: Ուստի վերաքննիչ դատարանը ոչ թե անտեսել է, այլ չի անդրադարձել այդ հարցին, քանի որ այդ մասին չի եղել օբյեկտիվ, ռեալ փաստարկ:
ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն՝ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է համարվում նաև հանցանքն ալկոհոլի, թմրամիջոցների, կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ կատարելը: Միաժամանակ նույն հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը նշել է, որ դատարանը ելնելով հանցագործության բնույթից կարող է ծանրացնող չհամարել 63-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով մատնանշած հանգամանքը:
Պետք է նշել, որ իրոք ալկոհոլի ազդեցության տակ կատարվում են անձի դեմ ուղղված հանցագործությունների մեծ մասը: Ալկոհոլը, թմրամիջոցը, ազդելով անձի կենտրոնական նյարդային համակարգի վրա կտրուկ իջեցնում է այդ անձի հսկողությունն իր վարքի դրսևորման նկատմամբ: Այն նպաստավոր պայմաններ է ստեղծում հանցագործության կատարման համար: Սակայն այն, որպես պատիժը ծանրացնող հանգամանք, չի կարող մեխանիկորեն կիրառվել անձի դեմ ուղղված բոլոր հանցագործությունների կատարման դեպքում:
Դրա կիրառումը որպես պատիժը ծանրացնող հանգամանք՝ սերտորեն կապված է հանցագործության սուբյեկտի բնութագրի հետ, կախված նրանից այն պատահական գործոն է տվյալ անձի մոտ, թե նա առաջին անգամ օգտագործելով ալկոհոլ, առաջին անգամ հանգամանքների բերումով կատարել է անձի դեմ ուղղված հանցագործություն: Բնական է, երբ անձը չի զբաղվում հանրօգուտ աշխատանքով, սիստեմատիկաբար զբաղվում է հարբեցողությամբ և դրա ազդեցությամբ կատարում է այս կամ այն զանցանքը կամ հանցանքը, ապա միանշանակ այդ հանգամանքը պետք է դիտել որպես պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք: Մեր օրինակում Սամվել Հունիկյանը հանցանքը կատարել է առաջին անգամ, չկան փաստեր, որ նա նախկինում նույնպես ալկոհոլի ազդեցության տակ կատարել է այս կամ այն զանցանքը կամ հանցանքը: Չկան փաստեր, որ Սամվել Հունիկյանը չի զբաղվել հանրօգուտ աշխատանքով, որ նա մշտապես զբաղվել է հարբեցողությամբ, որի ազդեցության տակ կատարել է հակահասարակական արարքներ:
Հետևաբար, նույնիսկ այդ հանգամանքի ռեալ առկայության դեպքում այն չի կարող դիտվել որպես Սամվել Հունիկյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք:
Գործով ամբաստանյալն ալկոհոլի գործածման կապակցությամբ բժշկական վկայարկման չի ներկայացվել և չէր էլ կարող ներկայացվել, քանի որ հանցանքը կատարելուց հետո դեպքի վայրից հեռացել է և հետագայում է բերման ենթարկվել: Ըստ հանձնաժողովի փաստարկների՝ այդ մասին նշել է ամբաստանյալը՝ Սամվել Հունիկյանը, տուժողը: Հարց է առաջանում, եթե այդ մասին նույնիսկ չի ժխտում մեղադրյալը կամ առկա է նաև տուժողի կամ որևէ վկայի ցուցմունքը, որ հանցանքը կատարելիս Սամվել Հունիկյանը հարբած է եղել, ապա այդ փաստարկը կամ փաստարկները բավարար են համարելու, որ մեղադրյալը հանցանքը կատարել է ալկոհոլի ազդեցության տակ, հետևաբար այն նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է համարվում:
Իսկ եթե ամբաստանյալը (նաև վկան կամ տուժողը) առաջին ատյանի դատարանում կամ վերաքննիչ դատարանում հրաժարվեն նախաքննական ցուցմունքներից, ապա միևնույն է մեղադրյալի (կամ վկայի, տուժողի) նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը (ցուցմունքները) առանց օբյեկտիվ, ռեալ հիմքի (օրինակ՝ առանց ալկոհոլ գործածելու մասին բժշկական վկայարկման ակտի) պետք է դիտվի բավարար հանգելու հետևության, որ Սամվել Հունիկյանը իրոք հանցանքը կատարել է ալկոհոլի ազդեցության տակ, ուստի առկա է անձի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքը, կամ եթե մեղադրյալը նախաքննության ընթացքում ցուցմունք տար (և այդ փաստը հաստատի տուժողը կամ վկան) այն մասին, որ հանցագործությունը կատարել է թմրամիջոցի ազդեցության տակ, ապա առանց որևէ օբյեկտիվ, ռեալ հիմքի այդ փաստարկը (փաստարկները) դատարանի համար բավարար է հանգելու հետևության, որ ամբաստանյալը հանցանքը կատարել է թմրամիջոցի ազդեցության տակ և հետևաբար այստեղ առկա է նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքը: Ավելին, արդյոք այդ ցուցմունքի (ցուցմունքների) համաձայն՝ թմրանյութ գործածելու համար ամբաստանյալը քրեական պատասխանատվության և պատժի պետք է ենթարկվի ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի առաջին մասով, թե ոչ՝ առանց համապատասխան փորձաքննությունների կատարման և օբյեկտիվ իրականության պարզման:
Բացի այդ, օրենսդիրը ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառումը կախվածության մեջ չի դնում պատախանատվությունը և պատիժը ծանրացնող այս կամ այն հանգամանքից: Օրենսդիրը այդ հոդվածի կիրառման համար կարևոր նշանակություն է տալիս գործի բացառիկ հանգամանքներին: Կարևոր նշանակություն ունի նաև, թե այդ հոդվածը հանցագործության ինչպիսի սուբյեկտի նկատմամբ է կիրառվում:
Ելնելով վերոգրյալից՝ դատավորներ Մ. Պետրոսյանը, Ժ. Հովսեփյանը, Կ. Ղազարյանը գտել են, որ ինչպես առաջին ատյանի դատարանի, այնպես էլ վերաքննիչ քրեական դատարանի կողմից նյութական և դատավարական նորմերի պահանջների խախտում թույլ չի տրվել: Ավելին, ամբաստանյալ Սամվել Հունիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը կիրառելիս դատարանները նշել են միայն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների միայն մի մասը (դրանք նույնպես բավարար են ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ կիրառման համար):
Ամբաստանյալ Սամվել Հունիկյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ են համարվում նաև, որ նա հանցագործությունը կատարել է առաջին անգամ, 55 տարեկան է, մշտապես զբաղվել է հանրօգուտ աշխատանքով, խնամքին է գտնվում մեկ անձ:
Ավելին, օրենսդիրը թույլ է տալիս նույնիսկ քրեական գործ չհարուցել անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքում՝ եթե տուժողը չի բողոքում:
Դատավորները նշել են, որ պատիժը մեղմացնող հանգամանքների թվարկված համակցությունը ավելի քան բավարար է Սամվել Հունիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի 112-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված պատժի նվազագույն չափի ավելի ցածր պատիժ նշանակելու համար և այս պայմաններում դատարանը օրենքի խախտում թույլ չի տվել: Սամվել Հունիկյանի նկատմամբ դատարանի կողմից նշանակված պատիժը՝ 1 (մեկ) տարի ազատազրկումը, ելնելով հանցագործության սուբյեկտից, պատիժը մեղմացնող բազմաթիվ հանցանքներից բավարար է պատժի նպատակները կատարելու համար՝ վերականգնելու սոցիալական արդարությունը, ուղղելու պատժի ենթարկված անձին, կանխելու հանցագործությունները:
Օրենսդիրը թույլ է տալիս ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը կիրառել ցանկացած հանցագործության, այդ թվում նաև առանձնապես ծանր հանցագործության կատարման դեպքում: Մինչդեռ մեր օրինակում Սամվել Հունիկայնը կատարել է ծանր հանցանք:
Օրինակ, ԽՍՀՄ գերագույն դատարանը առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով հաշվի առնելով տուժողին պատճառված վնասի վերականգնումը, հանցագործությունը առաջին անգամ կատարելը, հանցավորի խնամքին երկու երեխայի առկայությունը, դրանք իրեց համակցությամբ դիտելով որպես բացառիկ հանգամանքներ բեկանել է ստորադաս դատարանի դատավճիռը և համապատասխան հոդվածի կիրառմամբ ամբաստանյալի նկատմամբ նախատեսվածից ավելի ցածր պատիժ է նշանակել (տես՝ ՌԴ քրեական օրենսգրքի մեկնաբանման կապակցությամբ դատական պրակտիկան, Սպարկ, Մոսկվա 2001 թվական, էջ 265-րդ):
Դատավոր Մ. Պետրոսյանը Խորհրդի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին նաև, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ Լ. Մեհրաբյանը վարույթը հարուցելու պահին իրավազոր չի եղել այն ստորագրելու, քանի որ իր, որպես Խորհրդի անդամի, լիազորությունները` ՀՀ դատական օրենսգրքի համաձայն պետք է դադարած լիներ ՀՀ Նախագահի լիազորությունները դադարելու դեպքում: ՀՀ Սահմանադրության 54-րդ հոդվածի համաձայն ՀՀ նորընտիր Նախագահն իր պաշտոնը ստանձնում է օրենքով սահմանված կարգով` Ազգային ժողովի հատուկ նիստում` ժողովրդին տրված երդմամբ, որն էլ տեղի է ունեցել սույն թվականի ապրիլի 9-ին` կարգապահական վարույթը հարուցելու օրը:
Ելնելով վերոգրյալից դատավորները խնդրել են իրենց նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճել:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում Կարգապահական հանձնաժողովի եզրակացությամբ արձանագրված հետևյալ փաստերը.
1. Դատապարտյալ Սամվել Հունիկյանը 2007 թվականի հուլիսի 10-ին ժամը 2300-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցի 9-րդ շենքի դիմաց վիճաբանության ժամանակ դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել տուժող Շիրազ Մոսեյանին` պատճառելով առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Վիճաբանության և կռվի նախաձեռնողը եղել է ալկոհոլ օգտագործած Ս. Հունիկյանը:
2. Առաջին ատյանի դատարանը Ս. Հունիկյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է համարել տուժողին պատճառված նյութական վնասի հոտուցումը, հանցագործության բացահայտմանն աջակցելը և տուժողի հետ հաշտվելը: Այդ հանգամանքները դատարանը դիտել է որպես «բացառիկ մեղմացուցիչ հանգամանքներ»: Նշվել նաև, որ «ծանրացնող հանգամանքներ չկան»:
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն առաջին ատյանի դատարանի վերը շարադրված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները համարել է հիմնավոր և գտել, որ ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում Ս. Հունիկյանի նկատմամբ նշանակվել է արդարացի պատիժ:
4. Կարգապահական խախտման վերաբերյալ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությանը կից ներկայացված եզրակացության համաձայն` դատավորներ Մ. Պետրոսյանի, Ժ. Հովսեփյանի, Կ. Ղազարյանի կողմից պատիժ է նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի նորմերի՝ 5-րդ, 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտմամբ, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող անօրինական և չհիմնավորված դատավճռի կայացմանը, ինչն էլ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հիմք է հանդիսանում:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Խորհուրդը որպես կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք արձանագրում է այն, որ վերաքննիչ քրեական դատարանի դատավորների կողմից թույլ են տրվել նյութական և դատավարական օրենքի խախտումներ, որպիսի հանգամանքը հաստատվել է ՀՀ վճռաբեկ դատարանի 2008թ. փետրվարի 29-ի Սամվել Հունիկյանի վերաբերյալ կայացրած որոշմամբ: Խորհուրդը նպատակահարմար չի գտնում անդրադառնալ վճռաբեկ դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ արդեն իսկ հաստատված հանգամանքներին:
Քննարկելով ներկայացված միջնորդությունը, ուսումնասիրելով միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերը և դատավորների բացատրությունները` Խորհուրդը գտնում է, որ սույն գործով կիրառելի է ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ եթե Արդարադատության խորհուրդը նպատակահարմար չի գտնում դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժի միջոց, ապա կարող է բավարարվել հարցի քննարկմամբ` որոշմամբ ամրագրելով կարգապահական պատասխանատվության հիմքերի առկայությունը և կարճելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը:
Սույն կարգապահական վարույթը Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել է դատավորներ Մ. Պետրոսյանի, Ժ. Հովսեփյանի, Կ. Ղազարյանի կողմից նյութական և դատավարական նորմերի ակնհայտ խախտումներ թույլ տալու հիմքով: Խորհուրդը գտնում է, որ այն դեպքերում, երբ կարգապահական պատասխանատվության հիմք են դատավորի կողմից նյութական կամ դատավարական նորմերի ակնհայտ խախտումները, Խորհուրդը ելնում է դատավորի մեղավորության կանխավարկածից, քանի որ դատական ակտերը, որոնք պարունակում են նյութական և դատավարական օրենքի նորմերի խախտումներ, չեն կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ:
Խորհուրդը դատավարական և նյութական օրենքների նորմերի վերը նշված խախտումները բնութագրում է որպես ակնհայտ այն պատճառաբանությամբ, որ դրանցով խախտվել են արդարադատության իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքների, միջազգային պայմանագրերի նորմերի պահանջները, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել վերոհիշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների սահմանափակմանը, դրանցից զրկելուն, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը խոչընդոտելուն և ազդել են կամ կարող են ազդել գործով ճիշտ և օրինական որոշման կայացմանը (Խորհուրդը նյութական կամ դատավարական օրենքի նորմերի ակնհայտ խախտման վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն արտահայտել է նախկինում կայացված որոշումներում. տես օրինակ՝ Արդարադատության խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 12-ի ԱԽ-7-Ո-18 թվակիր որոշումը):
Միաժամանակ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել նաև, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մ. Պետրոսյանը դատավորի պաշտոնը ստանձնել է 2000 թվականից, Ժ. Հովսեփյանը` 1999 թվականից, Երևանի քրեական դատարանի դատավոր Կ. Ղազարյանը` 1999 թվականից: Բացի այդ այս դատավորները փորձառու դատավորներ են, աչքի են ընկել օրինավոր վարքագծով, իրենց գործունեությամբ նպաստում են արդարադատության որակի բարձրացմանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 162-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը մերժել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մ. Պետրոսյանին, Ժ. Հովսեփյանին և Երևանի քրեական դատարանի դատավոր Կ. Ղազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել` բավարարվելով հարցի քննարկմամբ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` | Վ. ԱԲԵԼՅԱՆ |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ | |
Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ | |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ | |
Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | |
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | |
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ | |
Տ. ԲԱՐՍԵՂՅԱՆ | |
Հ. ՓԱՆՈՍՅԱՆ | |
Գ. ԲԱԴԻՐՅԱՆ |