Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-390-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (23.12.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.13-2021.12.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.12.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
10.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը «կապված» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում «Վիճակագրական» բառը փոխարինել «Վիճակագրության» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «հարաբերությունները» բառից հետո լրացնել «սույն օրենքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև պետական ծառայության առանձին տեսակները և համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ հանրային ծառայողներին պաշտոնից ազատելու և լիազորությունների դադարեցման հիմքերից բացի, սույն օրենքով կարող են սահմանվել հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի (ծառայության) չթույլատրելու, պաշտոնից կամ ծառայությունից ազատելու (լիազորությունները կամ ծառայությունը դադարեցնելու) առանձնահատուկ հիմքեր:»:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին հոդվածով.

 

 «Հոդված 16.1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի (ծառայության) չթույլատրելու, պաշտոնից կամ ծառայությունից ազատելու (լիազորությունները կամ ծառայությունը դադարեցնելու) առանձնահատուկ հիմքերը

 

1. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված հայտարարված արտակարգ դրության կամ սահմանված կարանտինի ընթացքում աշխատանքի (ծառայության) ներկայանալիս բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով նախատեսված՝ աշխատանքի (ծառայության) ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից չներկայացվելու դեպքում նրան չի թույլատրվում գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունները, և այդ ժամանակահատվածի համար չի վճարվում աշխատավարձ մինչև սույն մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունների կատարումը չթույլատրվելու հետևանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատանքային (ծառայողական) պարտականությունները չկատարելը հանրային պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելու կամ հանրային ծառայողի լիազորությունները դադարեցնելու (ծառայությունից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու) հիմք է: Սույն մասով նախատեսված հիմքի ի հայտ գալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունվում է համապատասխանաբար հանրային պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելու կամ հանրային ծառայողի լիազորությունները դադարեցնելու (ծառայությունից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու) մասին համապատասխան իրավական ակտ, եթե պաշտոնից կամ ծառայությունից ազատելու (լիազորությունները կամ ծառայությունը դադարեցնելու) այլ ժամկետ սահմանված չէ օրենսդրությամբ:

3. Սույն հոդվածի կարգավորումները չեն տարածվում Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորների, գլխավոր դատախազի պաշտոնների վրա:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. դեկտեմբերի 21

Երևան
ՀՕ-390-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2021 թվական: