ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.
ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Սույն օրենքը սահմանում է պետական կառավարչական հիմնարկների (այսուհետ` հիմնարկ) և համայնքային կառավարչական հիմնարկների իրավական վիճակը, դրանց ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և գործունեության կարգը:
(1-ին հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն)
Հոդված 2. | ՀԻՄՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
Հիմնարկի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից: Համայնքային կառավարչական հիմնարկների մասով սույն օրենքի դրույթները գործում են այնքանով, որքանով չեն հակասում «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության և այլ օրենքներին:
(2-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն)
Հոդված 3. | ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՀԻՄՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ |
1. Հիմնարկն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն ստեղծվում է Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններին, դատախազությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև օրենքի հիման վրա ստեղծված` պետական կառավարչական գործառույթներ իրականացնող այլ պետական մարմիններին (այսուհետ` պետական մարմին) վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով:
2. Հիմնարկն իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից, կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
3. Հիմնարկն ունի անվանում, որը ներառում է համապատասխան պետական մարմնի անվանումը, իսկ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված դեպքում` նաև «աշխատակազմ» բառը:
Համայնքային կառավարչական հիմնարկի անվանումը ներառում է մարզի, համայնքի անվանումը, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակազմ (Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի) բառերը:
4. Հիմնարկի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է:
5. Հիմնարկն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և հիմնարկի հայերեն անվանմամբ կլոր կնիք: Հիմնարկը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Հիմնարկն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության և ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների հիմնարկների իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
(3-րդ հոդվածը լրաց. 30.09.08 ՀՕ-171-Ն, 08.12.11 ՀՕ-343-Ն, փոփ. 19.10.16 ՀՕ-173-Ն)
Հոդված 4. | ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՒՅՔԸ |
1. Հիմնարկի գույքը ձևավորվում է հիմնադրի կողմից նրա տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից: Հիմնարկին գույքը հանձնվում է վարչական ակտին համապատասխան, որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:
Հիմնադիրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնել իր կողմից հիմնարկին հանձնված գույքը:
Հիմնադրի որոշմամբ հիմնարկին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
2. Հիմնարկն իրավունք ունի սույն օրենքով, իրավական այլ ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործել, տիրապետել և տնօրինել իրեն հանձնված գույքը:
3. Հիմնադրի կողմից հիմնարկին հանձնված գույքը ենթակա է հաշվառման` կառավարության սահմանած կարգով:
Հոդված 5. | ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ |
1. Հիմնարկն իրավունք ունի իրականացնել միայն այնպիսի գործունեություն, որը նպատակաուղղված է համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին վերապահված լիազորությունները լիարժեք և արդյունավետ իրականացնելուն, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովելուն:
2. Հիմնարկը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Հիմնարկի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական կամ տեղական տուրք կամ տեղական վճար` օրենքով սահմանված չափով և կարգով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Հիմնարկի պահպանման ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորվում են պետական կամ համայնքի բյուջեի միջոցներից, բացառությամբ դիվանագիտական և հյուպատոսական մարմինների: Հիմնարկն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով:
4. Հիմնարկի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:
(5-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն, 19.03.12 ՀՕ-144-Ն)
Հոդված 6. | ՀԻՄՆԱՐԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
Հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը (համայնքային կառավարչական հիմնարկի դեպքում` համայնքը):
(6-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2.
ՀԻՄՆԱՐԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
Հոդված 7. | ՀԻՄՆԱՐԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ |
1. Հիմնարկի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է (համայնքային կառավարչական հիմնարկի դեպքում` համայնքը):
Հայաստանի Հանրապետության անունից հիմնարկի հիմնադիր (այսուհետ` հիմնադիր) հանդես են գալիս համապատասխանաբար`
Հանրապետության Նախագահի աշխատակազմի և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի հիմնարկներինը` Հանրապետության Նախագահը.
Ազգային ժողովի աշխատակազմի հիմնարկինը` Ազգային ժողովի նախագահը.
սահմանադրական դատարանի աշխատակազմի հիմնարկինը` սահմանադրական դատարանի նախագահը.
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հիմնարկինը` Մարդու իրավունքների պաշտպանը.
դատական դեպարտամենտ հիմնարկինը` վճռաբեկ դատարանի նախագահը.
քննչական կոմիտեի դեպարտամենտ հիմնարկինը` Քննչական կոմիտեի նախագահը.
օրենքի հիման վրա ստեղծված պետական կառավարչական գործառույթներ իրականացնող կոլեգիալ պետական մարմինների հիմնարկներինը` տվյալ կոլեգիալ մարմինները.
կառավարության աշխատակազմի, գործադիր իշխանության մարմինների, դատախազության և սույն հոդվածով չնշված այլ հիմնարկներինը (այսուհետ` գործադիր իշխանության և այլ մարմինների հիմնարկներ)` կառավարությունը.
համայնքապետարանի (Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի հիմնարկինը` համայնքի ավագանին:
2. Հիմնարկն ստեղծվում է հիմնադրի որոշմամբ: Հիմնարկի ստեղծման մասին հիմնադրի որոշմամբ սահմանվում են հիմնարկի անվանումը, նրա գործունեության նպատակները և խնդիրները, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված կամ օրենքին չհակասող այլ դրույթներ: Գործադիր իշխանության և այլ մարմինների հիմնարկի ստեղծման մասին հիմնադրի որոշմամբ սահմանվում են նաև համապատասխան պետական մարմնի լիազորությունները:
3. Հիմնարկը կառավարության սահմանած կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
4. Հիմնարկի կանոնադրությունը հաստատում է հիմնադիրը, եթե օրենքով կամ Հանրապետության Նախագահի հրամանագրերով այլ բան նախատեսված չէ:
Հիմնարկն ստեղծված է համարվում նրա կանոնադրությունը հաստատելու մասին հիմնադրի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
(7-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-158-Ն, 26.05.08 ՀՕ-61-Ն, լրաց. 07.12.10 ՀՕ-202-Ն, 08.12.11 ՀՕ-343-Ն, 19.05.14 ՀՕ-42-Ն, փոփ. 19.10.16 ՀՕ-173-Ն)
Հոդված 8. | ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
1. Հիմնարկը գործում է օրենքների, իրավական այլ ակտերի և հիմնադրի կողմից հաստատված կանոնադրության հիման վրա:
2. Հիմնարկի կանոնադրությունը ներառում է`
ա) հիմնարկի անվանումը.
բ) հիմնարկի գտնվելու վայրը.
գ) հիմնարկի գործունեության նպատակները, խնդիրներն ու գործառույթները.
դ) հիմնարկի կառուցվածքը.
ե) հիմնարկի կառավարման մարմինների կազմը և լիազորությունները.
զ) հիմնարկին ամրացված գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման կարգը.
է) հիմնարկի վերակազմակերպման կամ գործունեության դադարեցման կարգը:
Հիմնարկի կանոնադրությամբ կարող են սահմանվել նաև օրենքին չհակասող այլ դրույթներ:
3. Հիմնարկի կանոնադրությունում փոփոխությունները հաստատում է հիմնադիրը:
Հոդված 9. | ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ |
1. Հիմնարկի կառուցվածքը հաստատում է նրա հիմնադիրը, եթե օրենքով կամ Հանրապետության Նախագահի հրամանագրերով այլ բան նախատեսված չէ:
Հիմնարկը կարող է ունենալ կառուցվածքային ստորաբաժանումներ:
2. Հիմնարկը կարող է ունենալ նաև նրա գտնվելու վայրից դուրս առանձնացված ստորաբաժանումներ:
3. Հիմնարկից առանձնացված ստորաբաժանումն ստեղծված է համարվում դրա հիմնադրման մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումը կարող է ունենալ կանոնադրություն, որը հաստատվում է օրենսդրությամբ կամ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված կարգով:
4. Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է հիմնարկի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից (համայնքային կառավարչական հիմնարկի դեպքում` համայնքի անունից): Միայն օրենսդրությամբ կամ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից (համայնքային կառավարչական հիմնարկի դեպքում` համայնքի անունից) ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
5. Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հիմնարկի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները նշանակվում և ազատվում են օրենքով կամ հիմնարկի կանոնադրությամբ սահմանված կարգով և գործում են օրենսդրության, հիմնարկի և առանձնացված ստորաբաժանման կանոնադրության հիման վրա:
6. Հիմնադրի որոշմամբ հիմնարկի ենթակայությանը կարող են հանձնվել պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպություններ:
(9-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3.
ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 10. | ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ |
1. Հիմնարկի կառավարումն իրականացնում է հիմնադիրը, իսկ գործադիր իշխանության և այլ մարմնի հիմնարկի կառավարումը` նաև համապատասխան պետական մարմնի ղեկավարը (այսուհետ` պետական մարմնի ղեկավար):
Հիմնարկի ղեկավարումն իրականացնում է հիմնարկի գործադիր մարմնի աշխատակազմի ղեկավարը:
Համայնքային կառավարչական հիմնարկի ղեկավարումն իրականացվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:
2. Հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում ստեղծվում են կոլեգիալ խորհրդակցական մարմիններ:
Հիմնարկի կոլեգիալ խորհրդակցական մարմնի ձևավորման, գործունեության կարգը և լիազորությունները սահմանվում են հիմնարկի կանոնադրությամբ:
3. Տեսչական մարմինների կառավարման առանձնահատկությունները սահմանվում են «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(10-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն, 07.04.16 ՀՕ-38-Ն)
Հոդված 11. | ՀԻՄՆԱՐԿԻ ՀԻՄՆԱԴԻՐը |
1. Հիմնադիրը`
ա) ստեղծում է, ինչպես նաև վերակազմակերպում և դադարեցնում է հիմնարկի գործունեությունը.
բ) հաստատում է հիմնարկի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ.
գ) որոշում է հիմնարկին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) պետական մարմնի` օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է հիմնարկի գործունեության հիմնական ուղղությունները.
ե) նշանակում և ազատում է հիմնարկի աշխատակազմի ղեկավարին, ինչպես նաև հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում` հիմնարկի այլ աշխատողներին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, իսկ համայնքապետարանի (Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի քարտուղարին նշանակում է համայնքի ղեկավարը.
զ) հաստատում է հիմնարկի կառուցվածքը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ.
է) իրականացնում է հիմնարկի գործունեության ընթացիկ գործունեության վերահսկողությունը.
ը) կասեցնում է կամ ուժը կորցրած է ճանաչում հիմնարկի աշխատակազմի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
թ) լսում է հիմնարկի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները.
ժ) վերահսկողություն է իրականացնում հիմնարկին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
ժա) օրենքով սահմանված կարգով որոշում է հիմնարկին ամրացված գույքի օգտագործման, տնօրինման և տիրապետման կարգը.
ժբ) հաստատում է հիմնարկի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.
ժգ) հաստատում է հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները.
ժդ) իրականացնում է օրենքով և հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
2. Կառավարությունը հիմնարկի հիմնադրի` սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված իր լիազորությունները կարող է վերապահել համապատասխան պետական մարմնի ղեկավարին, բացառությամբ 1-ին կետի «ա»-«դ» և «զ» ենթակետերով սահմանվածների:
Սույն կետի դրույթը չի տարածվում համայնքային կառավարչական հիմնարկի վրա:
(11-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն, փոփ. 19.10.16 ՀՕ-173-Ն)
Հոդված 12. | ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ |
Պետական մարմնի ղեկավարը`
ա) օրենքով, իրավական այլ ակտերով և հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված հիմնարկի գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` հիմնարկի գործունեության հիմնական ուղղությունների մասին առաջարկություններ է ներկայացնում հիմնադրին.
բ) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
գ) օրենքով, իրավական այլ ակտերով կամ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում նշանակում և ազատում է հիմնարկի աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
դ) օրենքով, իրավական այլ ակտերով կամ հիմնարկի կանոնադրությանը համապատասխան սահմանում է հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը.
ե) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
զ) օրենքով կամ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում հաստատում է հիմնարկի տարածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.
է) օրենքով կամ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում նշանակում և ազատում է հիմնարկի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին.
ը) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում հիմնարկի աշխատակազմի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
թ) լսում է հիմնարկի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները.
ժ) վերահսկողություն է իրականացնում հիմնարկին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
ժա) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով և հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 13. | ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ |
1. Հիմնարկի աշխատակազմի ղեկավարը օրենքով, իրավական այլ ակտերով, հիմնադրի և պետական մարմնի ղեկավարի որոշումներով, հիմնարկի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում, ղեկավարում է հիմնարկի ընթացիկ գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, հիմնադրի և պետական մարմնի ղեկավարի որոշումների, հիմնարկի կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Հիմնարկի աշխատակազմի ղեկավարին նշանակում և ազատում է հիմնադիրը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
2. Հիմնարկի աշխատակազմի ղեկավարը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
3. Հիմնարկի աշխատակազմի ղեկավարը օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով` պետությանը պատճառված վնասի համար: Հիմնարկի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
Հիմնարկի աշխատակազմի ղեկավարի լիազորությունները դադարեցնող անձը պարտավոր է լուծել նաև նրա` պետությանը պատճառած վնասի հատուցման հարցը: Սույն պահանջը չկատարելու հետևանքով պետությանը պատճառված վնասը հատուցում է սույն կետի պահանջը խախտած անձը:
4. Հիմնարկի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, պետական մարմնի ղեկավարի` օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները ու հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
5. Հիմնարկի աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալներից մեկը հիմնադրի որոշմամբ, իսկ գործադիր իշխանության և այլ մարմնի հիմնարկինը` համապատասխան պետական մարմնի ղեկավարի որոշմամբ:
Հոդված 14. | ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
1. Հիմնարկի աշխատակազմի ղեկավարը`
ա) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում է նրա շահերը, կնքում է գործարքներ.
բ) օրենքով, իրավական այլ ակտերով հիմնադրի և հիմնարկի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ) տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) օրենքով, իրավական այլ ակտերով կամ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում նշանակում և ազատում է հիմնարկի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
ե) օրենքով, իրավական այլ ակտերով կամ հիմնարկի կանոնադրությանը համապատասխան սահմանում է հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը, նշանակում և ազատում է դրանց ղեկավարներին.
զ) օրենքով, իրավական այլ ակտերով և հիմնարկի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
է) հիմնադրի հաստատմանն է ներկայացնում հիմնարկի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.
ը) հիմնադրին և պետական մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ` հիմնարկի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
թ) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով և հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
2. Գործադիր իշխանության և այլ մարմնի հիմնարկի աշխատակազմի ղեկավարը սույն հոդվածի 1-ին կետի «է» և «ը» ենթակետերով նախատեսված հաշվետվությունը, հաշվեկշիռը և առաջարկությունները ներկայացնում է համապատասխան պետական մարմնի ղեկավարին: Գործադիր իշխանության և այլ մարմնի աշխատակազմի ղեկավարը չի իրականացնում սույն հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված լիազորությունները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
3. համայնքապետարանի (Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի քարտուղարի լիազորությունները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:
(14-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն, փոփ. 19.10.16 ՀՕ-173-Ն)
Հոդված 15. | ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ և ԱԶԱՏՈՒՄԸ |
1. Հիմնարկի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն և ղեկավարման բնագավառի ոչ պակաս, քան հինգ տարվա աշխատանքային ստաժ:
2. Հիմնարկի աշխատակազմի ղեկավար չի կարող նշանակվել այն անձը`
ա) որը դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.
բ) որին օրենքի համաձայն արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնելը.
գ) որը եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:
3. Հիմնարկի աշխատակազմի ղեկավարի լիազորությունները դադարեցվում են, եթե`
ա) նա դիմում է այդ մասին.
բ) լրացել է նրա 65 տարին.
գ) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.
դ) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան 4 ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.
ե) նա ավելի քան երեք օր չի ներկայացել աշխատանքի.
զ) նշանակվել է օրենսդրության պահանջների խախտմամբ, կամ առաջ են եկել սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հանգամանքները.
է) նա իր գործառույթներն իրականացնելիս պետությանը հասցրել է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ավելի վնաս.
ը) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
թ) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.
ժ) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
ժա) մեկ տարվա ընթացքում օրենսդրության պահանջների խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության.
ժբ) դադարել է հիմնարկի գործունեությունը:
Հիմնարկի աշխատակազմի ղեկավարի լիազորությունները դադարում են նրա մահվամբ:
3. Սույն հոդվածի պահանջները չեն տարածվում քաղաքացիական ծառայող հանդիսացող աշխատակազմի ղեկավարի վրա, ինչպես նաև համայնքապետարանի (Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի քարտուղարի վրա:
(15-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն, փոփ. 19.10.16 ՀՕ-173-Ն)
Հոդված 16. | ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ |
Հիմնարկի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, հիմնադրի լիազորած և օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմինները:
Գ Լ ՈՒ Խ 4.
ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸ
Հոդված 17. | ՀԻՄՆԱՐԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ |
1. Հիմնարկը վերակազմակերպվում` միաձուլվում, միացվում, բաժանվում, առանձնացվում, վերակազմավորվում է օրենքի, իրավական այլ ակտի կամ հիմնադրի որոշման (այսուհետ` որոշում) հիման վրա:
Հիմնարկը կարող է միացվել, միաձուլվել նաև ոչ կառավարչական հիմնարկի հետ: Հիմնարկից կարող են առանձնացվել ոչ կառավարչական հիմնարկներ, կամ դա կարող է բաժանվել նաև ոչ կառավարչական հիմնարկի (հիմնարկների): Հիմնարկը կարող է վերակազմավորվել ոչ կառավարչական հիմնարկի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև իրավաբանական անձի:
2. Հիմնարկը վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված հիմնարկի կանոնադրությունն ուժի մեջ մտնելու պահից: Բացի առանձնացման դեպքերից, վերակազմակերպված հիմնարկի կանոնադրությունն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցնում են նախկին հիմնարկների կանոնադրությունները:
3. Հիմնարկի միաձուլման դեպքում դրանցից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականություններն անցնում են նոր առաջացած հիմնարկին` միաձուլման մասին որոշմանը և փոխանցման ակտին համապատասխան, եթե այդ որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
4. Հիմնարկի` այլ հիմնարկին միանալու դեպքում միացած հիմնարկի իրավունքները և պարտականություններն անցնում են վերջինիս` միացման մասին որոշմանը և փոխանցման ակտին համապատասխան, եթե այդ որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
5. Հիմնարկի բաժանման դեպքում դրա իրավունքները և պարտականություններն անցնում են նոր առաջացած հիմնարկին` բաժանման մասին որոշմանը և բաժանիչ հաշվեկշռին համապատասխան, եթե այդ որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
6. Հիմնարկի կազմից մեկ կամ մի քանի հիմնարկ առանձնանալու դեպքում վերակազմակերպված հիմնարկի իրավունքները և պարտականությունները դրանցից յուրաքանչյուրին են անցնում` առանձնացման մասին որոշմանը և բաժանիչ հաշվեկշռին համապատասխան, եթե այդ որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
7. Հիմնարկը ոչ կառավարչական հիմնարկի կամ իրավաբանական անձի վերակազմավորվելու դեպքում նոր առաջացած հիմնարկին կամ իրավաբանական անձին են անցնում վերակազմավորված հիմնարկի իրավունքները և պարտականությունները` վերակազմավորման մասին որոշմանը և փոխանցման ակտին համապատասխան:
Հոդված 18. | ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ |
1. Համապատասխան կառավարչական պետական մարմնի գործունեության դադարման, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում հիմնարկի գործունեությունը դադարում է հիմնադրի որոշմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Հիմնարկի գործունեությունը դադարեցված է համարվում դրա վերաբերյալ հիմնադրի, իսկ գործադիր իշխանության և այլ մարմնի գործունեությունը դադարեցված լինելու դեպքում` կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո, եթե այդ որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
Գործունեությունը դադարեցրած հիմնարկի քաղաքացիաիրավական իրավունքները և պարտականությունները փոխանցվում են Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս կառավարության:
Համայնքային կառավարչական հիմնարկի գործունեությունը կարող է դադարեցվել, եթե օրենքով սահմանված կարգով տվյալ համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր: Գործունեությունը դադարեցրած համայնքային կառավարչական հիմնարկի քաղաքացիաիրավական իրավունքները և պարտականությունները փոխանցվում են վերակազմակերպված համայնքին:
2. Հիմնարկի գործունեությունը դադարելու դեպքում դրան ամրացված գույքի տնօրինման կարգը սահմանվում է հիմնարկի գործունեությունը դադարելու վերաբերյալ որոշմամբ:
(18-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-343-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 19. | ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|