Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1569
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.12.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.30-2020.12.13 Պաշտոնական հրապարակման օրը 10.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
08.12.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2020

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

8 դեկտեմբերի 2020 թ.

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱԿՑԻԶՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Կառավարության ներկայացուցիչ՝ ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Պողոսյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի դեկտեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2020 թվականի հունիսի 18-ի N 995-Ա որոշմամբ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի հունիսի 25-ին:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2020 թվականի հունիսի 25-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով վերոնշյալ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծխախոտային արտադրանքի շուկայի գործունեության և ծխախոտային արտադրանքի շրջանառության ոլորտում մրցակցային միջավայրի զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակով:

 

2. Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, Համաձայնագրով ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցումը (մոտարկումը) իրականացնել Համաձայնագրի 2-րդ հոդվածում սահմանված սկզբունքներին համապատասխան (Հոդված 2),

- ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցումը (մոտարկումը) իրականացնելու նպատակով սահմանել ակցիզների միասնական ինդիկատիվ դրույքաչափ (այսուհետ՝ ինդիկատիվ դրույքաչափ), ինդիկատիվ դրույքաչափի մակարդակին հասնելու 5-ամյա ժամանակահատված, ինդիկատիվ դրույքաչափից ակցիզների փաստացի դրույքաչափերի շեղման տարեկան տիրույթներ (Հոդված 3, կետ 1 ),

- ոչ ուշ, քան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կոլեգիային առընթեր հարկային քաղաքականության ու վարչարարության հարցերով խորհրդատվական մարմնի աշխատանքների շրջանակներում ինդիկատիվ դրույքաչափի կիրառման ժամանակահատվածի ավարտից երկու տարի առաջ մշակել առաջարկություններ՝ ինդիկատիվ դրույքաչափի կիրառման հաջորդ ժամկետի համար ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցների վերաբերյալ (Հոդված 3, կետ 4 ),

- ապահովել, որ 2024 թվականին սիգարետների համար կիրառվեն ազգային արժույթով ինդիկատիվ դրույքաչափ՝ 1000 հատի համար 35 եվրոյին համարժեք չափով (Հոդված 4, կետ 1),

- յուրաքանչյուր տարի՝ մինչև օգոստոսի 1-ը, Հանձնաժողով ներկայացնել ՀՀ օրենսդրությանը համապատասխան սահմանման համար պլանավորվող՝ հերթական օրացուցային (բյուջետային) տարվա համար ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ակցիզների պլանավորվող դրույքաչափերի մասին տեղեկատվությունը (առկայության դեպքում) (Հոդված 5, կետ 2),

 - Միության մաքսային տարածքում առանց ակցիզների և այլ անուղղակի հարկերի վճարման ծխախոտային արտադրանքի իրացումը կանխելու նպատակով սահմանել ՀՀ և մյուս անդամ պետությունների լիազոր մարմինների միջև վարչական համագործակցության կարգը (այդ թվում՝ Միության շրջանակներում համապատասխան միջազգային համաձայնագրեր կնքելու միջոցով) (Հոդված 7):

 

3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2019 թվականի դեկտեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

8 դեկտեմբերի 2020 թվականի

ՍԴՈ-1569

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 դեկտեմբերի 2020 թվական: