ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ԵԱԴԴ/0100/04/17 |
Նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. հակոբյան | |
|
զեկուցող |
Ե. Խունդկարյան |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
|
|
Գ. հակոբյան |
Տ. Պետրոսյան | ||
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | ||
Ն. Տավարացյան |
2020 թվականի փետրվարի 25-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Ռիմկ Ավտո» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Մարտին Մանուչարյանի (այսուհետ՝ Կառավարիչ) ներկայացուցիչ Գոռ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2019 թվականի որոշման դեմ ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) դիմումի ընդդեմ Ընկերության` պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Մխիթարյան) 25.10.2017 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.11.2017 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Մարտին Մանուչարյանը:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 16.03.2018 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության նկատմամբ դատարան ներկայացված պահանջների վերջնական ցուցակը:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.04.2018 թվականի որոշմամբ սկսվել է Ընկերության լուծարման վարույթ:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Գ. Ավագյան) (այսուհետ՝ Դատարան) 27.02.2019 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով միջանկյալ բաշխման ծրագրի դեմ պարտապան Ընկերության և պարտատեր «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված առարկությունները մերժվել են, և Կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.05.2019 թվականի որոշմամբ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 27.02.2019 թվականի «Կառավարչի կողմից ներկայացված միջանկյալ բաշխման ծրագրի դեմ բերված առարկությունը քննարկելու մասին» որոշումը վերացվել է և հարցն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառավարչի ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։
Վերաքննիչ դատարանը խախտել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ անհիմն է, քանի որ նշված իրավանորմում «պահանջների բավարարման չափ» արտահայտությունը բացառապես վերաբերում է կոնկրետ տվյալ բաշխման ծրագրի շրջանակներում պարտատերերին վճարվող գումարի չափին, այլ ոչ թե սնանկության գործընթացում արդեն իսկ նախկինում կատարված բավարարման չափին: Կառավարչի վարձատրությունը պետք է հաշվել միայն պահանջների ցուցակում գրանցված պարտատերերի՝ տվյալ միջանկյալ ծրագրով նախատեսված պահանջները բավարարող չափի համամասնությամբ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ կառավարչի վարձատրությունը պետք է սահմանվի դրա չափը որոշելու պահի դրությամբ սնանկության գործով իրականացված պահանջների բավարարման ընդհանուր չափի, այլ ոչ թե միջոցների բաշխման տվյալ ծրագրով նախատեսված բավարարման չափի՝ օրենքով նախատեսված տոկոսադրույքին համապատասխան:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 16.05.2019 թվականի որոշումը և օրինական ուժի մեջ թողնել Դատարանի 27.02.2019 թվականի «Կառավարչի կողմից ներկայացված միջանկյալ բաշխման ծրագրի դեմ բերված առարկությունը քննարկելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 23.01.2019 թվականին սնանկության գործով կառավարիչ Մարտին Մանուչարյանը դատարան է ներկայացրել Ընկերության սնանկության հատուկ հաշվին մուտք եղած 5.200.000 ՀՀ դրամ դրամական միջոցների բաշխման միջանկյալ ծրագիրը, որի համաձայն` 5.200.000 ՀՀ դրամից 4.727.272,8 ՀՀ դրամն ուղղվել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի պահանջների բավարարմանը, իսկ կառավարչի վարձատրության չափը կազմել է 472.727 ՀՀ դրամ, վարչական ծախսերը՝ 0 ՀՀ դրամ (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 144-148):
2) Պարտապան Ընկերության և պարտատեր «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացվել են առարկություններ` սնանկության գործով կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագրի դեմ:
Պարտատեր «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված առարկության համաձայն` միջանկյալ բաշխման ծրագիրը չի համապատասխանում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված պահանջներին, քանի որ 25.000.000 ՀՀ դրամի չափով բավարարումներ իրականացվելուց հետո սնանկության գործով կառավարիչը շարունակել է բաշխումներն իրականացնել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով սահմանված կարգով, մինչդեռ բաշխումը պետք է իրականացվեր «բ» կետով սահմանված կարգով, ինչի արդյունքում էապես նվազել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի պահանջի բավարարման չափը: Եթե «Սնանկության մասին» ՀՀ օրենքը կառավարչի վարձատրությունը կապում է միջանկյալ բաշխումների հետ, ապա իմաստազրկվում է վարձատրության վերին շեմեր նախատեսող իրավակարգավորումը, իսկ նույն օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով ղեկավարվելու դեպքում կառավարչի վարձատրությունը 25%-ով ավել է լինում, քան օրենքով նախատեսված վերին շեմը:
Պարտատեր Ընկերության կողմից ներկայացված առարկության համաձայն՝ կառավարչի վարձատրության չափը հաշվարկելիս ավելի նպատակահարմար է սահմանել կայուն ամսական աշխատավարձի չափ՝ 140.000 ՀՀ դրամի չափով, որը հավասար է Ընկերության տնօրենի աշխատավարձի չափին (Հավելվածի Հհատոր 1-ին, գ.թ. 150-154):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի իրավանորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, հետևաբար այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված «պահանջների բավարարման չափ» արտահայտությունը վերաբերում է սնանկության կառավարչի վարձատրությունը որոշելու պահի դրությամբ արդեն իսկ սնանկության գործով իրականացված պահանջների բավարարման չափին, թե՞ յուրաքանչյուր միջանկյալ բաշխման ծրագրով իրականացված բավարարման չափին։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 79-րդ հոդվածի համաձայն` պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները փոխանցվում են պարտապանի սնանկության հատուկ հաշվին, իսկ անդորրագրերը հանձնվում են կառավարչին:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները բաշխվում են նույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե պարտատերը (պարտատերերը) բաշխման ծրագրի օրինակն ստանալու կամ հայտարարությունը հրապարակելուց հետո` 7 օրվա ընթացքում, բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա դատավորն առարկությունն ստանալուց հետո` յոթ օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է կայացնում կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու, փոփոխելու կամ մերժելու վերաբերյալ:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պարտատերերի չապահովված պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ` կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերը, այդ թվում`
- գույքի պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ ծախսերը (սնանկության դիմումը ներկայացնելու օրվանից մինչև ֆինանսական առողջացման ծրագրի նախագծի հաստատումն ընկած ժամանակահատվածում ֆինանսավորումները),
- վարչական աշխատողների աշխատավարձը, եկամտային հարկի վճարումները և պարտադիր սոցիալական վճարները,
- վարչական ապարատը պահպանելու համար այլ անհրաժեշտ ծախսերը,
- պարտադիր սոցիալական վճարները,
- աշխատավարձի, եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների վերաբերյալ փաստաթղթերի արխիվացման ծախսերը (…):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կառավարչի վարձատրությունը կատարվում է պարտապանի դրամական միջոցներից, պարտապանի, երրորդ անձանց գույքի վաճառքից (օտարումից) կամ ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքագրումից գոյացած միջոցներից, չներառելով գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունների գումարը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն`կառավարչի վարձատրությունը սահմանվում է դատարանի որոշմամբ, պարտատերերի պահանջների բավարարման չափի հետևյալ տոկոսադրույքներով`
ա) մինչև 25 միլիոն դրամ` 10 տոկոս.
բ) 25-50 միլիոն դրամ` 2.500.000 դրամին գումարած 25 միլիոն դրամը գերազանցող գումարի 8 տոկոսը.
գ) 50-75 միլիոն դրամ` 4.500.000 դրամին գումարած 50 միլիոն դրամը գերազանցող գումարի 7 տոկոսը.
դ) 75-100 միլիոն դրամ` 6.250.000 դրամին գումարած 75 միլիոն դրամը գերազանցող գումարի 6 տոկոսը.
ե) 100-500 միլիոն դրամ` 7.750.000 դրամին գումարած 100 միլիոն դրամը գերազանցող գումարի 4 տոկոսը.
զ) 500 միլիոն դրամից ավելին` 23.750.000 դրամին գումարած 500 միլիոն դրամը գերազանցող գումարի 3 տոկոսը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «ՓՐԱՅՄ ԼԻԳԱ ՄԱՐԿԵՏ» ՓԲԸ-ի գործով կայացված որոշմամբ անդրադառնալով վերը նշված իրավական նորմերի մեկնաբանությանը, արձանագրել է, որ սնանկության գործով կառավարչի կողմից պարտապանին պատկանող գույքի վաճառք իրականացնելուց հետո դրանից ստացված միջոցները փոխանցվում են պարտապանի սնանկության հատուկ հաշվին, որոնք բաշխվում են նույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ կառավարչի վարձատրությունը կատարվում է պարտապանի դրամական միջոցներից, պարտապանի, երրորդ անձանց գույքի վաճառքից (օտարումից) կամ ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքագրումից գոյացած միջոցներից` չներառելով գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունների գումարը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ օրենսդիրը հստակ կարգավորել է ինչպես կառավարչի վարձատրությունը սահմանող մարմնի, այնպես էլ այդ վարձատրության չափի հարցերը` ամրագրելով, որ վարձատրության չափը սահմանվում է դատարանի որոշմամբ` ելնելով պարտատերերի պահանջների բավարարման չափից որոշակի տոկոսադրույքներով: Այսինքն` տվյալ դեպքում կառավարչի վարձատրության չափն անմիջականորեն կախվածության մեջ է գտնվում միայն պարտատերերի բավարարված պահանջների չափից, և վարձատրության չափը որոշելիս պետք է պարզել, թե որ պարտատերերի պահանջներն են բավարարվել և ինչ չափով (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «ՓՐԱՅՄ ԼԻԳԱ ՄԱՐԿԵՏ» ՓԲԸ-ի սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի թիվ ԵԿԴ/0075/04/15 որոշումը):
Վկայակոչված իրավական դիրքորոշումը ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է նաև թիվ ԵՄԴ/0033/04/17, թիվ ԳԴ/0033/04/15, թիվ ԵՇԴ/0078/04/17 քաղաքացիական գործերով 07.04.2018 թվականին կայացված որոշումներում, որից հետևում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավակիրառ պրակտիկա է ձևավորել առ այն, որ սնանկության վարույթում կառավարչի վարձատրությունն իրականացվում է պարտապանի՝ հավաքագրված միջոցներից, իսկ այդ միջոցները բաշխվում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված հերթականությամբ` միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան:
Վերահաստատելով և զարգացնելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ պարտապանի միջոցների հավաքագրումից ստացվածը միջանկյալ ծրագրով բաշխման ենթարկելիս առաջ է գալիս բաշխումների հերթականությունը որոշելու խնդիր, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է պարտատերերի պահանջների բավարարման հերթականությունը, որի համաձայն՝ միջանկյալ բաշխման ծրագրով նախատեսված միջոցներից առաջին հերթին վճարվում են կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերը: Նշվածից հետևում է, որ երբ պարտապանի գույքի վաճառքից գոյանում են որոշակի միջոցներ, կառավարիչը ձեռնամուխ է լինում դրանց բաշխմանը միջանկյալ բաշխման ծրագրով, որով նախատեսվում է այն պարտատերերի ցանկը, որոնց պահանջների բավարարմանն էլ տվյալ միջանկյալ բաշխման ծրագրով ուղղվում է գոյացված միջոցը: Այսինքն՝ հավաքագրված միջոցների յուրաքանչյուր բաշխման ժամանակ պարտատերերի պահանջների բավարարումը, կառավարչի վարձատրությունը և մնացած բավարարումները քննարկվում են տվյալ միջանկյալ բաշխման ծրագրի շրջանակներում և տվյալ միջանկյալ բաշխմամբ նախատեսված միջոցների սահմաններում: Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պարտատերերի «պահանջների բավարարման չափ» արտահայտության ներքո պետք է հասկանալ պարտատերերի այն պահանջների միասնությունը, որը տվյալ միջանկյալ բաշխման ծրագրով նախատեսվում է բավարարել: Այլ կերպ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միջանկյալ բաշխման յուրաքանչյուր ծրագրով նախատեսվում է հավաքագրված կոնկրետ միջոցներն ուղղել հենց միջանկյալ բաշխման ծրագրում հստակ նշված պարտատերերի պահանջների բավարարմանը, ընդ որում՝ այդ միջոցներից առաջնային կերպով հատուցում պետք է ստանա նաև կառավարիչը:
Այսպիսով, ելնելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումների տրամաբանությունից, ինչպես նաև որոշակիության ապահովման անհրաժեշտությունից՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ յուրաքանչյուր դեպքում, երբ որոշակի միջոցներ են մուտքագրվում սնանկության հատուկ հաշվին, և նախատեսվում է միջանկյալ բաշխման ծրագրով բավարարել որոշակի պահանջներ, ապա որպես կառավարչի վարձատրության հաշվարկման հիմք պետք է ընդունել կոնկրետ տվյալ միջանկյալ բաշխումով նախատեսվող բավարարումները՝ կառավարչի վարձատրությունը հաշվարկելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0075/04/15 գործով 07.04.2018 թվականի որոշմամբ առաջադրված բանաձևով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման եզրահանգումը բխում է նաև սնանկության գործընթացի առանձնահատկություններից, ուղղված է ապահովելու ինչպես սնանկության կառավարչի, այնպես էլ պարտատերերի շահերի պաշտպանությունը: Հակառակ պարագայում կարող է խախտվել ոչ միայն սնանկության գործով կառավարչի՝ իր կատարած աշխատանքի դիմաց համապատասխան չափով վարձատրվելու իրավունքը, այլև պարտատերերի իրավունքները, քանի որ նրանք կհայտնվեն ոչ ցանկալի իրավիճակում այն իմաստով, որ իրենց պահանջների բավարարում ստանալու համար անհրաժեշտություն կառաջանա սպասել այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ կիրացվեն պարտապանի բոլոր գույքային միավորները: Այլ կերպ՝ կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ պարտատերերը տևական ժամանակ չեն կարողանա բավարարում ստանալ պարտապանի գոնե այն գույքից, որն արդեն իսկ իրացվել է, իսկ կառավարիչը կարող է զրկվել նույն գույքի իրացման համար կատարված աշխատանքի չափով համապատասխան վարձատրություն ստանալուց:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումը պայմանավորված է նաև սնանկության վարույթում սնանկության կառավարչի առջև դրված կարևորագույն խնդրով, այն է՝ ապահովել պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունը: Ունենալով նման կարևորագույն գործառույթ՝ սնանկության կառավարիչն իրականացնում է օրենքով սահմանված մի շարք գործառույթներ, որպիսիք իրացնելու դիմաց օրենսդիրը կառավարչի համար սահմանել է վարձատրություն: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սնանկության վարույթում սնանկության կառավարչի ունեցած կարևորագույն դերն ու գործունեությունը տրամաբանական են դարձնում օրենսդրի որդեգրած այն մոտեցումը, որ կառավարիչը պետք է ապահովվի ընթացիկ վարձատրությամբ՝ որպես նրա նյութական երաշխիք և որպես նրա գործունեությունն առավել արդյունավետ իրականացնելու խթան: Հակառակ պարագայում՝ կառավարչի կողմից կկատարվեն օրենքով սահմանված մի շարք գործառույթներ, սակայն արդյունքում հարցականի տակ կդրվի նրա՝ վարձատրություն ստանալու հնարավորությունը, քանի որ եթե ընդունելի համարվի այն մոտեցումը, որ պետք է բոլոր միջոցները հավաքագրվեն, բաշխվեն և այնուհետև բաշխված բոլոր միջոցների ընդհանուր հանրագումարի հիման վրա հաշվարկվի և վճարվի կառավարչի վարձատրությունը, ապա կառավարչի վարձատրություն ստանալու հարցը կարող է տևական ժամանակ մնալ չլուծված:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է.
ա) սնանկության վարույթում հավաքագրված միջոցները բաշխվում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված հերթականությամբ` միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան,
բ) կառավարչի վարձատրության հարցը ևս ենթակա է լուծման միջանկյալ բաշխման ծրագրով, ընդ որում՝ որպես կառավարչի վարձատրության հաշվարկման հիմք պետք է ընդունել կոնկրետ տվյալ միջանկյալ բաշխումով նախատեսվող բավարարումները:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` 23.01.2019 թվականին Կառավարիչը դատարան է ներկայացրել Ընկերության սնանկության հատուկ հաշվին մուտք եղած 5.200.000 ՀՀ դրամական միջոցների բաշխման միջանկյալ ծրագիրը, որի համաձայն՝ 5.200.000 ՀՀ դրամից 4.727.272,8 ՀՀ դրամն ուղղվել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի պահանջների բավարարմանը, կառավարչի վարձատրության չափը կազմել է 472.727 ՀՀ դրամ, վարչական ծախսերը՝ 0 դրամ:
Պարտապան Ընկերության և պարտատեր «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացվել են առարկություններ` սնանկության գործով կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագրի դեմ: Մասնավորապես՝ պարտատեր «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված առարկության համաձայն` միջանկյալ բաշխման ծրագիրը չի համապատասխանում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված պահանջներին, քանի որ 25.000.000 ՀՀ դրամի չափով բավարարումներ իրականացվելուց հետո սնանկության գործով կառավարիչը շարունակել է բաշխումներն իրականացնել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով սահմանված կարգով, մինչդեռ բաշխումը պետք է իրականացվեր «բ» կետով սահմանված կարգով, ինչի արդյունքում էապես նվազել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի պահանջի բավարարման չափը:
Դատարանը, քննության առնելով միջանկյալ բաշխման ծրագրի դեմ պարտապան Ընկերության և պարտատեր «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված առարկությունները, 27.02.2019 թվականին որոշում է կայացրել միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու մասին` պատճառաբանելով, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ օրենքով որևէ բացառություն արված չէ միջանկյալ կամ այլ բաշխման ծրագրերով կառավարչի վարձատրության հաշվարկման համար:
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ կառավարչի վարձատրությունը պետք է սահմանվի դրա չափը որոշելու պահի դրությամբ սնանկության գործով իրականացված պահանջների բավարարման ընդհանուր չափի, այլ ոչ թե միջոցների բաշխման տվյալ ծրագրով նախատեսված բավարարման չափի՝ օրենքով նախատեսված տոկոսադրույքին համապատասխան, գտել է, որ «(…) Դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը, որը հանգեցրել է դատավարական հարցի սխալ լուծման, ուստի նշված իրավական եզրահանգումների լույսի ներքո անհրաժեշտ է իրականացնել դատավարական հարցի նոր քննություն»:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործով Կառավարիչը ներկայացրել է միջանկյալ բաշխման ծրագիր, որի համաձայն՝ Ընկերության սնանկության հատուկ հաշվին մուտք է եղել 5.200.000 ՀՀ դրամ, որից կառավարչի վարձատրությունը հաշվարկվել է 472.727 ՀՀ դրամի չափով, այսինքն՝ պարտապանի համապատասխան գույքի իրացումից ստացված միջոցներից պարտատիրոջ պահանջի բավարարման չափին համապատասխան, որն էլ համահունչ է սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը: Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կառավարիչն իր վարձատրությունը միջանկյալ բաշխման ծրագրում հաշվարկել և ներառել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված՝ «պահանջների բավարարման չափ» արտահայտության ճիշտ մեկնաբանության արդյունքում, որն էլ հիմք է հանդիսացել Դատարանի կողմից տվյալ միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու համար, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից Դատարանի 27.02.2019 թվականի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ սնանկության դատարանի 27.02.2019 թվականի «Կառավարչի կողմից ներկայացված միջանկյալ բաշխման ծրագրի դեմ բերված առարկությունը քննարկելու մասին» որոշմանը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Ե. Խունդկարյան |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Տ. Պետրոսյան | |
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | |
Ն. Տավարացյան |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԱԴԴ/0100/04/17 սնանկության գործով 25.02.2020 թվականին կայացված որոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով «Ռիմկ Ավտո» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Մարտին Մանուչարյանի (այսուհետ՝ Կառավարիչ) ներկայացուցիչ Գոռ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2019 թվականի որոշման դեմ ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) դիմումի ընդդեմ Ընկերության` պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, որոշել է. «Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ սնանկության դատարանի 27.02.2019 թվականի «Կառավարչի կողմից ներկայացված միջանկյալ բաշխման ծրագրի դեմ բերված առարկությունը քննարկելու մասին» որոշմանը»:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Էդ. Սեդրակյանս, Ս. Անտոնյանս, Ա. Բարսեղյանս և Տ. Պետրոսյանս, համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 25.02.2020 թվականին թիվ ԵԱԴԴ/0100/04/17 սնանկության գործով կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում կատարված եզրահանգումների հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նույն որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Մխիթարյան) 25.10.2017 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.11.2017 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Մարտին Մանուչարյանը:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 16.03.2018 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության նկատմամբ դատարան ներկայացված պահանջների վերջնական ցուցակը:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.04.2018 թվականի որոշմամբ սկսվել է Ընկերության լուծարման վարույթ:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Գ. Ավագյան) (այսուհետ՝ Դատարան) 27.02.2019 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով միջանկյալ բաշխման ծրագրի դեմ պարտապան Ընկերության և պարտատեր «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված առարկությունները մերժվել են, և Կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.05.2019 թվականի որոշմամբ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 27.02.2019 թվականի «Կառավարչի կողմից ներկայացված միջանկյալ բաշխման ծրագրի դեմ բերված առարկությունը քննարկելու մասին» որոշումը վերացվել է և հարցն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառավարչի ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։
Վերաքննիչ դատարանը խախտել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ անհիմն է, քանի որ նշված իրավանորմում «պահանջների բավարարման չափ» արտահայտությունը բացառապես վերաբերում է կոնկրետ տվյալ բաշխման ծրագրի շրջանակներում պարտատերերին վճարվող գումարի չափին, այլ ոչ թե սնանկության գործընթացում արդեն իսկ նախկինում կատարված բավարարման չափին: Կառավարչի վարձատրությունը պետք է հաշվել միայն պահանջների ցուցակում գրանցված պարտատերերի՝ տվյալ միջանկյալ ծրագրով նախատեսված պահանջները բավարարող չափի համամասնությամբ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ կառավարչի վարձատրությունը պետք է սահմանվի դրա չափը որոշելու պահի դրությամբ սնանկության գործով իրականացված պահանջների բավարարման ընդհանուր չափի, այլ ոչ թե միջոցների բաշխման տվյալ ծրագրով նախատեսված բավարարման չափի՝ օրենքով նախատեսված տոկոսադրույքին համապատասխան:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 16.05.2019 թվականի որոշումը և օրինական ուժի մեջ թողնել Դատարանի 27.02.2019 թվականի «Կառավարչի կողմից ներկայացված միջանկյալ բաշխման ծրագրի դեմ բերված առարկությունը քննարկելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 23.01.2019 թվականին սնանկության գործով կառավարիչ Մարտին Մանուչարյանը դատարան է ներկայացրել Ընկերության սնանկության հատուկ հաշվին մուտք եղած 5.200.000 ՀՀ դրամ դրամական միջոցների բաշխման միջանկյալ ծրագիրը, որի համաձայն` 5.200.000 ՀՀ դրամից 4.727.272,8 ՀՀ դրամն ուղղվել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի պահանջների բավարարմանը, իսկ կառավարչի վարձատրության չափը կազմել է 472.727 ՀՀ դրամ, վարչական ծախսերը՝ 0 ՀՀ դրամ (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 144-148):
2) Պարտապան Ընկերության և պարտատեր «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացվել են առարկություններ` սնանկության գործով կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագրի դեմ:
Պարտատեր «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված առարկության համաձայն` միջանկյալ բաշխման ծրագիրը չի համապատասխանում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված պահանջներին, քանի որ 25.000.000 ՀՀ դրամի չափով բավարարումներ իրականացվելուց հետո սնանկության գործով կառավարիչը շարունակել է բաշխումներն իրականացնել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով սահմանված կարգով, մինչդեռ բաշխումը պետք է իրականացվեր «բ» կետով սահմանված կարգով, ինչի արդյունքում էապես նվազել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի պահանջի բավարարման չափը: Եթե «Սնանկության մասին» ՀՀ օրենքը կառավարչի վարձատրությունը կապում է միջանկյալ բաշխումների հետ, ապա իմաստազրկվում է վարձատրության վերին շեմեր նախատեսող իրավակարգավորումը, իսկ նույն օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով ղեկավարվելու դեպքում կառավարչի վարձատրությունը 25%-ով ավել է լինում, քան օրենքով նախատեսված վերին շեմը:
Պարտատեր Ընկերության կողմից ներկայացված առարկության համաձայն՝ կառավարչի վարձատրության չափը հաշվարկելիս ավելի նպատակահարմար է սահմանել կայուն ամսական աշխատավարձի չափ՝ 140.000 ՀՀ դրամի չափով, որը հավասար է Ընկերության տնօրենի աշխատավարձի չափին (Հավելվածի Հհատոր 1-ին, գ.թ. 150-154):
4. Հատուկ կարծիքը հիմնավորող պատճառաբանությունները.
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի իրավանորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, հետևաբար այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված «պահանջների բավարարման չափ» արտահայտությունը վերաբերում է սնանկության կառավարչի վարձատրությունը որոշելու պահի դրությամբ արդեն իսկ սնանկության գործով իրականացված պահանջների բավարարման չափին, թե՞ յուրաքանչյուր միջանկյալ բաշխման ծրագրով իրականացված բավարարման չափին։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 79-րդ հոդվածի համաձայն` պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները փոխանցվում են պարտապանի սնանկության հատուկ հաշվին, իսկ անդորրագրերը հանձնվում են կառավարչին:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները բաշխվում են նույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե պարտատերը (պարտատերերը) բաշխման ծրագրի օրինակն ստանալու կամ հայտարարությունը հրապարակելուց հետո` 7 օրվա ընթացքում, բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա դատավորն առարկությունն ստանալուց հետո` յոթ օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է կայացնում կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու, փոփոխելու կամ մերժելու վերաբերյալ:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պարտատերերի չապահովված պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ` կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերը, այդ թվում`
- գույքի պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ ծախսերը (սնանկության դիմումը ներկայացնելու օրվանից մինչև ֆինանսական առողջացման ծրագրի նախագծի հաստատումն ընկած ժամանակահատվածում ֆինանսավորումները),
- վարչական աշխատողների աշխատավարձը, եկամտային հարկի վճարումները և պարտադիր սոցիալական վճարները,
- վարչական ապարատը պահպանելու համար այլ անհրաժեշտ ծախսերը,
- պարտադիր սոցիալական վճարները,
- աշխատավարձի, եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների վերաբերյալ փաստաթղթերի արխիվացման ծախսերը (…):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կառավարչի վարձատրությունը կատարվում է պարտապանի դրամական միջոցներից, պարտապանի, երրորդ անձանց գույքի վաճառքից (օտարումից) կամ ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքագրումից գոյացած միջոցներից, չներառելով գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունների գումարը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն`կառավարչի վարձատրությունը սահմանվում է դատարանի որոշմամբ, պարտատերերի պահանջների բավարարման չափի հետևյալ տոկոսադրույքներով`
ա) մինչև 25 միլիոն դրամ` 10 տոկոս.
բ) 25-50 միլիոն դրամ` 2.500.000 դրամին գումարած 25 միլիոն դրամը գերազանցող գումարի 8 տոկոսը.
գ) 50-75 միլիոն դրամ` 4.500.000 դրամին գումարած 50 միլիոն դրամը գերազանցող գումարի 7 տոկոսը.
դ) 75-100 միլիոն դրամ` 6.250.000 դրամին գումարած 75 միլիոն դրամը գերազանցող գումարի 6 տոկոսը.
ե) 100-500 միլիոն դրամ` 7.750.000 դրամին գումարած 100 միլիոն դրամը գերազանցող գումարի 4 տոկոսը.
զ) 500 միլիոն դրամից ավելին` 23.750.000 դրամին գումարած 500 միլիոն դրամը գերազանցող գումարի 3 տոկոսը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «ՓՐԱՅՄ ԼԻԳԱ ՄԱՐԿԵՏ» ՓԲԸ-ի գործով կայացված որոշմամբ անդրադառնալով վերը նշված իրավական նորմերի մեկնաբանությանը, արձանագրել է, որ սնանկության գործով կառավարչի կողմից պարտապանին պատկանող գույքի վաճառք իրականացնելուց հետո դրանից ստացված միջոցները փոխանցվում են պարտապանի սնանկության հատուկ հաշվին, որոնք բաշխվում են նույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ կառավարչի վարձատրությունը կատարվում է պարտապանի դրամական միջոցներից, պարտապանի, երրորդ անձանց գույքի վաճառքից (օտարումից) կամ ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքագրումից գոյացած միջոցներից` չներառելով գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունների գումարը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ օրենսդիրը հստակ կարգավորել է ինչպես կառավարչի վարձատրությունը սահմանող մարմնի, այնպես էլ այդ վարձատրության չափի հարցերը` ամրագրելով, որ վարձատրության չափը սահմանվում է դատարանի որոշմամբ` ելնելով պարտատերերի պահանջների բավարարման չափից որոշակի տոկոսադրույքներով: Այսինքն` տվյալ դեպքում կառավարչի վարձատրության չափն անմիջականորեն կախվածության մեջ է գտնվում միայն պարտատերերի բավարարված պահանջների չափից, և վարձատրության չափը որոշելիս պետք է պարզել, թե որ պարտատերերի պահանջներն են բավարարվել և ինչ չափով (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «ՓՐԱՅՄ ԼԻԳԱ ՄԱՐԿԵՏ» ՓԲԸ-ի սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի թիվ ԵԿԴ/0075/04/15 որոշումը):
Վկայակոչված իրավական դիրքորոշումը ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է նաև թիվ ԵՄԴ/0033/04/17, թիվ ԳԴ/0033/04/15, թիվ ԵՇԴ/0078/04/17 քաղաքացիական գործերով 07.04.2018 թվականին կայացված որոշումներում, որից հետևում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավակիրառ պրակտիկա է ձևավորել առ այն, որ սնանկության վարույթում կառավարչի վարձատրությունն իրականացվում է պարտապանի՝ հավաքագրված միջոցներից, իսկ այդ միջոցները բաշխվում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված հերթականությամբ` միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան:
Վերահաստատելով և զարգացնելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ հոդվածները պետք է դիտարկվեն միասնության մեջ՝ չիմաստազրկելով նույն օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տոկոսադրույքների նախատեսումը: Հետևաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասում «պարտատերերի պահանջների բավարարման չափ» եզրույթի ներքո պետք է հասկանալ մինչև այդ պարտատերերի պահանջների կատարված բավարարումների և տվյալ միջանկյալ բաշխման ծրագրով նախատեսված բավարարումների միասնությունը: Այլ կերպ՝ յուրաքանչյուր միջանկյալ բաշխման ծրագրով սնանկության գործով կառավարչի վարձատրության չափը որոշելիս պետք է հաշվի առնել մինչ այդ բավարարում ստացած պարտատերերի պահանջների չափը, և տվյալ պահի դրությամբ պարտատերերի պահանջների բավարարված չափերի հանրագումարի արդյունքում, ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան տոկոսադրույքներով, պետք է որոշել համապատասխան միջանկյալ բաշխման ծրագրի շրջանակներում սնանկության կառավարչի վարձատրության չափը:
Միջանկյալ բաշխման ծրագիրը նպատակ է հետապնդում պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները բաշխել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածով սահմանված կարգով նույն օրենքի 82-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ:
Ընդ որում պետք է նկատի ունենալ, որ սնանկության վարույթում նշված գործընթացն առավելապես ուղղված է պահանջների վերջնական ցուցակում ընդգրկված պարտատերերի պահանջների բավարարմանը:
Սնանկության վարույթում ստացված դրամական միջոցների յուրաքանչյուր բաշխում ուղղակիորեն հանգեցնում է պահանջների վերջնական ցուցակում ներառված պարտատերերի պահանջների փոփոխության, որն էլ ի վերջո արտացոլվում է սնանկության գործով կառավարչի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 81-րդ հոդվածով նախատեսված կարգով տրվող հաշվետվություններում:
Համադրելով նշված կարգավորումները «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված՝ սնանկության գործով կառավարչի վարձատրության կարգի հետ՝ կարող ենք եզրահանգել, որ բացառությամբ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքի, մյուս դեպքերում սնանկության գործով կառավարչի վարձատրությունը պայմանավորված է պարտատերերի պահանջների բավարարմամբ:
Ընդ որում պարտատիրոջ պահանջների բավարարումը սնանկության վարույթում պարտատիրոջը հատկացված միջոցների ամբողջությունն է, և պարտատերերի պահանջների բավարարումը արտահայտվում է միջանկյալ բաշխման ծրագրերի հանրագումարով, որի հիման վրա էլ տեղի է ունենում սնանկության վարույթի ավարտ օրենքով նախատեսված որևէ հիմքով:
Վերը նշված կանոնից բացառությունների մեջ է ներառվում նաև գրավով ապահովված պարտավորության բավարարման դեպքում կառավարչի վարձատրությունը, քանի որ օրենսդիրը սահմանել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված կարգից տարբերվող մեխանիզմ:
Այսպիսով, ելնելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումների տրամաբանությունից, ինչպես նաև որոշակիության ապահովման անհրաժեշտությունից՝ պետք է եզրակացնել, որ յուրաքանչյուր դեպքում, երբ որոշակի միջոցներ են մուտքագրվում սնանկության հատուկ հաշվին, և նախատեսվում է միջանկյալ բաշխման ծրագրով բավարարել որոշակի պահանջներ, ապա որպես կառավարչի վարձատրության հաշվարկման հիմք պետք է ընդունել նախկինում միջանկյալ բաշխման ծրագրերով և կոնկրետ տվյալ միջանկյալ բաշխման ծրագրով նախատեսվող բավարարումների հանրագումարը՝ կառավարչի վարձատրությունը հաշվարկելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0075/04/15 գործով 07.04.2018 թվականի որոշմամբ առաջադրված բանաձևով:
Գտնում ենք, որ նման եզրահանգումը բխում է նաև սնանկության գործընթացի առանձնահատկություններից, ուղղված է ապահովելու ինչպես պարտապանի, այնպես էլ պարտատերերի շահերի պաշտպանությունը: Հակառակ պարագայում կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ յուրաքանչյուր դեպքում սնանկության գործով կառավարիչը, միջանկյալ բաշխման ծրագրով պարտատերերի պահանջների բավարարման չափը որոշելիս ղեկավարվի սուբյեկտիվ նկատառումներով, և կոնկրետ բաշխման ծրագրով պարտատերերի միջև բաշխվող գումարը չգերազանցի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով սահմանված չափը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ 11.04.2018 թվականից մինչև 21.01.2019 թվականն ընկած ժամանակահատվածում թվով 6 միջանկյալ բաշխման ծրագրերով ընդհանուր առմամբ բաշխվել է 38.112.884,30 ՀՀ դրամ գումար: Հետևաբար հաշվի առնելով, որ 21.01.2019 թվականի դրությամբ արդեն իսկ պարտատերերի պահանջների բաշխման չափը գերազանցում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով սահմանված չափը, պետք է սնանկության գործով կառավարչի վարձատրության չափը որոշվի նույն հոդվածի 3-րդ մասի «բ» կետով սահմանված տոկոսադրույքով:
Հաշվի առնելով վերոգրյալը՝գտնում ենք, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը հանգել է հիմնավոր և իրավաչափ եզրահանգման առ այն, որ կառավարչի վարձատրությունը պետք է սահմանվի դրա չափը որոշելու պահի դրությամբ սնանկության գործով իրականացված պահանջների բավարարման ընդհանուր չափի, այլ ոչ թե միջոցների բաշխման տվյալ ծրագրով նախատեսված բավարարման չափի՝ օրենքով նախատեսված տոկոսադրույքներին համապատասխան:
Վերոնշյալ հիմնավորմամբ պետք է արձանագրել, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
6. Հատուկ կարծիքի եզրահանգումները.
4-րդ կետում շարադրված հիմնավորումներից և պատճառաբանություններից ելնելով՝ գտնում ենք, որ վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2019 թվականի որոշումը պետք է թողնվեր օրինական ուժի մեջ:
Դատավորներ` |
ԷԴ. ՍԵԴՐԱԿՅԱՆ |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | |
Տ. Պետրոսյան |