Գլխավոր տեղեկություն
Համար
N 199-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.06.15/22(690) Հոդ.133
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
10.06.2020
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

10 հունիսի 2020 թվականի
ք. Երևան

N 199-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ`Կանոններ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) Կանոնների 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր պարբերությամբ.

«Ինքնավար էներգաարտադրող-սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի՝ իր սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կՎտ-ը, իսկ արևային էներգիայի կիրառմամբ արտադրողների դեպքում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ մինչև 500 կՎտ-ը:».

2) Կանոնների 58-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 5-րդ ենթակետով.

«5) առկա չէ վերստուգիչ դարձափոխիչային (ռեվերսային) հաշվառքի սարք, առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, միևնույն ժամանակ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ արձանագրվել է փորձաքննության ենթակա չլինելու հանգամանքը կամ հնարավոր չի եղել որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի տոկոսը, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով.

 

1) Վէքդ = ՆՄօծդ ԱՏօրդ – ՀԱդ,

որտեղ`

Վէքդ-ը ինքնավար էներգաարտադրողի առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված էլեկտրաէներգիայի (փոխհոսքերի) քանակն է (կՎտժ), որը հաշվարկվում է ցերեկային և գիշերային փոխհոսքերի համար առանձին և հաշվի է առնվում հատուցման (վճարման) ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտում.

ՆՄօծդ-ը մատակարարի և ինքնավար էներգաարտադրողի նախորդող տարվա նույն ամսվա արդյունքներով էլեկտրական էներգիայի փոխհոսքի տարբերության միջին օրականն է՝ դրական նշանով, եթե ինքնավար էներգաարտադրողի սպառումը գերազանցում է մատակարարին առաքված էլեկտրաէներգիայի քանակը և բացասական նշանով, եթե մատակարարին առաքված էլեկտրաէներգիայի քանակը գերազանցում է ինքնավար էներգաարտադրողի կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակին,

ԱՏօրդ-ը առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով, որը 33 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 33-ի,

ՀԱդ-ը հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում դարձափոխիչային առևտրային հաշվիչի (ցերեկային, գիշերային) ցուցմունքներով գրանցված էլեկտրական էներգիայի փոխհոսքերի տարբերությունն է, իսկ ենթասպառողների առկայության դեպքում՝ հաշվառված էլեկտրաէներգիայի քանակի՝ սպառողին վերագրված մասն է։

Եթե նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում ինքնավար էներգաարտադրողը սպառում կամ առաքում չի ունեցել, ապա էլեկտրական էներգիայի փոխհոսքերի միջին օրական տարբերությունն ընդունվում է հավասար առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին սպառում կամ առաքում ունեցած ամսվա միջին օրական ծախսին:».

3) Կանոնների 59.4 կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նման դեպքերում մատակարարը պարտավոր է վերահաշվարկին վերաբերող ողջ տեղեկատվությունը գրավոր ներկայացնել սպառողին՝ առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին ծախս ունեցած ամսվա ավարտից ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում:».

4) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 59.7 կետով.

«59.7 Ինքնավար էներգաարտադրողի առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ խախտումը պայմանավորված է լարման կամ հոսանքի չափիչ տրանսֆորմատորների խափանմամբ, վերահաշվարկն իրականացվում է սույն Կանոնների 58-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի օգոստոսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան