Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.06.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.01.22/3(1558).1 Հոդ.6.4
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.06.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԴ1/0004/01/08

ԿԴ/0107/01/10

ԵԿԴ/0245/01/12

 

 

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի
 

 

  քարտուղարությամբ` Մ. Ավագյանի

2019 թվականի հունիսի 12-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալներ Արմեն Աշոտի Ալեքսանյանի և Նորայր Հրաչիկի Կարապետյանի վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2008 թվականի օգոստոսի 5-ի դատավճռով (քրեական գործ թիվ ՍԴ1/0004/01/08) Արմեն Աշոտի Ալեքսանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով՝ նշանակված պատժին ամբողջությամբ գումարվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի՝ 2007 թվականի հունիսի 1-ի դատավճռով նշանակված պատժի` գույքի 50 (հիսուն) տոկոսի բռնագրավմամբ 7 (յոթ) տարի ժամկետով ազատազրկման չկրած մասը՝ 5 (հինգ) տարի 4 (չորս) ամիս 28 (քսանութ) օր ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 10 (տասը) ամիս 28 (քսանութ) օր ժամկետով` գույքի 50 (հիսուն) տոկոսի բռնագրավմամբ:

2. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի սեպտեմբերի 1-ի դատավճռով (քրեական գործ թիվ ԿԴ/0107/01/10) Ա.Ալեքսանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել ազատազրկման` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով՝ նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2008 թվականի օգոստոսի 5-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը՝ գույքի 50 (հիսուն) տոկոսի բռնագրավմամբ, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 8 (ութ) տարի ժամկետով՝ գույքի 50 (հիսուն) տոկոսի բռնագրավմամբ:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Անատոլի Միխաիլի Տերյանը, Արտակ Խորենի Զեյթունյանը և Մանուկ Կարոյի Մանուկյանը:

3. Ա.Զեյթունյանի, Ա.Ալեքսանյանի, վերջինիս պաշտպան Է.Արամյանի և Ա.Տերյանի պաշտպան Գ.Խաչատրյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ Ա.Զեյթունյանի, Ա.Ալեքսանյանի, վերջինիս պաշտպան Է.Արամյանի վերաքննիչ բողոքները մերժել է` անփոփոխ թողնելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2011 թվականի սեպտեմբերի 1-ի դատավճիռը:

4. Նշված որոշման դեմ Ա.Ալեքսանյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ վերադարձվել է:

5. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճռով (քրեական գործ թիվ ԵԿԴ/0245/01/12) Ա.Ալեքսանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ 5 (հինգ) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի սեպտեմբերի 1-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից ազատազրկում 2 (երկու) տարի ժամկետով՝ գույքի 50 (հիսուն) տոկոսի բռնագրավմամբ, և Ա.Ալեքսանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 7 (յոթ) տարի ժամկետով` գույքի 50 (հիսուն) տոկոսի բռնագրավմամբ:

Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2013 թվականի սեպտեմբերի 23-ից։

Նույն դատավճռով Նորայր Հրաչիկի Կարապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Ն.Կարապետյանը դատապարտվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման 8 (ութ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով, պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ն.Կարապետյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 10 (տասը) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Հայկ Հենրիկի Պետրոսյանը:

6. Ն.Կարապետյանի պաշտպան Գ.Պապոյանի, Հ.Պետրոսյանի պաշտպան Մ.Դավթյանի և Ա.Ալեքսանյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2013 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ բողոքները մերժել է, և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ:

7. Նշված որոշման դեմ Ա.Ալեքսանյանի և Ն.Կարապետյանի պաշտպան Գ.Պապոյանի վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ վերադարձվել են:

8. Դատապարտյալներ Ն.Կարապետյանի և Ա.Ալեքսանյանի՝ նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանի 2019 թվականի մարտի   15-ի որոշմամբ հարուցվել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ, և վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. Ա.Ալեքսանյանը թիվ ՍԴ1/0004/01/08 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է այն բանի համար, որ «(…) [Ն]ա, առանց իրացնելու նպատակի՝ իր մոտ ապօրինի պահել է 0.18 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց (…) »1:

9.1 Ա.Ալեքսանյանը թիվ ԿԴ/0107/01/10 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է այն բանի համար, որ «(…) [Ն]ա, իր օգտագործման համար թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու նպատակով, 2010 թվականի մարտի 15-ին զանգահարել է Արտակ Խորենի Զեյթունյանին և թմրամիջոց խնդրել, որից հետո տեղեկանալով, որ Ա.Զեյթունյանը բերելու է թմրամիջոցն իր ընկեր Անատոլի Տերյանի հետ, զանգահարել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Տոնոյանին և խնդրել, որպեսզի վերջինիս տեսակցության եկած նրա կին Ֆաթիմա Ասրյանը հանդիպի իրեն՝ իբր ծխախոտ բերող անձանց հետ, և վերցնելով ծխախոտները՝ բերի «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ՝ նախապես Ա.Զեյթունյանին և Ա.Տերյանին հայտնելով, որ թմրանյութն իրեն տալու համար Հրազդան քաղաքում փոխանցեն նշված կնոջը: Սակայն, երբ վերջիններս թմրանյութը փոխանցելու նպատակով Մհեր Վարդանի Միքայելյանի կողմից վարած «Մանանդ» տաքսի ծառայությանը պատկանող Վազ 21074 մակնիշի Տ 2332 պ/հ ավտոմեքենայով ապօրինի Հրազդան քաղաք են փոխադրել առանձնապես խոշոր չափ համարվող՝ 0.2 գրամ «հերոին» տեսակի թմրամիջոց և ցանկացել են այն հանձնել Ֆաթիմա Սալավաթի Ասրյանին՝ նրա միջոցով ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ ոմն Արմենին իրացնելու նպատակով, բերման են ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին, որի հետևանքով Ա.Ալեքսանյանը իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ձեռք բերել թմրամիջոցը և ավարտին հասցնել հանցագործությունը:

Այնուհետև, կրկին, իր օգտագործման համար թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու նպատակով 2010 թվականի հունիսի 21-ին զանգահարել է Երևան քաղաքի բնակիչ Մանուկ Կարոյի Մանուկյանին և խնդրել գնալ Երևան քաղաքի Բանգլադեշ թաղամաս, որտեղից գործով չպարզված անձից վերցնել թմրանյութն ու փոխադրել Հրազդան քաղաք, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի մոտ գտնվող հին գործարանների տարածքով մոտենալ քրեակատարողական հիմնարկի պատին և, թմրանյութն ամրացնելով իր կողմից խցից նետված թելին, այն փոխանցել իրեն: Սակայն Մ.Մանուկյանը, երբ թմրանյութն ապօրինի իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել Երևան քաղաքից և Երևան-Հրազդան տանող տաքսի ավտոմեքենայով ապօրինի Հրազդան քաղաք է փոխադրել առանձնապես խոշոր չափ համարվող՝ 0.352 գրամ «հերոին» տեսակի և զգալի չափ համարվող 0.0031 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցը, և, մոտենալով գործարանների ցանկապատին, ցանկացել է անցնել այն և փոխանցել թմրանյութը ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ ոմն Արմենին, բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ Կոտայքի ՄՎ աշխատակիցների կողմից, որի հետևանքով Ա.Ալեքսանյանը իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ձեռք բերել թմրամիջոցը և ավարտին հասցնել հանցագործությունը»2:

9.2 Ա.Ալեքսանյանը թիվ ԵԿԴ/0245/01/12 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է այն բանի համար, որ «(…) Նա, դատապարտված լինելով ազատազրկման, 2012 թվականի ապրիլի 19-ից պատիժը ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում կրելու ընթացքում, իր կողմից շահագործված՝ 094 206265 բջջային հեռախոսահամարի միջոցով կապ է պահպանել իր ծանոթ Հայկ Պետրոսյանի հետ, 2012 թվականի հունիսի 21-ին, ընդառաջելով վերջինիս խնդրանքին, օգնել է նրա գործածման համար առանձնապես խոշոր չափի «հերոին» տեսակի թմրամիջոց ձեռք բերելուն: Թմրամիջոցն իրացնող` գործով չպարզված անձի հետ պայմանավորվելուց հետո, Հայկ Պետրոսյանին ուղղորդել է անհրաժեշտ քանակությամբ թմրամիջոցի համար նախատեսված 50.000 ՀՀ դրամ գումարը ժամը 12.00-ի սահմաններում Երևան քաղաքի «Շենգավիթ» մետրոկայարանի տարածքում փոխանցել «Միլենա» տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենայի վարորդ Հովնան Սարոյանին, ով նշված գումարն ստանալուց հետո՝ հեռախոսով ամբաստանյալ Ա.Ալեքսանյանի տված ցուցումով, գնացել է ք.Երևանի Ներքին Չարբախ թաղամաս, որտեղ գումարը փոխանցել է չպարզված անձին, ումից էլ այն ստացել է Ն.Կարապետյանը։ Այնուհետև, նույն օրը ժամը 17:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, կրկին Ա.Ալեքսանյանի կողմից ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Հայկ Պետրոսյանը Երևանի Տիչինայի և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում` «բանկի կռուգ» կոչվող հատվածում, Նորայր Կարապետյանից ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով` 0.288 գրամ «հերոին» տեսակի թմրամիջոց և պահել իր մոտ (…)»3։

10. Ն.Կարապետյանը թիվ ԵԿԴ/0245/01/12 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է այն բանի համար, որ «(…)նա, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Արմեն Ալեքսանյանի միջնորդությամբ, նրա ծանոթ Հայկ Պետրոսյանին առանձնապես խոշոր չափերի «հերոին» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու դիտավորությամբ, 2012 թվականի հունիսի 21-ին` կեսօրին, պայմանավորվածության համաձայն, թմրամիջոցի ապօրինի շրջանառությունից անտեղյակ տաքսու վարորդ Հովնան Սարոյանից ստացել է անհրաժեշտ քանակությամբ «հերոինի» արժեքը կազմող, Հայկ Պետրոսյանի կողմից ուղարկված 50.000 ՀՀ դրամը, այնուհետև, գործով չպարզված անձից և հանգամանքներում ապօրինի ձեռք բերված` առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր` 0.288 գրամից ավել քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցի քանակությունից նույն օրը` ժամը 17:00-ից 18:00-ն սահմաններում, ընկերոջ՝ Նորայր Մելքոնյանի` Երևան քաղաքի Գագարինի 27 հասցեում գտնվող տանը չպարզված քանակությամբ հյուրասիրության եղանակով ապօրինի իրացրել է վերջինիս, կրկին չպարզված քանակությամբ օգտագործել է անձամբ, իսկ մնացած` առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 0.288 գրամ նույն տեսակի թմրամիջոցն Արմեն Ալեքսանյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, նույն օրը` ժամը 18.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սեբաստիա և Տիչինայի փողոցների խաչմերուկում ապօրինի իրացրել է Հայկ Հենրիկի Պետրոսյանին (…)»4:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոշարադրյալ հիմնավորումներով.

11. Բողոք բերած անձինք, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել են, որ նշված փոփոխություններով բարելավվել է իրենց վիճակը, հետևաբար, դրանք ենթակա են կիրառման իրենց նկատմամբ:

12. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձինք խնդրել են իրենց վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին, և փոփոխել իրենց նկատմամբ նշանակված վերջնական պատիժները, կամ ազատել հետագա պատիժները կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալներ Արմեն Ալեքսանյանի և Նորայր Կարապետյանի վերաբերյալ դատական ակտերը վերանայելու համար:

14. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող, կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող, կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը, կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

15. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար, նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ, ժամանակի ընթացքում, քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ՝ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն5:

16. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ, անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով՝ դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում, արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)»6:

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»7:

17. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։

18. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն` «1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

(...)

2) խոշոր չափերով,

պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

(...)

2) առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով։

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

(...)

2) խոշոր չափերով,

պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Նույն արարքները, որոնք կատարվել են առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել՝ 0.1 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ, «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ՝ 0.002 գրամից մինչև 0.02 գրամը ներառյալ, «հերոին» տեսակի թմրամիջոցի համար՝ որպես առանձնապես խոշոր չափ՝ ավելի քան 0.1 գրամը:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի համար՝ որպես զգալի չափ՝ 0.001 գրամից մինչև 0.005 գրամը ներառյալ, «հերոին» տեսակի թմրամիջոցի համար՝ որպես խոշոր չափ` 0.15 գրամից մինչև 0.75 գրամը ներառյալ, որպես առանձնապես խոշոր չափ՝ ավելի քան 0.75 գրամը:

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Արմեն Ալեքսանյանը դատապարտվել է՝

- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի, զգալի չափի՝ 0.18 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ առանց իրացնելու նպատակի, առանձնապես խոշոր չափի՝ 0.2 գրամ և 0.352 գրամ «հերոին» տեսակի և զգալի չափի՝ 0.0031 «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց՝ ապօրինի ձեռք բերելու փորձի համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ առանց իրացնելու նպատակի, առանձնապես խոշոր չափի` 0.288 գրամ «հերոին» տեսակի թմրամիջոց՝ ապօրինի ձեռք բերելուն և պահելուն օժանդակելու համար:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Նորայր Կարապետյանը դատապարտվել է՝

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` չպարզված քանակությամբ «հերոին» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար,

 - ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի` 0.288 գրամ «հերոին» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար8:

20. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-18-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով չեն բարելավում Ն.Կարապետյանի վիճակը, ուստի դրանք հիմք չեն նրա վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության համար:

21. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Ա.Ալեքսանյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքների, ինչպես նաև Ն.Կարապետյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության:

Մասնավորապես, «ափիոն» տեսակի թմրամիջոցի զգալի չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 0.18 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե զգալի, այլ մանր չափի է։ Այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Ա.Ալեքսանյանին պետք է արդարացնել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

«Հերոին» տեսակի թմրամիջոցի առանձնապես խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 0.2 գրամ, 0.352 գրամ և 0.288 գրամ «հերոին» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե առանձնապես խոշոր, այլ խոշոր չափի է: Այսինքն՝ Ա.Ալեքսանյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-268-րդ հոդվածի 3-րդ մասով որակված արարքները պետք է վերաորակել համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Միևնույն ժամանակ, Ն.Կարապետյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը պետք է վերաորակել 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

22. Նման պայմաններում, ՀՀ քրեական օրենսգրքի թմրամիջոցի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը՝ Ա.Ալեքսանյանի և Ն.Կարապետյանի կողմից կատարված արարքների վրա:

23. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է՝ դատապարտյալներ Արմեն Ալեքսանյանի և Նորայր Կարապետյանի վերաբերյալ դատական ակտերը վերանայելու համար:

23.1 Վերանայման արդյունքում, անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել դատապարտյալ Ա.Ալեքսանյանի վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի օգոստոսի 5-ի դատավճիռը, ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի փետրվարի 17-ի և 2014 թվականի փետրվարի 10-ի որոշումները:

Արմեն Աշոտի Ալեքսանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում պետք է արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

23.2 Միևնույն ժամանակ, դատապարտյալ Արմեն Ալեքսանյանի վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի սեպտեմբերի 1-ի դատավճիռը, և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշումը պետք է բեկանել ու փոփոխել:

Արմեն Աշոտի Ալեքսանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: Նշանակված պատժին պետք է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի՝ 2007 թվականի հունիսի 1-ի դատավճռով նշանակված՝ 50 (հիսուն) տոկոս գույքի բռնագրավմամբ 7 (յոթ) տարի ժամկետով ազատազրկման՝ 2011 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ չկրած՝ 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս 2 (երկու) օրից՝ 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով՝ գույքի 50 (հիսուն) տոկոսի բռնագրավմամբ:

23.3 Բացի այդ, անհրաժեշտ է բեկանել և փոփոխել դատապարտյալներ Արմեն Ալեքսանյանի և Նորայր Կարապետյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 9-ի որոշումը:

Արմեն Աշոտի Ալեքսանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 3-րդ մասով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Նշանակված պատժին պետք է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ գույքի 50 (հիսուն) տոկոսի բռնագրավմամբ 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկման՝ 2013 թվականի սեպտեմբերի 23-ի դրությամբ չկրած՝ 1 (մեկ) տարի 7 (յոթ) օրից՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, վերջնական պատիժ նշանակելով ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ գույքի 50 (հիսուն) տոկոսի բռնագրավմամբ:

Պատժի սկիզբը պետք է հաշվել 2013 թվականի սեպտեմբերի 23-ից:

Դատապարտյալ Նորայր Հրաչիկի Կարապետյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 (վեց) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Նշանակված պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնների կիրառմամբ պետք է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումից 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումը և Նորայր Հրաչիկի Կարապետյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 8 (ութ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:

Պատժի սկիզբը հաշվել 2012 թվականի հունիսի 22-ից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի օգոստոսի 5-ի դատավճիռը, ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի փետրվարի 17-ի և 2014 թվականի փետրվարի 10-ի որոշումները նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Դատապարտյալ Արմեն Աշոտի Ալեքսանյանի վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի օգոստոսի 5-ի դատավճիռը բեկանել ու փոփոխել:

3. Արմեն Աշոտի Ալեքսանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

4. Արմեն Աշոտի Ալեքսանյանի վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի սեպտեմբերի 1-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 6-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

5. Արմեն Աշոտի Ալեքսանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: Նշանակված պատժին մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի՝ 2007 թվականի հունիսի 1-ի դատավճռով նշանակված 50 (հիսուն) տոկոս գույքի բռնագրավմամբ 7 (յոթ) տարի ժամկետով ազատազրկման՝ 2011 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ չկրած՝ 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս 2 (երկու) օրից 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումը՝ վերջնական պատիժ նշանակելով ազատազրկում 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով՝ գույքի 50 (հիսուն) տոկոսի բռնագրավմամբ:

6. Արմեն Աշոտի Ալեքսանյանի և Նորայր Հրաչիկի Կարապետյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 9-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

7. Արմեն Աշոտի Ալեքսանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 3-րդ մասով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Նշանակված պատժին մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ գույքի 50 (հիսուն) տոկոսի բռնագրավմամբ 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկման՝ 2013 թվականի սեպտեմբերի 23-ի դրությամբ չկրած՝ 1 (մեկ) տարի 7 (յոթ) օրից 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը՝ վերջնական պատիժ նշանակելով ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ գույքի 50 (հիսուն) տոկոսի բռնագրավմամբ:

Պատժի սկիզբը հաշվել 2013 թվականի սեպտեմբերի 23-ից և Արմեն Աշոտի Ալեքսանյանին անհապաղ ազատ արձակել՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրած լինելու հիմքով:

8. Նորայր Հրաչիկի Կարապետյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 6 (վեց) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Նշանակված պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնների կիրառմամբ մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումից 2 (երկու) տարի ժամկետը և Նորայր Հրաչիկի Կարապետյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 8 (ութ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:

Պատժի սկիզբը հաշվել 2012 թվականի հունիսի 22-ից:

9. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

______________________

1 Տես Datalex տեղեկատվական համակարգ

2 Տե՛ս թիվ ԿԴ/0107/01/10 քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 161-162

3 Տե՛ս թիվ ԵԿԴ/0245/01/10 քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 243-244

4 Տե՛ս թիվ ԵԿԴ/0245/01/10 քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 301-302

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։

6 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

7 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

8 Տե՛ս սույն որոշման 9-10.3-րդ կետերը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան