Գլխավոր տեղեկություն
Համար
N 821
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (28.01.2017-02.03.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.12.31/33(66)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.1998

040.0821.25.12.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 1998 թվականի N 821
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգը կատարելագործելու և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը (կցվում է).

գ) (ենթակետն ուժը կորցրել է 23.06.11 N 974-Ն)

 (1-ին կետը լրաց. 24.03.11 N 296-Ն, փոփ. 23.06.11 N 974-Ն)

2. Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կազմակերպման աշխատանքների կատարումն ու վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության վրա:

(2-րդ կետը փոփ. 31.07.08. N 823-Ն)

3. Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության կիրարկման կարգի մասին հրահանգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

(3-րդ կետը փոփ. 31.07.08. N 823-Ն)

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին կից տրվող ռուսերեն ներդիրի ձևը և նկարագիրը:

 (4-րդ կետը փոփ. 31.07.08. N 823-Ն)

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 13-ի «Նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան և ծառայողական անձնագրերի վավերականության ժամկետը երկարաձգելու մասին» N 8 որոշման (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 23-ի N 596 որոշման խմբագրությամբ) 1-ին և 2-րդ կետերում «1998 թվականի դեկտեմբերի 31» բառերը փոխարինել «1999 թվականի հուլիսի 1» բառերով:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 473 որոշումը` բացառությամբ 4-րդ կետի:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 25-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ

 

 

 

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում նրա անձը հաստատող հիմնական փաստաթուղթ է:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կրողը գտնվում է Հայաստանի Հանրապետության հովանավորության ներքո:

Հայաստանի Հանրապետության քաղաքացին անձնագիր ստանում է կամավոր` անկախ տարիքից։

16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրվում է ըստ ցանկության` մեկ ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: (նախադասությունը հանվել է 23.06.11 N 974-Ն): Եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով։

Հայաստանի Հանրապետության` մինչև 16 տարեկան քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր է տրվում առանց անձնագրում հաշվառման մասին նշում կատարելու:

Մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով։

16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու` մինչև 16 տարին լրանալը տրված անձնագիրը կարող է փոխանակվել նրա մեկ ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա` նախքան անձնագրի վավերականության ժամկետը լրանալը:

Մինչև 16 տարեկան անչափահաuների անձնագրերի 5-րդ էջի «Նշումներ» բաժնում կատարվում է ծնողների մաuին տվյալների (անունը, ազգանունը) գրառում: Ծնողների մահացած կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված լինելու դեպքում անձնագրերի 5-րդ էջի «Նշումներ» բաժնում գրառումներ չեն կատարվում: 

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաստաթղթավորված արական սեռի 15 տարին լրացած անձանց մասին տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծնողների հաշվառման վայրը) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատ:

(1-ին կետը լրաց. 16.06.01 N 536, խմբ., լրաց. 31.07.08 N 823-Ն, լրաց., խմբ. 08.07.10 N 840-Ն, փոփ. 23.06.11 N 974-Ն, խմբ., լրաց. 12.01.17 N 4-Ն)

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը պատրաստվում է միասնական նմուշով` հայերեն և անգլերեն, քաղաքացու ցանկությամբ տրվում է ռուսերեն ներդիր:

Ռուսերեն ներդիր տալու համար քաղաքացուց գանձվում է տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

3. Հայաստանի Հանրապետության 16 տարին լրացած քաղաքացու անձնագիրը տրվում է 10 տարի ժամկետով: Գործածության համար պիտանի անձնագրերի ժամկետը Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից կարող է երկարաձգվել ևս 5 տարի ժամկետով:

Ժամկետանց անձնագրերն անվավեր են և ենթակա են փոխանակման` սահմանված կարգով:

(3-րդ կետը փոփ. 31.07.08. N 823-Ն, լրաց. 08.07.10 N 840-Ն)

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրն օտարերկրյա պետություններում վավերական է մինչև 5 տարի ժամկետով: 16 տարին լրացած քաղաքացիների անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի և դրա երկարաձգման վերաբերյալ նշումները կատարվում են քաղաքացու ցանկությամբ` դիմելու դեպքում:

(4-րդ կետը լրաց. 08.07.10 N 840-Ն, 12.01.17 N 4-Ն)

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում քաղաքացու անձի մասին գրառվում են հետևյալ տեղեկությունները`

ա) ազգանունը, անունը, հայերեն էջում նաև հայրանունը,

բ) ծննդյան վայրը, օրը, ամիսը և տարեթիվը,

գ) սեռը,

դ) քաղաքացիությունը,

ե) անձնական համարը:

5.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստացած` ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացու`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում կամ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրում նրա ազգանվան և անվան անգլերեն գրառումը պետք է համընկնի տվյալ անձի` օտարերկրյա պետությունում տրված անձնագրում կատարված անգլերեն գրառման հետ.

բ) ազգանվան և անվան անգլերենից հայերեն տառադարձումը կատարվում է գրական հայերենով: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած` ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացու միջնորդության դեպքում նրա ազգանվան և անվան անգլերենից հայերեն տառադարձումը կարող է կատարվել իր նախընտրած տարբերակով.

գ) անվան և ազգանվան տառադարձման` սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված կանոններով չկարգավորվող, առանձնակի դժվարություններ ներկայացնող դեպքերում հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության կողմից տրված տեղեկանքը:

(5.1-ին կետը լրաց. 26.11.09 N 1362-Ն)

5.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, բացառությամբ սույն կանոնադրության 5.1-ին կետում նշված քաղաքացիների, անձնագրում ազգանվան և անվան անգլերեն գրառումը կատարվում է կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից հաստատված տառադարձման կանոններին համապատասխան:

(5.2-րդ կետը լրաց. 08.07.10 N 840-Ն)

5.3. Օտարերկրյա պետությունում ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվան, ազգանվան և հայրանվան անգլերեն գրառումը պետք է համընկնի վերջինիս` օտարերկրյա պետության կողմից տրված փաստաթղթում (ծննդյան վկայականում) կատարված անգլերեն գրառման հետ:

(5.3-րդ կետը լրաց. 23.06.11 N 974-Ն)

5.4. Օտարերկրյա պետության քաղաքացու հետ ամուսնանալու և նրա ազգանունը վերցնելու դեպքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում հետամուսնական ազգանվան անգլերեն գրառումը պետք է համընկնի նրա ամուսնու անձնագրում և ամուսնության փաստը հավաստող փաստաթղթում կատարված անգլերեն գրառման հետ:

(5.4-րդ կետը լրաց. 23.06.11 N 974-Ն)

6. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում կարող են կատարվել հետևյալ նշումները`

ա) անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու մասին` Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից.

բ) օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետների մասին` Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից.

գ) Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից.

դ) (ենթակետն ուժը կորցրել է 29.09.16  N 987-Ն)

ե) օտարերկրյա պետություններ մեկնելու և վերադառնալու մասին սահմանային ծառայությունների կողմից.

զ) ազգության մասին` Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ` Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից.

է) արյան խմբի և ռեզուսի մասին` Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ` առողջապահության մարմինների կողմից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում այլ նշումներ կատարելն արգելվում է:

 ը) ամուսնության և ամուսնալուծության գրանցման մասին` Հայաստանի Հանրապետությունում` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից:

(6-րդ կետը լրաց. 24.08.99 N 544, փոփ. 31.07.08. N 823-Ն, 29.09.16  N 987-Ն)

7. (կետն ուժը կորցրել է 12.01.17 N 4-Ն)

 7.1. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացուն տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:

(7.1-ին կետը լրաց. 08.11.07 N 1332-Ն)

8. (կետն ուժը կորցրել է 12.01.17 N 4-Ն)  

9. Անձնագիր տալու համար քաղաքացուց գանձվում է տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

 

II. Անձնագիր տալու, փոխանակելու ԵՎ դրանից օգտվելու կարգը

 

10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերը տրվում կամ փոխանակվում են ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մշտական, ժամանակավոր կամ փաստացի բնակության վայրի` Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից:

(10-րդ կետը փոփ. 31.07.08. N 823-Ն)

11. Անձնագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները անձամբ ներկայացնում են`

ա) սահմանված ձևի դիմում,

բ) ծննդյան վկայական կամ մինչև 16 տարին լրանալն ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր,

գ) 35 x 45 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր),

դ) (ենթակետն ուժը կորցրել է 08.07.10 N 840-Ն)

ե) անձը հաստատող այլ փաստաթղթեր, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող ներկայացնել սույն կետի «բ» ենթակետում նշված փաստաթղթերը,

զ) կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ (զինապարտները),

է) պետական տուրքի վճարման անդորրագիր։

(11-րդ կետը փոփ. 08.11.07 N 1332-Ն, 08.07.10 N 840-Ն, լրաց. 12.01.17 N 4-Ն)

12. 16 տարին չլրացած քաղաքացու ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը 16 տարին չլրացած քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար ներկայացնում է`

ա) սահմանված ձևի դիմում,

բ) ծննդյան վկայական կամ մինչև 16 տարին լրանալը ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր,

գ) «35x45 մմ» չափսի երկու լուսանկար (գունավոր),

դ) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ, 16-րդ, 18-րդ հոդվածներով սահմանված դեպքերում` ծնողների գրավոր համաձայնությունը,

ե) ծնողների ամուսնության, մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու մասին տեղեկանք կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը։

Եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով:

16 տարին չլրացած քաղաքացիների անձնագրերն ստանում են նրանց ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը կամ այլ ներկայացուցիչ:

(12-րդ կետը խմբ. 08.07.10 N 840-Ն, փոփ., լրաց. 12.01.17 N 4-Ն)

13. Հայաստանի Հանրապետության քաղաքացին անձնագիրը կարող է փոխանակել դրանում պարունակվող տեղեկությունները փոխելու, գրառումներում անճշտություններ հայտնաբերելու, անձնագիրն օգտագործման համար ոչ պիտանի լինելու, ինչպես նաև սույն կարգի 1-ին կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված դեպքերում:

(13-րդ կետը լրաց. 31.07.08. N 823-Ն)

14. Անձնագրի փոխանակման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին ներկայացնում է փոխանակման ենթակա անձնագիրը, սահմանված ձևի դիմում և երկու լուսանկար:

Անձնագրում որևէ տեղեկություն փոխելու կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերելու պատճառով այն փոխանակելիս Հայաստանի Հանրապետության քաղաքացին ներկայացնում է նաև փոփոխությունները կամ անճշտությունները հաստատող փաստաթղթեր:

14.1. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն անձնագիր տալիս է կամ փոխանակում դիմումը մուտքագրվելուց հետո 5-րդ աշխատանքային օրը` բացառությամբ սույն կանոնադրության 15-րդ կետով նախատեսված դեպքերի:

(14.1-ին կետը լրաց. 14.01.10 N 22-Ն)

14.2. (պարբերությունն ուժը կորցրել է 23.06.11 N 974-Ն)

Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած, Հայաuտանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող և մշտապեu կամ առավելապեu oտարերկրյա պետությունում բնակվող անձը Հայաuտանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաuտաթղթավորվելիu` բնակչության պետական ռեգիuտրում հաշվառվում է oտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հաuցեով:

(14.2-րդ կետը լրաց. 08.07.10 N 840-Ն, խմբ. 24.03.11 N 296-Ն, փոփ. 23.06.11 N 974-Ն)

14.3. Սույն կանոնադրության 11-րդ, 12-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված դիմումը ներկայացնելիս` քաղաքացին գրավոր տեղեկացվում է կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին:

(14.3-րդ կետը լրաց. 08.07.10 N 840-Ն)

14.4. Այն դեպքում, երբ քաղաքացին դիմում է ներկայացնում` բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող տվյալների (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը) փոփոխման հիմքով նույնականացման քարտը, ինչպես նաև կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագիրը փոխանակելու համար, սակայն չի ցանկանում փոխանակել սույն որոշմամբ նախատեսված անձնագիրը, ապա այն ճանաչվում է անվավեր։

(14.4-րդ կետը լրաց. 12.01.17 N 4-Ն)

15. Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է անձնագիրը կորցնելու մասին 10-օրյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին կամ հյուպատոսական հիմնարկներին:

Անձնագրի կորստյան դեպքում կազմվում է կորստյան գործ: (նախադասությունը հանվել է 12.01.17 N 4-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 23.06.11 N 974-Ն)

(15-րդ կետը լրաց. 16.06.01 N 536, փոփ. 31.07.08. N 823-Ն, խմբ. 14.01.10 N 22-Ն, փոփ. 23.06.11 N 974-Ն, 12.01.17 N 4-Ն)

15.1. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի հիման վրա անձնագիր կարող է տալ կամ փոխանակել ավելի կարճ ժամկետներում, իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերում կարող է կատարել օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում:

(15.1-ին կետը լրաց. 14.01.10 N 22-Ն, 19.12.13 N 1439-Ն)

15.2. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձանց առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր է տրվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այն պետությունների քաղաքացիների, որոնց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրվում է նաև նշված պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած զինապարտ անձանց հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(15.2-րդ կետը լրաց. 08.07.10 N 840-Ն, 26.07.12 N 950-Ն)

16. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս եկած կամ քաղաքացիությունը կորցրած անձը պարտավոր է անձնագիրը սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին կամ հյուպատոսական հիմնարկներին:

(16-րդ կետը փոփ. 31.07.08. N 823-Ն)

17. Հայաստանի Հանրապետության մահացած քաղաքացու անձնագիրը հանձնվում է մահվան գրանցումը կատարող մարմիններ: Մահվան գրանցումը կատարելուց հետո անձնագիրը սահմանված կարգով ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

Օտարերկրյա պետություններում մահացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը հանձնվում է օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

(17-րդ կետը փոփ. 31.07.08. N 823-Ն)

18. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

Գտնված անձնագրերը ենթակա են հանձնման` Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ:

(18-րդ կետը փոփ. 31.07.08. N 823-Ն)

19. Կասկածյալների, մեղադրյալների, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը կամ կալանքը, ինչպես նաև ազատազրկման դատապարտված անձանց անձնագրերը ժամանակավորապես վերցնում են հետաքննության կամ նախաքննության մարմինները կամ դատարանը, իսկ ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձանց անձնագրերը` զինկոմիսարիատները:

Կասկածյալների և մեղադրյալների անձնագրերը տերերին են վերադարձվում խափանման միջոցի վերացման դեպքում, ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձանց անձնագրերը` պատիժը կրելուց կամ ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո:

(պարբերությունն ուժը կորցրել է 12.01.17 N 4-Ն)

Արգելվում են անձնագիր վերցնելը (բացառությամբ սույն կետում նշված դեպքերի), այլ անձանց հանձնելը և գրավ դնելը:

(19-րդ կետը փոփ. 31.07.08. N 823-Ն, 12.01.17 N 4-Ն)

19.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացի կալանավորված կամ ազատազրկման դատապարտված անձն անձնագիր ստանում կամ այն փոխանակում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի (այսուհետ` քրեակատարողական հիմնարկ) վարչակազմի միջոցով: Սահմանված ձևի դիմումն այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ համապատասխան մարմին ներկայացնում է քրեակատարողական հիմնարկը:

 (19.1-ին կետը լրաց. 16.10.08 N 1159-Ն)

19.2. Օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված քաղաքացիների անձնագրերի տրամադրման կամ փոխանակման համար փաստաթղթերը ներկայացնում և անձնագրերն ստանում են նրանց օրինական ներկայացուցիչները: Առաջին խմբի հաշմանդամներն իրավունք ունեն անձնագիր ստանալ ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վկայականը և (կամ) վկայականի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը (որոնց բնօրինակները պատճենահանվում և վերադարձվում են դիմումատուին), ինչպես նաև ներկայացուցչի լիազորությունները հավաստող` օրենքով սահմանված կարգով վավերացված լիազորագիրը: Լիազորագիր ներկայացնելու անհնարինության դեպքում անձնագիր ստանալու մասին դիմումն ընդունում է անձնագրային ծառայությունը` այցելելով անձի գտնվելու (բնակվելու) վայր:

Հոգեբուժական հիվանդանոցում կամ հոգեբուժական օգնություն տրամադրող այլ հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացիներին անձնագիր տրամադրելու կամ փոխանակելու համար փաստաթղթերը նախապատրաստում, համապատասխան մարմին է ներկայացնում և անձնագիրն ստանում է հոգեբուժական հիվանդանոցի կամ հոգեբուժական օգնություն տրամադրող այլ հաստատության վարչակազմը:

 (19.2-րդ կետը լրաց. 08.07.10 N 840-Ն, 12.01.17 N 4-Ն)

19.3. Հայաստանի Հանրապետության զինապարտ քաղաքացիների անձնագրերի տրամադրումն ու փոխանակումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 (19.3-րդ կետը լրաց. 08.07.10 N 840-Ն)

 

III. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հաշվառելը եվ հաշվառումից հանելը

 (գլուխն ուժը կորցրել է 08.07.10 N 840-Ն)

 

 

(կանոնադրությունը լրաց. 24.08.99 N 544, 16.06.01 N 536, լրաց., փոփ. 08.11.07 N 1332-Ն, 31.07.08. N 823-Ն, լրաց. 26.11.09 N 1362-Ն, լրաց., խմբ. 14.01.10 N 22-Ն, լրաց., խմբ., փոփ. 08.07.10 N 840-Ն, խմբ. 24.03.11 N 296-Ն, փոփ., լրաց. 23.06.11 N 974-Ն, լրաց. 26.07.12 N 950-Ն, 19.12.13 N 1439-Ն, փոփ. 29.09.16  N 987-Ն, խմբ., լրաց., փոփ.12.01.17 N 4-Ն)

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ

 

 

 

 

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը (88 x 125 մմ չափսի, 32 էջից բաղկացած) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող հիմնական փաստաթուղթն է:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի շապիկը կապույտ գույնի է: Շապիկի երեսի վերևի մասում հայերեն, գլխատառերով տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը: Կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Հայաստանի Հանրապետության զինանշանից ներքև հայերեն, գլխատառերով տպագրվում է «ԱՆՁՆԱԳԻՐ» բառը, իսկ դրանից ներքև անգլերեն, համեմատաբար փոքր գլխատառերով տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը և «ԱՆՁՆԱԳԻՐ» բառը:

Շապիկի վրա պատկերված Հայաստանի Հանրապետության զինանշանը և գրառումները բրոնզագույն են:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի շապիկի հակառակ երեսի կենտրոնում գունավոր պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Էջը վերևից և կողքերից երիզվում է կապտավուն զարդանախշով, իսկ ներքևի մասում հայերեն և անգլերեն, գլխատառերով տպագրվում է «ԱՆՁՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ» նախադասությունը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի 1-ին էջը վերևից և կողքերից երիզվում է բաց մանուշակագույն զարդանախշով, որի ներսում պատկերվում են Հայաստանի Հանրապետության զինանշանը (կենտրոնում), դրանից վերև` կամարաձև, իսկ ներքև` ձվաձև զարդանախշերը:

Նույն կերպ ձևավորվում են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի 4-32-րդ էջերը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի 1-ին էջի վերևի մասում հայերեն և անգլերեն, գլխատառերով տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը, իսկ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերից փոքր-ինչ ներքև` հայերեն և անգլերեն, գլխատառերով` «ԱՆՁՆԱԳԻՐ» բառը: Նույն էջի ներքևի մասում, կենտրոնում նշվում են անձնագրի սերիան և համարը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի 2-րդ էջի վերևի մասում հայերեն և անգլերեն, գլխատառերով տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը, որից ներքև, ստորև ներկայացվող հաջորդականությամբ, հատկացվում են տեղեր հայերեն նշելու համար հետևյալ տեղեկությունները`

ազգանունը

անունը

հայրանունը

քաղաքացիությունը

ծնվել է (օրը, ամիսը, տարեթիվը)

տրվել է (օրը, ամիսը, տարեթիվը)

ում կողմից (ծածկագիրը)

սեռը

ծննդավայրը

վավերական է մինչև (օրը, ամիսը, տարեթիվը):

Նույն էջի ներքևի մասում, գծված ուղղանկյան մեջ, հայերեն և անգլերեն տպագրվում է «Անձնագրի տիրոջ ստորագրությունը» բառակապակցությունը: Նույն էջի աջ մասում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը` երիզված շրջանաձև զարդանախշով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի 3-րդ էջի վերևի մասում հայերեն և անգլերեն, գլխատառերով տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը, որից ներքև, ստորև ներկայացվող հաջորդականությամբ, հատկացվում են տեղեր անգլերեն նշելու համար հետևյալ տեղեկությունները`

փաստաթղթի անվանումը

տեսակը

երկրի ծածկագիրը

անձնագրի համարը

ազգանունը

անունը

քաղաքացիությունը

ծնվել է (օրը, ամիսը, տարեթիվը)

անձնական համարը

սեռը

ծննդավայրը

տրվել է (օրը, ամիսը, տարեթիվը)

վավերական է մինչև (օրը, ամիսը, տարեթիվը)

ում կողմից (ծածկագիրը):

Նույն էջի ձախ մասում տեղ է հատկացվում անձնագրի տիրոջ լուսանկարի համար (35 x 45 մմ չափսի), իսկ աջ մասում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը` երիզված շրջանաձև զարդանախշով, որի վրա անգլերեն, գլխատառերով տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը:

(պարբերությունն ուժը կորցրել է 08.11.07 N 1332-Ն)

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի 4-րդ էջի վերևի մասում հայերեն և անգլերեն, գլխատառերով տպագրվում է «ԱՆՁՆԱԳԻՐԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻՆՉԵՎ» բառակապակցությունը, իսկ դրանից ներքև գծվում է 5 տող` վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի 5-րդ և 6-րդ էջերը հատկացվում են Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությամբ նախատեսված նշումների համար:

Նշված էջերի վերևի մասում հայերեն և անգլերեն, գլխատառերով տպագրվում է «ՆՇՈՒՄՆԵՐ» բառը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի 7-32-րդ էջերը նախատեսվում են օտարերկրյա պետությունների համապատասխան իրավասու մարմինների կողմից տվյալ երկիր մուտք գործելու թույլտվության մասին նշումների կատարման համար: Բոլոր նշված էջերի վերևի մասում հայերեն և անգլերեն, գլխատառերով տպագրվում է «ՎԻԶԱ» բառը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի 5-32-րդ էջերի ներքևի մասում դակման միջոցով նշվում են անձնագրի սերիան և համարը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վերջին էջի (շապիկի ներսի կողմում) կենտրոնում հայերեն և անգլերեն, գլխատառերով տպագրվում են «ԱՆՁՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է» և «ԱՆՁՆԱԳԻՐԸ ԿՐՈՂԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» իսկ ներքևի մասում` «ԱՆՁՆԱԳԻՐԸ 32 ԷՋԻՑ Է» նախադասությունները:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերը պատրաստվում են սերիաներով` յուրաքանչյուրը 500.000 (հինգ հարյուր հազար) տպաքանակով: Սերիաները նշագրվում են լատինական գլխատառերով (AA, AB, AC, AE և այլն): «A» տառը դրվում է բոլոր սերիաների սկզբում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերի համարակալումն սկսվում է 0200001 և ավարտվում է 0700000 թվանշաններով բացառությամբ AF սերիայի անձնագրերի, որոնց համարակալումն սկսվում է 0200001 և ավարտվում 0800000 թվանշաններով և AM սերիայի անձնագրերի, որոնց համարակալումն սկսվում է 0200001 և ավարտվում 0950000 թվանշաններով և AN սերիայի անձնագրերի, որոնց համարակալումն սկսվում է 0200001 և ավարտվում 0800000 թվանշաններով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի բոլոր էջերը համարակալվում են արաբական թվերով:

(նկարագիրը փոփ. 08.11.07 N 1332-Ն, լրաց. 20.02.14 N 161-Ն)

 

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998

թվականի դեկտեմբերի 25-ի

N 821 որոշմամբ

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ՏՊՎԱԾ ԱՆՁՆԱԳՐԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ

(ցանկն ուժը կորցրել է 23.06.11 N 974-Ն)