ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Քրեական գործ թիվ ՇԴ2/0004/01/14 |
ՇԴ2/0004/01/14 |
Նախագահող դատավոր՝ Ս. Չիչոյան |
Դատավորներ՝ |
Ե. Դարբինյան |
Գ. Ավետիսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. ԴԱնիելյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ս. Ավետիսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Հ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ | ||
ամբաստանյալ |
Կ. ԺԱԺՈՅԱՆԻ | |
պաշտպան |
Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ |
2015 թվականի փետրվարի 27-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Կարինե Հայկազի Ժաժոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 3111 -րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի օգոստոսի 5-ի որոշման դեմ ամբաստանյալ Կ.Ժաժոյանի պաշտպան Ա.Հայրապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը
1. 2013 թվականի ապրիլի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3111 -րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 23101513 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2013 թվականի մայիսի 2-ի որոշմամբ Կարինե Հայկազի Ժաժոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111 -րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով:
Նախաքննության մարմնի՝ 2013 թվականի օգոստոսի 2-ի, 2014 թվականի մարտի 1-ի որոշումներով Կ.Ժաժոյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111 -րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
2014 թվականի մարտի 17-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մայիսի 30-ի դատավճռով Կ.Ժաժոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111 -րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով:
3. Ամբաստանյալ Կ.Ժաժոյանի պաշտպան Ա.Հայրապետյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մայիսի 30-ի դատավճիռը:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի օգոստոսի 5-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Կ.Ժաժոյանի պաշտպան Ա.Հայրապետյանը:
Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
5. Ամբաստանյալ Կ.Ժաժոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [նա], հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, նպաստառու Սեդա Մամոյանից 2009 թվականի փետրվար ամսից մինչև 2013 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում մեկ միասնական դիտավորությամբ շորթմամբ պահանջել և ստացել է ընդհանուր 125.000 դրամ ապօրինի վարձատրություն, ինչպես նաև նույն եղանակով որպես ապօրինի վարձատրություն պահանջել է նաև 2013 թվականի 2 ամսվա նպաստի գումարը՝ 43.000 դրամ (...)»: (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 223-224):
6. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2013 թվականի ապրիլի 29-ի «Կաշառք տալու կամ կաշառք ստանալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու մասին որոշման համաձայն. «Նկատի ունենալով, որ Կ.Ժաժոյանի նկատմամբ «կաշառք տալու կամ կաշառք ստանալու նմանակում» ՕՀՄ-ների անցկացմամբ հնարավոր է ստանալ վերջինիս հակաօրինական գործողությունները փաստող ստույգ տվյալներ, որոնց օգտագործումը կնպաստի հանցագործության բացահայտմանն ու ապացույցների ձեռք բերմանը, քանզի վերջինիս գործողություններում հնարավոր է առկա լինեն հանցագործության հատկանիշներ, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդ. 2-րդ մասով և, ղեկավարվելով (...) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներով որոշեց (...) Կ.Ժաժոյանի նկատմամբ մեկամսյա ժամկետով իրականացնել «կաշառք տալու կամ կաշառք ստանալու նմանակում» ՕՀՄ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 10):
7. Առաջին ատյանի դատարանն իր՝ 2014 թվականի մայիսի 30-ի դատավճռում արձանագրել է. «Կարինե Ժաժոյանին առաջադրված մեղադրանքը հաստատված է համարվում նաև հետևյալ ապացույցներով՝
Փաստաթղթաբանական և նյութագիտական համալիր փորձաքննության թիվ 13-1469 եզրակացությամբ, (…)
Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված Սեդա Մամոյանի ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության պետին 26.04.2013թ-ին հասցեագրված դիմումով, (…)
30.04.2013թ. ոստիկանության Անիի բաժնում կազմված հաղորդում ընդունելու մասին արձանագրությամբ, (…)
Փողերի մշակման վերաբերյալ արձանագրությամբ, (…)
Դեպքի վայրը զննելու մասին արձանագրությամբ, (…)
Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.04.2013թ. որոշման հիման վրա 30.04.2013թ. կատարված տեսաձայնագրության սկավառակով և դրա բովանդակությանը ծանոթանալու, դրանց վերաբերյալ գրառումներ կատարելու մասին արձանագրությամբ, (…)
Որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված «Հայփոստ» ՓԲԸ-ի Անիի մասնաճյուղ փոստային բաժանմունքից առգրավված քրեական գործով տուժող՝ Սեդա Մամոյանի նպաստի վճարման ցուցակներով, (…)
2013 թվականի ապրիլի 30-ին 22.000 ՀՀ դրամ կաշառքի առարկա հանդիսացող գումարը ներկայացնելու մասին արձանագրությամբ (…)
Քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված որպես ապօրինի վարձատրություն տված 22.000 ՀՀ դրամով, ոստիկանության աշխատակիցներին Սեդա Մամոյանին վերադարձված 22.000 ՀՀ դրամով, Կարինե Ժաժոյանի «Սամսունգ» տեսակի «093-75-61-68» հեռախոսահամարի բջջային հեռախոսով, դեպքի վայրից առգրավված երկու ծրարներով։ (…)
Դատարանը ձեռք բերված ապացույցները գնահատելով վերաբերելիության թույլատրելիության տեսանկյունից, դրանց համակցությամբ, հաստատված է համարում, որ ամբաստանյալ` Կարինե Հայկազի Ժաժոյանը կատարել է ՀՀ քր. օր-ի 3111 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք, որով էլ նա պետք է քրեական պատասխանատվություն կրի» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 161-162):
8. Վերաքննիչ դատարանն իր՝ 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշման շրջանակներում արձանագրել է. «(…) Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարում վերաքննիչ բողոքի փաստարկներն առ այն, որ մեղադրանքի հիմքում դրված ապացույցները` փողերի մշակման վերաբերյալ արձանագրությունը, տեսաձայնագրության սկավառակը, որոնք հիմք են հանդիսացել փաստաթղթաբանական և նյութագիտական համալիր փորձաքննության թիվ 13-1469 եզրակացության, տեսաձայնագրության սկավառակի բովանդակությանը ծանոթանալու, դրանց վերաբերյալ գրառումներ կատարելու մասին արձանագրության համար, (…) պետք է ճանաչվեն անթույլատրելի ապացույցներ, և գտնում է, որ նշված ապացույցները թույլատրելի են, քանի որ համապատասխան քննչական գործողությունների կատարման կարգի էական խախտումներ թույլ չեն տրվել:
Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի փաստարկին առ այն, որ Կարինե Ժաժոյանի նկատմամբ «Կաշառք տալու կամ կաշառք ստանալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջացառումն անցկացնելու իրավունք և հնարավորություն «Օպերատիվ- հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը թույլ չի տալիս, քանի որ նշված օպերատիվ-հետախուզական միջացառումը կարող է իրականացվել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ և 312-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների բացահայտման համար, ապա վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում վերաքննիչ բողոքի պատասխանում այդ կապակցությամբ բերված հիմնավորումները և արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ և 311.1-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերը միմյանցից տարբերվում են հանցագործության սուբյեկտի առումով, իսկ օրենսդրի կողմից օգտագործվող «կաշառք ստանալը» և «ապօրինի վարձատրություն ստանալը» հասկացությունները բխում են տվյալ իրավական ակտի էությունից, իսկ ՀՀ իրավական ակտերի մասին օրենքի ուժով հիշյալ հոդվածների վերնագրերը չեն կարող օգտագործվել հոդվածի մեկնաբանման համար:
Բացի այդ, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2007 թվականի հոկտեմբերի 22-ին, իսկ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, որով նախատեսվել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը, ընդունվել է 2008 թվականի մայիսի 24-ին, այսինքն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի ընդունման ժամանակ քրեական օրենսգրքում վերոհիշյալ հոդվածը նախատեսված չի եղել:
Վերաքննիչ դատարանը նաև արձանագրում է, որ պաշտպանի կողմից վիճարկվող ապացույցները ձեռք են բերվել նաև «արտաքին և ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը պահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-127-րդ հոդվածների դրույթները, դատավճռում շարադրված ապացույցները ենթարկելով բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման, գտնելով, որ ապացույցները ձեռք են բերվել օրենքով սահմանված կարգով և դրանք անթույլատրելի ճանաչելու հիմքեր չկան, հանգել է ճիշտ հետևության, որ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ բավարար են ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը գնահատելու և այն հիմնավորված համարելու համար: (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 231-232):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
9. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատավարական իրավունքի խախտումներ, այն է` Առաջին ատյանի դատարանը, Կ.Ժաժոյանի նկատմամբ կայացնելով մեղադրական դատավճիռ, դրա հիմքում դրել է այնպիսի ապացույցներ, որոնք չէին կարող համարվել թույլատրելի, իսկ Վերաքննիչ դատարանն իր հերթին պատշաճ գնահատման չի ենթարկել նշված հանգամանքները:
Ըստ բողոք բերած անձի` Կ.Ժաժոյանի նկատմամբ չէր կարող իրականացվել «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, քանի որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը այդպիսի միջոցառման իրականացման հնարավորություն ՀՀ քրեական օրենսգրքի 3111 -րդ հոդվածով նախատեսված հանցագործության բացահայտման նպատակով չի ընձեռում: Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ հիշյալ օրենքի 30-րդ հոդվածը՝ որպես խնդրո առարկա օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման պարտադիր պայման, նախատեսել է, որ այդ միջոցառումը կարող է իրականացվել միայն կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործության բացահայտման նպատակով, իսկ «կաշառք ստանալ» կամ «կաշառք տալ» հասկացությունները պետք է համապատասխանեն ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված իմաստներին: Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը եզրահանգել է, որ «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը չէր կարող իրականացվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածով նախատեսված հանցագործության բացահայտման նպատակով, քանի որ նշված հանցակազմում գոյություն չունի «կաշառք» հասկացությունը, իսկ փոխանցվող գումարը հանդիսանում է ոչ թե «կաշառք», այլ «ապօրինի վարձատրություն»:
Սույն պատճառաբանությունների արդյունքում բողոք բերած անձը անընդունելի է համարել Վերաքննիչ դատարանի այն փաստարկը, որ «կաշառք ստանալ» և «ապօրինի վարձատրություն ստանալ» հասկացությունները բխում են տվյալ իրավական ակտի էությունից, իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի ուժով հոդվածների վերնագրերը չեն կարող օգտագործվել հոդվածի մեկնաբանման համար (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
Անդրադառնալով քննարկվող խնդրի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մյուս փաստարկին՝ կապված «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի՝ ավելի վաղ ընդունված լինելու հետ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը)՝ բողոքաբերը կարծիք է ձևավորել առ այն, որ նման պատճառաբանությունը անընդունելի է, քանի որ եթե օրենսդիրը նպատակահարմար գտներ «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» ՕՀՄ-ի օգտագործումը նաև այլ հանցագործությունների բացահայտման համար, ապա համապատասխան փոփոխություններով այն կներառեր օրենսդրական ակտի մեջ:
9.1. Բողոքաբերը նշել է նաև, որ Կ.Ժաժոյանի նկատմամբ իրականացված «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում հավաքվել, պահպանվել և օգտագործվել են տեղեկություններ, որոնք նախատեսված չեն եղել օրենքով, ուստիև հանգեցրել են Կ.Ժաժոյանի՝ ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտմանը: Հետևաբար փողերի մշակման վերաբերյալ արձանագրությունը և տեսաձայնագրության սկավառակը, որոնք էլ հիմք են հանդիսացել այլ տվյալների ձեռքբերման համար, մասնավորապես` փաստաթղթաբանական և նյութագիտական համալիր փորձաքննության թիվ 13-1469 եզրակացության, տեսաձայնագրության սկավառակի բովանդակությանը ծանոթանալու, դրանց վերաբերյալ գրառումներ կատարելու մասին արձանագրության համար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով պետք է ճանաչվեն անթույլատրելի և չեն կարող օգտագործվել որպես ապացույց:
10. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ դեպքի վայրի զննության արձանագրությունը անթույլատրելի ապացույց է, քանի որ այն իրականացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի խախտմամբ: Բացի այդ, դեպքի վայրի զննության անվան տակ իրականացվել է առգրավում, ինչպես նաև քննում, ինչը որևէ գնահատման չի արժանացել դատարանի կողմից: Բողոքաբերը կարծում է նաև, որ առանց պաշտպանի մասնակցության կատարված քննչական գործողությունների ընթացքում ձեռք բերված ապացույցները չեն կարող թույլատրելի համարվել:
Անդրադառնալով արարքի քրեաիրավական որակման հետ կապված հարցերին՝ բողոքաբերը նշել է, որ դրանց առնչությամբ ստորադաս դատարանների հետևությունները իրավաչափ չեն: Ներկայացնելով նաև մի շարք այլ փաստարկներ՝ արդյունքում եզրահանգել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 18-րդ, 365-րդ հոդվածների խախտումներ:
11. Բողոքաբերը փաստել է նաև, որ Կ.Ժաժոյանի նկատմամբ պետք է կիրառվեին ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ կամ 64-րդ հոդվածների պահանջները, քանի որ ստորադաս դատարանները գնահատման չեն արժանացրել կատարված արարքի և ամբաստանյալի անձի հանրային վտանգավորությունն էապես նվազեցնող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են նախկինում դատված, արատավորված չլինելը, դրականորեն բնութագրվելը, թոռներ ունենալը, իր կողմից կատարած արարքի համար զղջալը, հանցանքը կյանքի ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով կատարելը, «թունավոր զոբ» ախտորոշմամբ հիվանդություն և խնամքի ու բուժման կարիք ունենալը, ինչպես նաև 58-ամյա Կ.Ժաժոյանի առողջության վրա պատժի ռեալ կրման հետևանքները:
12. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոքաբերը խնդրել է բեկանել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2014 թվականի մայիսի 30-ի դատավճիռը, ՀՀ վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի օգոստոսի 5-ի որոշումը և Կ.Ժաժոյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ կամ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի հիման վրա Կ.Ժաժոյանի նկատմամբ նշանակել օրենքով նախատեսվածից մեղմ պատիժ կամ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 30-րդ հոդվածի (կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը) իմաստով «կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործություն» հասկացության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը կարող էր արդյոք իրականացվել պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող Կ.Ժաժոյանի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 3111 -րդ հոդված) հանցագործությունը բացահայտելու նպատակով:
15. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում կարող են իրականացվել օպերատիվ-հետախուզական հետևյալ միջոցառումներ`
(...)
16) կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում: (...)»:
Նույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն`
«1. Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը` որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում, կարող է իրականացվել միայն կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործության բացահայտման համար բացառապես կաշառք ստանալու կամ կաշառք տալու առաջարկ ստացած անձի գրավոր հայտարարության հիման վրա:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված «կաշառք ստանալ» և «կաշառք տալ» հասկացությունները սույն օրենքում օգտագործվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված իմաստով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները հավաստվում են բացառապես տեսանկարահանման կամ ձայնագրման միջոցով: Ընդ որում, տեսանկարահանումը կամ ձայնագրումը անձի բնակարանում իրականացվում է բացառապես դատարանի որոշմամբ»:
Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանվում են այն դեպքերը, թե երբ կարող է իրականացվել «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը (այսուհետ՝ նաև ՕՀՄ): Մասնավորապես, Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը վկայում են, որ այն կարող է իրականացվել միայն կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործության բացահայտման նպատակով: Ընդ որում, Օրենքում օգտագործվող «կաշառք ստանալ» և «կաշառք տալ» հասկացությունները պետք է ընկալել բացառապես այն իմաստով, ինչպիսին սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքում:
Վերոշարադրյալից բխում է, որ «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» ՕՀՄ-ն չի կարող իրականացվել այնպիսի ենթադրյալ հանցավոր արարքների բացահայտման նպատակով, որոնք չեն հանդիսանում կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործություն: Այլ կերպ` համապատասխան դեպքերում քննարկման առարկա օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելը չի կարող համարվել իրավաչափ:
Վճռաբեկ դատարանի վերջին դիրքորոշումը բխում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) ձևավորած կայուն նախադեպային պրակտիկայից առ այն, որ գաղտնի բնույթի վերահսկողական միջոցառումներ իրականացնելիս իշխանության չարաշահումը բացառելու համար որպես նվազագույն երաշխիք պետք է ապահովվի, ի թիվս այլնի, օրենքում այն հանցագործությունների բնույթը հստակ սահմանելը, որոնք կարող են հիմք ծառայել միջամտության թույլտվություն ստանալու համար (տե՛ս, օրինակ, Sefilyan v. Armenia, հունվարի 2-ի վճիռ, գանգատ թիվ 22491/08, կետ 125, Association for European Integration and Human Rights and Ekimdzhiev v. Bulgaria, 2007 թվականի հունիսի 28-ի վճիռ, գանգատ թիվ 62540/00, կետ 76, Liberty and Օthers v. the United Kingdom, 2008 թվականի հուլիսի 1-ի վճիռ, գանգատ թիվ 58243/00, կետ 95 և այլն): Հետևաբար հանցագործությունների շրջանակի տարածական մեկնաբանումը կհանգեցնի նաև Կոնվենցիայով երաշխավորված անձի իրավունքների և օրինական շահերի խախտման:
16. ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը, այսինքն` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը` վարձատրություն տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակներում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր ծառայողական դիրքն օգտագործելով` այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար`
պատժվում է [համապատասխան պատժով]»:
Մեջբերված նորմի բովանդակությունից հետևում է, որ այն պատասխանատվություն է նախատեսում պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու համար:
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմում է ապօրինի վարձատրություն ստանալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը չի կարող իրականացվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայությունը բացահայտելու նպատակով: Վերջինս հիմնավորվում է ոչ միայն սույն որոշման 15-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումներով, այլև նրանով, որ հակառակ պարագայում «ապօրինի վարձատրություն ստանալ» և «կաշառք ստանալ» եզրույթները կնույնանան, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է:
Ավելին, այն, որ «ապօրինի վարձատրություն ստանալ» և «կաշառք ստանալ» եզրույթները չեն կարող ընկալվել միևնույն իմաստով, վկայում է նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի ինչպես 36-րդ հոդվածի 4-րդ մասը, ըստ որի՝ «Նորմատիվ իրավական ակտում միևնույն հասկացությունը սահմանելիս կամ միևնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: Իրավական ակտում տարբեր հասկացությունները չեն կարող օգտագործվել միևնույն տերմինով», այնպես էլ 86-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ «Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը»:
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Կ.Ժաժոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, նպաստառու Ս.Մամոյանից 2009 թվականի փետրվար ամսից մինչև 2013 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում մեկ միասնական դիտավորությամբ շորթմամբ պահանջել և ստացել է ընդհանուր 125.000 դրամ ապօրինի վարձատրություն, ինչպես նաև նույն եղանակով որպես ապօրինի վարձատրություն պահանջել է նաև 2013 թվականի 2 ամսվա նպաստի գումարը՝ 43.000 ՀՀ դրամ (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Կ.Ժաժոյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայությունը բացահայտելու ու ապացույցներ ձեռք բերելու համար Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ բավարարվել է «կաշառք տալու կամ կաշառք ստանալու նմանակում» ՕՀՄ անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանը, Կ.Ժաժոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կայացնելով մեղադրական դատավճիռ, որպես Կ.Ժաժոյանի մեղավորությունը հիմնավորող ապացույցներ, ի թիվս այլնի, նշել է փաստաթղթաբանական և նյութագիտական համալիր փորձաքննության թիվ 13-1469 եզրակացությունը, որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված Ս.Մամոյանի ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության պետին 26.04.2013թ-ին հասցեագրված դիմումը, փողերի մշակման վերաբերյալ արձանագրությունը, դեպքի վայրի զննության արձանագրությունը, որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2013 թվականի ապրիլի 29-ի որոշման հիման վրա 2013 թվականի ապրիլի 30-ին կատարված տեսաձայնագրության սկավառակը և դրա բովանդակությանը ծանոթանալու, դրանց վերաբերյալ գրառումներ կատարելու մասին արձանագրությունը, 2013 թվականի ապրիլի 30-ին 22.000 ՀՀ դրամ կաշառքի առարկա հանդիսացող գումարը ներկայացնելու մասին արձանագրությունը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
Վերաքննիչ դատարանն իր հերթին անդրադառնալով վերաքննիչ բողոքի փաստարկին առ այն, որ Կ. Ժաժոյանի նկատմամբ «կաշառք տալու կամ կաշառք ստանալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջացառումն անցկացնելու իրավունք և հնարավորություն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը թույլ չի տալիս, արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ և 311.1-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերը միմյանցից տարբերվում են հանցագործության սուբյեկտի առումով, իսկ օրենսդրի կողմից օգտագործվող «կաշառք ստանալ» և «ապօրինի վարձատրություն ստանալ» հասկացությունները բխում են տվյալ իրավական ակտի էությունից, միաժամանակ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի ուժով հիշյալ հոդվածների վերնագրերը չեն կարող օգտագործվել հոդվածի մեկնաբանման համար:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2007 թվականի հոկտեմբերի 22-ին, իսկ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը, ընդունվել է 2008 թվականի մայիսի 24-ին, այսինքն՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի ընդունման ժամանակ քրեական օրենսգրքում վերոհիշյալ հոդվածը նախատեսված չի եղել:
Վերաքննիչ դատարանը փաստել է նաև, որ վիճարկվող ապացույցները ձեռք են բերվել նաև «արտաքին և ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը, դատավճռում շարադրված ապացույցները ենթարկելով բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման, գտնելով, որ ապացույցները ձեռք են բերվել օրենքով սահմանված կարգով և դրանք անթույլատրելի ճանաչելու հիմքեր չկան, հանգել է ճիշտ հետևության (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից հետևում է, որ «կաշառք տալու կամ կաշառք ստանալու նմանակում» ՕՀՄ իրականացնելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը դատարանի կողմից բավարարվել է Կ.Ժաժոյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի ոչ թե 3111-րդ, այլ 311-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները բացահայտելու համար, մինչդեռ Կ.Ժաժոյանին մեղադրանք է առաջադրվել, և նա դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածով նախատեսված պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու համար:
18. Սույն որոշման 15-16-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական տվյալները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը չէր կարող իրականացվել պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող Կ.Ժաժոյանի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդված) հանցագործությունը բացահայտելու նպատակով:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ օրենսդրի կողմից օգտագործվող «կաշառք ստանալ» և «ապօրինի վարձատրություն ստանալ» հասկացությունները բխում են տվյալ իրավական ակտի էությունից, իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի ուժով հիշյալ հոդվածների վերնագրերը չեն կարող օգտագործվել հոդվածի մեկնաբանման համար, ապա Վճռաբեկ դատարանը դա անհիմն է համարում՝ հաշվի առնելով սույն որոշման 15-16-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի ընդունման պահին ՀՀ քրեական օրենսգրքի՝ ներկայիս 3111-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը նախատեսված չի եղել, այն ՀՀ քրեական օրենսգրքում լրացվել է ավելի ուշ՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում այդ կապակցությամբ բողոքաբերի արտահայտած այն կարծիքին, որ եթե օրենսդիրը նպատակահարմար գտներ «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» ՕՀՄ-ի օգտագործումը նաև այլ, տվյալ դեպքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածով նախատեսված հանցագործության բացահայտման համար, ապա այդ նպատակով կկատարվեին համապատասխան օրենսդրական փոփոխություններ (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):
19. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, ոչ իրավաչափ չհամարելով «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածով նախատեսված հանցագործության բացահայտման նպատակով, թույլ են տվել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի խախտում, ինչն էլ իր հերթին հանգեցրել է ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված օրինականության սկզբունքի, այլև ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա (...)»:
Վերոգրյալ հանգամանքը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա բեկանելու ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկելու Առաջին ատյանի դատարան` նոր քննության:
Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 9.1.-րդ կետում բարձրացրած փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով նաև Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ վիճարկվող ապացույցները ձեռք են բերվել նաև «արտաքին և ներքին դիտում» ՕՀՄ-ների արդյունքում, արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը գործի հանգամանքների բազմակողմանի վերլուծության և գնահատման, ինչպես նաև ապացույցների թույլատրելիության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում ձևավորած իրավական դիրքորոշումների (մանրամասն, տե՛ս, Արմեն Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԵԱՔԴ/0295/01/08 որոշումը, Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13 որոշումը) հիման վրա պետք է համապատասխան եզրահանգումներ կատարի բողոքաբերի վերոնշյալ փաստարկների առնչությամբ:
Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 10-րդ կետում նշված փաստարկներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանց կապակցությամբ նույնպես Առաջին ատյանի դատարանը, գործում առկա ապացույցները գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից, պետք է հանգի համապատասխան եզրահանգման գործի նոր քննության ընթացքում:
Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ ամբաստանյալ Կ.Ժաժոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ կամ 64-րդ հոդվածների պահանջների չկիրառման հետ կապված բողոքաբերի փաստարկներին (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը) հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման մեջ արձանագրված խախտումները վերացնելուց հետո:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Կարինե Հայկազի Ժաժոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մայիսի 30-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի օգոստոսի 5-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Ե. Դանիելյան |
Հ. ԱսատրՅԱՆ | |
Ս. Ավետիսյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |