ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0232/02/13 |
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0232/02/13 2014 թ. |
Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան |
Դատավորներ՝ |
Գ. Մատինյան |
Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի մասնակցությամբ դատավորներ Վ. Ավանեսյանի Վ. ԱԲԵԼՅԱՆԻ Ս. Անտոնյանի Ա. Բարսեղյանի Մ. Դրմեյանի Գ. Հակոբյանի Է. Հայրիյանի Ե. Սողոմոնյանի
2014 թվականի հուլիսի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռիտա Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2013 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ռիտա Մնացականյանի ընդդեմ Շավիղ Մնացականյանի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), Աշտարակի նոտարական տարածքի նոտարի, Լուսինե և Գևորգ Մնացականյանների` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած համարելու պահանջների մասին, և ըստ հայցի Գևորգ Մնացականյանի ընդդեմ Շավիղ Մնացականյանի, երրորդ անձինք Կադաստրի, Աշտարակի նոտարական տարածքի նոտարի, Ռիտա և Լուսինե Մնացականյանների` ըստ կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, հարգելի համարել ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ռիտա Մնացականյանը պահանջել է անվավեր ճանաչել Աշտարակի նոտարական տարածքի նոտարի կողմից 09.09.2006 թվականին վավերացված թիվ 3490 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, դրանից բխող ժառանգական գույքի պետական գրանցումը` Շավիղ Մնացականյանի անվամբ, այդ գույքի նկատմամբ կատարված հետագա գործարքները, ինչպես նաև փաստացի տիրապետման հիմքով իր կողմից ընդունված համարել Օնիկ Մնացականյանի ժառանգությունը:
Դիմելով դատարան՝ Գևորգ Մնացականյանը պահանջել է անվավեր ճանաչել Շավիղ Մնացականյանին 09.09.2006 թվականին տրված թիվ 3490 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և ժառանգական գույքի փոխանցման հետագա բոլոր գործարքներն ու վարչական ակտերը, ինչպես նաև իրեն ճանաչել Օնիկ Մնացականյանի` ըստ կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ` հարգելի համարելով ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելու պատճառները:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Հեբոյան) (այսուհետ՝ Դատարան) 30.09.2013 թվականի վճռով Ռիտա Մնացականյանի հայցը մերժվել է, իսկ Գևորգ Մնացականյանի հայցը` բավարարվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.12.2013 թվականի որոշմամբ Ռիտա Մնացականյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.09.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռիտա Մնացականյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գևորգ Մնացականյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է 04.06.1964 թվականի Հայկական ՍՍՀ քաղաքացիական օրենսգրքի 530-րդ, 531-րդ, 532-րդ, 543-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ, 1207-րդ և 1211-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ, 219-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Գևորգ Մնացականյանը որևէ ձևով չի հիմնավորել շինարարական աշխատանքները 2013 թվականին կատարված լինելու փաստը այն դեպքում, երբ բողոք բերողը պնդել է, որ այդ աշխատանքները կատարվել են 2012 թվականին: Հետևաբար, Գևորգ Մնացականյանի կողմից չի հիմնավորվել ժառանգության ընդունման համար բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու հանգամանքը:
Ավելին, Վերաքննիչ դատարանը, նշելով, որ բողոք բերած անձը չի ապացուցել, որ Գևորգ Մնացականյանը կտակի գոյության մասին իրազեկված է եղել ավելի վաղ, քան դատարան դիմելուց վեց ամիս առաջ, այդ փաստի ապացուցման պարտականության բացասական հետևանքները դրել է Ռիտա Մնացականյանի վրա: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Գևորգ Մնացականյանի կողմից ներկայացված կտակը չի կարող ճանաչվել օրինական, քանի որ այն չի համապատասխանում օրենքի պահանջներին։
Մասնավորապես` Օնիկ Մնացականյանի կենդանության օրոք գործել է 1964 թվականին ընդունված և մինչև 01.01.1999 թվականը գործող Հայկական ՍՍՀ քաղաքացիական օրենսգիրքը։ Նշված օրենսգրքի 543-րդ հոդվածի համաձայն՝ կտակը պետք է կազմվի գրավոր՝ կազմելու վայրի ու պահի նշմամբ, ստորագրվի կտակարարի ձեռքով և վավերացվի նոտարական կարգով։ Այն բնակավայրում, որտեղ նոտարական գրասենյակ չկա, կտակը կարող է վավերացվել կտակարարի մշտական բնակավայրի պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործադիր կոմիտեն։
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական նոտարիատի մասին» ՀԽՍՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` նոտարական գործողություններ կատարելու համար Հայկական ՍՍՀ-ում կազմակերպվում են պետական նոտարական գրասենյակները։ Այն բնակավայրերում, որտեղ պետական նոտարական գրասենյակներ չկան, «Պետական նոտարիատի մասին» ՀԽՍՀ օրենքով և նույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված նոտարական գործողությունները կատարում են պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները։ Պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներում նոտարական գործողությունները կատարում են՝ գործադիր կոմիտեի նախագահը, նախագահի տեղակալը կամ քարտուղարը, որոնց վրա պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ դրված է նոտարական գործողությունների կատարումը։
Վերոնշյալ օրենքի պահանջներին համապատասխան գործկոմի քարտուղարը կարող էր դիտվել որպես նոտար, եթե այդ շրջանում նոտարական գրասենյակ չլիներ, սակայն Նաիրիի նախկին շրջանում 1985 թվականից գոյություն է ունեցել նոտարական գրասենյակ, իսկ կտակում նշված է, որ այն կազմված է երեք օրինակից, որոնցից աոաջինը պահվում է Արագյուղի գյուղխորհրդի գործկոմում, երկրորդը տրվում է Նաիրիի շրջանի նոտարական գրասենյակին, իսկ երրորդը՝ կտակարար Օնիկ Սարիբեկի Մնացականյանին։
Հետևաբար, նշված պաշտոնատար անձինք պարտավոր էին իրենց հաստատած կտակներից մեկական օրինակ անհապաղ ի պահ հանձնել կտակարարի մշտական բնակության վայրի պետական նոտարական գրասենյակին, որը տվյալ պարագայում չի կատարվել, ուստի 08.08.1994 թվականին գրված փաստաթուղթը չի կարող համարվել կտակ:
Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել այն հանգամանքը, որ Օնիկ Մնացականյանի մահից հետո վեց ամսվա ընթացքում կատարվել են կոմունալ և այլ վճարներ, որպիսի հանգամանքը վկայում է Ռիտա Մնացականյանի կողմից փաստացի տիրապետման հիմքով վիճելի գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունելու մասին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.12.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա մերժման, քանի որ Ռիտա Մնացականյանը չի ապացուցել, որ Գևորգ Մնացականյանը կտակի գոյության մասին իրազեկված է եղել ավելի վաղ, քան դատարան դիմելուց վեց ամիս առաջ, ուստի հիշյալ փաստարկի ապացուցման պարտականության կատարման բացասական հետևանքները կրում է ոչ թե Գևորգ Մնացականյանը, այլ` Ռիտա Մնացականյանը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Եղվարդ համայնքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն տարածքային բաժնի կողմից 14.11.2006 թվականին տրված ԱԱ թիվ 077438 մահվան վկայականի կրկնօրինակի համաձայն` Օնիկ Սարիբեկի Մնացականյանը մահացել է 13.04.1997 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 20):
2. Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 28.10.2003 թվականի թիվ 496286 և թիվ 496287 վկայականների համաձայն` Օնիկ Մնացականյանը ՀՀ Կոտայքի մարզի Արագյուղ հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի, վարելահողի սեփականատերն էր (հատոր 1-ին, գ.թ. 92-97):
3. Աշտարակի նոտարական տարածքի նոտարի կողմից 09.09.2006 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Շավիղ Մնացականյանը Օնիկ Մնացականյանի ժառանգն է (հատոր 1-ին, գ.թ. 88):
4. Սեփականության իրավունքի գրանցման 22.07.2010 թվականի թիվ 2701485 և 2701486 վկայականների համաձայն ` Շավիղ Մնացականյանը ՀՀ Կոտայքի մարզ, գ. Արագյուղ, 8-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 8ա հասցեում գտնվող հողամասի և ՀՀ Կոտայքի մարզ, գ. Արագյուղ, 8-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 8 հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի սեփականատերն է (հատոր 2-րդ, գ.թ. 36-39, կադաստրային գործ, գ.թ. 12-16):
5. 10.08.2010 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Շավիղ Մնացականյանը ՀՀ Կոտայքի մարզ, գ. Արագյուղ, 8-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 8ա հասցեում գտնվող հողամասի մի մասը` 1500,0քմ մակերեսը, վաճառել է Լուսինե Մնացականյանին (հատոր 2-րդ, գ.թ. 32-34):
6. Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 12.08.2010 թվականի թիվ 2701771 վկայականի համաձայն ` Լուսինե Մնացականյանը ՀՀ Կոտայքի մարզ, գ. Արագյուղ, 8-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 8ա հասցեում գտնվող հողամասի սեփականատերն է (հատոր 2-րդ, գ.թ. 24-28):
7. 17.08.2012 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի համաձայն` Շավիղ Մնացականյանը ՀՀ Կոտայքի մարզ, գ. Արագյուղ, 8-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 8 հասցեում գտնվող գույքը նվիրել է որդուն` Գևորգ Մնացականյանին: Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման 23.08.2012 թվականի վկայականի համաձայն` Գևորգ Մնացականյանը ՀՀ Կոտայքի մարզ, գ. Արագյուղ, 8-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 8 հասցեում գտնվող գույքի սեփականատերն է (կադաստրային գործ, գ.թ. 5-8):
8. Արագյուղի գյուղական խորհրդի գործկոմի քարտուղարի կոմիտեի կողմից 08.08.1994 թվականին հաստատված կտակի համաձայն` Օնիկ Մնացականյանն իր ամբողջ գույքը կտակել է թոռանը` Գևորգ Մնացականյանին (հատոր 2-րդ, գ.թ. 48):
9. ՀՀ Կոտայքի մարզի Արագյուղ համայնքի ղեկավար Ա. Իսպիրյանի 23.05.2013 թվականի տեղեկանքի համաձայն` Օնիկ Մնացականյանի մահից հետո ՀՀ Կոտայքի մարզ, գ. Արագյուղ, 8-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքը տիրապետել է Շավիղ Մնացականյանը, վճարել է հարկերը և այլ վճարումները, իսկ 2003 թվականից սկսած` այդ տանը բնակվել է Ռիտա Մնացականյանը (հատոր 3-րդ, գ.թ. 51)։
10. ՀՀ Կոտայքի մարզի Արագյուղ համայնքի ղեկավար Ա. Իսպիրյանի 01.08.2013 թվականի տեղեկանքի համաձայն` Օնիկ Մնացականյանի մահից հետո` 1997 թվականի մայիս ամսից, ՀՀ Կոտայքի մարզ, գ. Արագյուղ, 8-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 8 հասցեում գտնվող տանը մշտապես բնակվում է Ռիտա Մնացականյանն իր որդու հետ (հատոր 3-րդ, գ.թ. 41)։
11. Արագյուղ համայնքի ղեկավար Ա. Իսպիրյանը 30.08.2013 թվականին ներկայացված գրությամբ հայտնել է, որ ինքը ՀՀ Կոտայքի մարզի Արագյուղի նորանշանակ գյուղապետն է: Դա է պատճառը, որ ստույգ տեղեկություններ չունի Շավիղ Մնացականյանի կամ Ռիտա Մնացականյանի կողմից վիճելի անշարժ գույքը տիապետելու կամ կառավարելու մասին: Խնդրել է դատարան ներկայացված` իր կողմից տրված բոլոր տեղեկանքները հիմք չընդունել (հատոր 3-րդ, գ.թ. 50):
12. Գործի քննության ժամանակ որպես վկա հարցաքննված Հայկ Մնացականյանը հայտնել է, որ Շավիղ և Ռիտա Մնացականյաններն իր հորեղբոր երեխաներն են, Օնիկ Մնացականյանի մահից հետո հայրական տանը բնակվում է Շավիղ Մնացականյանը, և նա է կատարել Օնիկ Մնացականյանի հուղարկավորման ծախսերը, Օնիկ Մնացականյանի մահից հետո Շավիղ Մնացականյանը Ռիտա Մնացականյանին տարել է հայրական տուն, և միասին բնակվել են այնտեղ (դատական նիստի արձանագրություն, հատոր 4-րդ, գ.թ. 20 ա):
13. Գործի քննության ժամանակ որպես վկա հարցաքննված Լաուրա Գաբրիելյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ռիտա Մնացականյանի հարևանն է: Օնիկ Մնացականյանի մահվան 40-րդ օրը չլրացած` Ռիտա Մնացականյանն է բնակվել Օնիկ Մնացականյանի տանը, մշակել հողամասը և վաճառել բերքը, Շավիղ Մնացականյանն այդ տանը չի բնակվել, նրան տեսել է միայն թաղման ժամանակ և աղջկա տունը կառուցելուց (դատական նիստի արձանագրություն, հատոր 4-րդ, գ.թ. 20 ա):
14. Գործի քննության ժամանակ որպես վկա հարցաքննված Կարմեն Գալստյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ռիտա Մնացականյանի հարևանն է, Լուսինե և Շավիղ Մնացականյաններին չի ճանաչում, Ռիտա Մնացականյանն ապրում է հայրական տանը 1997 թվականից, նա է խնամել և մշակել հողամասը, Շավիղ Մնացականյանին չի տեսել այդ տանը, թաղման ծախսերը կատարել է Շավիղ և Ռիտա Մնացականյանների քույրը` Ռուզաննա Մանուկյանը (դատական նիստի արձանագրություն, հատոր 4-րդ, գ.թ. 20 ա):
15. Գործի քննության ժամանակ որպես վկա հարցաքննված Հրաչիկ Մնացականյանը ցուցմունք է տվել այն մասին, որ կողմերն իր հորեղբոր երեխաներն են, Ռիտա Մնացականյանին Շավիղ Մնացականյանն է թույլատրել ապրել հայրական տանը, Շավիղ Մնացականյանն է կատարել թաղման ծախսերը, վերջինիս կողմից են կատարվել գույքահարկի և հողի հարկի վճարումները, սակայն որևէ կոնկրետ ժամանակահատված չի նշել (դատական նիստի արձանագրություն, հատոր 4-րդ, գ.թ. 20 ա):
16. Գործի քննության ժամանակ որպես վկա հարցաքննված Նուշիկ Միրզոյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ռիտա Մնացականյանի հարևանն է, հոր մահից հետո 40 օրվա ընթացքում Ռիտա Մնացականյանն է տեղափոխվել և բնակվել հայրական տանը, մշակել է հողը, վաճառել է բերքը, Շավիղ Մնացականյանն այդտեղ չի ապրել, միայն դարպասն է փոխել, նրան մի քանի անգամ է տեսել (դատական նիստի արձանագրություն, հատոր 4-րդ, գ.թ. 20 ա):
17. Գործի քննության ժամանակ որպես վկա հարցաքննված Սամվել Բաբայանը ցուցմունք է տվել այն մասին, որ կողմերը համագյուղացիներ են, ինքն Արագյուղի նախկին գյուղապետն է, Օնիկ Մնացականյանը մահացել է 1997 թվականին, նա երկրորդ կին ուներ, ով նրա մահից 6 ամիս անց գնացել է այդ տնից: Շավիղ Մնացականյանն է վճարել տան վարձերը, ինքը տեղեկանք է տվել Շավիղ Մնացականյանին գույքի տիրապետման մասին: Ռիտա Մնացականյանը հոր մահից մի քանի տարի անց է սկսել բնակվել հայրական տանը (դատական նիստի արձանագրություն, հատոր 4-րդ, գ.թ. 20 ա):
18. Գործի քննության ժամանակ որպես վկա հարցաքննված Հրանուշ Խաչատրյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ռիտա Մնացականյանի հարևանն է, հոր մահից հետո Ռիտա Մնացականյանն է բնակվել հայրական տանը, նա է մշակել հողը, վճարել հարկերը, այլ մարդու չի տեսել (դատական նիստի արձանագրություն, հատոր 4-րդ, գ.թ. 20 ա):
19. Գործի քննության ժամանակ որպես վկա հարցաքննված Վահրամ Ավետիսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ճանաչում է կողմերին, Շավիղ Մնացականյանը կամ նրա ընտանիքի անդամներն են բնակվել հայրական տանը, նա 2003 կամ 2004 թվականին Ռիտա Մնացականյանին բերել է հայրական տուն, Օնիկ Մնացականյանի մահվան մեկ տարին չլրացած` նրա երկրորդ կինը գնացել է այդ տնից, Շավիղ Մնացականյանն է կատարել թաղման հետ կապված բոլոր ծախսերը, Ռիտա Մնացականյանը այդտեղ է բնակվել 2003 թվականից (դատական նիստի արձանագրություն, հատոր 4-րդ, գ.թ. 20 ա):
20. Գործի քննության ժամանակ որպես վկա հարցաքննված Զորակ Գրիգորյանը, ցուցմունք է տվել այն մասին, որ կողմերը համագյուղացիներ են, Օնիկ Մնացականյանի մահից հետո Շավիղ Մնացականյանն է բնակվում տանը, նա է տնօրինում գույքը (դատական նիստի արձանագրություն, հատոր 4-րդ, գ.թ. 20 ա):
21. Գործի քննության ժամանակ որպես վկա հարցաքննված Նորիկ Բաբայանը, ցուցմունք է տվել այն մասին, որ ճանաչում է կողմերին, Շավիղ Մնացականյանն է կատարել հուղարկավորության բոլոր ծախսերը, սակայն չի հիշում, թե ով է ապրել այդ տանը (դատական նիստի արձանագրություն, հատոր 4-րդ, գ.թ. 20 ա):
22. Գործի քննության ժամանակ որպես վկա հարցաքննված Արտաշես Ավետիսյանը, ցուցմունք է տվել այն մասին, որ ճանաչում է կողմերին, Շավիղ Մնացականյանն է տիրապետել և տնօրինել գույքը, նա է կատարել թաղման ծախսերը (դատական նիստի արձանագրություն, հատոր 4-րդ, գ.թ. 20 ա):
23. Գործի քննության ժամանակ որպես վկա հարցաքննված Ռուզաննա Մանուկյանը ցուցմունք է տվել այն մասին, որ կողմերի քույրն է, իրենց հոր մահից հետո Ռիտա Մնացականյանն է ապրել հայրական տանը, տան բանալիները եղել են նրա մոտ: Շավիղ Մնացականյանը չի ապրել այդ տանը: Տան գույքահարկը վճարել է Շավիղ Մնացականյանը, իսկ մնացած վարձերը` Ռիտա Մնացականյանը (դատական նիստի արձանագրություն, հատոր 4-րդ, գ.թ. 20 ա):
24. Գործի քննության ժամանակ որպես վկա հարցաքննված Ալվարդ Հակոբյանը ցուցմունք է տվել այն մասին, որ կողմերի քույրն է, Օնիկ Մնացականյանը մահացել է 1997 թվականին: Ռիտա Մնացականյանն է հոր մահից հետո տիրապետել տունը, Շավիղ Մնացականյանն այդ տանը չի բնակվել (դատական նիստի արձանագրություն, հատոր 4-րդ, գ.թ. 20 ա):
25. 1997 թվականի հարկային վճարումների ընդունման անդորրագրի համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի Արագյուղի հարկային տեսչություն Ռիտա Մնացականյանի կողմից վճարվել է հողի հարկ` երեք հազար ութ հարյուր տասնինը ՀՀ դրամի չափով (հատոր 3-րդ, գ.թ. 54):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. ժառանգի կողմից ըստ կտակի ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և ըստ կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջ ներկայացնելու դեպքում արդյո՞ք ժառանգության ընդունման օրենքով սահմանված ժամկետը հայցվորի կողմից հարգելի պատճառներով բաց թողնելու փաստի ապացուցման պարտականությունը կարող է դրվել պատասխանողի կամ երրորդ անձի վրա:
«ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` օրենսգրքի տասնմեկերորդ բաժնի նորմերը կիրառվում են նաև այն ժառանգությունների նկատմամբ, որոնք բացվել են մինչև օրենսգիրքը գործողության մեջ դնելը, սակայն չեն ընդունվել ժառանգներից ոչ մեկի կողմից և ժառանգման իրավունքով պետության կամ համայնքի սեփականությունը չեն դարձել մինչև 1999 թվականի հունվարի 01-ը:
1998 թվականի մայիսի 05-ի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի տասնմեկերորդ բաժինը վերաբերում է ժառանգման իրավունքին և կարգավորում է ժառանգման հետ կապված հարաբերությունները, ներառյալ` ժառանգության ընդունումը:
Որպեսզի կիրառելի լինեն 1998 թվականի մայիսի 05-ի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի տասնմեկերորդ բաժնի նորմերը սույն գործով վիճելի իրավահարաբերության նկատմամբ, «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքը նախատեսում է մի քանի պայման`
1. ժառանգությունը պետք է բացված լինի մինչև 1998 թվականի մայիսի 05-ի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գործողության մեջ դնելը: «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ է դրվել 1999 թվականի հունվարի 01-ից:
2. ժառանգությունը չպետք է ընդունված լինի որևէ մեկի կողմից: Այսինքն` պետք է բացակայի ժառանգական զանգվածում ներառված գույքի` իրավահաջորդության կարգով անցումն այլ անձանց` ժառանգներին:
3. ժառանգությունը որևէ մեկի կողմից ընդունված չլինելու դեպքում այն չպետք է դարձած լինի պետության կամ համայնքի սեփականությունը:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ երկրորդ և երրորդ պայմանները չպետք է տարանջատել, քանի որ դրանք գործում են միաժամանակ` հաշվի առնելով այն, որ ժառանգությունը չընդունվելու դեպքում այն դառնում է պետության կամ համայնքի սեփականությունը: Ընդ որում, այդ պայմանները պետք է առկա լինեն մինչև 1999 թվականի հունվարի մեկը:
Նշված իրավակարգավորումից հետևում է, որ նախկին` 1964 թվականի հունիսի 04-ի ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը ժառանգման հարաբերությունների նկատմամբ կարող է կիրառվել, եթե ժառանգությունը բացվել է մինչև 1999 թվականի հունվարի 01-ը և բացակայում են վերը թվարկված վերջին երկու պայմանները (տե′ս Օֆելյա Խաչատրյանն ընդդեմ ՀՀ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի և մյուսների թիվ ԵԱՔԴ/0554/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշումը):
Սույն գործով Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ ժառանգությունը բացվել է մինչև 1998 թվականի մայիսի 05-ի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գործողության մեջ դնելը, վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառվող օրենսդրության հարցը որոշելու համար անհրաժեշտ է համարում ստուգել վերոգրյալ պայմանների` սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելիությունը:
Նշված հարցի քննարկման տեսանկյունից կարևորվում են հետևյալ փաստերը. Օնիկ Սարիբեկի Մնացականյանը մահացել է 13.04.1997 թվականին: 09.09.2006 թվականին ՀՀ Կոտայքի մարզ, գ. Արագյուղ թիվ 8 հասցեում գտնվող բնակելի տան, տնամերձ հողամասի, օժանդակ շինությունների և վարելահողի նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր է տրվել նրա որդուն` Շավիղ Օնիկի Մնացականյանին: Մինչդեռ Ռիտա Մնացականյանի պնդմամբ հոր` Օնիկ Մնացականյանի մահից հետո, ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում փաստացի տիրապետման եղանակով ինքն է ընդունել հոր ժառանգությունը: Մասնավորապես` հոր մահից անմիջապես հետո բնակություն է հաստատել նրա ժառանգական զանգվածի մեջ մտնող բնակելի տանը, մշակել է տնամերձ հողամասը, կատարել է հողի հարկի, գույքահարկի, կոմունալ և այլ վճարումները:
Վերոնշյալ փաստերից հետևում է, որ Ռիտա Մնացականյանի կողմից ժառանգության հավանական ընդունումը տեղի է ունեցել ժառանգատուի` Օնիկ Մնացականյանի մահից հետո` մինչև 1998 թվականի մայիսի 05-ի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գործողության մեջ դրվելը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշվածը բավարար է հանգելու հետևության, որ Ռիտա Մնացականյանի կողմից ժառանգությունը փաստացի տիրապետմամբ ընդունելու հարցը լուծելիս կիրառելի է 1964 թվականի հունիսի 04-ի ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, քանի որ բացակայում են «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածում ամրագրված պայմանները:
1964 թվականի հունիսի 04-ի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է ընդունի այն: Չի թույլատրվում ժառանգության ընդունումը պայմանով կամ վերապահումներով:
Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա փաստորեն սկսում է տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, կամ երբ նա ժառանգության բացման վայրի նոտարական մարմնին հայտարարել է ժառանգությունն ընդունելու մասին:
Այս հոդվածում նշված գործողությունները պետք է կատարվեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժառանգության ընդունման ընդհանուր ժամկետների վերաբերյալ նախկին և գործող օրենսդրական կարգավորումները նույնն են` ժառանգությունն ընդունվում է ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
Վճռաբեկ դատարանը Հարություն Հաբեշյանն ընդդեմ Ռաիսա Հաբեշյանի և մյուսների գործով անդրադարձել է 1964 թվականի հունիսի 04-ի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածով նախատեսված ժառանգության ընդունման ժամկետի հաշվարկի և այդ ժամկետը բաց թողնելու իրավական հետևանքների հարցին: Մասնավորապես` նախկինում գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանոնակարգմամբ ժառանգության բացման ժամանակ էր համարվում ժառանգատուի մահվան օրը, իսկ ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված էր համարվում այն դեպքում, երբ նա փաստորեն սկսում էր տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, որպիսի գործողությունները պետք է կատարվեին ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Այսինքն` վեցամսյա ժամկետը բաց թողնելու հետևանքով անձը կորցնում էր ժառանգությունն ընդունելու հնարավորությունը և չէր կարող համարվել այն ընդունած (տե′ս Հարություն Հաբեշյանն ընդդեմ Ռաիսա Հաբեշյանի և մյուսների թիվ ԵՄԴ/0235/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
Կիրառելով վերոնշյալ մեկնաբանությունները սույն գործի փաստերի նկատմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 1964 թվականի հունիսի 04-ի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածի կիրառմամբ Ռիտա Մնացականյանին Օնիկ Մնացականյանի ժառանգությունն ընդունած ժառանգ դիտելու համար անհրաժեշտ է հիմնավորել, որ Օնիկ Մնացականյանի մահից հետո վեց ամսվա ընթացքում Ռիտա Մնացականյանը փաստացի տիրապետել է վերջինիս ժառանգության զանգվածի մեջ մտնող բնակելի տունը, կատարել է կոմունալ և այլ վճարումներ:
Սույն գործով Դատարանը Ռիտա Մնացականյանի հայցը մերժելիս, իսկ Գևորգ Մնացականյանի հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ Ռիտա Մնացականյանի և Շավիղ Մնացականյանի կողմից դատարան կանչված վկաները գործի քննության ժամանակ տվել են հակասական ցուցմունքներ և այդ ցուցմունքներով չի հաստատվել Ռիտա Մնացականյանի` Օնիկ Մնացականյանի մահից հետո վեցամսյա ժամկետում վիճելի տանը բնակվելու հանգամանքը: Բացի այդ, Դատարանը նշել է, որ Ռիտա Մնացականյանի կողմից դատարան ներկայացրած գույքահարկի վճարման անդորրագրերում որպես վճարող նշված է միայն հանգուցյալ Օնիկ Մնացականյանի անունը, իսկ դրանք Ռիտա կամ Շավիղ Մնացականյանների կողմից վճարված լինելու հանգամանքը հիմնավորող ապացույց դատարանին կողմերը չեն ներկայացրել: Միաժամանակ, Դատարանը հաստատված է համարել Գևորգ Մնացականյանի կողմից Օնիկ Մնացականյանի կտակի մասին դատարան դիմելուց առաջ վեցամսյա ժամկետում իմանալու հանգամանքը:
Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, արձանագրել է, որ Ռիտա Մնացականյանի կողմից չի ներկայացվել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց փաստացի տիրապետման հիմքով ժառանգություն ընդունելու վերաբերյալ: Միաժամանակ, անդրադառնալով վերաքննիչ բողոք բերած անձի այն փաստարկին, որ Գևորգ Մնացականյանը չի հիմնավորել ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառի հարգելի լինելու հանգամանքը, Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ այդ հանգամանքը պետք է ապացուցվեր Ռիտա Մնացականյանի կողմից, ուստի դրա բացասական հետևանքները կրում է Ռիտա Մնացականյանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս։
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։
Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը։
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը)։
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ Ռիտա Մնացականյանի կողմից չի ներկայացվել որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց փաստացի տիրապետման հիմքով ժառանգություն ընդունելու վերաբերյալ, չի անդրադարձել 1997 թվականի հարկային վճարումների ընդունման անդորրագրին, համաձայն որի` ՀՀ Կոտայքի մարզի Արագյուղի հարկային տեսչություն Ռիտա Մնացականյանի կողմից վճարվել է հողի հարկ` երեք հազար ութ հարյուր տասնինը դրամի չափով, և չի նշել, թե ինչու է այդ ապացույցը մերժվում: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված ապացույցը վերաբերելի ապացույց է, քանի որ տեղեկություն է բովանդակում սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքի մասին, հետևաբար ենթակա էր գնահատման ստորադաս դատարանների կողմից:
Միաժամանակ անդրադառնալով ստորադաս դատարանների այն պատճառաբանությանը, որ սույն գործով վկաների կողմից տրված ցուցմունքներում առկա են հակասություններ, ուստի չի հիմնավորվում Ռիտա Մնացականյանի կողմից փաստացի տիրապետման եղանակով ժառանգության ընդունման փաստը` Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում նշել, որ վկաների ցուցմունքները գնահատելիս դատարանները պետք է հաշվի առնեն նրանցից յուրաքանչյուրի փոխհարաբերությունները գործին մասնակցող անձանց հետ, ինչպես նաև գործի լուծման համար նշանակություն ունեցող տեղեկության ընկալման, պահպանման և փոխանցման ունակությունը: Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ բոլոր այն դեպքերում, երբ վկաների ցուցմունքներում առկա են հակասություններ, այդ ցուցմունքներից յուրաքանչյուրի արժանահավատությունը հարկ է գնահատել գործում առկա այլ ապացույցների համակցության մեջ:
Մինչդեռ սույն գործով ստորադաս դատարանները վկաների ցուցմունքները գնահատել են` անտեսելով գործում առկա այլ ապացույցները, այդ թվում նաև` վերը նշված 1997 թվականի հարկային վճարումների ընդունման անդորրագիրը:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Ռիտա Մնացականյանը չի ապացուցել, որ Գևորգ Մնացականյանը կտակի գոյության մասին իրազեկված է եղել ավելի վաղ, քան դատարան դիմելուց վեց ամիս առաջ, ուստի դրա բացասական հետևանքները պետք է կրի Ռիտա Մնացականյանը, ապա Վճռաբեկ դատարանը նման եզրահանգումը գտնում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործով Գևորգ Մնացականյանը, ներկայացնելով ըստ կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջ, միաժամանակ խնդրել է դատարանին հարգելի համարել ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելու պատճառները և ի հիմնավորումն այդ հանգամանքի` նշել է, որ կտակը գտել է թղթապանակի մեջ 2013 թվականին` տան վերանորոգման ընթացքում:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու հիմքն ի հայտ է եկել գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կիրառության ժամանակահատվածում, գտնում է, որ այդ մասով վիճելի իրավահարաբերության նկատմամբ ենթակա են կիրառման գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան իրավանորմերը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատարանը, ժառանգին ճանաչելով ժառանգությունն ընդունած, լուծում է դրանից բխող ժառանգական գույքի նկատմամբ մյուս ժառանգների իրավունքներին վերաբերող հարցերը, ինչպես նաև անվավեր է ճանաչում նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը: Այս դեպքում չի պահանջվում տալ ժառանգության իրավունքի նոր վկայագիր:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ժառանգության ընդունման օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճամաչելու հարցը դատարանը լուծում է այն ժառանգի դիմումի հիման վրա, որը բաց է թողել ժառանգությունն ընդունելու օրենքով սահմանված ժամկետը, և միայն այն դեպքում, եթե այդ ժառանգի կողմից դիմումը ներկայացվել է բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը։
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է կողմերի միջև ապացուցման դատավարական բեռի բաշխման հարցին: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը՝ ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից։ Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ինչպես Գևորգ Մնացականյանի կողմից ներկայացված փաստարկին` ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելու պատճառների վերաբերյալ, այնպես էլ Ռիտա Մնացականյանի այն փաստարկին, որ տունը վերանորոգվել է ոչ թե 2013 թվականի գարնանը, այլ` 2012 թվականի աշնանը, որի հետևանքով բաց է թողնվել դատարան դիմելու օրենքով սահմանված վեց ամսյա ժամկետը, գտել է, որ Ռիտա Մնացականյանը պետք է ապացուցեր, որ Գևորգ Մնացականյանը կտակի մասին իմացել է ավելի վաղ, քան դատարան դիմելուց վեց ամիս առաջ, ուստի և այդ փաստի ապացուցման բացասական հետևանքները պետք է կրի Ռիտա Մնացականյանը:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ փաստի ապացուցման պարտականությունը կրում է ըստ կտակի ժառանգ Գևորգ Մնացականյանը, այսինքն` այն կողմը, որի վրա օրենքով սահմանված կարգով, այն է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով, դրված է ժառանգության ընդունման օրենքով սահմանված ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու և այդ պահից վեց ամսվա ընթացքում դատարան դիմելու հանգամանքները հիմնավորելու պարտականությունը:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով լրիվ և բազմակողմանի քննություն չի իրականացվել, այն է` ամբողջությամբ չի պարզվել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, ճիշտ չի բաշխվել ապացուցման պարտականությունը, չեն հետազոտվել և գնահատվել գործում առկա բոլոր ապացույցները, որպիսի պարագայում գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում՝ վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.02.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Վ. Ավանեսյան |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Է. Հայրիյան | |
Ե. Սողոմոնյան |