Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.08.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.02.18/9(812).1 Հոդ.145.28
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.08.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
27.08.2010
Дата вступления в силу
27.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի

ԵԿԴ/0151/01/09 որոշում

ԵԿԴ/0151/01/09

 

Նախագահող դատավոր՝ Ա. Հովհաննիսյան

Դատավորներ՝ Ս. Չիչոյան

                  Ե. Դարբինյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

 

Ե. Դանիելյանի

 

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ`  պաշտպան

Ն. Բաղդասարյանի

 2010 թվականի օգոստոսի 27-ին

 ք. Երևանում

 

 դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2010թ. ապրիլի 30-ի որոշման դեմ Հրայր Գեղամի Հարությունյանի պաշտպան Ն.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. Քրեական գործը հարուցվել է 2009թ. հունվարի 16-ին:

2009թ. հունիսի 25-ին Հրայր Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

2009 թվականի հուլիսի 17-ին Հ.Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2010թ. փետրվարի 1-ի դատավճռով Հ.Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և դատապարտվել ազատազրկման 5 (հինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Նշանակված պատժին հաշվակցվել է Հ.Հարությունյանի` նախնական կալանքի տակ գտնված 3 (երեք) օր ժամկետը և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 4 (չորս) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Կիրառվել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը և Հ.Հարությունյանն ազատվել է նշանակված պատիժը կրելուց:

Առաջին ատյանի դատարանի դատավճռում որպես Հ.Հարությունյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտվել այն, որ վերջինս 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով կամովին փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից մնացյալ՝ 134.505.800 (հարյուր երեսունչորս միլիոն հինգ հարյուր հինգ հազար ութ հարյուր) ՀՀ դրամի չափով ներկայացրած քաղաքացիական հայցը բավարարվել է ամբողջությամբ. վճռվել է հօգուտ պետական բյուջեի այն բռնագանձել «Հրայր Հարությունյան» առևտրի կենտրոն ՍՊԸ տնօրեն Հրայր Հարությունյանից:

3. Վերոհիշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել մեղադրող Ա.Բոշնաղյանը և ամբաստանյալ Հ.Հարությունյանի պաշտպան Ն.Բաղդասարյանը:

Վերաքննիչ դատարանը 2010թ. ապրիլի 30-ին կայացրած իր որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժել է, իսկ դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ամբաստանյալ Հ.Հարությունյանի պաշտպան Ն.Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2010թ. հուլիսի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները

 

5. Հրայր Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով «Հրայր Հարությունյան» առևտրի կենտրոն ՍՊԸ տնօրեն, 2006թ. հունիսից 2008թ. նոյեմբեր ամիսների ընթացքում իրականացրել է առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեություն, այն է՝ Երևան քաղաքի Աբովյան 35/1 հասցեում գտնվող 1283.6քմ տարածքները տրամադրել է առևտրական գործունեություն իրականացնելու համար, ինչի պայմաններում պարտավոր էր իր հարկային պարտավորությունները հաշվարկել և կատարել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Սակայն խախտելով հիշյալ օրենքի 10-րդ և 28-րդ հոդվածների պահանջները` 2006թ. հունիսի 1-ից մինչև 2008թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխատել է պարզեցված հարկով, իսկ 2008թ. հունվարի 1-ից սկսած` ընդհանուր հարկման կարգով և վերոհիշյալ ժամանակաշրջանի համար հարկային տեսչություն չի ներկայացրել հաստատագրված վճարի հաշվարկման համար անհրաժեշտ համապատասխան ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարություն, չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել հաստատագրված վճարի գումարներ: Դրա արդյունքում, հարկման համար հիմք հանդիսացող հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, չարամտորեն խուսափել է հաստատագրված վճարի գծով առանձնապես խոշոր չափերի` 135.505.800 ՀՀ դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց:

6. Գնահատելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները` Առաջին ատյանի դատարանը 2010թ. փետրվարի 1-ի դատավճռով հաստատված է համարել, որ Հրայր Հարությունյանը չարամտորեն խուսափել է հաստատագրված վճարի գծով առանձնապես խոշոր չափերի` 135.505.800 ՀՀ դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց, այսինքն` կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք:

7. Բողոքի հեղինակի կողմից Վճռաբեկ դատարան ներկայացված տվյալների համաձայն՝ ՀՀ վարչական դատարանի կողմից 2010թ. փետրվարի 3-ին կայացվել և արդեն իսկ օրինական ուժի մեջ է մտել Մյասնիկյանի հարկային տեսչության հայցն ընդդեմ «Հրայր Հարությունյան» առևտրի կենտրոն ՍՊ ընկերության` 273.882.800 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին բավարարելու վերաբերյալ վճիռը: Նշված վճռով որոշվել է «Հրայր Հարությունյան» առևտրի կենտրոն ՍՊ ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել հաստատագրված վճար` 273.882.800 ՀՀ դրամ, որից ապառք` 135.505.800 ՀՀ դրամ, տույժ` 56.573.500 ՀՀ դրամ, տուգանք` 81.803.500 ՀՀ դրամ:

8. Առաջին ատյանի դատարանի 2010թ. փետրվարի 1-ի դատավճիռը վերաքննության կարգով բողոքարկել է մեղադրողը, վերջինիս բողոքը Վերաքննիչ դատարանի 2010թ. մարտի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և նշանակվել քննության` վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով (տե´ս քրեական գործ, հատոր 2-րդ, էջ 585):

Մեղադրողի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և քրեական գործը վերաքննիչ դատարանի դատական նիստում քննության նշանակելու մասին Վերաքննիչ դատարանի 2010թ. մարտի 3-ի որոշումը նույն օրն ուղարկվել է ինչպես բողոք բերած անձին, այնպես էլ ամբաստանյալ Հ.Հարությունյանին և նրա պաշտպան Ն.Բաղդասարյանին (տե´ս քրեական գործ, հատոր 2-րդ, էջեր 586-591):

9. Մեղադրողի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո, նույն օրը` 2010թ. մարտի 3-ին, Վերաքննիչ դատարան է մուտք եղել պաշտպան Ն.Բաղդասարյանի կողմից 2010թ. մարտի 1-ին փոստին հանձնված վերաքննիչ բողոքը, որը Վերաքննիչ դատարանի 2010թ. մարտի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ (տե´ս քրեական գործ, հատոր 2-րդ, էջ 592):

2010թ. մարտի 4-ի որոշումը չի բովանդակում մատնանշում այն մասին, թե ինչ դատավարական ձևով է իրականացվելու բողոքի քննությունը վերաքննիչ դատարանում:

Գործի նյութերում առկա չէ պաշտպանի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ 2010թ. մարտի 4-ի որոշումը դատավարության մասնակիցներին ուղարկված լինելը հավաստող որևէ փաստաթուղթ:

10. Պաշտպան Ն.Բաղդասարյանը 2010թ. մարտի 9-ին դիմում է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա.Հովհաննիսյանին, և 2010թ. մարտի 9-ին ժամը 13-ին նշանակված դատական նիստի կապակցությամբ հայտնել, որ իր կողմից ևս վերաքննիչ բողոք է բերվել, որը պետք է քննության առնվի դատախազի բողոքի հետ մեկտեղ: Միաժամանակ խնդրել է իր բողոքի քննության համար սահմանել վերաքննության կարգ, քանի որ պաշտպանության կողմը պետք է ներկայացնի ապացույցներ, որոնք հնարավորություն չի ունեցել ներկայացնելու Առաջին ատյանի դատարանում (տե´ս քրեական գործ, հատոր 2-րդ, էջ 593):

 Վերաքննիչ դատարանի 2010թ. ապրիլի 30-ի որոշմամբ մեղադրողի և պաշտպանի վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ դատավճիռը` թողնվել է օրինական ուժի մեջ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

11. Վճռաբեկ բողոքի հեղինակը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 2010թ. ապրիլի 30-ի որոշումը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի խախտումներով:

12. Բողոքաբերը փաստարկում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից իր պաշտպանյալ Հ.Հարությունյանի նկատմամբ դատավճիռ կայացնելու պահին նրա մեղադրանքի հիմքում դրված՝ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը չի գործել, ուստի դատարանն իրավունք չուներ Հ.Հարությունյանին մեղավոր ճանաչել չգործող օրենքը խախտելու արդյունքում հարկերից չարամտորեն խուսափելու համար: Հետևաբար, Հ.Հարությունյանի նկատմամբ թույլ է տրվել նյութական իրավունքի խախտում` նրա նկատմամբ կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը, որը տվյալ գործով կիրառման ենթակա չէր:

Բացի այդ, բողոքաբերը շեշտում է, որ Հ.Հարությունյանը չէր էլ կարող գիտակցել, որ ինքը սխալ հարկատեսակ է վճարում, քանի որ «Հրայր Հարությունյան» առևտրի կենտրոն ՍՊ ընկերությունը բազմիցս ենթարկվել է ստուգման հարկային մարմինների աշխատակիցների կողմից, և բոլոր ստուգողներն արձանագրել են, որ «Հրայր Հարությունյան» առևտրի կենտրոն ՍՊ ընկերությունը տոնավաճառ չի հանդիսանում և առևտրի կազմակերպման գործունեությամբ չի զբաղվում: Վերոգրյալից բողոքաբերը եզրահանգում է, որ Հ.Հարությունյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հանցակազմի սուբյեկտիվ կողմը:

Շարադրված փաստարկների հիման վրա բողոք բերած անձը գտնում է, որ Հ.Հարությունյանի նկատմամբ թույլ է տրվել նյութական իրավունքի խախտում, որը դատական ակտը բեկանելու և Հ.Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք է: Ուստի, ըստ բողոքաբերի, Առաջին ատյանի դատարանի 2010թ. փետրվարի 1-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2010թ. ապրիլի 30-ի որոշումը պետք է բեկանել և փոփոխել` Հ.Հարությունյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

13. Բողոքաբերը նշում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է Գևորգ Հախնազարյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2009 թվականի հունիսի 29-ի թիվ ԵՔՐԴ/0219/01/08 որոշմանը:

Այս կապակցությամբ բողոքի հեղինակը փաստարկում է, որ չի ստացել իր վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը և չի տեղեկացվել Վերաքննիչ դատարանում իր բողոքի քննության կարգի մասին: Ընդ որում, ինքը նախապես` 2010թ. մարտի 9-ին, գրավոր դիմել է Վերաքննիչ դատարան և հայտնել, որ չի ստացել որոշումը ու խնդրել է իր բողոքի քննության համար սահմանել վերաքննության կարգ:

Ելնելով վերոգրյալից՝ պաշտպանը գտնում է, որ Հ.Հարությունյանի նկատմամբ թույլ է տրվել դատավարական իրավունքի խախտում, որպիսի խախտումը դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու հիմք է: Ուստի, Վերաքննիչ դատարանի 2010թ. ապրիլի 30-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

14. Բողոքի հեղինակը գտնում է նաև, որ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած քաղաքացիական հայցը չի կարող բավարարվել, քանի որ առկա է ՀՀ վարչական դատարանի կողմից 2010թ. փետրվարի 3-ին կայացված և արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած վճիռ, որի համաձայն` Մյասնիկյանի հարկային տեսչության հայցն ընդդեմ «Հրայր Հարությունյան» առևտրի կենտրոն ՍՊ ընկերության` 273.882.800 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին` բավարարվել է և վճռվել է «Հրայր Հարությունյան» առևտրի կենտրոն ՍՊ ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել հաստատագրված վճար` 273.882.800 ՀՀ դրամ, որից ապառք` 135.505.800 ՀՀ դրամ, տույժ` 56.573.500 ՀՀ դրամ, տուգանք` 81.803.500 ՀՀ դրամ:

Բողոքաբերը գտնում է, որ այս պայմաններում, երբ առկա է, մի կողմից` Առաջին ատյանի դատարանի 2010թ. փետրվարի 1-ի դատավճիռը, որով ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած քաղաքացիական հայցը բավարարվել է ամբողջությամբ և վճռվել է պահանջված գումարը հօգուտ պետական բյուջեի բռնագանձել «Հրայր Հարությունյան» առևտրի կենտրոն ՍՊԸ տնօրեն Հրայր Հարությունյանից, իսկ մյուս կողմից` ՀՀ վարչական դատարանի` 2010թ. փետրվարի 3-ին կայացված և արդեն օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով բավարարվել է հարկային մարմնի հայցն ընդդեմ «Հրայր Հարությունյան» առևտրի կենտրոն ՍՊ ընկերության, Վերաքննիչ դատարանը պետք է բավարարեր իր բողոքը և մերժեր քաղաքացիական հայցը, քանի որ «դատախազության կողմից պահանջվող հայցի վերաբերյալ արդեն իսկ գոյություն ունի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ»:

15. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրում է.

ա) վճռաբեկ բողոքի 4-րդ գլխի 1-ին կետում շարադրված փաստարկները (տե´ս սույն որոշման 12-րդ կետը) հիմնավոր համարելու դեպքում` ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի 2010թ. փետրվարի 1-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2010թ. ապրիլի 30-ի որոշումը, Հ.Հարությունյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ և քրեական գործի վարույթը կարճել:

բ) վճռաբեկ բողոքի 4-րդ գլխի 2-րդ կետում շարադրված փաստարկները (տե´ս սույն որոշման 13-րդ կետը) հիմնավոր համարելու դեպքում` Վերաքննիչ դատարանի 2010թ. ապրիլի 30-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

գ) վճռաբեկ բողոքի 4-րդ գլխի 3-րդ կետում շարադրված փաստարկները (տե´ս սույն որոշման 14-րդ կետը) հիմնավոր համարելու դեպքում` քաղաքացիական հայցի մասով բեկանել Առաջին ատյանի դատարանի 2010թ. փետրվարի 1-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2010թ. ապրիլի 30-ի որոշումը, մերժել ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած քաղաքացիական հայցը և քաղաքացիական հայցի մասով վարույթը կարճել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I. Վերաքննիչ դատարանում գործի քննության դատավարական կարգը պահպանված լինելը.

16. Վճռաբեկ դատարանը, նախ, պետք է պատասխանի այն հարցին, թե սույն գործով Վերաքննիչ դատարանը պահպանե՞լ է արդյոք Վերաքննիչ դատարանում գործերի քննության դատավարական կարգը:

17. Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի` «Վերաքննիչ դատարանում գործերի քննությունը կատարվում է սույն գլխում [Գլուխ 47. «Գործի քննությունը վերաքննիչ դատարանում»] շարադրված կանոններով, ինչպես նաև վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով»:

18. Գ. Հախնազարյանի վերաբերյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ դատավարության մասնակիցները պետք է նախապես տեղյակ լինեն, թե ինչ դատավարական ձևով է իրականացվելու բողոքի քննությունը վերաքննիչ դատարանում, քանի որ դա անձի արդար դատական քննության իրավունքի ապահովման կարևորագույն երաշխիք է (տե´ս Գևորգ Հախնազարյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2009թ. հունիսի 29-ի թիվ ԵՔՐԴ/0219/01/08 որոշման 18-րդ կետը):

Նույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը ամրագրել է նաև, որ «վերաքննիչ դատարանը կարող է գործը քննել վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով միայն այն դեպքում, երբ`

ա) դատական նիստ նշանակելու մասին որոշման մեջ նշել է այդ մասին և հիշյալ որոշումը պատշաճ կարգով ուղարկվել է դատավարության մասնակիցներին,

բ) վերաքննիչ բողոք կամ բողոքի պատասխան ներկայացրած կողմը նոր նյութեր չի ներկայացրել և չի միջնորդել հավաքելու կամ հետազոտելու նոր ապացույցներ, կամ վերաքննիչ դատարանն այն համոզման է եկել, որ կողմը, միջնորդելով գործին կցել նոր նյութեր, կամ դատարան կանչել իր նշած վկային կամ փորձագետին կամ նշանակել փորձաքննություն, չի հիմնավորել, որ առաջին ատյանի դատարանում օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել կատարելու վերոնշյալ գործողությունները, կամ որ դրանց կատարման վերաբերյալ միջնորդությունները առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել են անհիմն» (տե´ս Գևորգ Հախնազարյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2009թ. հունիսի 29-ի թիվ ԵՔՐԴ/0219/01/08 որոշման 19-րդ կետը):

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ մեղադրողի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և քրեական գործը վերաքննիչ դատարանի դատական նիստում քննության նշանակելու մասին որոշում կայացնելուց հետո, նույն օրը` 2010թ. մարտի 3-ին, Վերաքննիչ դատարան է մուտք եղել ամբաստանյալ Հ.Հարությունյանի պաշտպան Ն.Բաղդասարյանի կողմից 2010թ. մարտի 1-ին փոստին հանձնված վերաքննիչ բողոքը: Վերաքննիչ դատարանը 2010թ. մարտի 4-ին կայացրել է որոշում` պաշտպանի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և քրեական գործը վերաքննիչ դատարանի դատական նիստում քննության նշանակելու մասին (տե´ս սույն որոշման 9-րդ կետը):

Պաշտպանի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և քրեական գործը վերաքննիչ դատարանի դատական նիստում քննության նշանակելու մասին 2010թ. մարտի 4-ի որոշման ուսումնասիրությունից երևում է, որ այն չի բովանդակում մատնանշում այն մասին, թե ինչ դատավարական ձևով է իրականացվելու բողոքի քննությունը վերաքննիչ դատարանում, և բացի այդ` գործի նյութերում առկա չէ հիշյալ որոշումը դատավարության մասնակիցներին ուղարկված լինելը հավաստող որևէ փաստաթուղթ (տե´ս սույն որոշման 9-րդ կետը):

20. Սույն որոշման 19-րդ կետում նշված փաստերի նկատմամբ կիրառելով Գ. Հախնազարյանի վերաբերյալ որոշման մեջ Վճռաբեկ դատարանի սահմանած և սույն որոշման 18-րդ կետում նշված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը չի պահպանել վճռաբեկության կարգով բողոքը քննելու համար անհրաժեշտ իրավական ընթացակարգը:

 

II. Քաղաքացիական հայցը քննելու և լուծելու իրավասությունը.

21. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. սույն գործով քաղաքացիական հայցին լուծում տալով Վերաքննիչ դատարանը թո՞ւյլ է տվել արդյոք օրենքի խախտում՝ այն դեպքում, երբ Առաջին ատյանի դատարանի դատավճռից հետո ՀՀ վարչական դատարանը վճիռ էր կայացրել քաղաքացիական հայցի առարկայի վերաբերյալ:

22. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը հարուցվում, ապացուցվում և լուծվում է սույն օրենսգրքի դրույթներով սահմանված կանոններով:

2. Քաղաքացիական դատավարական օրենսդրության նորմերի կիրառումը թույլատրվում է, եթե դրանք չեն հակասում քրեական դատավարության օրենսգրքին, և քաղաքացիական հայցով վարույթի համար անհրաժեշտ են կանոններ, որոնք նախատեսված չեն (…) [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքով:

3. Քաղաքացիական հայցով որոշումն ընդունվում է քաղաքացիական օրենսդրության նորմերին համապատասխան:

(…)»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ «Դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ»:

23. Վկայակոչված և շարադրված դրույթների վերլուծությունից բխում է, որ քրեական դատավարությունում հարուցված հայցը պետք է մերժվի, եթե քրեական գործի քննության ընթացքում ամբաստանյալին ներկայացված քաղաքացիական հայցի կապակցությամբ մեկ այլ դատարանի կողմից վճիռ է կայացվել և վերջինս մտել է օրինական ուժի մեջ:

24. Սույն քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ «Հրայր Հարությունյան» առևտրի կենտրոն ՍՊԸ տնօրեն Հ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ մեղավոր ճանաչելուց և դատապարտելուց բացի Առաջին ատյանի դատարանն ամբողջությամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից 134.505.800 ՀՀ դրամի չափով ներկայացրած քաղաքացիական հայցը (տե´ս սույն որոշման 2-րդ և 5-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների հիման վրա Վերաքննիչ դատարանի կողմից որոշում է կայացվել 2010թ. ապրիլի 30-ին (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը):

Բողոքի հեղինակի կողմից Վճռաբեկ դատարան ներկայացված տվյալների համաձայն՝ ՀՀ վարչական դատարանի կողմից 2010թ. փետրվարի 3-ին կայացվել և արդեն իսկ օրինական ուժի մեջ է մտել Մյասնիկյանի հարկային տեսչության հայցն ընդդեմ «Հրայր Հարությունյան» առևտրի կենտրոն ՍՊ ընկերության` 273.882.800 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին բավարարելու վերաբերյալ վճիռը: Նշված վճռով որոշվել է «Հրայր Հարությունյան» առևտրի կենտրոն ՍՊ ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել հաստատագրված վճար` 273.882.800 ՀՀ դրամ, որից ապառք` 135.505.800 ՀՀ դրամ, տույժ` 56.573.500 ՀՀ դրամ, տուգանք` 81.803.500 ՀՀ դրամ (տե´ս սույն որոշման 7-րդ կետը):

25. Մեջբերված փաստական տվյալների ուսումնասիրությունից երևում է, որ նախքան սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից որոշման կայացումը, ՀՀ գլխավոր դատախազության կողմից Հ.Հարությունյանին ներկայացված քաղաքացիական հայցի չափը ներառող մեկ այլ հայց է բավարարվել ՀՀ վարչական դատարանի կողմից: Վերաքննիչ դատարանի կողմից 2010թ. ապրիլի 30-ի որոշման կայացման պահին ՀՀ վարչական դատարանի վերոնշյալ վճիռն արդեն մտել էր օրինական ուժի մեջ:

Հետևաբար, սույն որոշման 23-րդ կետում առկա վերլուծությունը կիրառելով սույն որոշման 24-րդ կետում շարադրված փաստական հանգամանքների նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով քաղաքացիական հայցին լուծում տալով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել օրենքի խախտում, քանի որ նախքան Վերաքննիչ դատարանում սույն գործով ներկայացված բողոքների քննությունը ՀՀ վարչական դատարանը վճիռ էր կայացրել քաղաքացիական հայցի առարկայի վերաբերյալ:

26. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն որոշման 21-25-րդ կետերում շարադրված դատողությունների լույսի ներքո պետք է կրկին քննության առնի ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված քաղաքացիական հայցի վերաբերյալ բողոքի հեղինակի փաստարկը:

27. Հիմք ընդունելով սույն որոշման 16-26-րդ կետերում առկա դատողությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

III. Բողոքաբերի կողմից փաստարկված՝ նյութական իրավունքի խախտման հարցը

28. Անդրադառնալով բողոքաբերի կողմից փաստարկված՝ նյութական իրավունքի խախտման հարցին (տե´ս սույն որոշման 12-րդ կետը), Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

2008թ. օգոստոսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-154-Ն ՀՀ օրենքը: Նշված օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլուխը (որում ներառված է նաև 28-րդ հոդվածը), 2010թ. հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Իրավախախտման համար սահմանված պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող կամ իրավախախտում կատարած իրավաբանական և ֆիզիկական անձանց դրությունն այլ կերպ բարելավող իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ, եթե օրենքով կամ այդ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ»:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի լույսի ներքո մեկնաբանելով «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-154-Ն ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջինս հանդիսանում է Հ.Հարությունյանի դրությունն այլ կերպ բարելավող իրավական ակտ, որը պետք է հետադարձ ուժ ունենա:

29. Ինչպես երևում է քրեական գործի նյութերից, Հ.Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նա, լինելով «Հրայր Հարությունյան» առևտրի կենտրոն ՍՊԸ տնօրեն, 2006թ. հունիսի 1-ից մինչև 2008թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխատել է պարզեցված հարկով, իսկ 2008թ. հունվարի 1-ից սկսած` ընդհանուր հարկման կարգով ու վերոհիշյալ ժամանակաշրջանի համար հարկային տեսչություն չի ներկայացրել հաստատագրված վճարի հաշվարկման համար անհրաժեշտ համապատասխան ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարություն, չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել հաստատագրված վճարի գումարներ (տե´ս սույն որոշման 5-րդ կետը):

30. Սույն որոշման 28-րդ կետում շարադրված իրավական դրույթների լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 29-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի այն հարցի պարզաբանումը, թե արդյոք «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-154-Ն ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը հանդիսանում է Հ.Հարությունյանի դրությունն այլ կերպ բարելավող իրավական ակտ, որը պետք է հետադարձ ուժ ունենա: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հարցը պետք է քննության առնվի Վերաքննիչ դատարանի կողմից:

31. Վերոնշյալ փաստական հանգամանքներից բացի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը վերացված լինելու մասին պաշտպանի փաստարկը տեղ չի գտել նրա վերաքննիչ բողոքում: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանը չի պահպանել վճռաբեկության կարգով բողոքը քննելու համար անհրաժեշտ իրավական ընթացակարգը (տե´ս սույն որոշման 20-րդ կետը), Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հանգամանքը խոչընդոտել է պաշտպանության կողմին Հ.Հարությունյանի նյութական իրավունքի խախտման վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու հնարավորության հարցում:

32. Հիմք ընդունելով սույն որոշման 28-30-րդ կետերում առկա վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, պահպանելով Գ. Հախնազարյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման իրավական պահանջները, գործի նոր քննությամբ պետք է անդրադառնա նաև սույն որոշման 28-րդ կետում շարադրված իրավական հարցին` նկատի առնելով որոշման 29-30-րդ կետերում շարադրված փաստական հանգամանքները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1.Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Հրայր Գեղամի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. փետրվարի 1-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. ապրիլի 30-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ