Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.12.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.01.27/4(807).1 Հոդ.78.9
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
03.12.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
03.12.2010
Дата вступления в силу
03.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ԵԱՔԴ/1369/02/09

Վարչական գործ թիվ ԵԱՔԴ/1369/02/09

2010թ.

Նախագահող դատավոր՝  Ա. Առաքելյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2010 թվականի դեկտեմբերի 3-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ` Դատախազություն) և Հայկ Մարգարյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վարչական դատարանի 29.04.2010 թվականի վճռի դեմ` ըստ Դատախազության հայցի ընդդեմ Հայկ Մարգարյանի` կենսաթոշակի վճարումը 2008 թվականի սեպտեմբերի 1-ից դադարեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Դատախազությունը պահանջել է 2008 թվականի սեպտեմբերի 1-ից դադարեցնել Հայկ Մարգարյանի կենսաթոշակի վճարումը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 07.08.2009 թվականի որոշմամբ գործը հանձնվել է ՀՀ վարչական դատարանի քննությանը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 29.04.2010 թվականի վճռով գործի վարույթը կարճվել է վեճը Դատարանին ընդդատյա չլինելու հիմքով:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Դատախազությունը և Հայկ Մարգարյանը:

Վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:

 

2. Դատախազության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը, չի կիրառել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի պահանջներով, գտել է, որ ՀՀ վարչական դատարանը կարող է քննել միայն այն գործերը, որոնք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան ընդդատյա են ՀՀ վարչական դատարանի քննությանը և մեկնաբանելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը՝ պատճառաբանել է, որ «երկարամյա ծառայության կենսաթոշակի վճարումը դադարեցնելու պահանջր չի ներառված վերոնշյալ իրավական նորմի պահանջների մեջ»։ Նշված իրավական դիրքորոշման համար հիմք է ընդունել նաև «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածը՝ պատճառաբանելով, որ ինչպես նշված օրենքը, այնպես էլ ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածն ամրագրել է մոտեցում, ըստ որի՝ կենսաթոշակի իրավունքից անձը չի կարող զրկվել։

Դատարանը պատճառաբանել է նաև, որ «կենսաթոշակի դադարեցումը ոչ թե հանրային իրավահարաբերություններից ծագող գործ է, այլ տվյալ պարագայում առկա են սոցիալական ապահովության իրավահարաբերություններ։ Նշված պահանջով պայմանավորված որևէ վարչարարություն չի իրականացվում, հետևաբար ներկայացված պահանջն արդյունք չէ պատասխանողի նկատմամբ իրականացված վարչարարության»։

Մինչդեռ, Դատարանը հաշվի չի առել, որ Հայկ Մարգարյանին կենսաթոշակ նշանակելու մասին ՀՀ գլխավոր դատախազի 2007 թվականի հունիսի 1-ի թիվ 299 հրամանը բարենպաստ վարչական ակտ է։

Այսինքն՝ այդ բարենպաստ վարչական ակտով կենսաթոշակ նշանակող մարմնի որոշման հիման վրա քաղաքացու և սոցիալական ապահովության մարմնի միջև ծագում են որոշակի հասարակական հարաբերություններ, որոնց համաձայն քաղաքացին իրավունք է ձեռք բերում պարբերաբար, օրենքով սահմանված ժամկետներում և չափով ստանալու կենսաթոշակ, իսկ սոցիալական ապահովության մարմինը պարտավորվում է վճարել այն։ Վերջիններս, ի տարբերություն մասնավոր իրավական հարաբերությունների, խարսխված չեն հավասարության, կամքի ինքնավարության և դրանց մասնակիցների գույքային ինքնուրույնության սկզբունքների վրա, ընդհակառակը, հիմնվում են վարչական կամ այլ ենթակայության վրա, հետևաբար ունեն ոչ թե քաղաքացիական, այլ վարչական բնույթ։

 Հետևաբար, ինչպես բարենպաստ վարչական ակտերով անձանց տրամադրված իրավունքները կամ այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման (վարչական ակտ) բխում են հանրային իրավահարաբերություններից, այնպես էլ այդ ակտերի հասցեատերերին դրանցով տրամադրված իրավունքներից զրկումը /դադարեցումը/ բխում է հանրային իրավահարաբերություններից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 29.04.2010 թվականի վճիռը:

 

2.1 Հայկ Մարգարյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը պատճառաբանել է, որ կենսաթոշակի դադարեցումը ոչ թե հանրային իրավահարաբերություններից ծագող վեճ է, այլ տվալ պարագայում առկա են սոցիալական ապահովության իրավահարաբերություններ: Մինչդեռ, Դատարանը հաշվի չի առել, որ Դատախազությունը, ներկայացնելով կենսաթոշակի վճարումը դադարեցնելու հայցապահանջ, հանդես է եկել ոչ թե իր սեփական, այլ պետական շահերի պաշտպանությամբ։ Այսինքն՝ ներկայացնելով կենսաթոշակի վճարումը դադարեցնելու պահանջ՝ պետական մարմինը հանդես է եկել ոչ թե իր սեփական, այլ ընդհանուր պետական շահերի պաշտպանությամբ, քանի որ կենսաթոշակը վճարվում է պետական բյուջեից, ուստի եթե կենսաթոշակը վճարվի անօրինական ձևով, կվնասվի պետական շահը:

Բացի այդ, Դատարանը պատճառաբանել է նաև, որ «Նշված պահանջով պայմանավորված որևէ վարչարարություն չի իրականացվում, հետևաբար ներկայացված պահանջն արդյունք չէ պատասխանողի նկատմամբ իրականացված վարչարարության»: Մինչդեռ, Դատարանն անտեսել է, որ Դատախազության կողմից վարչարարություն է իրականացվել, որը հաստատվել է թիվ ՎԴ/7019/05/08 վարչական գործի դատաքննությամբ։

Բացի այդ, Դատարանը հաշվի չի առել, որ նախևառաջ խնդիրը վերաբերում է ոչ թե անձին ընդհանրապես կենսաթոշակի իրավունքից զրկելուն, այլ որոշակի հիմքերի առկայությամբ նրան կենսաթոշակի տվյալ տեսակի իրավունքից զրկելուն, որը չի բացառում սոցիալական ապահովության մեկ այլ միջոցից օգտվելու նրա իրավունքը, և որ կենսաթոշակից զրկումը կենսաթոշակի վճարման դադարեցման հարկադրական եղանակ է։ Կենսաթոշակից զրկման միակ հիմքը կենսաթոշակառուի ոչ իրավաչափ վարքագիծն է, որի համար կենսաթոշակառուն ենթարկվում է իրավաբանական պատասխանատվության, եթե կենսաթոշակառուն թույլ է տվել օրենքով դրա համար հիմք հանդիսացող իրավախախտում։

Միաժամանակ, Դատարանը, հղում կատարելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-68-րդ հոդվածներին, պատճառաբանել է, որ «բացակայում է վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը»։ Մինչդեռ Դատարանն անտեսել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչման հայց է դիտարկել որևէ իրավահարաբերության առկայության կամ բացակայության ճանաչմանն ուղղված հայցը և դիմելով դատարան՝ Դատախազությունը պահանջել է դադարեցնել նշված իրավահարաբերությունը, այսինքն՝ ճանաչել դրա բացակայությունը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 29.04.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. ՀՀ գլխավոր դատախազին ուղղված 01.06.2007 թվականի դիմումով Հայկ Մարգարյանը խնդրել է հիվանդության պատճառով իրեն ազատել աշխատանքից և նշանակել երկարամյա ծառայության կենսաթոշակ՝ դատախազության համակարգից: Դիմումին կից ներկայացրել է հիվանդության վերաբերյալ փաստաթղթեր (հատոր 1-ին, գ.թ. 6-18):

2. ՀՀ գլխավոր դատախազի 01.06.2007 թվականի թիվ 299 հրամանով Հայկ Մարգարյանը, անձնական դիմումի համաձայն՝ առողջական վիճակի պատճառով, ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի պաշտոնից և ուղարկվել երկարամյա ծառայության կենսաթոշակի: Կենսաթոշակի անցնելու համար հիմք են հանդիսացել Հայկ Մարգարյանի առողջական վիճակի վերաբերյալ հետևյալ փաստաթղթերը՝ 2005 թվականի «Էրեբունի» բժշկական կենտրոնի էխոկարդիոգրաֆիան, բժշկի տված դեղատոմսը, սրտի աշխատանքի էլեկտրասրտագիրը:

3. ՀՀ գլխավոր դատախազի 21.08.2008 թվականի թիվ 166 հրամանով դադարեցվել է Հայկ Մարգարյանի կենսաթոշակի վճարումը: Նշված հրամանն ընդունելու համար հիմք է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազության անձնակազմի բաժնի պետի 20.08.2008 թվականի զեկուցագիրը, որտեղ նշվում է, որ Հայկ Մարգարյանի կենսաթոշակի գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերջինիս կողմից հիվանդության վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը լիարժեք չեն, տրվել են դեռևս 2005 թվականին, իսկ աշխատանքից ազատվելիս՝ 2007 թվականի հունիսի 1-ի դրությամբ, նրա առողջական վիճակի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացվել (հատոր 1-ին, գ.թ. 30-39):

4. ՀՀ վարչական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 22.04.2009 թվականի թիվ ՎԴ/7019/05/08 վճռով առ ոչինչ է ճանաչվել ՀՀ գլխավոր դատախազի 21.08.2008 թվականի թիվ 166 հրամանը (հատոր 1-ին, գ.թ. 30-39):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքները վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք հիմնավոր են հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով բողոքների հիմքում բարձրացված հարցի քննության համար քննարկման առարկա պետք է դարձնել հետևյալ իրավական հարցը՝ արդյո՞ք կենսաթոշակի վճարումը դադարեցնելու պահանջը հանրային իրավահարաբերությունից ծագող վեճ է, թե՝ ոչ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

1) վարչական մարմիններ՝ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ` ա) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններ` Հայաստանի Հանրապետության նախարարություններ և Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմիններ. բ) տարածքային կառավարման մարմիններ` մարզպետներ. գ) տեղական ինքնակառավարման մարմիններ` համայնքի ավագանի և համայնքի ղեկավար, քաղաքապետ` քաղաքային համայնքում, գյուղապետ` գյուղական համայնքում: Եթե վերը թվարկված մարմիններից բացի վարչարարություն են իրականացնում պետական այլ մարմիններ, ապա սույն օրենքի իմաստով դրանք նույնպես համարվում են վարչական մարմիններ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչարարությունը վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեությունն է, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև այն գործողությունը կամ անգործությունն է, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները և կամ պաշտոնատար անձինք՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով, եթե օրենքով դա վերապահված է դատարանին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչարարությունը բնորոշվում է հանրային իրավունքի բնագավառին առնչվելու հանգամանքով: Դա պետք է լինի վարչական մարմնի հանրային իրավունքի բնագավառում որոշակի հարցի լուծմանն ուղղված գործողություն, իսկ հանրային իրավունքի բնագավառը նշանակում է անձի հարաբերություններ պետության հետ, որը հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող:

Այսինքն՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանրային իրավահարաբերություններն այն հարաբերություններն են, որոնք ծագում են պետական կառավարման մարմինների գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում՝ վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերություններում:

Սույն գործով Դատարանը գործի վարույթը կարճելիս պատճառաբանել է, որ կենսաթոշակի դադարեցումը ոչ թե հանրային իրավահարաբերությունից ծագող գործ է, այլ տվյալ պարագայում առկա են սոցիալական ապահովության իրավահարաբերություններ:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կենսաթոշակի վճարումը դադարեցնելու պահանջը բխում է հանրային իրավահարաբերությունների բնույթից հետևյալ պատճառաբանությամբ՝

ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, սոցիալական, իրավական պետություն է:

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան:

ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու, գործազրկության և օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք: Սոցիալական ապահովության ծավալն ու ձևերը սահմանվում են օրենքով:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է կենսաթոշակային համակարգի կազմակերպմանը, կառավարմանը և ֆինանսավորմանն առնչվող հարաբերությունները, սահմանում է` պետական կենսաթոշակային ապահովագրության կազմակերպման և իրականացման սկզբունքները, կենսաթոշակային ապահովության իրավական երաշխիքները, կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու պայմանները, պետական կենսաթոշակի տեսակները, կենսաթոշակի նշանակման և վճարման կարգը:

Նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ պետական կենսաթոշակային ապահովության և պետական կենսաթոշակային ապահովագրության կազմակերպման և իրականացման սկզբունքներն են` կենսաթոշակի իրավունքի ապահովումը` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության պարտադիրությունը, կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունության, հաշվեկշռվածության և զարգացման ապահովումը:

Նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգն ընդգրկում է` պետական (պարտադիր) կենսաթոշակային ապահովագրությունը, որը պետական բյուջեի միջոցների հաշվին երաշխավորում է քաղաքացիների կենսաթոշակային սոցիալական ապահովության իրականացումը` տրամադրելով նույն օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կենսաթոշակներ:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ կենսաթոշակային ապահովության և կենսաթոշակային ապահովագրության բնագավառում իրականացվող պետական քաղաքականության նպատակը համապատասխան երաշխիքներ ստեղծելու միջոցով համակարգի բնականոն և արդյունավետ գործունեության, զարգացման սոցիալական ծրագրերի իրականացման ապահովումն է:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովում է կենսաթոշակային համակարգի պետական միասնական քաղաքականության իրականացումը, կենսաթոշակային ոլորտում կրթական և գիտական գործունեության զարգացումը:

 «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ կենսաթոշակները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` այդ նպատակով առանձնացված միջոցներից:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ սահմանադրորեն երաշխավորված յուրաքանչյուրի սոցիալական ապահովության իրավունքը՝ որպես սոցիալական պետության բաղկացուցիչ տարր, իրականացվում է օրենքով սահմանված կենսաթոշակային ապահովության և կենսաթոշակային ապահովագրության բնագավառում պետական քաղաքականությամբ: Ընդ որում, կենսաթոշակային համակարգի պետական միասնական քաղաքականության իրականացումն ապահովվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ կենսաթոշակների վճարումը իրականացնելով ՀՀ պետական բյուջեի՝ այդ նպատակով առանձնացված միջոցներից:

Այսինքն՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր անձի կենսաթոշակի վճարման հարցն անմիջականորեն կապված է կենսաթոշակային ապահովության բնագավառում պետական քաղաքականությամբ, այն ծագում է պետական կառավարման մարմինների գործադիր-կարգադրիչ գործունեության արդյունքում:

Սույն գործով Դատախազության հայցի առարկան է ՀՀ գլխավոր դատախազի 2007 թվականի հունիսի 1-ի թիվ 299 հրամանի հիման վրա Հայկ Մարգարյանին վճարվող երկարամյա ծառայության կենսաթոշակի դադարեցումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և համադրելով սույն գործի փաստերը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հայկ Մարգարյանի կենսաթոշակի վճարումը դադարեցնելու Դատախազության պահանջն անմիջականորեն բխում է հանրային իրավահարաբերություններից, ուստի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի և 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով ընդդատյա է ՀՀ վարչական դատարանի քննությանը:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 29.04.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

 

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. Հայրիյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ