ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1499/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1499/02/08 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան |
Դատավորներ՝ | Ա. Մկրտչյան | |
Ն. Բարսեղյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Խունդկարյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆի | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ |
2010 թվականի հուլիսի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Միրզա Ապրեսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Միրզա Ապրեսյանի ընդդեմ Ռոզա Հակոբյանի, Լևոն Մաթևոսյանի` ձեռքբերման վաղեմության ուժով Երևանի Կիրովի փողոցի թիվ 13 ա տան ներքին հարկի 26,5 քմ մակերեսով տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և ըստ Լևոն Մաթևոսյանի և Ռոզա Հակոբյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Միրզա Ապրեսյանի` սեփական տարածքի օգտագործման խոչընդոտները վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Միրզա Ապրեսյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով Երևանի Կիրովի (Կորյունի) փողոցի թիվ 13 ա տան ներքին հարկի 26,5 քմ մակերեսով տարածքի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը։
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ռոզա Հակոբյանը և Լևոն Մաթևոսյանը պահանջել են վերացնել իրենց սեփական նկուղային տարածքի օգտագործման խոչընդոտները և պարտավորեցնել Միրզա Ապրեսյանին ազատելու տարածքը։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 01.10.2009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.12.2009 թվականի որոշմամբ Միրզա Ապրեսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.10.2009 վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Միրզա Ապրեսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ռոզա Հակոբյանը և Լևոն Մաթևոսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ 14.07.1998 թվականի թիվ ՀՕ-229 օրենքի 4-րդ և 12-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ կետը, 47-րդ հոդվածի 1-ին կետը, 51-րդ հոդվածի 1-ին կետը, 53-րդ հոդվածը, 54-րդ հոդվածի 2-րդ կետը և 63-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել, որ գույքը ձեռք է բերվել ոչ գույքի սեփականատիրոջից, մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի և ՀՀ վճռաբեկ դատարանի 23.05.2008 թվականի թիվ 3-342 (ՎԴ) որոշմամբ տրված մեկնաբանության համաձայն` գույքի ձեռքբերման և տիրապետման բարեխղճությունը գնահատվում է ոչ թե այդ գույքը սեփականատիրոջից ձեռք բերելու փաստով, այլ այն փաստով, որ տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով և տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն։ Վերաքննիչ դատարանը պատասխանողների իրավանախորդ Գեղամ Հակոբյանին որակել է որպես տան նախկին սեփականատեր, այսինքն` ընդունել է այն հանգամանքը, որ Գեղամ Հակոբյանն իրեն պատկանող նկուղը վաճառել է Սուրեն Սիմոնյանին և այս տեսանկյունից Գեղամ Հակոբյանը հանդիսանում է նախկին սեփականատեր։ Սուրեն Սիմոնյանը վստահ է եղել, որ վճարելով 7.000 ռուբլի, գույքը ձեռք է բերում բարեխղճորեն և որ հանդիսանում է այդ գույքի սեփականատերը, իսկ Միրզա Ապրեսյանն իր հերթին վճարելով այդ գույքի դիմաց Սուրեն Սիմոնյանին 14.000 ռուբլի, նույնպես համոզված է եղել, որ այդ գույքը ձեռք է բերում բարեխղճորեն, հանդիսանում է գույքի բարեխիղճ ձեքբերող և որ հանդիսանալու է այդ գույքի սեփականատեր։
Վերաքննիչ դատարանը պատասխանողների հարևանների` նոտարական կարգով վավերացված հայտարարությունը համարել է արժանահավատ, առանց հաշվի առնելու, որ հայտարարությունը վավերացնող նոտարի կողմից հիշյալ փաստաթղթում կատարվել է գրառում, համապատասխան որի` նոտարը վավերացրել է ոչ թե հայտարարությունում շարադրված փաստերի իսկությունը, այլ հայտարարություն տված անձանց կողմից ստորագրությունների իսկությունը։ Ներկայացված հայտարարությունն ըստ էության իրենից ներկայացնում է վկաների ցուցմունք, որի տեքստից ակնհայտ է, որ հայտարարություն տված անձինք նոտարի կողմից չեն նախազգուշացվել իրենց կողմից սուտ հայտարարություն տալու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին։ Հայտարարություն տվողները չեն հայտնել իրենց իրազեկության աղբյուրը, իսկ Լևոն Մաթևոսյանը և Ռոզա Հակոբյանը, ներկայացնելով այս ապացույցը, միջնորդություն չեն ներկայացրել Դատարանին հայտարարություն տված անձանց որպես վկա դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ։ Հարևանների կողմից տրված հայտարարությունը չի համապատասխանում ապացույցի հասկացությանը և որպես այդպիսին չէր կարող գնահատվել Դատարանի կողմից։ Դատարանը սույն գործով ձեռք չի բերել այնպիսի տեղեկություններ, որոնք հաստատված լինեին հարևանների վերոհիշյալ հայտարարությամբ որպես վկաների կողմից տրված ցուցմունք։ Նշված փաստական հանգամանքներն ապացուցում են, որ հիշյալ անձանց հայտարարությունն ըստ էության չէր կարող հանդիսանալ ապացույց և գնահատվել Դատարանի կողմից:
Դատարանն ապացույցների կազմից հանել է գույքահարկի վճարման անդորրագրերը, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի վճարման անդորրագրերը, որոնք հստակ վկայում են այն մասին, որ Միրզա Ապրեսյանը հոգ է տարել վիճահարույց գույքի նկատմամբ և վերաբերվել է դրան, ինչպես սեփականին: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փոփոխությունները, որոնք Միրզա Ապրեսյանը կատարել է գույքի հետ, որոնք ներկայացվել են Դատարանին տեղատեսության ժամանակ։ Գործում առկա 1952 թվականի ներքին առուվաճառքի պայմանագիրը, Երևանի Մյասնիկյանի շրջանի ժողդատարանի 1988 թվականի վճիռը, վարձավճարների անդորրագրերը վկայում են այն մասին, որ գույքը, ինչպես Միրզա Ապրեսյանի իրավանախորդը, այնպես էլ Միրզա Ապրեսյանը տիրապետել են 10 և ավելի տարիներ ու անընդմեջ։ Գույքի տիրապետումը չի ընդհատվել նաև Եվգենյա Ապրեսյանի մահից հետո (1993 թվականից հետո), այսինքն` տիրապետողը երբևէ չի հրաժարվել գույքի հետագա տիրապետումից։ Միրզա Ապրեսյանը հոգ է տարել տարածքի մասին, կատարել է համապատասխան վճարումներ գույքահարկի և կոմունալ ծառայությունների մասով, տարբեր ժամանակահատվածներում որոշակի ժամանակով բնակվել է այդ նկուղում։ Այսինքն` տիրապետումը չի ընդհատվել, քանի որ Միրզա Ապրեսյանի գործողությունները վկայում են այն մասին, որ բացակայել է գույքի հետագա տիրապետումից հրաժարվելու տիրապետողի կամքը։ Պատասխանողները 1993 թվականից ի վեր նույպես որևէ գործողություններ չեն ձեռնարկել իրենց գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու ուղղությամբ։ Այսինքն` առկա է նաև հիշյալ գույքը Միրզա Ապրեսյանի կողմից 10 և ավելի տարիներ ու անընդմեջ տիրապետելու փաստը։ Միրզա Ապրեսյանը գույքը տիրապետել է բացահայտ, այն չի տիրապետել որևէ անձից և հատկապես Լևոն Մաթևոսյանից և Ռոզա Հակոբյանից գաղտնի։
Վերաքննիչ դատարանի որոշումն առերևույթ հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի թիվ 3-1435 (ՎԴ) և 23.05.2008 թվականի թիվ 3-342 (ՎԴ) քաղաքացիական գործերով որոշումներին։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.12.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը մերժել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Միրզա Ապրեսյանը սուբյեկտիվորեն է մեկնաբանել Վերաքննիչ դատարանի եզրահանգումները, ՀՍՍՀ գերագույն դատարանի նախագահի 23.09.1988 թվականի թիվ 03-978 և նախագահի տեղակալի 20.07.1988 թվականի թիվ 03-978 գրությունները` անտեսելով, որ Երևանի Մյասնիկյանի շրջանի ժողդատարանի 27.05.1988 թվականի վճռով առուվաճառքի պայմանագիրը ճանաչվել է անօրինական, որը ՀՍՍՀ գերագույն դատարանի 15.06.1988 թվականի որոշմամբ թողնվել է անփոփոխ, այսինքն` չի եղել վիճելի տարածքի առուվաճառքի պայմանագիր, և Գեղամ Հակոբյանի սեփականության իրավունքը 26,5 քմ ներքին հարկի նկատմամբ պահպանվել է։
Միրզա Ապրեսյանն անտեսել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջն այն մասին, որ տեղեկությունները հաստատվում են նաև գրավոր ապացույցներով, ինչպիսին է Կարինե Իշխանյանի, Լյուբա Ազատյանի, Ռուբեն Գասպարյանի, Մարգարիտա Բոգումյանի, Հասմիկ Հովհաննիսյանի նոտարական հաստատում ստացած գրավոր հայտարարությունն այն մասին, որ Երևանի Կորյունի փողոցի 13ա շենքի նկուղային հարկում Եվգենյա Ապրեսյանի մահից հետո` 1990 թվականի կեսերից, ոչ ոք չի բնակվել։
Ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջն անհիմն է, քանի որ բացակայում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ վավերապայմանների միաժամանակյա առկությունը։ Միրզա Ապրեսյանը 1988 թվականից տեղյակ է եղել, որ իր տիրապետումն անօրինական է, քանի որ առուվաճառքի պայմանագիրն անօրինական է ճանաչվել, իսկ Եվգենյա Ապրեսյանի մահից հետո` 1993 թվականից, վիճելի տարածքում ոչ ոք չի բնակվել: Բացի այդ, Ռոզա Հակոբյանի և Լևոն Մաթևոսյանի սեփականության իրավունքը վիճելի ներքին հարկի նկատմամբ ստացել է պետական գրանցում, որի դեմ Միրզա Ապրեսյանը երբևէ չի առարկել կամ բողոքարկել, և վիճելի տարածքի նկատմամբ էլ չորս անգամ ժառանգություն է ընդունվել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Շենքի առուվաճառքի մասին 24.09.1950 թվականի պայմանագրի համաձայն` Գեղամ Լևոնի Հակոբյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևանի Կիրովյան փողոցի թիվ 13ա շենքի ներքին հարկից մեկ սենյակ` 26,5 քմ մակերեսով, 7.000 ռուբլով վաճառել է Սուրեն Արիստակեսի Սիմոնյանին (հատոր 1, գ.թ. 5)։
2. Գեղամ Հակոբյանի կողմից տրված 12.11.1950 թվականի ստացականի համաձայն` Գեղամ Հակոբյանը Սուրեն Սիմոնյանից ստացել է վաճառված սենյակի արժեքն ամբողջությամբ` 7.000 ռուբլի գումարի չափով և վաճառված սենյակի մասով որևէ պարտք ու պահանջ չունի (հատոր 1, գ.թ. 6):
3. Շենքի առուվաճառքի 28.08.1952 թվականի պայմանագրի համաձայն` Սուրեն Սիմոնյանը շենքի առուվաճառքի մասին 24.09.1950 թվականի պայմանագրի հիմքով Գեղամ Հակոբյանից գնած` Երևանի Կիրովյան փողոցի թիվ 15ա շենքի ներքին հարկից մեկ սենյակ` 26,5 քմ մակերեսով, 14.000 ռուբլով վաճառել է Միրզա Սարուխանի Ապրեսյանին, որի դիմաց ամբողջությամբ ստացել է պայմանագրով սահմանված գումարը: Նշված հանգամանքը հաստատվում է նաև վաճառողի կողմից գնորդին տրված 28.08.1952 թվականի ստացականով (հատոր 1, գ.թ. 7-9, 10)։
4. Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի ժողդատարանի` 27.05.1988 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի, ՀՍՍՀ գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիայի 15.06.1988 թվականի որոշման, ՀՍՍՀ գերագույն դատարանի նախագահի 23.09.1988 թվականի թիվ 03-978 գրության համաձայն` ժողդատարանը, հաստատված համարելով Երևանի Կիրովի փողոցի թիվ 13ա տունը (բաղկացած 3 սենյակից` 57,81քմ բնակ. մակերեսից և օժանդակ հարմարություններից ու նկուղից) սեփականության իրավունքով Գեղամ Լևոնի Հակոբյանին պատկանելու, նշված տան նկուղային տարածքը (26,5քմ) Գեղամ Հակոբյանի կողմից 24.09.1950 թվականի առուվաճառքի պայմանագրով 7.000 ռուբլով Սուրեն Սիմոնյանին վաճառելու, իսկ վերջինիս կողմից 28.08.1952 թվականի պայմանագրով 14.000 ռուբլով Միրզա Ապրեսյանին վաճառելու, Միրզա Ապրեսյանի կողմից նշված նկուղային տարածքում իր մոր և եղբայրների հետ բնակեցվելու հանգամանքները, գտել է, որ ներքին առուծախի պայմանագիրն օրինական ճանաչելու մասին Միրզա Ապրեսյանի հայցը ենթակա է մերժման այն պատճառաբանությամբ, որ թե ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգիրքը և թե Գերագույն դատարանի պլենումի 31.07.1987 թվականի թիվ 4 որոշումն օրենսդրական հնարավորություն չեն ընձեռում օժանդակ հարմարությունների առուվաճառքի առարկա հանդիսանալու ուղղությամբ, որպիսի հիմքով և նկուղային տարածքի ներքին առուծախի պայմանագրի օրինական ճանաչելու ուղղությամբ: Միաժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Միրզա Ապրեսյանի կողմից տարածքում բնակեցված անձը (մայրը` Եվգենյա Ապրեսյանը) նշված տարածքի օրինական բնակիչն է, ժողդատարանը մերժել է Մարիամ Հակոբյանի` վիճելի նկուղը, որպես սեփականատիրոջ, իր տնօրինությանը հանձնելու և տարածքից վտարելու մասին հայցապահանջը (հատոր 2, գ.թ. 58-59, 61-62, հատոր 3-րդ գ.թ. 52):
5. 15.02.1988 թվականին ՀՍՍՀ Երևան քաղաքի ժող.դեպուտատների Մյասնիկյանի շրջսովետի գործկոմի թիվ 12 թաղային կոմիտեի նախագահի կողմից հաստատված 12.02.1988 թվականի հայտարարության համաձայն` թվով 9 հարևաններ հաստատել են, որ Եվգենյա Ապրեսյանը 1952 թվականից բնակվում է վերը նշված նկուղային տարածքում (հատոր 1, գ.թ. 11):
19.05.2009 թվականին Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Հասմիկ Հարությունյանի կողմից վավերացված հայտարարության համաձայն` Կարինե Իշխանյանը, Լյուբա Ազատյանը, Ռուբեն Գասպարյանը, Մարգարիտա Բեգումյանը և Հասմիկ Հովհաննիսյանը հայտարարել են, որ Երևանի, Կորյունի 13 ա հասցեում գտնվող անշարժ գույքի նկուղային տարածքը, նախկինում բնակված Եվգենյա Ապրեսյանի մահից հետո փակ է եղել, այնտեղ ոչ ոք չի բնակվել և չի բնակվում (հատոր 2, գ.թ. 83)։
6. 10.12.1950 թվականին տրված 1ԶԺ թիվ 290116 ծննդյան վկայականի համաձայն` 1926 թվականին ծնված Միրզա Ապրեսյանի մայրն է Եվգենյա Ապրեսյանը (հատոր 3, գ.թ. 50), որը մահացել և հուղարկավորվել է 24.04.1993 թվականին` թիվ 34085 գերեզմանի վկայականի համաձայն (հատոր 2, գ.թ. 92):
7. Քաղաքացիական գործում առկա վճարման անդորրագրերի համաձայն` Եվգենյա Ապրեսյանի անունից վճարվել են տարածքի կենցաղային սպասարկման համար վճարները (հատոր 3, գ.թ. 64-74, 77-150):
8. Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 05.10.2001 թվականի թիվ 669445 վկայականի համաձայն` Երևանի Կիրովի փողոցի թիվ 13 ա տան (այդ թվում` վիճելի նկուղային տարածքի) նկատմամբ գրանցվել է Ռոզա Հակոբյանի, Ռազմիկ Հակոբյանի և Լևոն Մաթևոսյանի բաժնային սեփականության իրավունքը (1/3-ական մասերով) (հատոր 1-ին, գ.թ. 12-13):
9. «Ապացույցը տեղում զննելու և հետազոտելու վերաբերյալ» 24.08.2009 թվականի արձանագրության համաձայն` Դատարանը 24.08.2009 թվականին` ժամը 18.00-ին, կատարել է Կիրովի 13 ա հասցեում գտնվող, վեճի առարկա հանդիսացող նկուղի զննումը և հետազոտումը, որից պարզվել է, որ նկուղը բաղկացած է չորս առանձնացված մասերից և երկու փոքր խցերից, որոնք օգտագործվել են, որոնցից մեկը` որպես զուգարան, նկուղում դրված են ոչ նոր իրեր, նկուղը փաստացի որպես բնակելի տարածք չի օգտագործվում, այն գտնվում է Կիրովի փողոցի թիվ 13 ա շենքին պատկանող տան տակ, սակայն մուտքը շենքի հակառակ կողմից է, ու նկուղին հարակից պատից սկսվում է Կիրովի 15 ա շենքը (հատոր 3, գ.թ. 16):
«Ապացույցը տեղում զննելու և հետազոտելու վերաբերյալ» 19.09.2009 թվականի արձանագրության համաձայն` Դատարանը 19.09.2009 թվականին` ժամը 11.00-ին, կատարել է Կիրովի 13 ա հասցեում գտնվող, վեճի առարկա հանդիսացող նկուղի զննումը և կրկնակի հետազոտումը, որից պարզվել է, որ առաջին տեղատեսությունից հետո տարածքում տեղադրվել են նոր և փաթեթավորված իրեր (հատոր 3, գ.թ. 17):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ 17.06.1998 թվականի թիվ ՀՕ-229 օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` օրենսգրքի 187-րդ հոդվածի գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ գույքի տիրապետումն սկսվել է 01.01.1999 թվականից առաջ և շարունակվում է օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն), ընդ որում տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը:
Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից` այդ իրավունքի դադարման միջոց:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը:
Մասնավորապես դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը ձեռք է բերում և տիրապետելու է որպես սեփականություն.
2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում.
3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն.
4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով.
(Տես Մարուսյա Աբրահամյանը, Ռուբիկ Սիմոնյանն ընդդեմ Միխաել Սիմոնյանի, Ջուլիետա Հակոբջանյանի, Արթուր Սիմոնյանի, Լարիսա Գևորգյանի, Արման, Անահիտ և Ջուլիետա Սիմոնյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և վտարելու պահանջի մասին և հակընդդեմ հայցի` Միխաել Սիմոնյանի սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակի անվավեր ճանաչելու, ձեռքբերման վաղեմության ուժով փաստացի տիրապետմամբ զբաղեցրած հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1451(ՎԴ) գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը, ինչպես նաև Լենա Աբգարյանն ընդդեմ Մկրտիչ Համբարձումյանի, Գրիգոր Գորոյանի` ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին և հակընդդեմ հայցի` Մկրտիչ Համբարձումյանի ընդդեմ Լենա Աբգարյանի, Անահիտ Գևորգյանի և Գոռ Մահտեսյանի` ապօրինի զբաղեցրած տարածքից վտարելու և հաշվառումից հանելու պահանջի մասին թիվ 3-342 (ՎԴ) գործով Վճռաբեկ դատարանի 23.05.2008 թվականի որոշումը):
Սույն գործով ստորադաս դատարանները, հաստատված համարելով, որ Միրզա Ապրեսյանի կողմից ապացույցներ չեն ներկայացվել գույքի տիրապետման բարեխղճության փաստի մասին, քանի որ վիճելի նկուղը Միրզա Ապրեսյանը ձեռք է բերել ոչ սեփականատիրոջից և ոչ նրա գիտությամբ, ինչպես նաև ապացույցներ չեն ներկայացվել իր մոր` Եվգենյա Ապրեսյանի մահից հետո (1993 թվականից հետո) վիճելի տարածքում (01.01.1999 թվականից առաջ և օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահին շարունակվող) փաստացի բնակվելու փաստի վերաբերյալ, եկել են եզրահանգման, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ 17.06.1998 թվականի թիվ ՀՕ-229 օրենքի 12-րդ հոդվածի ուժով ենթակա չէ կիրառման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի իրականացրել քաղաքացիական գործում առկա ապացույցների պատշաճ գնահատում, մասնավորապես` Գեղամ Հակոբյանի և Սուրեն Սիմոնյանի միջև կնքված շենքի առուվաճառքի մասին 24.09.1950 թվականի պայմանագրի, Գեղամ Հակոբյանի կողմից տրված 12.11.1950 թվականի ստացականի, Սուրեն Սիմոնյանի և Միրզա Ապրեսյանի միջև կնքված շենքի առուվաճառքի 28.08.1952 թվականի պայմանագրի, Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի ժողդատարանի 27.05.1988 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի, ՀՍՍՀ գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիայի 15.06.1988 թվականի որոշման, ՀՍՍՀ գերագույն դատարանի նախագահի 23.09.1988 թվականի թիվ 03-978 գրության, քաղաքացիական գործում առկա վճարման անդորրագրերի պատշաճ գնահատում:
Նշված ապացույցներով հաստատվում են այն փաստական հանգամանքները, որ Սուրեն Սիմոնյանը 24.09.1950 թվականի շենքի առուվաճառքի պայմանագրով 7.000 ռուբլով Գեղամ Հակոբյանից գնել է վերջինիս սեփականությունը հանդիսացող` Երևանի Կիրովյան փողոցի թիվ 13 ա շենքի ներքին հարկից մեկ սենյակ` 26,5 քմ մակերեսով, իսկ 28.08.1952 թվականին նույն տարածքը Սուրեն Սիմոնյանի կողմից 14.000 ռուբլով վաճառվել է Միրզա Ապրեսյանին։ Նշված հասցեում 1952 թվականից մինչև 1993 թվականն ընկած ժամանակահատվածը Միրզա Ապրեսյանը բնակեցրել է իր մորը` իրավանախորդ Եվգենյա Ապրեսյանին` մասնակցելով գույքի կառավարմանը, հոգ տանելով դրա պահպանման համար, իսկ 1993 թվականից հետո վիճելի տարածքը տիրապետել է Միրզա Ապրեսյանը և տարածքի բանալին գտնվել է Միրզա Ապրեսյանի մոտ (որպիսի փաստն ընդունել են պատասխանողները, ինչպես նաև հաստատել են ստորադաս դատարանները), իսկ տարածքում գտնվել և գտնվում են Միրզա Ապրեսյանին պատկանող իրերը:
Նշված փաստական հանգամանքներով ուղղակիորեն հերքվում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Միրզա Ապրեսյանի կողմից դեռևս 1952 թվականին վիճելի գույքը բարեխիղճ ձեռք չի բերվել, ինչպես նաև սույն իրավահարաբերությունում բացակայում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված բոլոր պայմանների միաժամանակյա առկայությունը, մասնավորապես` այն հանգամանքը, որ Միրզա Ապրեսյանը վիճելի գույքը տիրապետել է ավելի քան 10 տարի անընդմեջ ու այդ տիրապետումը շարունակվել է նաև 1993 թվականից հետո:
Այսպես, սույն գործի փաստերի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի 23.05.2008 թվականի թիվ 3-342 (ՎԴ) որոշմամբ տրված` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի մեկնաբանության համաձայն` գույքի ձեռքբերման և տիրապետման բարեխղճությունը գնահատվում է ոչ միայն այդ գույքը տիտղոսային սեփականատիրոջից ձեռք բերելու փաստով, այլև այն փաստով, որ տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով և տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն։ Ստորադաս դատարանները պատասխանողների իրավանախորդ Գեղամ Հակոբյանին որակել են որպես տան նախկին սեփականատեր, այսինքն` ընդունել են այն հանգամանքը, որ Գեղամ Հակոբյանը, իրեն պատկանող նկուղը վաճառելով Սուրեն Սիմոնյանին, ձեռք է բերել նախկին սեփականատիրոջ կարգավիճակ ու փաստորեն, նկուղի վաճառքի փաստով Գեղամ Հակոբյանն արդեն իսկ հրաժարվել է իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքից և հիմք է ընդունել այն հանգամանքը, որ նկուղն ունի նոր սեփականատեր։ Սուրեն Սիմոնյանը վստահ է եղել, որ վճարելով 7.000 ռուբլի` գույքը ձեռք է բերում բարեխղճորեն և որ հանդիսանում է այդ գույքի սեփականատերը, իսկ Միրզա Ապրեսյանն իր հերթին այդ գույքի դիմաց Սուրեն Սիմոնյանին վճարելով 14.000 ռուբլի, նույնպես համոզմունք է ունեցել, որ այդ գույքը ձեռք է բերում բարեխղճորեն, հանդիսանում է գույքի բարեխիղճ ձեքբերող և որ հանդիսանալու է այդ գույքի սեփականատեր։
Այսինքն` սույն քաղաքացիական գործում առկա 24.09.1950 թվականի և 28.08.1952 թվականի առուվաճառքի պայմանագրերը վկայում են այն մասին, որ 1952 թվականից Միրզա Ապրեսյանը համոզված է եղել, որ գույքը տիրապետելու է որպես սեփական գույք։ Պատասխանողների իրավանախորդը, կնքելով Սուրեն Սիմոնյանի հետ ներքին առուվաճառքի պայմանագիր, որպես այդ գույքի սեփականատեր կատարել է գործողություններ, որոնք վկայում են այն մասին, որ նա հրաժարվել է վիճահարույց գույքի նկատմամբ իր սեփականատիրական իրավունքներից և հետագայում չի դիտարկել և չի վերաբերվել այդ գույքին որպես իր սեփականը, ինչի արդյունքում նաև Միրզա Ապրեսյանը համոզված է եղել, որ գույքն իրեն է պատկանում որպես սեփական, և նա տիրապետում է այդ գույքը բարեխղճորեն։
Բացի այդ, սույն գործում առկա կոմունալ սպասարկման ծառայությունների դիմաց վճարման անդորրագրերից հետևում է, որ Միրզա Ապրեսյանն ու իր իրավանախորդը հոգ են տարել վիճահարույց գույքի նկատմամբ և վերաբերվել են դրան ինչպես սեփականին: Ավելին, ստորադաս դատարաններն անտեսել են այն փոփոխությունները, որոնք Միրզա Ապրեսյանը կատարել է վիճելի տարածքում, որոնք և բացահայտվել են Դատարանի` «Ապացույցը տեղում զննելու և հետազոտելու վերաբերյալ» 24.08.2009 թվականի արձանագրությամբ: Այսինքն` Միրզա Ապրեսյանը, հոգ տանելով վիճահարույց գույքի նկատմամբ, վերաբերվել է դրան որպես իր սեփականություն, որպիսի պարագայում առկա է նաև գույքը որպես սեփականը տիրապետելու հանգամանքը։
Միրզա Ապրեսյանը գույքը տիրապետել է բացահայտ, այն չի տիրապետել որևէ անձից և հատկապես Լևոն Մաթևոսյանից և Ռոզա Հակոբյանից գաղտնի։ Այսինքն` տվյալ դեպքում առկա է նաև գույքի բացահայտ տիրապետման փաստը։
Գործում առկա 28.08.1952 թվականի ներքին առուվաճառքի պայմանագիրը, Երևանի Մյասնիկյանի շրջանի ժողդատարանի 27.05.1988 թվականի վճիռը, կենցաղային սպասարկման վճարների անդորրագրերը վկայում են այն մասին, որ գույքը, ինչպես Միրզա Ապրեսյանի իրավանախորդը, այնպես էլ Միրզա Ապրեսյանը տիրապետել են 10 և ավելի տարիներ ու անընդմեջ։
Վերը նշվածի կապակցությամբ ստորադաս դատարանները եզրահանգել են, որ վիճելի գույքի տիրապետումը ընդհատվել է 1993 թվականից հետո, քանի որ Միրզա Ապրեսյանի մոր` Եվգենյա Ապրեսյանի մահից հետո Միրզա Ապրեսյանն այնտեղ չի բնակվել: Սակայն Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև տարածքում բնակվելը գույքի տիրապետման եղանակներից մեկն է, բայց ոչ միակը, առավել ևս, որ սույն գործի փաստերից հետևում է, որ նշված վիճելի տարածքը գտնվում է Միրզա Ապրեսյանի տիրապետման ներքո, այնտեղ գտնվում է Միրզա Ապրեսյանի գույքը, և նշված տարածքը կողպված է հենց Միրզա Ապրեսյանի կողմից, որպիսի փաստական հանգամանքների ուժով էլ հաստատվում է, որ առկա է վիճելի գույքը 10 և ավելի տարիներ ու անընդմեջ տիրապետելու փաստը։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2009 թվականի որոշումը և այն փոփոխել. հայցը բավարարել` ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Միրզա Ապրեսյանի սեփականության իրավունքը Երևանի Կիրովի (Կորյունի) փողոցի թիվ 13ա տան ներքին հարկից 26,5 քմ մակերեսով տարածքի նկատմամբ, իսկ հակընդդեմ հայցը` մերժել:
2. Ռոզա Հակոբյանից և Լևոն Մաթևոսյանից հօգուտ Միրզա Ապրեսյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար վճարված պետական տուրքի գումար, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար, 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան Դատավորներ` Ե. Խունդկարյան Վ. Աբելյան Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան Է. Հայրիյան Տ. Պետրոսյան Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ