Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2009 թվականի N 1437-Ա
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հետ համատեղ ապահովել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող` հատուկ պահպանվող տարածքների հողերից «Տաթև» վանական համալիրի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի (1.76 հեկտար) (այսուհետ` հողամաս) սահմանների ճշտումը:
2. Հողամասն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով փոխանցել Հայաստանյայց առաքելական եկեղեցուն:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին`
1) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ ապահովել հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը և սեփականության վկայականի ստացումը.
2) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանյայց առաքելական եկեղեցու հետ կնքել հողամասի անհատույց, անժամկետ օգտագործման մասին պայմանագիր և ստանալ պահպանական պարտավորագիր:
4. Հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, վկայականի ստացման և պայմանագրի կնքման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանյայց առաքելական եկեղեցու միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|