Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-855
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (22.01.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.02.03/5(739) Հոդ.29
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
22.01.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
22.01.2010
Дата вступления в силу
22.01.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

22 հունվարի 2010 թ.

  

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ ԿԱՀԻՐԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՑ ԵՐԿԿՈՂՄ ԱԶԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի փետրվարի 24-ին Կահիրեում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից երկկողմ ազատման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին ուղղված` Հանրապետության Նախագահի դիմումը` մուտքագրված 2009թ. դեկտեմբերի 2-ին:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Կիրակոսյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Խնդրո առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2009թ. փետրվարի 24-ին Կահիրեում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանի կողմից:

Հայաստանի Հանրապետությունն այս ոլորտում համանման համաձայնագրեր է կնքել մի շարք պետությունների հետ:

 Համաձայնագրի հիմնական նպատակն է զարգացնել բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը երկու պետությունների միջև և դյուրացնել դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագրեր ունեցող անձանց ուղևորության հետ կապված ընթացակարգերը:

2. Վերլուծվող համաձայնագիրը բաղկացած է նախաբանից և 8 հոդվածներից:

Համաձայնագրի առաջին հոդվածն ամրագրում է, որ յուրաքանչյուր Կողմ ազատում է մյուս Կողմի պետության` վավերական դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագիր ունեցող քաղաքացիներին մուտքի արտոնագիր ստանալու պահանջից` այցելության նպատակով իր տարածք մուտք գործելու կամ մուտք գործելու օրվանից իննսուն (90) օրը չգերազանցող ժամանակահատվածով գտնվելու համար:

Համաձայնագրի երկրորդ հոդվածը նախատեսում է, որ Պայմանավորվող պետություններից որևէ մեկում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների անդամներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին, որոնք ունեն վավերական դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագրեր, թույլատրվում է առանց մուտքի արտոնագրի մուտք գործել մյուս Կողմի պետության տարածք և գտնվել այնտեղ ծառայության ընթացքում:

 Երկու պետությունների այն քաղաքացիները, որոնք ունեն համաձայնագրի առաջին հոդվածում նշված անձնագրեր, բացառությամբ երկրորդ հոդվածում նշված քաղաքացիների, որոնք մտադիր են մյուս Կողմի պետության տարածքում գտնվել 90 օրից ավելի, ապա պետք է մյուս Կողմի պետության օրենսդրությանը համապատասխան ստանան մուտքի արտոնագիր (համաձայնագրի 3-րդ հոդված):

Համաձայնագիրը սահմանում է նաև, որ նշված անձնագրեր ունեցող` երկու պետությունների քաղաքացիների` մյուս պետության տարածք մուտք գործելը և այդ տարածքից հեռանալը պետք է իրականացվի միջազգային ուղևորափոխադրումների համար թույլատրված Կողմերի սահմանային ցանկացած անցակետից: Բացի դրանից, համաձայնագիրն ուղղակի նախատեսում է, որ նշված իրավունքներից օգտվող անձինք չեն ազատվում մյուս Կողմի պետության օրենսդրությունը պահպանելու պարտականությունից:

Համաձայնագրի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր Կողմ իրեն իրավունք է վերապահում մասնակի կամ ամբողջությամբ դադարեցնելու համաձայնագրով նախատեսված անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատման իրավունքի պահպանումը, եթե դա թելադրված է պետական անվտանգության ապահովման, հանրային կարգի, առողջապահության կամ այլ լուրջ նկատառումներով, ինչի մասին անհապաղ իրազեկվում է մյուս Կողմը:

Համաձայնագրի 8-րդ հոդվածը նվիրված է համաձայնագիրն ուժի մեջ մտնելու և դադարեցնելու կարգին, ինչպես նաև դրա գործողության ժամկետին: Համաձայնագիրը վավերական է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար երկարաձգվում է նույն ժամկետով, եթե Կողմերից որևէ մեկը գրավոր չհայտնի համաձայնագիրը դադարեցնելու իր ցանկության մասին այն դադարեցնելուց 6 ամիս առաջ:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնում ֆինանսական բնույթի որևէ պարտավորություն:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության փոխադարձության սկզբունքով ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածով հռչակված դրույթներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2009 թվականի փետրվարի 24-ին Կահիրեում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից երկկողմ ազատման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


22 հունվարի 2010 թ.
ՍԴՈ-855

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան