Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.01.29/5(595)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
25.12.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
25.12.2007
Дата вступления в силу
25.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ Տ-1658

Քաղաքացիական գործ թիվ 3-1961(ՏԴ)
2007թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Է. Հայրիյանի

 

Ս. Սարգսյանի

 

Ս. Գյուրջյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 25-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով «Էներգացանցշին» ԲԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 03.07.2007 թվականի վճռի դեմ` ըստ «Հայէներգո» ՓԲ ընկերության անվճարունակության գործերով կառավարչի հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր) և Երևանի քաղաքապետարանի՝ սեփականության իրավունքը ճանաչելու և պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ «Հայէներգո» ՓԲ ընկերության անվճարունակության գործերով կառավարիչը պահանջել է պարտավորեցնել Կադաստրին կատարել Շարուրի 32 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Տնտեսական դատարան) 03.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով՝

1) Տնտեսական դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված՝ անձի դատաքննությանը մասնակից դարձվելու իրավունքը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Տնտեսական դատարանը գործը քննել է բողոք բերած անձի բացակայությամբ, որը մասնակից չի դարձվել դատաքննությանը և նրա իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

Տնտեսական դատարանը, ճանաչելով «Հայէներգո» ՓԲ ընկերության «Էներգամատսերվիս» ԴՓԲ ընկերության սեփականության իրավունքն Երևանի Շարուրի 32 և 32ա հասցեների հողամասերում գտնվող անշարժ գույքի նկատմամբ, ըստ էության, զրկել է Ընկերությանը տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից, քանի որ վերջինս 18.01.1999 թվականին կնքված թիվ 1044-Ձ մասնավորեցման պայմանագրով (այսուհետ՝ Պայմանագիր) ձեռք է բերել «Հայէներգացանցշին» ՊՓԲ ընկերության բաժնետոմսերը, որի գույքի կազմում Պայմանագրի 3.4 կետի համաձայն՝ ընդգրկված էր նաև Երևանի, Շահվերդյան (ներկայիս Շարուրի) փողոց 32 ա հասցեում գտնվող «Ավտոտրանսպորտային և մատակարարման ծառայություն» տեղամասն իր 3709 քմ ընդհանուր մակերեսով տասը շենքերով:

2) Տնտեսական դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Երևանի քաղաքապետի 19.06.2007 թվականի թիվ 20/1-8534 գրության համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացության համաձայն՝ հարցի կրկնակի տեղազննությունից և ուսումնասիրությունից պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 03.03.2000 թվականի N 218 որոշմամբ Շարուրի 32 և 32ա հասցեներում «Հայէներգո» ՊՓԲ ընկերությանը տրամադրված է համապատասխանաբար 1839,15 քմ և 6163 քմ մակերեսով հողամասեր, որի կայացման ժամանակ Պայմանագրի համաձայն Ընկերությանը պատկանող շինությունն իր սպասարկման տարածքով ընդգրկվել է տրամադրված հողամասի սահմանների մեջ: Նշված գրությամբ տեղեկացվել է նաև, որ խնդրին լուծում տալու նպատակով վերոհիշյալ վարչությունը ներկայացրել է առաջարկություն, պայմանով, որ Ընկերությունը և «Հայէներգո» ՊՓԲ ընկերությունը տարածքի համար ներկայացնեն փոխհամաձայնեցման սխեմա, սակայն վերջինս հրաժարվում է նման սխեմա ներկայացնել:

Հետևաբար, վեճի առարկայի նկատմամբ չէր կարող ճանաչվել «Էներգամատսերվիս» ԴՓԲ ընկերության սեփականության իրավունքը, քանի որ ներկայացված փաստերի համաձայն վեճի առարկա գույքը պատկանում է Ընկերությանը:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի 03.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 18.01.1999 թվականին կնքված թիվ 1044-Ձ մասնավորեցման պայմանագրի համաձայն՝ Ընկերությունը ձեռք է բերել «Հայէներգացանցշին» ՊՓԲ ընկերության բաժնետոմսերը:

Նույն պայմանագրի 3.4 կետի համաձայն, մասնավորեցման պահին, «Հայէներգացանցշին» ՊՓԲ ընկերությանը պատկանել է նաև Երևանի Շահվերդյան (ներկայիս Շարուրի) 32 հասցեում գտնվող «Ավտոտրանսպորտային և մատակարարման ծառայության տեղամաս»-ի տասը շենքերը՝ 3709 քմ ընդհանուր մակերեսով:

2) Տնտեսական դատարանի 03.07.2007 թվականի վճռով ճանաչվել է «Հայէներգո» ՓԲ ընկերության «Էներգամատսերվիս» ԴՓԲ ընկերության սեփականության իրավունքը Երևանի Շարուրի 32 և 32ա հասցեներում գտնվող 6163,0 քմ և 1839,15 քմ մակերեսներով հողամասերի և դրանցով ծանրաբեռնված անշարժ գույքերի նկատմամբ:

3) Տնտեսական դատարանը գործը քննել է Ընկերության բացակայությամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

Տնտեսական դատարանը, ճանաչելով «Հայէներգո» ՓԲ ընկերության «Էներգամատսերվիս» ԴՓԲ ընկերության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Շարուրի 32 և 32ա հասցեների հողամասերում գտնվող անշարժ գույքի նկատմամբ, ըստ էության, վճիռ է կայացրել Ընկերության իրավունքների և պարտականությունների վերաբերյալ՝ առանց վերջինիս գործի քննությանը մասնակից դարձնելու:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տե՜ս Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի, 17.11.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2343/ՎԴ (զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջով)):

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկին, ապա այն հիմնավոր չէ, քանի որ անձի՝ դատաքննությանը մասնակից չդարձվելու պայմաններում անձին դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցման պահանջ սահմանող նորմը կիրառելի չէ:

2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Տնտեսական դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել բողոք բերած անձի իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները չեն հանդիսացել ստորադաս դատարանի քննության առարկա, հետևաբար, դրանք չեն քննարկվում Վճռաբեկ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիմքով Տնտեսական դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 03.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`

Ա. Մկրտումյան

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ`

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Է. Հայրիյան

 

Ս. Սարգսյան

 

Ս. Գյուրջյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան