ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հունվարի 17-ին
«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-334 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում «բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարում» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարում` բաժնային սեփականության սեփականատերերի` օրենքով և իրավական այլ ակտերով, ինչպես նաև պայմանագրերով նախատեսված իրավունքների, պարտականությունների և պարտավորությունների իրագործմանն ուղղված գործունեություն.»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին հոդվածով.
«Հոդված 17.1. | Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման մասնագիտական գործունեությունը |
1. Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման մասնագիտական գործունեություն է համարվում բազմաբնակարան շենքի կառավարման գործառույթներ իրականացնող և մասնագիտական որակավորման պահանջներին համապատասխանող անձանց՝ համատիրության կառավարիչ, հավատարմագրային կառավարիչ, լիազորագրային կառավարիչ հանդիսացող ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձ հանդիսացող կառավարման մարմնի՝ ֆիզիկական անձ հանդիսացող կառավարչի գործունեությունը:
2. Բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, այդ պահանջների հիման վրա անձանց վերապատրաստման և բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները պարտադիր չեն սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` մինչև 4 սեփականատեր ունեցող շենքերի համար՝ պարտադիր նորմերի ապահովումը ժողովի միջոցով իրականացվելու դեպքում, ինչպես նաև, սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, համայնքի ղեկավարի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի համար:»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. փետրվարի 3 Երևան ՀՕ-2-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 փետրվարի 2023 թվական: