ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի ապրիլի 30-ին
«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-145 օրենքի (այսուհետ` Օրենք) նախաբանը լրացնել «և հիդրոօդերևութաբանական անվտանգության ապահովմանը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ նոր հասկացություններով.
«վտանգավոր հիդրոօդերևութաբանական կամ հելիոերկրաֆիզիկական երևույթներ (այսուհետ՝ վտանգավոր երևույթներ)` մթնոլորտում և ջրոլորտում առաջացող բնական երևույթներ, որոնք իրենց նշանակությամբ, ինտենսիվությամբ, տևողությամբ կամ ըստ առաջացման ժամանակի` վտանգում են ազգաբնակչության կյանքը, առողջությունն ու ունեցվածքը, ինչպես նաև կարող են հասցնել զգալի նյութական վնասներ տնտեսության տարբեր ճյուղերին.
անբարենպաստ հիդրոօդերևութաբանական երևույթներ` մթնոլորտում և ջրոլորտում առաջացող բնական երևույթներ, որոնք իրենց ինտենսիվությամբ և տևողությամբ չեն հասնում վտանգավոր երևույթների չափանիշներին, սակայն կարող են որոշակի վնաս պատճառել.
հիդրոօդերևութաբանական անվտանգություն` անձի, հասարակության և պետության պաշտպանվածությունը վտանգավոր և անբարենպաստ հիդրոօդերևութաբանական ու հելիոերկրաֆիզիկական երևույթներից, եղանակակլիմայական պայմանների գլոբալ փոփոխությունների ազդեցությունից.
դիտարկումների պետական ցանցի հենակետային օբյեկտներ` այն օբյեկտները, որոնք ունեն դիտարկման տվյալների երկարատև և ամբողջական շարքեր կամ ընդգրկված են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության միջազգային օդերևութաբանական կամ Անկախ Պետությունների Համագործակցության միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցերում:»:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը «իրականացնող» բառից հետո և 4-րդ մասը «Դիտարկումների պետական ցանցի» բառերից հետո լրացնել «հենակետային» բառով:
Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի սկիզբը լրացնել «վտանգավոր և անբարենպաստ հիդրոօդերևութաբանական կամ հելիոերկրաֆիզիկական երևույթների կանխատեսումների և ահազանգումների վերաբերյալ» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. մայիսի 26 Երևան ՀՕ-52-Ն |