ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 20-ին
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների, այդ թվում` նրանցից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց (այսուհետ` փախստականներ) համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված բնակելի շենքերի բնակարանները, քոթեջատիպ տները (այսուհետ` բնակարաններ) սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. | Օրենքի գործողության շրջանակը |
Սույն օրենքի գործողությունը տարածվում է այն փախստականների վրա, ովքեր ստացել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված բնակարաններ:
Հոդված 3. | Բնակարանները սեփականության իրավունքով հատկացնելու հիմքերը |
Բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու հիմք է հանդիսանում փախստականների հարցերով զբաղվող լիազոր պետական մարմնի, համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի (մինչև 1996 թվականի հունիսի 30-ը` պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործկոմի) և փախստականի միջև կնքված՝ բնակարանի հատկացման մասին պայմանագիրը:
Այդպիսի պայմանագիր չլինելու դեպքում բնակարանները փախստականներին սեփականության իրավունքով հատկացնելու հիմք է հանդիսանում փախստականների հարցերով զբաղվող լիազոր պետական մարմնի տված համապատասխան տեղեկանքը:
Հոդված 4. | Բնակարանները սեփականության իրավունքով հատկացնելը |
Բնակարանները փախստականներին սեփականության իրավունքով հատկացվում են անհատույց` մարզերում` մարզպետների, Երևան քաղաքում` քաղաքապետի կողմից:
Հոդված 5. | Բնակարանները սեփականության իրավունքով հատկացնելու համար դիմում ներկայացնելը |
Բնակարանների՝ սեփականության իրավունքով հատկացումը կատարվում է տվյալ բնակարանում բնակվող փախստականի կողմից համապատասխան մարզպետին (Երևան քաղաքում` քաղաքապետին) ուղղված դիմումի հիման վրա` այդ բնակարանում բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունք ունեցող չափահաս անձանց գրավոր համաձայնության առկայության դեպքում:
Բնակարանների՝ սեփականության իրավունքով հատկացումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
Հոդված 6. | Դիմում ներկայացնելու ժամկետները |
Մինչև 2005 թվականի հունիսի 30-ը բնակարան ստացած փախստականներն այդ բնակարանը սեփականության իրավունքով իրենց հատկացնելու մասին դիմումը կարող են ներկայացնել մինչև 2006 թվականի հունիսի 30-ը:
2005 թվականի հուլիսի 1-ից հետո բնակարան ստացած փախստականները բնակարանը սեփականության իրավունքով իրենց հատկացնելու մասին դիմումը կարող են ներկայացնել բնակարանը ստանալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում:
Սահմանված ժամկետներում դիմում չներկայացրած փախստականների բնակարանները համարվում են պետական բնակարանային ֆոնդի բնակարաններ, և դրանք տնօրինում է փախստականների հարցերով զբաղվող պետական լիազոր մարմինը:
(6-րդ հոդվածը խմբ. 20.05.05 ՀՕ-110-Ն)
Հոդված 7. | Սեփականության ձևը |
Բնակարանները սեփականության իրավունքով անհատույց հատկացվում են տվյալ բնակարանի օգտագործման իրավունք ունեցող անձանց` որպես նրանց ընդհանուր համատեղ սեփականություն:
Հոդված 8. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|