ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի մայիսի 2-ին
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Արդարադատության ակադեմիայի մասին օրենսդրությունը |
1. Արդարադատության ակադեմիայի (այսուհետ` Ակադեմիա) գործունեությունը կարգավորվում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։
2. Սույն օրենքով նախատեսված ուսուցման ծրագրեր իրականացնելիս «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները Ակադեմիայի վրա չեն տարածվում։
Գ Լ ՈՒ Խ 2
ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Հոդված 2. | Ակադեմիայի իրավական կարգավիճակը և նպատակները |
1. Ակադեմիան պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության։
2. Ակադեմիայի հիմնադիր փաստաթուղթը Ակադեմիայի կանոնադրությունն է (այսուհետ` Կանոնադրություն), որն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ կառավարություն)։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը (այսուհետ` արդարադատության նախարար) Ակադեմիայի կառավարման խորհրդից սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան ստացած Կանոնադրությունը կամ դրանում առաջարկված փոփոխությունները ստանալու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է կառավարություն:
3. Հիմնադրի անունից հանդես եկող պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն է (այսուհետ՝ արդարադատության նախարարություն):
4. Ակադեմիայի գործունեության նպատակներն են`
1) դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մեջ դատավորի կամ դատախազի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը.
2) դատավորների, դատախազների և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված` Ակադեմիայի շրջանավարտ անձանց, դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների, դատական կարգադրիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումը.
3) դատավորների, դատախազների, դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կրթական ծրագրերի աստիճանական մերձեցումը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:
Հոդված 3. | Ակադեմիայի գործառույթները |
1. Ակադեմիան`
1) կազմակերպում և անցկացնում է որակավորման ստուգման արդյունքներով դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը.
2) կազմակերպում և անցկացնում է դատավորների, դատախազների, Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների ցուցակում գտնվող անձանց վերապատրաստումը.
3) կազմակերպում և անցկացնում է դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստումը.
4) կազմակերպում է դատավորների, դատախազների և դատական կարգադրիչների հատուկ ուսուցումը՝ հատուկ միջոցների և հրազենի գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով.
5) իր իրավասության սահմաններում կնքում է պայմանագրեր Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ, համագործակցում օտարերկրյա կազմակերպությունների հետ, անդամակցում միջազգային կառույցներին.
6) սույն օրենքով նախատեսված կրթական ծրագրերի իրականացման համար մշակում է ուսումնամեթոդական նյութեր.
7) իր գործունեության նպատակներին համապատասխան` կարող է իրականացնել Կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներ:
Գ Լ ՈՒ Խ 3
ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԱԶՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 4. | Ակադեմիայի կառավարման և ղեկավարման մարմինները |
1. Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ)՝ սույն օրենքով նախատեսված կարգով։
2. Ակադեմիայի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը` Ակադեմիայի ռեկտորը (այսուհետ` Ռեկտոր)։
Հոդված 5. | Խորհրդի կազմավորման կարգը |
1. Խորհուրդը բաղկացած է յոթ անդամից, որի կազմում են`
1) արդարադատության նախարարը կամ նրա նշանակմամբ՝ իր տեղակալը.
2) երեք դատախազ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը (այսուհետ` գլխավոր դատախազ).
3) երեք դատավոր, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը՝ քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացմամբ դատավորների ներկայացվածությամբ:
2. Խորհրդի անդամները, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամների, նշանակվում են չորս տարի ժամկետով: Եթե Խորհրդի համապատասխան անդամի լիազորությունները դադարել են սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված հիմքով, ապա նոր անդամը նշանակվում է նախկին անդամի լիազորությունների ժամկետի ավարտին մնացած ժամկետով։
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված Խորհրդի անդամները չեն կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Խորհրդի անդամ:
4. Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի կազմից` նրա անդամների ձայների մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, դատախազ և դատավոր անդամների միջև ռոտացիոն կարգով: Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված Խորհրդի անդամը չի կարող ընտրվել Խորհրդի նախագահ։
5. Խորհրդի նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով, իսկ եթե նրա` որպես Խորհրդի անդամի լիազորությունների ժամկետի ավարտին մնացել է մեկ տարուց պակաս, ապա այդ ժամկետով։
6. Խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով։
7. Խորհրդի դատավոր կամ դատախազ անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են`
1) իր հիմնական պաշտոնում լիազորությունները դադարելու և նույն համակարգում սույն հոդվածի 1-ին մասի համապատասխանաբար 1-ին և 2-րդ կետերով նախատեսված պահանջներին համապատասխանող պաշտոնի չնշանակվելու դեպքում.
2) իր գրավոր դիմումի համաձայն` այդ մասին տեղեկացնելով Խորհրդին, ինչպես նաև իրեն նշանակող մարմնին կամ պաշտոնատար անձին:
8. Խորհրդի դատավոր անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են նաև, եթե մեկ այլ դատարանում դատավորի պաշտոնի նշանակվելու հետևանքով խախտվում է սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված մասնագիտացումներով դատավորների ներկայացվածության համամասնությունը:
9. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված Խորհրդի անդամ արդարադատության նախարարի տեղակալի՝ որպես Խորհրդի անդամի լիազորությունները ցանկացած ժամանակ կարող է վաղաժամկետ դադարեցնել նախարարը։
Հոդված 6. | Խորհրդի լիազորությունները |
1. Խորհուրդը`
1) իրականացնում է Ակադեմիայի կառավարումը.
2) մշակում և արդարադատության նախարարի միջոցով կառավարություն է ներկայացնում Կանոնադրությունը կամ դրանում առաջարկվող փոփոխությունները.
3) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Ռեկտորի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, հրահանգները և ցուցումները.
4) լսում է Ակադեմիայի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է Ակադեմիայի գործունեության վերստուգման արդյունքները.
5) վերահսկողություն է իրականացնում Ակադեմիային ամրացված պետական սեփականության, ինչպես նաև Ակադեմիայի սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ, Կանոնադրությանը համապատասխան համաձայնություն է տալիս Ռեկտորի կողմից Ակադեմիայի գույքը օտարելու, ձեռք բերելու կամ օգտագործման հանձնելու հետ կապված խոշոր գործարքներ կատարելու համար.
6) Ռեկտորի նկատմամբ կիրառում է խրախուսանքի միջոցներ և սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով կարգապահական տույժեր, ինչպես նաև սահմանում է ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը, ծառայողական քննություն անցկացնելու համար ձևավորում համապատասխան հանձնաժողով.
7) Ռեկտորի ներկայացմամբ հաստատում է Ակադեմիայի ներքին կարգապահական կանոնները, հաստիքացուցակն ու աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.
8) Ռեկտորի ներկայացմամբ հաստատում է Ակադեմիայի տարեկան ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը).
9) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջոցով կառավարություն է ներկայացնում առաջարկություններ Ակադեմիայի տարեկան ծախսերի նախահաշվի (բյուջետային հայտի) վերաբերյալ.
10) հաստատում է սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված անկախ աուդիտ իրականացնող անձին.
11) հաստատում է իր աշխատակարգը և նիստերի ժամանակացույցը.
12) Ռեկտորի ներկայացմամբ հաստատում է Ակադեմիայի կրթական չափորոշիչները, ուսուցման ծրագրերը, դրանց իրականացման կարգերը և ժամանակացույցերը.
13) Ռեկտորի ներկայացմամբ հաստատում է ունկնդիրների մասնագիտական պատրաստման ընթացքում փորձաշրջանի անցկացման կարգը և ունկնդրի փորձաշրջանի գնահատման չափանիշները, փորձաշրջանի բովանդակության նվազագույն պահանջները, փորձաշրջանից հետո ներկայացվող հաշվետվության և գրավոր գնահատագրի ձևերը.
14) Ռեկտորի ներկայացմամբ հաստատում է Ակադեմիայում քննությունների անցկացման կարգն ու պայմանները, ունկնդրի գիտելիքների գնահատման և քննական միավորների հաշվարկման կարգը, քննությունների անցկացման ժամանակացույցը, գիտելիքների ստուգման եղանակների, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները, քննության արդյունքների բողոքարկման կարգը.
15) սահմանում է գնահատման հանձնաժողովի անդամների վարձատրության կարգն ու պայմանները.
16) Ռեկտորի ներկայացմամբ քննարկում և լուծում է ունկնդիրների նկատմամբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգապահական տույժեր կիրառելու հարցը.
17) սույն օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում դատավորների կամ դատախազների թեկնածությունների ցուցակից ունկնդրին հանելու միջնորդությամբ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհուրդ (այսուհետ՝ Արդարադատության խորհուրդ) կամ գլխավոր դատախազին դիմելու վերաբերյալ.
18) Ռեկտորի ներկայացմամբ քննարկում և լուծում է ունկնդրին տարկետում տրամադրելու հարցը.
19) Ռեկտորի ներկայացմամբ սահմանում է վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման խմբերում ընդգրկվող ունկնդիրների առավելագույն թվաքանակը.
20) իրականացնում է սույն օրենքով և Կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ։
2. Խորհուրդը ձեռնարկում է Ակադեմիայի գործունեության ստուգմանն ուղղված միջոցառումներ՝ Խորհրդի առնվազն երկու անդամի կամ արդարադատության նախարարի պահանջով՝ դրանում նշված հիմքերի սահմաններում: Ստուգմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ պահանջը տարվա ընթացքում մեկ անգամ ենթակա է պարտադիր բավարարման խորհրդի կողմից, որից հետո նույն անդամի կողմից նմանատիպ պահանջ կրկին ներկայացվելու դեպքում Խորհուրդը որոշում է կայացնում պահանջի բավարարման կամ մերժման վերաբերյալ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ստուգումներն իրականացնելու նպատակով Խորհուրդն իր կազմից ձևավորում է համապատասխան խումբ, որի մեջ չեն մտնում ստուգման վերաբերյալ պահանջով հանդես եկած անդամները: Ստուգումներն իրականացնելու նպատակով հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջվելու պարագայում Խորհուրդը իր որոշմամբ կարող է ներգրավել համապատասխան մասնագետի կամ մասնագիտացված կազմակերպության: Այս դեպքում ստուգումների իրականացումը ֆինանսավորվում է Ակադեմիային պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների հաշվին:
Հոդված 7. | Խորհրդի նախագահը |
1. Խորհրդի նախագահը`
1) կազմակերպում է Խորհրդի աշխատանքները.
2) հրավիրում է Խորհրդի նիստերը և նախագահում դրանք.
3) իրականացնում է սույն օրենքով և Կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ։
2. Խորհրդի նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում Խորհրդի նիստը բացում է Խորհրդի տարիքով ավագ անդամը, որից հետո Խորհրդի նախագահի լիազորությունները ժամանակավորապես իրականացնում է Խորհրդի անդամներից մեկը` Խորհրդի որոշմամբ։
Հոդված 8. | Խորհրդի նիստերը և որոշումներ կայացնելու կարգը |
1. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են տարեկան առնվազն չորս անգամ:
2. Խորհրդի արտահերթ նիստերը կարող է հրավիրել Խորհրդի նախագահը` իր նախաձեռնությամբ, ինչպես նաև արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի (այսուհետ՝ Դատարանների նախագահների խորհուրդ), Խորհրդի առնվազն երեք անդամների կամ Ռեկտորի պահանջով։ Արդարադատության նախարարը կարող է արտահերթ նիստեր հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գալ միայն սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-6-րդ, 8-11-րդ կետերով նախատեսված հարցեր քննարկելու համար։
3. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Խորհրդի առնվազն 4 անդամ, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում` առնվազն երեք անդամ։
4. Խորհուրդը սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 12-19-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկում և դրանց մասին որոշում է կայացնում հետևյալ կազմերով.
1) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, դատավորների, դատական ծառայողների, դատական կարգադրիչների վերաբերյալ` միայն դատավոր և սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամներով.
2) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, դատախազների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների, դատական կարգադրիչների վերաբերյալ` միայն դատախազ և սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամներով։
5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կազմերով հարցեր քննարկելիս Խորհրդի՝ համապատասխանաբար դատախազ կամ դատավոր անդամները խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են նիստին:
6. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարցերի քննարկման ժամանակ Խորհրդի նիստը նախագահում է Խորհրդի նախագահը, եթե նա նաև Խորհրդի համապատասխան կազմի անդամ է։ Հակառակ դեպքում Խորհրդի տվյալ կազմի անդամները ձայների մեծամասնությամբ իրենց կազմից սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետով ընտրում են Խորհրդի նիստը նախագահող։
7. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը և Ռեկտորն իրավունք ունեն խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու Խորհրդի նիստերին։ Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել Խորհրդի որոշմամբ հրավիրված այլ անձինք։
8. Բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կազմերով գործելիս՝ առնվազն 3 ձայնով` կողմ կամ դեմ քվեարկելով:
9. Խորհրդի նախագահը, իսկ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում` նիստը նախագահողը իր նախաձեռնությամբ և (կամ) ստացված առաջարկությունների հիման վրա սահմանում է Խորհրդի նիստերի օրակարգերը։
10. Խորհրդի արձանագրություններն ու որոշումները ստորագրում է Խորհրդի նախագահը, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում ստորագրում են նիստը նախագահողը և նիստին մասնակցող անդամները։
11. Ռեկտորը Խորհրդի նիստերի օրակարգի և ժամի մասին գրավոր տեղեկացնում է Խորհրդի անդամներին առնվազն 3 աշխատանքային օր առաջ։
12. Խորհրդի աշխատանքների տեխնիկական սպասարկումը և գործավարությունը կազմակերպում է Ռեկտորը։
Հոդված 9. | Ակադեմիայի գործադիր մարմինը |
1. Ակադեմիայի Ռեկտորի պաշտոնը կարող է զբաղեցնել իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող, հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որն ունի իրավունքի բնագավառում առնվազն 10 տարվա աշխատանքային և մանկավարժական գործունեության առնվազն 2 տարվա ստաժ:
2. Ռեկտորն ընտրվում է Խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ գաղտնի քվեարկությամբ, Խորհրդի անդամների առնվազն հինգ ձայնով ընդունված որոշմամբ:
3. Եթե Խորհուրդը Ռեկտորի պաշտոնի համար թեկնածուների հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո` երկշաբաթյա ժամկետում, ներկայացված հայտերի թվից չի ընտրում Ռեկտոր, ապա Ռեկտորին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը (այսուհետ՝ վարչապետ)` հայտ ներկայացրած թեկնածուների թվից:
4. Եթե սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում վարչապետը Խորհրդի առաջարկած թեկնածուների թվից երկշաբաթյա ժամկետում չի նշանակում Ռեկտոր, ապա Խորհուրդը հայտարարում է նոր մրցույթ:
5. Ռեկտորի լիազորությունների ժամկետը հինգ տարի է։ Միևնույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Ռեկտորի պաշտոնում:
6. Խորհուրդը Ռեկտորի լիազորությունների ավարտից առնվազն 40 օր առաջ առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է Ռեկտորի պաշտոնի համար մրցույթին մասնակցելու դիմումների ընդունման ժամկետը, վայրը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
7. Ռեկտորի պաշտոնի համար մրցույթին մասնակցելու հայտերի ընդունման ժամկետը ոչ պակաս, քան մեկ շաբաթ, և ոչ ավելի, քան մեկ ամիս է:
8. Ռեկտորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Ռեկտորի պաշտոնի համար մրցույթը հայտարարվում է պաշտոնը թափուր մնալու օրվան հաջորդող մեկշաբաթյա ժամկետում:
9. Ռեկտորի լիազորությունների կատարման ժամանակավոր անհնարինության դեպքում նրան ժամանակավորապես փոխարինում է Կանոնադրությամբ Ռեկտորին փոխարինելու իրավասություն ունեցող անձը:
10. Ռեկտորի լիազորությունների դադարեցման, պաշտոնը թափուր մնալու կամ սույն օրենքով սահմանված կարգով Ռեկտորի լիազորությունների կասեցման դեպքում այդ լիազորությունները ժամանակավորապես իրականացնում է Կանոնադրությամբ Ռեկտորին փոխարինելու իրավասություն ունեցող անձը:
11. Ռեկտորը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
Հոդված 10. | Ռեկտորի լիազորությունները |
1. Ռեկտորը`
1) առանց լիազորագրի հանդես է գալիս Ակադեմիայի անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Խորհրդի որոշումներով և Կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է Ակադեմիայի գույքը, ներառյալ` ֆինանսական միջոցները.
3) տալիս է Ակադեմիայի անունից հանդես գալու լիազորագրեր, ներառյալ` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում Ակադեմիայի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
5) համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրեր է կնքում Ակադեմիայում դասավանդման գործընթացին ներգրավված անձանց հետ.
6) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
7) օրենքով և Կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
8) կազմակերպում է Ակադեմիայում ուսումնական գործընթացը.
9) կազմակերպում է Խորհրդի որոշումների կատարումը.
10) Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Ակադեմիայի ներքին կարգապահական կանոնները, ինչպես նաև հաստիքացուցակն ու աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.
11) հրապարակում է Ակադեմիայի գործունեության տարեկան հաշվետվությունը.
12) կազմակերպում է քննական հարցերի կազմումը և ապահովում դրանց գաղտնիության պահպանումը.
13) Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Ակադեմիայի տարեկան ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը).
14) Ակադեմիայում ուսումնառության ընթացքում դատավորների կամ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի կողմից համապատասխանաբար դատավորի կամ դատախազի վարքագծի կանոնների ենթադրյալ խախտում պարունակող արարքների վերաբերյալ տեղեկությունների տիրապետման դեպքում այդ մասին հայտնում է համապատասխանաբար Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին կամ գլխավոր դատախազին.
15) իրականացնում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ։
(10-րդ հոդվածը փոփ. 10.06.14 ՀՕ-52-Ն)
Հոդված 11. | Ռեկտորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը |
1. Իր պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանազանցման, ներառյալ՝ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված քննական հարցերի գաղտնիությունը չպահպանելու, ներքին կարգապահական կանոնները խախտելու դեպքերում Կանոնադրությամբ սահմանված կարգով Ռեկտորի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
1) նախազգուշացում.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
4) զբաղեցրած պաշտոնից ազատում։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժը կիրառում է Խորհուրդը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կարող է կիրառել Խորհուրդը` վարչապետի համաձայնությամբ, կամ վարչապետը՝ Խորհրդի համաձայնությամբ:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու նախաձեռնությամբ հանդես եկող մարմնի որոշումը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված համաձայնությունը տալու նպատակով համապատասխանաբար վարչապետը կամ Խորհուրդն իրավունք ունեն կանչելու և լսելու Ռեկտորին:
6. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից` չհաշված Ռեկտորի հիվանդությունը կամ արձակուրդում լինելը։ Կարգապահական տույժ չի կարող նշանակվել, եթե կարգապահական խախտումը կատարելու օրվանից անցել է երկու տարի։
7. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժի ենթարկելու հարցով Խորհուրդը պետք է որոշում կայացնի հարցը Խորհրդի քննարկմանը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում՝ չհաշված Ռեկտորի հիվանդության կամ արձակուրդում լինելու պատճառով հարցի քննության անհնարինության ժամանակահատվածը:
8. Եթե սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան ներկայացված միջնորդությունը ստանալու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում համապատասխանաբար վարչապետը կամ Խորհուրդը համաձայնություն չեն տալիս սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու մասին, ապա Ռեկտորը համարվում է սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տույժի ենթարկված: Կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումը ուղարկվում է Ռեկտորին կարգապահական տույժ նշանակելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում։
9. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ։
10. Եթե Ռեկտորը կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված։
11. Կանոնադրությամբ սահմանված դեպքերում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն նշանակելուց և անցկացնելուց հետո։ Այդ նպատակով Խորհուրդը ձևավորում է համապատասխան հանձնաժողով:
12. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տույժի կիրառումից առաջ Խորհուրդը պարտավոր է Ռեկտորին տալ Խորհրդի նիստում բացատրություն ներկայացնելու հնարավորություն:
13. Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում, եթե Ռեկտորի գործունեությունը կարող է խոչընդոտել քննության արդյունավետությունը, Ռեկտորի լիազորությունները Խորհրդի առնվազն 5 անդամի որոշմամբ կարող են կասեցվել մինչև 1 ամիս ժամկետով` վարձատրության պահպանմամբ։
Գ Լ ՈՒ Խ 4
ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՈՒՅՔԸ
Հոդված 12. | Ակադեմիայի գույքն ու ֆինանսավորումը |
1. Ակադեմիան ֆինանսավորվում է պետական բյուջեից` առանձին բյուջետային տողով։
2. Ակադեմիայի սեփականությունը ձևավորվում է Ակադեմիայի հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից։
3. Ակադեմիայի գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել նաև`
1) պետական բյուջեից հատկացված միջոցները.
2) ձեռնարկատիրական գործունեության արդյունքները.
3) դրամաշնորհները, նվիրատվությունները, կտակված գույքը.
4) օրենքով չարգելված այլ միջոցներ։
4. Հիմնադրի որոշմամբ Ակադեմիային անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է գործունեության համար անհրաժեշտ գույք։
5. Ակադեմիան ունի ինքնուրույն հաշվեկշիռ, կարող է հաշիվներ բացել բանկերում (այդ թվում` օտարերկրյա) ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ արտարժույթով։ Բանկային հաշիվների գումարներին ավելացած տոկոսները և արտոնությունները պատկանում են Ակադեմիային։
6. Ակադեմիայի բոլոր եկամուտներն ու ծախսերը նախատեսվում և օգտագործվում են տարեկան նախահաշվին համապատասխան։
Հոդված 13. | Ակադեմիայի ֆինանսական գործունեության վերստուգումը |
1. Ակադեմիայի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է տարեկան վերստուգման (աուդիտի) անկախ աուդիտ իրականացնող անձի կողմից։
Գ Լ ՈՒ Խ 5
ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՈՒՆԿՆԴՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Հոդված 14. | Ակադեմիայի ունկնդիրները |
1. Ակադեմիայի ունկնդիրներն (այսուհետ` ունկնդիր) են`
1) դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 118-րդ հոդվածով սահմանված կարգով ցուցակում ընդգրկված նախկին դատավորների.
2) դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք, բացառությամբ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուսումնառությունից ազատված անձանց.
3) դատավորները, դատախազները, Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք, դատական ծառայողները, դատախազության աշխատակազմում պետական ծառայողները և դատական կարգադրիչները։
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ունկնդիրներն Ակադեմիայում մասնագիտական պատրաստման ընթացքում ստանում են ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի վարձատրությանը համապատասխան կրթաթոշակ։
3. Վերապատրաստման ընթացքում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ունկնդիրներն ազատվում են իրենց պաշտոնեական պարտականությունների կատարումից` վարձատրության իրավունքի պահպանմամբ:
4. Վերապատրաստման վայրից դուրս մշտապես բնակվող սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ունկնդիրներին Ակադեմիան պետական բյուջեի միջոցների հաշվին տալիս է տրանսպորտային, գիշերավարձի և այլ ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում կամ կազմակերպում նրանց փոխադրումն ու բնակության ապահովումը:
Հոդված 15. | Ակադեմիայի շրջանավարտների աշխատանքի կազմակերպումը |
1. Ակադեմիայում ուսուցումն ավարտելուց հետո դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք պարտավոր են անցնել իրավաբանի որակավորում պահանջող աշխատանքի դատական դեպարտամենտում, եթե նրանք ավելի քան չորս ամիս անընդմեջ չեն զբաղվում իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով:
2. Ակադեմիայում ուսուցման ավարտից հետո Ակադեմիայի շրջանավարտ` դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք կարող են դիմել դատախազության աշխատակազմում իրավաբանի որակավորում պահանջող աշխատանքի ընդունվելու համար։ Դիմում ներկայացրած անձը օգտվում է դատախազության աշխատակազմում համապատասխան թափուր տեղ առաջանալու դեպքում այդ պաշտոնում առանց մրցույթի նշանակվելու նախապատվությունից:
Հոդված 16. | Ունկնդրի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը |
1. Դատավորների կամ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրը կարող է Ռեկտորի ներկայացմամբ Խորհրդի կողմից ենթարկվել կարգապահական պատասխանատվության Ակադեմիայի ներքին կարգապահական կանոնները խախտելու կամ ուսումնական դասընթացներից անհարգելի պատճառով բացակայելու համար։
2. Կարգապահական տույժերի տեսակներն են`
1) նախազգուշացում.
2) նկատողություն, որը զուգորդվում է` մինչև 3 ամիս ժամկետով կրթաթոշակի 25 տոկոսից զրկելով.
3) խիստ նկատողություն, որը զուգորդվում է` մինչև 6 ամիս ժամկետով կրթաթոշակի 25 տոկոսից զրկելով.
4) ունկնդրին դատավորների կամ դատախազների թեկնածությունների ցուցակից հանելու միջնորդությամբ համապատասխանաբար Արդարադատության խորհրդին կամ գլխավոր դատախազին դիմելու մասին՝ սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
3. Ունկնդրին Խորհրդի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգի նկատմամբ տարածվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:
4. Ունկնդրի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Խորհուրդը հաշվի է առնում նաև խախտման հետևանքները, ունկնդրի անձը, առկա կարգապահական տույժերը, ունկնդրին բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
5. Խորհուրդը, ունկնդրին կարգապահական տույժի ենթարկելու հարցը քննարկելով, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) կարգապահական տույժ կիրառելու հարցի քննությունը կարճելու մասին.
2) ունկնդրին սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տույժերի ենթարկելու մասին:
6. Խորհուրդը կարճում է ունկնդրին կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ հարցի քննությունն այն դեպքում, երբ՝
1) առկա չէ ունկնդրին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք.
2) կարգապահական տույժ կիրառելու հարցի քննությունն իրականացվում է սույն օրենքով նախատեսված ժամկետների խախտմամբ, եթե ունկնդիրը համաձայն է հարցի քննության կարճմանը նշված հիմքով:
7. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Խորհուրդը պետք է որոշում կայացնի հարցը Խորհրդի քննարկմանը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում՝ չհաշված ունկնդրի հիվանդության պատճառով հարցի քննության անհնարինության ժամանակահատվածը:
8. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից` չհաշված ունկնդրի հիվանդության պատճառով հարցի քննության անհնարինության ժամանակահատվածը:
9. Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել կարգապահական խախտումը կատարելու օրվանից։
10. Կարգապահական տույժի մասին ունկնդրին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում։
11. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ։
12. Եթե ունկնդիրը կարգապահական տույժ նշանակելու օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված։
13. Եթե ունկնդիրը հաջորդաբար ենթարկվել է կարգապահական տույժերի, որոնք առաջացնում են կրթաթոշակի իջեցում, ապա կրթաթոշակի ընդհանուր իջեցումը յուրաքանչյուր ամիս չի կարող գերազանցել կրթաթոշակի 50 տոկոսը։
14. Ունկնդիրը կարող է սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժը նշանակելու մասին Խորհրդի որոշումը բողոքարկել վարչական դատարան՝ որոշումը ստանալու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում։
Հոդված 17. | Ունկնդրին թեկնածությունների ցուցակից հանելու միջնորդությունը և ազատումը Ակադեմիայից |
1. Խորհուրդը, Ռեկտորի ներկայացմամբ, պատճառաբանված որոշում է կայացնում ունկնդրին թեկնածությունների ցուցակից հանելու միջնորդությամբ համապատասխանաբար Արդարադատության խորհուրդ կամ գլխավոր դատախազին դիմելու մասին, եթե`
1) ունկնդիրը անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 20 տոկոսից.
2) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ունկնդիրը բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 50 տոկոսից, բացառությամբ տարկետում տրամադրելու դեպքերի.
3) Ակադեմիայում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքում ստացած քննական միավորը պակաս է կուրսը հանձնված համարելու համար Խորհրդի սահմանած նվազագույն միավորից, կամ ունկնդիրը չի անցել սույն օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված փորձաշրջանը։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումը կայացնելու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, Խորհուրդը իր պատճառաբանված որոշումը և գործում առկա նյութերը ուղարկում է համապատասխանաբար Արդարադատության խորհուրդ կամ գլխավոր դատախազին:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում Խորհուրդը ունկնդրի դիմումի հիման վրա կարող է պատճառաբանված որոշում կայացնել ունկնդրին մինչև համապատասխանաբար դատավորների կամ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց հաջորդ մասնագիտական պատրաստումը տարկետում տրամադրելու վերաբերյալ:
4. Դատավորների կամ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված ունկնդիրը համարվում է Ակադեմիայից ազատված համապատասխանաբար դատավորների կամ դատախազների թեկնածությունների ցուցակից հանվելու պահից:
Գ Լ ՈՒ Խ 6
ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ
Հոդված 18. | Ուսուցման գործընթացի հիմնական հասկացությունները |
1. Ակադեմիայում ուսումնական գործընթացում կիրառվող հիմնական հասկացություններն են`
1) մասնագիտական պատրաստում` դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց առաջնային ուսուցում՝ ուղղված վերջիններիս մեջ դատավորի կամ դատախազի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ կարողությունների, հմտությունների ձևավորմանը, մասնագիտական գիտելիքների ծավալի ընդլայնմանը.
2) վերապատրաստում` սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործման համար կոնկրետ ոլորտների ուսումնասիրության միջոցով կազմակերպվող պարտադիր ուսումնական գործընթաց.
3) լրացուցիչ վերապատրաստում` վերապատրաստման ուսուցման ծրագրերից դուրս առանձին ոլորտում անհրաժեշտ մասնագիտական, որակավորումը լրացնող ուսումնական գործընթաց.
4) հատուկ ուսուցում՝ հատուկ միջոցների և հրազենի գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով դատավորների՝ իրենց համաձայնությամբ, դատախազների և դատական կարգադրիչների ուսուցում.
5) ուսուցման ծրագիր` որոշակի մակարդակ և մասնագիտական ուղղվածություն ունեցող կրթության բովանդակություն, անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ծավալ.
6) ուսումնական պլան` ուսումնասիրվող առարկայական կուրսերի (դրանց բաժինների, թեմաների) անվանացանկը և ունկնդիրների ուսուցման տեսակները (դասախոսություն, սեմինար պարապմունք, գործնական աշխատանք, ինքնուրույն աշխատանք և այլն).
7) դասավանդման սեղմագիր` ուսումնասիրվող առարկայական կուրսի կամ թեմայի կամ այլ նյութի վերաբերյալ իրականացվող դասընթացի բովանդակության գրավոր նկարագրություն.
8) ուսումնառության ժամկետ` տվյալ առարկայական կուրսի կրթական չափորոշիչով սահմանված ուսումնառության նվազագույն տևողություն.
9) կրթական չափորոշիչ` նորմատիվ, որը սահմանում է ընդհանուր պահանջներ ուսուցման ծրագրի վերաբերյալ, պահանջներ ուսուցման ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի, նրանց ներկայացվող որակական պահանջների, ունկնդիրների ուսումնական ծանրաբեռնվածության առավելագույն ծավալի, ուսուցման կազմակերպման ժամկետների վերաբերյալ.
10) հեռավար ուսուցում` համակարգված ուսուցման ձև, երբ անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացն ունկնդրի և դասախոսի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հեռահաղորդակցության միջոցներով:
Հոդված 19. | Ուսուցման ծրագիրը |
1. Ուսումնական գործընթացն անցկացվում է Խորհրդի հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա կազմված և սույն օրենքով նախատեսված կարգով հաստատված ուսուցման ծրագրերով։
2. Ակադեմիայում իրականացվող ուսուցման ծրագրերն են`
1) դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագրերը.
2) սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց վերապատրաստման ծրագրերը.
3) սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց լրացուցիչ վերապատրաստման ծրագրերը.
4) դատավորների, դատախազների և դատական կարգադրիչների հատուկ ուսուցման ծրագրերը։
3. Կրթական չափորոշիչները հաստատվում են Խորհրդի` սույն հոդվածի 7-րդ մասով սահմանած կարգով:
4. Մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 1-ը Դատարանների նախագահների խորհուրդը, արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը, իսկ դատական կարգադրիչների դեպքում՝ նաև դատական դեպարտամենտի ղեկավարը Ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերում ներառելու համար: Ներկայացված առաջարկությունների և Խորհրդի հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա Ռեկտորը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը Խորհրդի հաստատմանն է ներկայացնում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերը։
5. Ոչ ուշ, քան դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման համար որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարության հրապարակման օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Դատարանների նախագահների խորհուրդը, արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը Ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ դատավորների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագրերում ներառելու համար: Ներկայացված առաջարկությունների և Խորհրդի հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա Ռեկտորը կազմում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման համապատասխան տարվա ուսուցման ծրագիրը Ակադեմիայում դատավորների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը սկսելուց առնվազն մեկ ամիս առաջ։
6. Ոչ ուշ, քան դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունման մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը և Դատարանների նախագահների խորհուրդը Ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման հաջորդ տարվա ծրագրերում ներառելու համար: Ներկայացված առաջարկությունների և Խորհրդի հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա Ռեկտորը կազմում և դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման հայտարարության հրապարակմանը հաջորդող մեկամսյա ժամկետում Խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման հաջորդ տարվա ուսուցման ծրագիրը։
7. Խորհուրդը հաստատում է Ռեկտորի ներկայացրած ծրագրերը կամ իր որոշմամբ Ռեկտորին առաջարկում է դրանցում կատարել փոփոխություններ: Ծրագրերում առաջարկված փոփոխությունների վերաբերյալ Ռեկտորի անհամաձայնության դեպքում Խորհուրդն իրավունք ունի ծրագրերը իր հաստատմանը կրկին ներկայացնելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում հաստատելու ծրագրերը իր համար նախընտրելի տարբերակով: Ծրագրերը սահմանված ժամկետում Խորհրդի կողմից չհաստատվելու դեպքում դրանք ընդունված են համարվում Ռեկտորի ներկայացրած տարբերակով:
8. Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում համապատասխան մարմինների կողմից ատեստավորման կամ գործունեության գնահատման արդյունքներով դատախազների, դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների և դատական կարգադրիչների նկատմամբ լրացուցիչ վերապատրաստում անցնելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում որոշման կայացումից հետո` երկշաբաթյա ժամկետում, այն ուղարկվում է Ռեկտորին՝ առաջարկություն ներկայացնելով սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված լրացուցիչ վերապատրաստման առարկայական կուրսի կամ թեմաների վերաբերյալ: Նման առաջարկության հետ Ռեկտորին է ներկայացվում նաև լրացուցիչ վերապատրաստման ունկնդիրների ցուցակը:
9. Գործնական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Դատարանների նախագահների խորհուրդը, գլխավոր դատախազը կամ արդարադատության նախարարը Ռեկտորին կարող են առաջարկություններ ներկայացնել սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված լրացուցիչ վերապատրաստման առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ: Նման առաջարկության հետ Ռեկտորին է ներկայացվում նաև լրացուցիչ վերապատրաստման ունկնդիրների ցուցակը, կամ նշվում է թիրախային խումբը: Ռեկտորն իրավունք ունի իր նախաձեռնությամբ Խորհուրդ ներկայացնելու լրացուցիչ վերապատրաստման առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ առաջարկություններ:
10. Սույն հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով նախատեսված առաջարկության առկայության դեպքում Ռեկտորը ողջամիտ ժամկետում կազմում և սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով Խորհրդի հաստատմանն է ներկայացնում լրացուցիչ վերապատրաստման ուսուցման ծրագիրը: Խորհուրդը կարող է մերժել լրացուցիչ վերապատրաստման ծրագրի իրականացումը:
11. Ուսուցման ծրագիրը առնվազն ներառում է`
1) կրթական չափորոշիչները.
2) ուսուցման ձևը.
3) ուսումնառության ժամաքանակը և ժամկետը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի.
4) գնահատման եղանակը, եթե ուսուցման ավարտին նախատեսվում է գնահատում.
5) դասավանդվող առարկայական կուրսերի և դրանցում ներառվող թեմաների նկարագիրը։
12. Ուսուցման ծրագրի կատարումն ապահովելու համար կազմվում են ուսումնական պլան և դասավանդման սեղմագրեր։
Հոդված 20. | Ունկնդիրներին ուսուցման ներգրավելու ընթացակարգը |
1. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց ուսուցման ծրագրերը սույն օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան Խորհրդի կողմից հաստատվելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, Ռեկտորը ուղարկում է համապատասխանաբար Դատարանների նախագահների խորհուրդ, դատական դեպարտամենտ և գլխավոր դատախազություն՝ վերապատրաստում անցնող անձանց կողմից սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան առարկայական կուրսերի ընտրություն կատարելու նպատակով:
2. Դատարանների նախագահների խորհուրդը՝ դատավորների ու Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասով, դատական դեպարտամենտը՝ դատական ծառայողների և դատական կարգադրիչների մասով, գլխավոր դատախազությունը՝ դատախազների ու դատախազության աշխատակազմում պետական ծառայողների մասով, յուրաքանչյուր տարի` մինչև դեկտեմբերի 1-ը, Ակադեմիա են ներկայացնում հաջորդ տարվա ընթացքում վերապատրաստման ենթակա անձանց ցուցակը՝ սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան առարկայական կուրսերի ընտրության նշումով։
3. Դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման օրվան հաջորդող եռօրյա ժամկետում համապատասխանաբար Արդարադատության խորհրդի աշխատակազմը և գլխավոր դատախազությունը Ակադեմիա են ներկայացնում մասնագիտական պատրաստման ենթակա անձանց ցուցակը:
4. Ռեկտորը վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման ենթակա ունկնդիրների ներկայացված ցուցակների հիման վրա կազմում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ունկնդիրների ուսուցման ընդհանուր ժամանակացույց և ներկայացնում Խորհրդի հաստատմանը։
5. Վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման ենթակա ունկնդիրներն ուսուցման դասընթացներն անցնում են ըստ ժամանակացույցում նշված խմբերի։
6. Վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման ենթակա ունկնդիրների ուսուցման ընդհանուր ժամանակացույցն ուղարկվում է համապատասխան պետական մարմին ուսուցումը սկսվելուց առնվազն 10 օր առաջ։
7. Դատարանների նախագահների խորհուրդը՝ դատավորների ու Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասով, դատական դեպարտամենտը՝ դատական ծառայողների և դատական կարգադրիչների մասով, գլխավոր դատախազությունը՝ դատախազների ու դատախազության աշխատակազմում պետական ծառայողների մասով, պատասխանատու են ուսուցման դասընթացներին ներկայանալու վերաբերյալ ունկնդիրների ծանուցումն ապահովելու համար։
Հոդված 21. | Ուսուցման կազմակերպումը և իրականացումը |
1. Ուսումնական գործընթացը կազմակերպվում է ուսումնական պլաններով, դասավանդման սեղմագրերով, ուսումնական ժամանակացույցով, ինչպես նաև Ռեկտորի հաստատած դասացուցակներով։
2. Ուսուցումն անցկացվում է դասախոսությունների, սեմինարների, ուսումնական դատախաղերի, բանավեճերի, դատական գործերի քննարկման միջոցով, ունկնդիրների ինքնակրթությունը խրախուսող դիդակտիկ նյութերի, տեսաժապավենների, ձայնագրված դասախոսությունների օգտագործմամբ և կրթական արդի այլ եղանակներով։
3. Ուսուցման ծրագրերն իրականացվում են առկա և հեռավար ձևերով։ Ուսուցման ձևի ընտրությունը նախատեսվում է ուսուցման ծրագրում։ Մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրն իրականացվում է միայն առկա ուսուցման ձևով:
4. Ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցած դատավորների կամ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը ուսուցումը ավարտելու տարվան հաջորդող երեք տարվա ընթացքում համապատասխանաբար դատախազների կամ դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու դեպքում կարող է դիմել Խորհրդին առանձին առարկայական կուրս անցնելուց ազատվելու համար, եթե նախորդ մասնագիտական պատրաստման ընթացքում անցել է այդ առարկայական կուրսը կամ Խորհրդի որոշմամբ նույնաբովանդակ ճանաչված առարկայական կուրս: Այս դեպքում համապատասխան առարկայական կուրսից ունկնդրի նախկինում ստացված գնահատականը համարվում է նաև այդ մասնագիտական պատրաստման շրջանակներում ընդգրկված առարկայական կուրսի գնահատական:
5. Եթե նախորդ մասնագիտական պատրաստման ընթացքում ունկնդրի անցած` սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված առարկայական կուրսի ժամաքանակը պակաս է մասնագիտական պատրաստման շրջանակներում ընդգրկված այն առարկայական կուրսի ժամաքանակից, որից ունկնդիրը դիմել է ազատվելու համար, ապա ունկնդիրը հանձնում է տարբերության քննություն՝ Խորհրդի սահմանած կարգով:
6. Դատավորները, դատախազները, ինչպես նաև Ակադեմիայի շրջանավարտ՝ դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք ունեն առաջարկվող վերապատրաստման առարկայական կուրսերի ընտրության իրավունք` սահմանված պահանջներին և ժամաքանակին համապատասխան: Դատարանների նախագահների խորհուրդը և գլխավոր դատախազը կարող են սահմանել Ակադեմիայի վերապատրաստման ծրագրերի առարկայական կուրսերի շրջանակում համապատասխանաբար դատավորների, դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց և դատախազների առանձին խմբերի համար պարտադիր առարկայական կուրսեր:
7. Ունկնդիրների ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։
8. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված այն անձինք, որոնք որպես դասախոս ներգրավված են Ակադեմիայում 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց ուսուցման գործընթացին, համարվում են համապատասխան ժամաքանակով իրենց համար պարտադիր վերապատրաստումն անցած։
Հոդված 22. | Ուսումնառության ժամաքանակը և ժամկետները |
1. Ուսումնառության ժամաքանակի չափման միավորը մեկ ակադեմիական ժամն է, որի տևողությունը 40 րոպե է։
2. Դատավորների, դատախազների և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց պարտադիր վերապատրաստման ուսումնառության ժամաքանակը կազմում է առնվազն 80, բայց ոչ ավելի, քան 120 ակադեմիական ժամ։
3. Դատական ծառայողների և դատախազության աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստման, ինչպես նաև ըստ ատեստավորման կամ գնահատման արդյունքների` լրացուցիչ վերապատրաստման կարիք ունեցող դատախազների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների, դատական ծառայողների ուսումնառության ժամաքանակը սահմանում են համապատասխանաբար հանրապետության գլխավոր դատախազը և Դատարանների նախագահների խորհուրդը, իսկ դատական կարգադրիչների պարագայում՝ դատական դեպարտամենտի ղեկավարը:
4. Դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց ուսումնառության ժամկետի տևողությունը առնվազն 7 ամիս է, բայց ոչ ավելի, քան 10 ամիս։
5. Դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման գործընթացը, որպես կանոն, սկսվում է թեկնածությունների ցուցակի համալրումն ավարտվելու ամսվան հաջորդող ամսվանից:
Հոդված 23. | Փորձաշրջանը |
1. Դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված մասնագիտական պատրաստում անցնող անձինք անցնում են պարտադիր փորձաշրջան: Փորձաշրջանի տևողությունը սահմանվում է համապատասխան ուսուցման ծրագրով, սակայն չի կարող պակաս լինել 3 ամսից։
2. Փորձաշրջանը կազմակերպվում է անհատական ծրագրին համապատասխան, որում ընդգրկվում են փորձաշրջանի ընթացքում պարտադիր կատարման ենթակա առաջադրանքներ` ըստ ուսուցման ծրագրում նշված ուղղությունների։
3. Փորձաշրջանի ժամանակ ունկնդիրը պարտավոր է պատշաճ կերպով կատարել անհատական ծրագրով նախատեսված առաջադրանքները։
Հոդված 24. | Փորձաշրջանի ղեկավարը |
1. Դատարանների նախագահների խորհուրդը և գլխավոր դատախազը մասնագիտական պատրաստման դասընթացները սկսվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, Ռեկտորին են ներկայացնում այդ տարվա ունկնդիրների փորձաշրջանի կազմակերպման համար համապատասխան դատարանների և դատախազությունների ցանկը, ինչպես նաև փորձաշրջանի ղեկավարների անունները և պաշտոնները՝ հիմք ընդունելով այդ ուսումնական տարվա ունկնդիրների մասնագիտացումները:
2. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերում Ռեկտորը կարող է դիմել Դատարանների նախագահների խորհուրդ և գլխավոր դատախազին` սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան փորձաշրջանի այլ ղեկավարներ նշանակելու համար:
3. Ունկնդիրների բաշխումը, ըստ փորձաշրջանի ղեկավարների, կատարում է Ռեկտորը: Գլխավոր դատախազը, Ռեկտորի ներկայացրած բաշխմանը համապատասխան, իր հրամանով անձին նշանակում է փորձաշրջանի ղեկավար:
4. Ունկնդիրների՝ ըստ փորձաշրջանի ղեկավարների բաշխումը Ռեկտորը պետք է կատարի այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին տեղեկությունների հաշվառմամբ, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել ունկնդրի նկատմամբ փորձաշրջանի ղեկավարի անկողմնակալության մեջ:
5. Ունկնդիրը կամ փորձաշրջանի ղեկավարը պարտավոր է Ռեկտորին հայտնել այն փաստերի և հանգամանքների մասին, որոնք կարող են կասկած հարուցել փորձաշրջանի ղեկավարի անկողմնակալության մեջ, այն պահից 7 օրվա ժամկետում, երբ նրանք իմացել են կամ ողջամտորեն կարող էին իմանալ դրանց առկայության մասին:
6. Փորձաշրջանի ղեկավարը պարտավոր է`
1) կազմակերպել ունկնդրի ուսուցումը Ռեկտորի հաստատած անհատական ծրագրին համապատասխան.
2) նպաստել ունկնդրի մասնագիտական գիտելիքների խորացմանը, գործնական հմտությունների ձևավորմանն ու կատարելագործմանը.
3) հետևել ունկնդրի կողմից անհատական ծրագրով նախատեսված պարտականությունների պատշաճ կատարմանը.
4) փորձաշրջանի ընթացքում ունկնդրի կողմից թերացումներ նկատելու դեպքում հայտնել ունկնդրին, իսկ էական թերացումներ նկատելու դեպքում՝ նաև Ռեկտորին։
Հոդված 25. | Փորձաշրջանի արդյունքների ամփոփումը |
1. Փորձաշրջանի ավարտից հետո ունկնդիրը, փորձաշրջանի ղեկավարի հաստատմամբ, Ռեկտորին է ներկայացնում փորձաշրջանի ընթացքում կատարված աշխատանքների և ձեռք բերված արդյունքների վերաբերյալ Խորհրդի սահմանած ձևի հաշվետվություն։
2. Փորձաշրջանի ավարտին, իսկ անհատական ծրագրով նախատեսված դեպքերում՝ նաև փորձաշրջանի ընթացքում, ղեկավարը Ռեկտորին է հանձնում Խորհրդի սահմանած ձևի գնահատագիր, որով փորձաշրջանի ընթացքում ունկնդրի գործունեության արդյունքների, նրա դրսևորած գործնական և անձնական հատկանիշների նկարագրությամբ ունկնդրի փորձաշրջանը գնահատում է դրական կամ բացասական։
3. Ունկնդիրը պետք է հնարավորություն ունենա ծանոթանալու իր գնահատագրին և փորձաշրջանի գնահատականը կարող է բողոքարկել Խորհուրդ՝ գնահատագրին ծանոթանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում։
Հոդված 26. | Գնահատման և բողոքարկման հանձնաժողովները |
1. Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքները գնահատելու համար ձևավորվում է գնահատման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմի մեջ են մտնում Դատարանների նախագահների խորհրդի կողմից իրենց համաձայնությամբ նշանակված հինգ դատավոր և արդարադատության նախարարի նշանակած` գիտության համապատասխան բնագավառի երկու մասնագետ:
2. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքները գնահատելու համար ձևավորվում է գնահատման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են գլխավոր դատախազի նշանակած հինգ դատախազ և արդարադատության նախարարի նշանակած` գիտության համապատասխան բնագավառի երկու մասնագետ:
3. Դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց գնահատման հանձնաժողովը ղեկավարում է հանձնաժողովի կազմից ձայների մեծամասնությամբ ընտրված անդամը:
4. Դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքները գնահատելու համար ձևավորվում է գնահատման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են դատական դեպարտամենտի ղեկավարի` դատական դեպարտամենտից նշանակած չորս անդամ և գիտության համապատասխան բնագավառի մասնագետ՝ նշելով հանձնաժողովի նախագահին։
5. Դատախազության աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման արդյունքները գնահատելու համար ձևավորվում է գնահատման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են գլխավոր դատախազի նշանակած չորս անդամ և գիտության համապատասխան բնագավառի մասնագետ` նշելով հանձնաժողովի նախագահին։
6. Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման քննությունների արդյունքների հետ կապված բողոքները քննելու և լուծելու համար ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Դատարանների նախագահների խորհրդի կողմից իրենց համաձայնությամբ նշանակված երկու դատավոր և արդարադատության նախարարի նշանակած` իրավունքի համապատասխան բնագավառի մեկ մասնագետ:
7. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման քննությունների արդյունքների հետ կապված բողոքները քննելու և լուծելու համար ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են գլխավոր դատախազի նշանակած երկու դատախազ և արդարադատության նախարարի նշանակած` գիտության համապատասխան բնագավառի մեկ մասնագետ:
8. Դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքների հետ կապված բողոքները քննելու և լուծելու համար ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են դատական դեպարտամենտի ղեկավարի` դատական դեպարտամենտից նշանակած երկու անդամ և գիտության համապատասխան բնագավառի մասնագետ։
9. Դատախազության աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման արդյունքների հետ կապված բողոքները քննելու և լուծելու համար ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են գլխավոր դատախազի նշանակած երկու անդամ և գիտության համապատասխան բնագավառի մասնագետ։
10. Խորհրդի անդամը չի կարող ընդգրկվել սույն հոդվածով նախատեսված հանձնաժողովների կազմում:
11. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների կազմերը ձևավորելիս պետք է ապահովվի դրանց կազմում ստուգման ենթակա առարկայական կուրսի (կուրսերի) վերաբերյալ համապատասխան գիտելիքների տիրապետող անձանց նշանակումը:
12. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված մասնագիտական պատրաստման արդյունքների գնահատման և բողոքարկման հանձնաժողովները ձևավորվում են մասնագիտական պատրաստման արդյունքների ստուգումից ոչ շուտ, քան մեկ շաբաթ առաջ, և լուծարվում են արդյունքների ամփոփման և բողոքարկման ժամկետները լրանալուց հետո: Սույն հոդվածի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերով նախատեսված հանձնաժողովները ձևավորվում են յուրաքանչյուր տարվա սկզբին:
13. Սույն հոդվածով նախատեսված հանձնաժողովների անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են`
1) իր հիմնական պաշտոնում լիազորությունները դադարելու և նույն համակարգում այլ պաշտոնի չնշանակվելու դեպքում.
2) իր դիմումի համաձայն.
3) եթե համապատասխան անդամին նշանակած մարմինը, քննարկելով սույն հոդվածի 14-րդ մասին համապատասխան ներկայացված փաստերը կամ հանգամանքները, գտնում է, որ դրանք կարող են ողջամիտ կասկած հարուցել հանձնաժողովի անդամի անկողմնակալության հարցում:
14. Հանձնաժողովի անդամը պարտավոր է իրեն նշանակած մարմնին գրավոր հայտնել, եթե տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել գնահատման կամ բողոքարկման գործընթացին նրա մասնակցության անկողմնակալության հարցում:
15. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում նոր անդամը նշանակվում է համապատասխան հանձնաժողովի անդամի նշանակման համար սույն հոդվածով սահմանված կարգով՝ հանձնաժողովի կազմից դուրս եկած անդամի լիազորությունների մնացած ժամանակահատվածով:
16. Հանձնաժողովի անդամները վարձատրվում են Ակադեմիայի միջոցների հաշվին:
Հոդված 27. | Քննությունների անցկացման և արդյունքների բողոքարկման կարգը |
1. Ակադեմիայում մասնագիտական պատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքները, որպես կանոն, գնահատվում են գրավոր քննությունների միջոցով: Գրավոր քննության համար նախատեսված կարգից բացառություններ կարող են նախատեսվել Խորհրդի որոշմամբ այն առարկայական կուրսերից հանձնվող քննությունների համար, որոնք չեն կարող անցկացվել գրավոր եղանակով:
2. Գրավոր քննության արդյունքների ստուգումը և գնահատումը գնահատման հանձնաժողովն իրականացնում է անանուն:
3. Գրավոր քննության յուրաքանչյուր աշխատանքի ստուգումը իրականացնում են սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված գնահատման հանձնաժողովի կազմից վիճակահանությամբ ընտրված երկու ստուգողները, որոնցից մեկը պետք է լինի համապատասխանաբար դատավոր, դատախազ, դատական դեպարտամենտի ղեկավարի կամ գլխավոր դատախազի նշանակած անձը, իսկ մյուսը՝ գիտության համապատասխան բնագավառի մասնագետ:
4. Եթե դատավորների կամ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ընթացքում նախատեսված գրավոր քննության՝ սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան ստուգման արդյունքներով ստուգողների նշանակած միավորներում առկա է առնվազն 20 տոկոսից ավելի շեղում, նշանակվում է լրացուցիչ ստուգում, որին մասնակցում են գնահատման հանձնաժողովի կազմից վիճակահանությամբ ընտրված համապատասխանաբար մեկ այլ դատավոր կամ դատախազ և գիտության համապատասխան բնագավառի՝ արդարադատության նախարարի նշանակած մյուս մասնագետը, իսկ դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների և դատական կարգադրիչների պարագայում ստուգումն իրականացնում են հանձնաժողովի կազմից վիճակահանությամբ ընտրված երկու այլ ստուգողներ:
5. Գնահատման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ծանոթանալու ստուգված գրավոր աշխատանքին և ներկայացնելու իր նկատառումները:
6. Ակադեմիայում գրավոր քննության ստուգման արդյունքներով վերջնական գնահատականը որոշում է գնահատման հանձնաժողովը՝ առնվազն 4 ձայնով ընդունված որոշմամբ: Եթե գնահատման հանձնաժողովը անհրաժեշտ ձայներով որոշում չի կայացնում վերջնական գնահատականի վերաբերյալ, ապա այն որոշվում է համապատասխանաբար 2, իսկ լրացուցիչ ստուգում նշանակված լինելու դեպքում՝ 4 ստուգողների նշանակած գնահատականների միջինով:
7. Ակադեմիայում քննության ժամանակ ունկնդրին տրվող հարցերը պետք է բխեն ուսումնական ծրագրի շրջանակներում մատուցված նյութից:
8. Ստուգված գրավոր աշխատանքները պետք է պարունակեն դրանցում առկա թերությունների վերաբերյալ ստուգողների կատարած համապատասխան նշումներ, որոնք հնարավորություն կտան եզրահանգումներ անելու գնահատման հիմքում ընկած հանգամանքների մասին:
9. Ունկնդիրն իրավունք ունի դիմելու և գնահատման հանձնաժողովի անդամներից ստանալու իր գնահատականի վերաբերյալ լրացուցիչ բանավոր պարզաբանումներ:
10. Յուրաքանչյուր ունկնդիր գնահատման հանձնաժողովի որոշման հրապարակման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող է դիմել բողոքարկման հանձնաժողով, եթե համարում է, որ խախտվել է քննությունների անցկացման ընթացակարգը, կամ վիճարկում է քննության գնահատականը:
11. Քննության ընթացակարգը կամ գնահատականը բողոքարկելիս ունկնդիրը հստակ նշում է բողոքի հիմքում ընկած հանգամանքները և իր հիմնավորումները:
12. Գրավոր աշխատանքը և բողոքը բողոքարկման հանձնաժողովին տրամադրվում են անանուն:
13. Բողոքարկման արդյունքներով կայացված որոշումները պատճառաբանվում են:
14. Քննության հետ կապված որոշումները կարող են բողոքարկվել վարչական դատարան միայն քննությունների անցկացման ընթացակարգի, գրավոր աշխատանքների ստուգման, գնահատման և բողոքարկման ընթացակարգային նորմերի խախտման հիմքով:
15. Ռեկտորը ապահովում է գրավոր քննությունների ողջ ընթացքի տեսաձայնագրումը:
16. Ունկնդիրն իրավունք ունի ստանալու գրավոր քննության ողջ ընթացքի տեսաձայնագրության կրկնօրինակը, ինչպես նաև գրավոր քննության ստուգված ցանկացած աշխատանքի պատճենները:
17. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը և արդարադատության նախարարը՝ դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց պարագայում, դատական դեպարտամենտի ղեկավարը՝ դատական ծառայողների և դատական կարգադրիչների պարագայում, իսկ գլխավոր դատախազը՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց և դատախազության աշխատակազմում պետական ծառայողների պարագայում, կարող են ցանկացած ժամանակ դիմել և եռօրյա ժամկետում ստանալ քննության տեսագրության կրկնօրինակը և գրավոր քննության ստուգված աշխատանքների պատճենները:
Հոդված 28. | Ուսուցման արդյունքների ամփոփումը |
1. Դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը համարվում է մասնագիտական պատրաստումն անցած, եթե նա առարկայական կուրսերից բոլոր քննությունների արդյունքներով ստացել է դրական գնահատական և դրական է գնահատվել փորձաշրջանի արդյունքներով:
2. Դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի՝ Ակադեմիան ավարտելու հանրագումարային միավորը հաշվարկվում է առարկայական կուրսերից հանձնած բոլոր քննությունների գնահատականների հիման վրա:
3. Դատական ծառայողները, դատական կարգադրիչները, դատախազության աշխատակազմում պետական ծառայողները համարվում են վերապատրաստումը կամ լրացուցիչ պատրաստումն անցած դրական գնահատման դեպքում։
4. Դատավորը, դատախազը, դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը համարվում են վերապատրաստումը կամ լրացուցիչ վերապատրաստումն անցած, եթե նրանք մասնակցել են վերապատրաստման կամ լրացուցիչ վերապատրաստման համապատասխան առարկայական կուրսի բոլոր ժամերին, այդ թվում, երբ նրանց բացակայությունը Ռեկտորը ճանաչել է հարգելի:
5. Ունկնդրի՝ համապատասխան առարկայական կուրսով անցած վերապատրաստումը չի գնահատվում, եթե սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան հարգելի ճանաչված բացակայությունները գերազանցում են վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման առարկայական կուրսի ժամաքանակի քսան տոկոսը: Այս դեպքում ունկնդրին հնարավորություն է տրվում կրկին անցնելու նույնաբովանդակ առարկայական կուրսը կամ Խորհրդի սահմանած կարգով անցնելու Խորհրդի կողմից համարժեք սահմանված այլ առարկայական կուրս:
Հոդված 29. | Ունկնդիրների վերաբերյալ տեղեկատվության հաշվառումը |
1. Ուսումնառության ժամանակ Ակադեմիան վարում է ունկնդիրների հաճախելիության մատյաններ։
2. Ուսումնառության արդյունքների վերաբերյալ Ակադեմիան վարում է հաշվառման մատյան, որտեղ նշվում են ունկնդրի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, ուսումնառության ժամկետները և Խորհրդի որոշմամբ սահմանված այլ տեղեկություններ:
3. Ակադեմիան յուրաքանչյուր ուսումնական ծրագրի ավարտից հետո համապատասխանաբար Դատարանների նախագահների խորհրդին՝ դատավորների ու Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասով, դատական դեպարտամենտին՝ դատական ծառայողների և դատական կարգադրիչների մասով, գլխավոր դատախազին՝ դատախազների ու դատախազության աշխատակազմում պետական ծառայողների մասով, ամփոփ տեղեկանք է ներկայացնում` Ակադեմիայում ուսուցումն անցած ունկնդիրների ուսումնառության արդյունքների վերաբերյալ։
Գ Լ ՈՒ Խ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 30. | Օրենքի ուժի մեջ մտնելը և հետադարձ ուժը |
1. Սույն օրենքը, բացառությամբ 16-րդ, 17-րդ, 19-րդ, 20-րդ, 21-29-րդ հոդվածների, ուժի մեջ է մտնում 2013 թվականի սեպտեմբերի 1-ից։
2. Սույն օրենքի 16-րդ, 17-րդ, 19-րդ, 20-րդ, 21-29-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից և տարածվում են 2014 թվականի հունվարի 1-ից Ակադեմիայի կողմից իրականացվող ուսուցման գործընթացների նկատմամբ:
3. Մինչև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նորմերի ուժի մեջ մտնելը և Ակադեմիայի կողմից ուսուցման ծրագրերի մասով գործառույթներ իրականացնելը դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման և դատավորների, դատախազների, դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների, դատական կարգադրիչների վերապատրաստման հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:
4. Բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի, 23-25-րդ հոդվածների, սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» և «Դատախազական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններում ուսումնառություն անցած և 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ թեկնածությունների ցուցակում ընդգրկված ունկնդիրների վրա:
Հոդված 31. | «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» և «Դատախազական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների լուծարումը |
1. «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» և «Դատախազական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները լուծարելու մասին համապատասխանաբար Դատարանների նախագահների խորհրդի և գլխավոր դատախազի որոշումներն ընդունվում են մինչև 2013 թվականի դեկտեմբերի 15-ը։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող գույքը դրանց պարտատերերի պահանջները բավարարելուց հետո ուղղվում է պետական բյուջե:
3. «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» և «Դատախազական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սկսված ուսուցման ծրագրերը մինչև սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետը շարունակում են «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» և «Դատախազական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները: Նշված ժամկետի ավարտից հետո «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» և «Դատախազական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող ուսուցման ծրագրերը շարունակում է Ակադեմիան՝ Խորհրդի որոշմամբ դրանցում ըստ անհրաժեշտության կատարելով փոփոխություններ:
Հոդված 32. | Ակադեմիայի ստեղծումը և Կանոնադրության ընդունումը |
1. Ակադեմիան ստեղծվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում:
2. Ակադեմիայի ստեղծմանը հաջորդող 40-օրյա ժամկետում Խորհուրդը մշակում և սույն օրենքով սահմանված կարգով կառավարություն է ներկայացնում Կանոնադրությունը, որն ընդունում է կառավարությունը՝ Կանոնադրությունը Խորհրդից ստացվելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում։
3. Եթե Խորհուրդը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում Կանոնադրությունը չի ներկայացնում կառավարություն, ապա կառավարությունը ժամկետի ավարտմանը հաջորդող մեկամսյա ժամկետում մշակում և ընդունում է Կանոնադրությունը:
Հոդված 33. | Ակադեմիայի կառավարման և ղեկավարման մարմինների ձևավորումը |
1. Խորհրդի անդամները նշանակվում են Ակադեմիայի ստեղծմանը հաջորդող երկշաբաթյա ժամկետում։
2. Առաջին գումարման Խորհրդում սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան նշանակվող մեկական դատավոր և դատախազ անդամ նշանակվում են երկու, մեկական դատավոր և դատախազ անդամ՝ երեք, և մեկական դատավոր և դատախազ անդամ՝ չորս տարի ժամկետով:
3. Խորհրդի առաջին նիստը հրավիրում և նախագահում է Խորհրդի տարիքով ավագ անդամը՝ Ակադեմիայի ստեղծման օրվան հաջորդող 21-օրյա ժամկետում։
4. Խորհրդի նախագահը ընտրվում է Խորհրդի առաջին նիստի ընթացքում։
5. Խորհրդի առաջին նիստից հետո ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում Խորհուրդը սույն օրենքով սահմանված կարգով հայտարարում է Ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ:
Հոդված 34. | Ուսումնական գործընթացի կազմակերպումը Ակադեմիայի ստեղծման առաջին տարում |
1. Ռեկտորի նշանակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» և «Դատախազական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները Ակադեմիային են փոխանցում իրենց կողմից իրականացված և իրականացվող ուսումնական ծրագրերի հետ կապված նյութերը այնպես, որ հնարավոր լինի ապահովել մասնագիտական պատրաստման և վերապատրաստման գործընթացի շարունակականությունը:
2. Ռեկտորի նշանակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, Դատարանների նախագահների խորհուրդը, արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը, իսկ դատական կարգադրիչների դեպքում՝ նաև դատական դեպարտամենտի ղեկավարը, Ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց 2014 թվականի ուսուցման ծրագրերում ներառելու համար: Ներկայացված առաջարկությունների հիման վրա Ռեկտորը մինչև 2014 թվականի հունվարի 20-ը Խորհրդի հաստատմանն է ներկայացնում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց 2014 թվականի ուսուցման ծրագրերը։
3. Խորհուրդը Ռեկտորի կողմից ուսուցման ծրագրերը հաստատման ներկայացնելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում հաստատում է Ռեկտորի ներկայացրած ծրագրերը կամ իր որոշմամբ Ռեկտորին առաջարկում է դրանցում կատարել փոփոխություններ: Ծրագրերում առաջարկված փոփոխությունները կատարելու վերաբերյալ Ռեկտորի անհամաձայնության դեպքում Խորհուրդն իրավունք ունի ծրագրերը իր հաստատմանը կրկին ներկայացնելու օրվան հաջորդող մեկշաբաթյա ժամկետում հաստատելու ծրագրերը իր համար նախընտրելի տարբերակով: Ծրագրերը սահմանված ժամկետում Խորհրդի կողմից չհաստատվելու դեպքում դրանք ընդունված են համարվում Ռեկտորի ներկայացրած տարբերակով:
4. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց ուսուցման ծրագրերը հաստատվելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, Ռեկտորը դրանք ուղարկում է համապատասխանաբար Դատարանների նախագահների խորհուրդ, դատական դեպարտամենտ և գլխավոր դատախազություն՝ վերապատրաստում անցնող անձանց կողմից սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան առարկայական կուրսերի ընտրություն կատարելու նպատակով:
Դատարանների նախագահների խորհուրդը՝ դատավորների ու Դատական դպրոցում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասով, դատական դեպարտամենտը՝ դատական ծառայողների և դատական կարգադրիչների մասով, գլխավոր դատախազությունը՝ դատախազների ու դատախազության աշխատակազմում պետական ծառայողների մասով, ուսուցման ծրագրերը ուղարկելուն հաջորդող 21-օրյա ժամկետում Ակադեմիա են ներկայացնում 2014 թվականի ընթացքում վերապատրաստման ենթակա անձանց ցուցակը՝ սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան առարկայական կուրսերի ընտրության նշումով։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. հունիսի 3 Երևան ՀՕ-50-Ն |