ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի հունիսի 10-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 31-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «դատարանների նախագահների խորհրդին` «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարցին ընթացք տալու համար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան» բառերով.
2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքով կասեցված գործով վարույթը վերսկսվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացվելուց հետո:»:
Հոդված 2. Օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասում 5.1-ին կետը «հիմնավորումները» բառից հետո լրացնել «` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջբերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն» բառերով։
Հոդված 3. Օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) մեղադրական դատավճիռը կայացվել է ապացույցների բավարար ամբողջությամբ չհիմնավորված խոստովանական ցուցմունքի հիման վրա.»։
Հոդված 4. Օրենսգրքի 404-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անձինք վճռաբեկ բողոք կարող են ներկայացնել միայն փաստաբանի միջոցով:»։
Հոդված 5. Օրենսգրքի 407-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ և 2.3-րդ մասերով՝
«2.2. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 414.2 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ներկայացնելու դեպքում բողոքը բերած անձը պետք է հիմնավորի, որ դրա վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կնպաստի օրենքի միատեսակ կիրառության ապահովմանը, մասնավորապես վճռաբեկ բողոքում հիմնավորելով, որ`
1) տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է հակասական մեկնաբանությամբ` կցելով այդ դատական ակտերը և մեջբերելով դրանց հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով ստորադաս դատարանի դատական ակտի միևնույն նորմի` իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ.
2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը` կցելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը և մեջբերելով ստորադաս դատարանի դատական ակտի այն մասը, որը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասին, կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասի միջև առկա հակասության վերաբերյալ.
3) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը` կցելով այդ դատական ակտերը և մեջբերելով դրանց հակասող մասերը, կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հակասության վերաբերյալ.
4) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը` կցելով այդ դատական ակտերը և մեջբերելով դրանց հակասող մասերը, կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ.
5) բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
2.3. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 414.2 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացնելու դեպքում վճռաբեկ բողոքը բերած անձը վճռաբեկ բողոքում պետք է նշի այն նյութական կամ դատավարական նորմը, որը խախտվել է` հիմնավորելով, որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա։».
2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ և 4-րդ մասերը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով՝
«5. Վճռաբեկ բողոքը ստորագրում է բողոք ներկայացնող անձի ներկայացուցիչը, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը։ Բողոքին կցվում է ներկայացուցչի` սույն օրենսգրքով սահմանված կարգով ձևակերպված լիազորագիրը: Վճռաբեկ բողոքին կցվում է նաև վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը):»։
Հոդված 6. Օրենսգրքի 414.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 414.1. | Վճռաբեկ բողոքը վերադարձնելը կամ առանց քննության թողնելը |
1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 407 հոդվածի պահանջներին։
2. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝
1) վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է կամ մերժվել է.
2) վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չուներ.
3) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով.
4) վճռաբեկ բողոք ներկայացրած անձը մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման կայացումը դիմում է ներկայացրել վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին.
5) բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել.
6) բողոքը բերվել է սույն օրենսգրքի 375.4 հոդվածի պահանջի խախտմամբ։
3. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում` նշելով առկա թերությունները։ Վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվելու դեպքում ժամկետները հաշվարկվում են վերստին։
4. Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` ձևական սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:»։
Հոդված 7. Օրենսգրքի 414.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 414.2. | Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը |
1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար.
2) առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, կամ
3) առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք։
2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես, եթե`
1) տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է իրար հակասող մեկնաբանությամբ.
2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը.
3) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.
4) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.
5) վճռաբեկ դատարանը համարում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
3. Սույն հոդվածի իմաստով՝ դատական սխալ են համարվում սույն օրենսգրքի 395 հոդվածով նախատեսված դեպքերը։
4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից երեք ամսվա ընթացքում։
5. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձևով ուղարկվում են բողոք բերող անձին, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումները՝ դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի):»։
Հոդված 8. Օրենսգրքի 414.3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 414.3. | Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելը |
1. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են սույն օրենսգրքի 414.1 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 414.2 հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը։
2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված։ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ վճռաբեկ դատարանը պետք է հիմնավորի վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 414.2 հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը։
3. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից երեք ամսվա ընթացքում։
4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության:»։
Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 414.4-րդ հոդվածով.
«Հոդված 414.4. | Վճռաբեկ բողոքի պատասխանը |
1. Դատավարության մասնակիցը, ստանալով վճռաբեկ բողոքի պատճենը, մինչև վճռաբեկ դատարանում գործի քննությունն սկսելը իրավունք ունի իր պատասխանն ուղարկելու վճռաբեկ դատարան։ Դատավարության մասնակիցը վճռաբեկ դատարան պատասխան ուղարկելու հետ միաժամանակ պետք է պատասխանի պատճենն ուղարկի նաև դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի)։ Պատասխանը ստորագրում է այն ներկայացնող դատավարության մասնակիցը կամ նրա լիազորած անձը:»։
Հոդված 10. Օրենսգրքի 422-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
«5.1) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 414.2 հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը.»։
Հոդված 11. Օրենսգրքի 423-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 423. | Վճռաբեկ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը |
1. Վճռաբեկ դատարանի` գործի քննության արդյունքներով կայացված որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
2. Վճռաբեկ դատարանի` սույն օրենսգրքի 414.1 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 414.3 հոդվածով նախատեսված որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, վերջնական են և ենթակա չեն բողոքարկման:»։
Հոդված 12. Սույն օրենքի 2-11-րդ հոդվածների գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների կողմից կայացվող դատական ակտերի, դրանց դեմ բերվող վերաքննիչ բողոքների և այդ բողոքների քննարկման արդյունքներով կայացվող դատական ակտերի, վերաքննիչ դատարանի ակտերի դեմ բերվող վճռաբեկ բողոքների և այդ բողոքների քննարկման արդյունքներով կայացվող դատական ակտերի վրա։
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2014 թ. հունիսի 21 Երևան ՀՕ-48-Ն
ՆախագահՍ. Սարգսյան