ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի մայիսի 25-ին
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը կարգավորում է մարդու հիմնարար անձնական բարիք համարվող հոգեկան առողջության, հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, կանոնակարգում է հոգեկան առողջության ոլորտում միջազգային իրավունքի նորմերով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» եվրոպական կոնվենցիայով և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների ու ազատությունների իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծման գործընթացները:
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
1. Հոգեբուժական օգնության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 2. | ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ |
Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա:
Հոդված 3. | ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) հոգեկան առողջություն` մարդու անօտարելի և անփոխանցելի ոչ նյութական բարիք, որը ներառում է շրջակա միջավայրի համապատասխան ընկալումը, որոշումներ կայացնելու ու իրագործելու ունակությունը, կայուն հուզականության դրսևորումը և պահպանումը.
2) հոգեկան առողջության պահպանում` մարդու հոգեկան առողջության ոլորտում հոգեկան խանգարումների կանխարգելում և այդ նպատակով համապատասխան աշխատանքների կազմակերպում ու իրականացում.
3) հոգեկան խանգարում` հոգեկան և վարքի խանգարումների գործող հիվանդությունների 10-րդ միջազգային դասակարգմանը համապատասխանող անառողջ վիճակ կամ վարքի խանգարում.
4) հոգեկան խանգարումով տառապող անձ` հոգեկան հիվանդության հետևանքով հոգեբուժական օգնություն ստացող կամ այդ օգնության կարիքն ունեցող անձ.
5) արտահիվանդանոցային (դիսպանսերային) հոգեբուժական օգնություն` հոգեկան հիվանդների հայտնաբերում, հաշվառում, շարունակական հսկողություն, արտահիվանդանոցային բուժում և սոցիալական վերականգնում.
6) հոգեբուժական օգնություն` հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում հոգեկան խանգարումով տառապող անձի հոգեկան հիվանդության հետազոտում, ախտորոշում, բուժում, խնամք ու սոցիալական վերականգնում.
7) հոգեբուժական կազմակերպություն` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական հաստատություն, որի հիմնական խնդիրն է հոգեբուժական և հոգեթերապևտիկ օգնության ու ծառայությունների իրականացումը.
8) հոգեբույժ` բարձրագույն բժշկական կրթություն ստացած և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հոգեբուժական օգնություն իրականացնող ֆիզիկական անձ.
9) բժշկական (կլինիկական) հոգեբան` բարձրագույն հոգեբանական կրթություն ստացած և հոգեկան առողջության ոլորտում հետդիպլոմային կրթություն ստացած բժշկահոգեբանական ծառայություններ իրականացնող ֆիզիկական անձ.
10) հոսպիտալացում` հոգեկան խանգարումով տառապող անձի` հոժարակամ և ոչ հոժարակամ (հարկադիր) ձևերով ընդունում հոգեբուժական հաստատություն.
11) հոգեբուժական հանձնաժողով` 3 կամ ավելի հոգեբույժներից (նրանցից մեկը հրավիրվում է այլ հոգեբուժական կազմակերպությունից), անհրաժեշտության դեպքում` նաև նյարդաբանից կազմված մասնագետների խումբ, որն ստեղծվում է հոգեբուժական կազմակերպության տնօրենի հրամանով և իրավասու է տալ անձի հոգեկան վիճակի ու դրանից բխող բոլոր հարցերի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն:
Գ Լ ՈՒ Խ 2.
ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 4. | ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ |
1. Հոգեկան առողջության պահպանման գործընթացը կազմակերպում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինները, իսկ իրականացնում են այդ նպատակով ստեղծված հոգեբուժական կազմակերպությունները:
2. Հոգեբուժական օգնության և սպասարկման տեսակների ցանկն ու կառուցվածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հոգեբուժական գործունեության լիցենզավորման կարգն ու պայմանները սահմանվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
4. Հոգեբուժական օգնություն իրականացնելու համար անհրաժեշտ կարգն ու պայմանները սահմանվում են սույն օրենքով:
Հոդված 5. | ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ |
Հոգեկան առողջության պահպանումը ներառում է`
1) հոգեկան առողջության բարելավումն ու հոգեկան խանգարումների կանխարգելումը.
2) հոգեկան խանգարումներով տառապող անձանց անհրաժեշտ բազմակողմանի և մատչելի բժշկական օգնության, խնամքի ու օգնության այլ ձևերի ապահովումը.
3) հոգեկան խանգարումներով տառապող անձանց նկատմամբ հասարակության կողմից համապատասխան վերաբերմունքի, առաջին հերթին` հանդուրժողականության, բարյացակամության ձևավորումը, որը, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 15-րդ և 16-րդ հոդվածների, բացառում է որևէ խտրականություն:
Հոդված 6. | ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ |
1. Հոգեբուժական հիվանդություններով տառապող անձանց հոգեբուժական օգնությունը երաշխավորվում է օրենքի, մարդասիրության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների հիման վրա:
2. Հոգեկան խանգարումներ ունեցող անձինք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքները և ազատությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Հոգեկան խանգարումներ ունեցող անձինք, մասնավորապես, իրավունք ունեն`
1) հաստատելու նամակագրական կապ.
2) օգտվելու հեռախոսակապից.
3) հանդիպելու այցելուների հետ.
4) ունենալու և ձեռք բերելու առաջին անհրաժեշտության իրեր ու պարագաներ, օգտվելու անձնական հագուստից.
5) հաղորդակցվելու թերթերի և լրագրերի միջոցով.
6) անմիջականորեն դիմելու բուժհաստատության ղեկավարին կամ բաժանմունքի վարիչին` բուժման, հետազոտման, դուրսգրման, օրենքով սահմանված իր իրավունքների պաշտպանության հարցերով.
7) տալու համաձայնություն և ցանկացած փուլում հրաժարվելու բուժական մեթոդներից և միջոցներից, եթե դրանք կիրառվում են գիտական կամ փորձարարական նպատակներով, ուղեկցվում են լուսա-, տեսա- և կինոնկարահանումներով.
8) պահանջելու իր ընտրած հոգեբույժ մասնագետի մասնակցությունը սույն օրենքով նախատեսված հոգեբուժական հանձնաժողովի աշխատանքներին:
3. Հիվանդանոցային բժշկական հաստատությունում բուժվող հոգեկան խանգարում ունեցող անձինք իրազեկվում են իրենց իրավունքների, հոգեբուժական հաստատությունում գտնվելու նպատակի և պատճառների մասին` դրանց վերաբերյալ նշում կատարելով բժշկական փաստաթղթերում:
4. Հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում հոգեկան խանգարումներով տառապող անձինք իրենց իրավունքներն իրականացնում են անձամբ կամ օրինական ներկայացուցչի միջոցով:
5. Հոգեկան խանգարումներով տառապող անձինք իրավունք ունեն քննվելու և վերաքննվելու բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից:
6. Սույն Հոդվածի 2-րդ մասի 1-7-րդ կետերում նշված իրավունքները կարող են սահմանափակել բուժող բժիշկը, բաժանմունքի վարիչը կամ տնօրենը, եթե դրանց իրականացումը վտանգ է ներկայացնում հիվանդի կամ շրջապատի համար:
Գ Լ ՈՒ Խ 3.
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 7. | ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ |
1. Հոգեկան խանգարումներով տառապող անձանց հոգեբուժական օգնությունն իրականացվում է պետության միջոցների հաշվին` պետության երաշխավորած նպատակային ծրագրերի շրջանակներում, մարդասիրության ու մարդու իրավունքների պաշտպանության հիմունքներով:
2. Պետությունը երաշխավորում է`
1) անհետաձգելի հոգեբուժական օգնությունը.
2) հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում խորհրդատվական, ախտորոշման, բուժման ու սոցիալական վերականգնման հետ կապված օգնությունը.
3) հոգեբուժական փորձաքննության բոլոր ձևերը, ժամանակավոր անաշխատունակության որոշումը.
4) հոգեկան խանգարումներով տառապող անձանց սոցիալ-կենցաղային վիճակին օժանդակությունը.
5) խնամակալությունը.
6) իրավական հարցերով օժանդակությունը.
7) հոգեկան խանգարումներով տառապող հաշմանդամների սոցիալ-կենցաղային վիճակին օժանդակությունը, ուսուցումը և խնամքը.
8) աղետների և վթարների ժամանակ հոգեբուժական օգնության կազմակերպումը:
Հոդված 8. | ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
Հոգեկան խանգարումներով տառապող անձանց հոգեբուժական օգնությունը և սոցիալական պաշտպանությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) ստեղծում է հիվանդանոցային և արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն իրականացնող կազմակերպություններ ծերունիների, մեծահասակների, դեռահասների և մանուկների համար.
2) կազմակերպում է հոգեկան խանգարումներով տառապող անչափահասների հանրակրթական և մասնագիտական հատուկ ուսուցում.
3) ստեղծում է հոգեկան խանգարումներով տառապող անձանց բուժական-արտադրական ուղղվածության կազմակերպություններ, ներառյալ` հաշմանդամների, աշխատանքային բուժման, նոր մասնագիտությունների տիրապետման և զբաղվածության ապահովման համար, միջոցներ է ձեռնարկում աշխատանքի հեշտացված պայմաններով աշխատատեղեր կամ հատուկ արտադրամասեր ստեղծելու ուղղությամբ.
4) ստեղծում է կացարաններ սոցիալական կապերը կորցրած հոգեկան խանգարումներով տառապող անձանց համար:
Հոդված 9. | ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ |
1. Բժշկական ցուցումներից ելնելով` հոգեկան խանգարումով տառապող անձին մասնագիտացված բժշկական հաստատությունները ցուցաբերում են արտահիվանդանոցային խորհրդատվական և հսկողական բժշկական օգնություն:
2. Արտահիվանդանոցային խորհրդատվական օգնությունը ցուցաբերվում է անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմելու դեպքում:
3. Արտահիվանդանոցային հսկողությունն իրականացվում է տևական (քրոնիկ) հոգեկան խանգարումներով տառապող անձանց նկատմամբ:
4. Արտահիվանդանոցային հսկողությունն իրականացնելու կամ դադարեցնելու մասին որոշումը կայացնում է հոգեբուժական օգնություն իրականացնող հաստատությունում ստեղծվող հոգեբուժական հանձնաժողովը, որի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
Գ Լ ՈՒ Խ 4.
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 10.
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ
Հոգեբուժական օգնությունն իրականացնում են համապատասխան որակավորում, բարձրագույն բժշկական կրթություն ունեցող բժիշկ-հոգեբույժները:
Հոդված 11. | ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՁևԵՐԸ |
Հոգեբուժական օգնություն իրականացնելու ձևերը ներառում են քաղաքացիների հոգեկան առողջության հետազոտումը, հոգեկան հիվանդությունների ախտորոշումը, բուժումը, հոգեկան խանգարումներ ունեցող անձանց խնամքը, նրանց բժշկական և սոցիալական վերականգնումը:
Հոդված 12. | ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ԱՆԿԱԽ ԼԻՆԵԼԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ |
Հոգեբուժական օգնություն իրականացնելիս հոգեբույժն անկախ է իր կայացրած որոշումներում և ղեկավարվում է բժշկական պարտքի զգացումով ու սույն օրենքով:
Հոդված 13. | ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Քաղաքացիների հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկությունները բժշկական գաղտնիք են: Այդպիսի տեղեկությունները տրամադրվում են միայն հիվանդին և նրա օրինական ներկայացուցչին նրանց պահանջով` օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Հոգեբուժական հետազոտման տվյալները և եզրակացությունը գրանցվում են բժշկական փաստաթղթերում (ամբուլատոր քարտում կամ հիվանդության պատմության նկարագրում):
Հոդված 14. | ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՄԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ |
Հոգեկան խանգարման ախտորոշումը և բուժումն իրականացվում են միջազգային բժշկական ընդունված չափանիշներին համապատասխան և չեն կարող հիմնվել հասարակության ընդունած բարոյական, մշակութային, քաղաքական կամ կրոնական արժեքների հետ քաղաքացու անհամաձայնության կամ հոգեկան առողջության հետ անմիջական կապ չունեցող այլ պատճառների վրա:
Հոդված 15. | ԲՈՒԺՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ |
1. Հոգեկան խանգարումով տառապող անձի բուժումը կատարվում է նրա կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Բժիշկը պարտավոր է հոգեկան խանգարումով տառապող անձին կամ նրա օրինական ներկայացուցչին տեղեկություններ տրամադրել հոգեկան խանգարման բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տևողության, ինչպես նաև կողմնակի ազդեցության և ակնկալվող արդյունքների մասին: Դրանց վերաբերյալ բժշկական փաստաթղթերում (ամբուլատոր քարտում կամ հիվանդության պատմության նկարագրում) կատարվում է գրանցում:
3. Հոգեկան խանգարումով տառապող անձի բուժումը կարող է իրականացվել առանց նրա կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության` միայն օրենքով նախատեսված բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման և ոչ հոժարակամ (հարկադիր) հոսպիտալացման դեպքերում:
Հոդված 16. | ԲՈՒԺՈՒՄԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ |
1. Հոգեկան խանգարումով տառապող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի հրաժարվելու առաջարկված բուժօգնությունից կամ դադարեցնելու այն, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի:
2. Բուժումից հրաժարվող անձին կամ նրա օրինական ներկայացուցչին պետք է բացատրվեն բուժման դադարեցման հետ կապված հնարավոր հետևանքները:
3. Բուժօգնություն ստանալուց հրաժարվելու և բուժման դադարեցման հետ կապված հնարավոր հետևանքների մասին տեղյակ պահելու փաստը արձանագրվում է բժշկական փաստաթղթերում` բուժօգնությունից հրաժարվող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի և հոգեբույժի ստորագրությամբ:
Հոդված 17. | ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲՈՒՅԺՆԵՐԻ, ՀՈԳԵԹԵՐԱՊևՏՆԵՐԻ և ԱՅԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ |
Հոգեբուժական օգնություն և ծառայություններ իրականացնող հոգեբույժները, ինչպես նաև այլ մասնագետներ կարող են ենթարկվել պետական ապահովագրման ծառայողական պարտականությունները կատարելիս իրենց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու դեպքերի համար` «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 5.
ՀՈԺԱՐԱԿԱՄ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՈՒՄԸ
Հոդված 18. | ՀՈԺԱՐԱԿԱՄ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ |
Հոգեբուժական ստացիոնար հոսպիտալացման հիմք է անձի հոգեկան խանգարման առկայությունը և բժիշկ-հոգեբույժի ստացիոնար հետազոտության կամ բուժման մասին եզրակացությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հոգեբուժական փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտությունը:
Հոդված 19. | ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ |
1. Հոգեբուժական հետազոտումն իրականացվում է անձի հոգեկան խանգարման առկայությունը ճշտելու, ինչպես նաև հոգեբուժական օգնության անհրաժեշտությունը գնահատելու նպատակով:
2. Հոգեբուժական հետազոտում իրականացնող բժիշկը պարտավոր է հետազոտվողին կամ նրա օրինական ներկայացուցչին ներկայանալ որպես հոգեբույժ և հայտնել կատարվող հետազոտության բնույթի ու հետևանքների մասին:
3. Հոգեբուժական հետազոտումն իրականացվում է հետազոտվողի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ` հիվանդի վիճակի և հետազոտման բնույթի վերաբերյալ վերջիններիս լիարժեք տեղեկություն տալուց հետո:
Հոդված 20. | ԱՅԼ ԲԺԻՇԿ-ՄԱՍՆԱԳԵՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ |
Անձի հոգեկան առողջության վերաբերյալ այլ բժիշկ-մասնագետի (ոչ հոգեբույժի) եզրակացությունը հիմք չէ անձին հոգեկան հիվանդ ճանաչելու համար:
Հոդված 21. | ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՍՏԱՑԻՈՆԱՐԻՑ ՀԻՎԱՆԴԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ |
1. Հոգեբուժական ստացիոնարից հիվանդի դուրսգրումը կատարվում է նրա առողջացման և հոգեկան վիճակի բավարար լինելու դեպքում, եթե վերացել է հետագա ստացիոնար բուժման կարիքը, կամ եթե ավարտվել են հետազոտման կամ փորձաքննության ժամկետները:
2. Հոգեբուժական ստացիոնարում հոժարակամ կարգով գտնվող հիվանդի դուրսգրումը կատարվում է հոգեբույժի եզրակացության հիման վրա կամ հիվանդի պահանջով, բացառությամբ այն դեպքերի, երբ հիվանդը վտանգ է ներկայացնում շրջապատի համար:
Գ Լ ՈՒ Խ 6.
ՈՉ ՀՈԺԱՐԱԿԱՄ (ՀԱՐԿԱԴԻՐ) ՀՈՍՊԻՏԱԼԱՑՈՒՄԸ
Հոդված 22. | ՈՉ ՀՈԺԱՐԱԿԱՄ (ՀԱՐԿԱԴԻՐ) ՀՈՍՊԻՏԱԼԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ |
1. Հոգեկան խանգարումներով տառապող անձն առանց իր կամ օրինական ներկայացուցչի համաձայնության կարող է հոսպիտալացվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:
2. Ոչ հոժարակամ (հարկադիր) հոսպիտալացման և հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում հոգեբույժի որոշմամբ հոգեկան խանգարմամբ տառապող անձի նկատմամբ կարող են կիրառվել ֆիզիկական զսպման (գոտիներ, հատուկ հագուստներ) ու մեկուսացման միջոցներ, հանդարտեցման բժշկական մեթոդներ, որոնց կիրառման և տևողության մասին բժշկական փաստաթղթերում կատարվում է պատճառաբանված գրառում:
Հոդված 23. | ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՍՏԱՑԻՈՆԱՐՈՒՄ ՏԵՂԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ |
Հոգեբուժական ստացիոնարում օրենքով սահմանված կարգով հոսպիտալացված անձին պարտադիր հետազոտում է հոգեբուժական հանձնաժողովը, և հոսպիտալացման մասնագիտական հիմնավորվածությունը հաստատվելու դեպքում հոգեբուժական այն հաստատության տնօրինությունը, որում բուժվում է քաղաքացին, քաղաքացուն հոգեբուժական հաստատությունում տեղավորելու պահից 72 ժամվա ընթացքում դիմում է դատարան` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ գլխով սահմանված կարգով քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ (հարկադիր) բուժման ենթարկելու համար:
(23-րդ հոդվածը փոփ. 02.05.06 ՀՕ-51-Ն, խմբ. 28.04.09 ՀՕ-101-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7.
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
Հոդված 24. | ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ և ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ |
1. Հոգեբուժական օգնություն և ծառայություններ իրականացնող հոգեբույժի կամ այլ մասնագետի գործողությունները կարող են բողոքարկվել դատական կարգով:
2. Բողոքը ներկայացնում է հոգեկան խանգարում ունեցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը` օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 8.
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 25. | ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ |
Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Գ Լ ՈՒ Խ 9.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 26. | ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 2 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|