Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (18.09.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
18.09.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
18.09.2023
Дата вступления в силу
18.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ՍնԴ/0049/02/19

2023 թ.   

Սնանկության գործ թիվ ՍնԴ/0049/02/19

Նախագահող դատավոր`

 Ս. Գրիգորյան

Դատավորներ`

 Ա. Մխիթարյան

 Ա. Կուրեխյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

ս. ՄեղրՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

 

2023 թվականի սեպտեմբերի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05082022 թվականի որոշման դեմ ըստ Հայրապետ, Արման և Արթուր Թորգոմյանների հայցի ընդդեմ Բանկի, «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի, Սերգեյ Խաչատրյանի, երրորդ անձինք «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նոնա Գասպարյանի, ՀՀ կադաստրի կոմիտեի, «Թալգրիգ» ՍՊԸ-ի, Սամվել Խաչատրյանի ու Հրահատ Երիցյանի՝ պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Հայրապետ, Արման և Արթուր Թորգոմյանները պահանջել են անվավեր ճանաչել Բանկի, վարկառու «Թալգրիգ» ՍՊԸ-ի և գրավատու «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի միջև 18.03.2014 թվականին կնքված՝ պարտապան չհանդիսացող անձին պատկանող անշարժ գույքի գրավի թիվ 180314 պայմանագիրը և որպես անվավերության հետևանք` անվավեր ճանաչել այդ պայմանագրի հիման վրա ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 24.03.2014 թվականին կատարված գրավի իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 26112021 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 05082022 թվականի որոշմամբ Արման Թորգոմյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 26112021 վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Դավիթ Սարգսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանը խախտել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ, 60-62-րդ և 167-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով Դատարանը 11.12.2020 թվականին կայացրել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում, որի համաձայն, ի թիվս այլնի, հայցվորի վրա պարտականություն է դրվել ապացուցելու, որ գրավի պայմանագիրը կնքվել է օրենքի խախտմամբ՝ գործարքը հանդիսացել է խոշոր գործարք և չի պահպանվել խոշոր գործարք կնքելու համար օրենքով սահմանված կարգը:

Հայցվորների ներկայացուցիչը մասնակցել է բոլոր դատական նիստերին, օբյեկտիվորեն հնարավորություն է ունեցել իր դիրքորոշումը հայտնելու ապացուցման պարտականությունը բաշխելու մասին Դատարանի որոշմանը նախորդած բոլոր գործողությունների, ինչպես նաև արդեն կայացված որոշման վերաբերյալ, որը և իրացրել է: Հայցվորների ներկայացուցչի միջնորդությամբ Դատարանը բազմիցս հետաձգել է դատական նիստերը՝ նրան հնարավորություն տալով ապացուցելու Դատարանի կողմից իր վրա դրված փաստերի առկայությունը և (կամ) բացակայությունը։ Ավելին՝ Դատարանը 10032021 թվականի որոշմամբ բավարարել է հայցվորների ներկայացուցչի միջնորդությունը և փոփոխել Դատարանի 11122020 թվականի որոշմամբ սահմանված ապացույցների ներկայացման ժամկետը՝ սահմանելով ապացույցների ու դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունների ներկայացման նոր ժամկետ։ Չնայած դրան՝ հայցվորների ներկայացուցիչն արդյունքում չի կարողացել ապացուցել, որ վիճարկվող գործարքն ընկերության համար հանդիսացել է խոշոր գործարք և չեն պահպանվել խոշոր գործարք կնքելու համար օրենքով սահմանված կարգը, չի կայացել բաժնետերերի ժողով, ժողովի մասին բաժնետերերին ծանուցումներ չեն ուղարկվել, իսկ Հայրապետ Թորգոմյանն ունեցել է վճռորոշ ձայնի իրավունք, որի արդյունքում էլ Դատարանը հանգել է հայցը մերժելու իրավաչափ եզրահանգման:

Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափորեն բեկանել է Դատարանի վճիռը և փաստացի առաջարկել է տրամաբանությունից զուրկ ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ և 62-րդ հոդվածներին հակասող լուծում, այն է` չնայած հայցվորները չեն ներկայացրել ապացույց այն մասին, որ գործարքը կարող էր տեսականորեն հանդիսանալ «խոշոր», այդուհանդերձ, ըստ Վերաքննիչ դատարանի` Դատարանը պետք է քններ և որոշեր, թե Ընկերության որ մարմինն էր իրավասու տալ թույլտվություն խոշոր գործարքի դեպքում: Նման մոտեցումը չի բխում արդարադատության պատշաճ իրականացման սկզբունքից, արդյունավետ դատավարության իրականացման անհրաժեշտությունից այն պարզ պատճառով, որ եթե հայցվորները չեն ներկայացրել ոչ մի ապացույց գործարքի «խոշոր» լինելու վերաբերյալ, ապա Դատարանը չպետք է անիմաստ ժամանակ ծախսեր և պարզեր, թե որ մարմինը պետք է որոշում կայացներ, եթե գործարքը լիներ խոշոր: Մինչդեռ հայցվորներն ի սկզբանե իրենց հայցադիմումում կամ գոնե դրանից հետո տրամադրված բավարար ժամանակահատվածում չեն ներկայացրել և ոչ մի ապացույց գործարքի խոշոր հանդիսանալու վերաբերյալ:

Տվյալ դեպքում հայցվորները ոչ միայն անհիմն հայց են ներկայացրել և հայցին չեն կցել իրենց փաստարկները հիմնավորող որևէ ապացույց, այլև Դատարանի կողմից բազմիցս տրամադրված ժամանակահատվածում ոչ մի ապացույց չեն ներկայացրել` ցանկանալով լոկ ձգձգել գույքի իրացման գործընթացը` դրանով իսկ թույլ տալով իրավունքների չարաշահում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05082022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 26112021 թվականի վճռին։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 26.09.2003 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1363548 վկայականի համաձայն` Երևանի Շենգավիթ համայնքի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 10ա հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է «Երևանի «Քիմտեխ» քիմիատեխնոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքը հատոր 7-րդ, գթ 157-170

2) 24.02.2012 թվականին Բանկի և «Թալգրիգ» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ 009836 հիմնական պայմանագրի 1.1 կետի համաձայն` Բանկը Պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով, Պայմանագրի գործողության ժամկետում Վարկառուին միանվագ կամ մաս առ մաս տրամադրում է վարկ վարկեր, վարկային գծեր, երաշխիք երաշխիքներ, օվերդրաֆտ օվերդրաֆտներ, առավելագույնը 6.000.000.000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք այլ արժույթ գումարով։ Պայմանագիրը գործում է մինչև 24022022 թվականը ներառյալ հատոր 1-ին, գթ 42)

3) վերոնշյալ պայմանագրով ստանձնած (ստանձնվող) պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով 18.03.2014 թվականին «Երևանի «Քիմտեխ» քիմիատեխնոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ» (իրավահաջորդ «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ») ՓԲԸ-ի սեփականատերերի արտահերթ ընդհանուր ժողովը (ժողովին մասնակցել է միայն Սերգեյ Խաչատրյանը՝ 81,25 տոկոս բաժնետոմսով) որոշել է գրավադնել Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող վերը նշված գույքը (հատոր 2-րդ, գ.թ. 15)

4) 18.03.2014 թվականին Բանկի, «Թալգրիգ» ՍՊԸ-ի և «Երևանի «Քիմտեխ» քիմիատեխնոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի միջև կնքված՝ Պարտապան չհանդիսացող անձին պատկանող անշարժ գույքի գրավի թիվ 180314 պայմանագրի 1.1 կետի համաձայն` Վարկառուի և Գրավառուի միջև 24022012 թվականին Երևան քաղաքում կնքված թիվ 009836 հիմնական պայմանագրով, առկայության դեպքում նաև դրա հիման վրա կնքված կնքվելիք համաձայնագրերով Գրավառուի հանդեպ Վարկառուի ստանձնած պարտավորությունները վերջինիս կողմից չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում Գրավառուն իրավունք ունի Վարկառուի նկատմամբ իր պահանջները բավարարել Պայմանագրի 1.2 կետում նշված անշարժ գույքի հաշվին։

Նույն պայմանագրի 1.2 կետի համաձայն` Գրավի առարկա է հանդիսանում ՀՀ, ք Երևան, Շենգավիթ համայնքի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 10ա հասցեում գտնվող անշարժ գույքը։

Նույն պայմանագրի 1.3 կետի համաձայն` պայմանագիրը կնքելու պահի դրությամբ գրավադրված գույքը սեփականության իրավունքով պատկանել է «Երևանի «Քիմտեխ» քիմիատեխնոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ին հատոր 1-ին, գթ 44)

 5) 24.03.2014 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24032014-01-0051 վկայականի համաձայն` Երևանի Շենգավիթ համայնքի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 10ա հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Բանկի իրավունքը հատոր 1-ին, գթ 48

6) Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.08.2015 թվականի թիվ ԵԷԴ/0053/04/15 վճռով «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ հիմք՝ «datalex.am» տեղեկատվական համակարգ

 Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 1510.2015 թվականի որոշմամբ հաստատվել է «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը, որով գրանցվել է նաև Հայրապետ Թորգոմյանի պահանջը՝ 290315000 ՀՀ դրամի չափով հատոր 7-րդ, գթ 122-125

7) «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի՝ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ցուցակի համաձայն՝ առ 18.03.2014 թվականի դրությամբ «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի սեփականատերերն են՝ Խաչատրյան Սերգեյ Սամվելի՝ 81.25 տոկոս, Համլետ Ռուբիկի Ասատրյան՝ 3.125 տոկոս, Հայրապետ Թորգոմյան՝ 2. 604 տոկոս, Արման Թորգոմյան՝ 2. 604 տոկոս, Արթուր Թորգոմյան՝ 2. 604 տոկոս, Լևոն Վարդանյան՝ 2. 604 տոկոս, Արմեն Հավակիմյան՝ 2. 604 տոկոս, Գագիկ Խլղաթյան՝ 2. 604 տոկոս հատոր 2-րդ, գթ16

8) «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի 25.09.2021 թվականի թիվ 3-2186 գրության համաձայն՝ «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միջև ռեեստրի վարման պայմանագրի կնքման պահից՝ 02.11.2012 թվականից մինչև 23.09.2021 թվականն ընկած ժամանակահատվածում կենտրոնական դեպոզիտարիայի արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգում գրանցված են «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի կողմից թողարկված 1 152 հատ, յուրաքանչյուրը՝ 10 000 ՀՀ դրամ անվանական արժեքով, հասարակ անվանական բաժնետոմսեր և նշված ժամանակահատվածում՝ 2014 թվականից մինչև 21.06.2021 թվականին ներկայացված հարցման պատասխանն ընկած օրը, վերոնշյալ արժեթղթերի քանակի և (կամ) անվանական արժեքի որևէ փոփոխություն համակարգում չի գրանցվել: Համակարգում վերոնշյալ ժամանակահատվածում «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերության ձայնի իրավունք տվող հասարակ անվանական բաժնետոմսերի ձայնի իրավունքի սահմանափակման վերաբերյալ գրառումներ նույնպես առկա չեն

9) թիվ ԵԷԴ/0405/02/13 քաղաքացիական գործով 12.03.2014 թվականին կայացված և հետագայում օրինական ուժի մեջ մտած վճռով, ի թիվս այլոց, անվավեր է ճանաչվել նաև Սերգեյ Խաչատրյանի սեփականության իրավունքն Ընկերությունում ունեցած բաժնեմասերի նկատմամբ, և ընդհանուր 40 տոկոս բաժնեմասերի նկատմամբ ճանաչվել է Սամվել Խաչատրյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 50-56)

10) սույն գործով դիմելով դատարան՝ համահայցվորները խնդրել են անվավեր ճանաչել Բանկի, «Թալգրիգ» ՍՊԸ-ի և Ընկերության միջև 18.03.2014 թվականին կնքված թիվ 180314 գրավի պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված՝ Բանկի գրավի իրավունքի պետական գրանցումը:

Հայցի իրավական հիմքերում համահայցվորները դրել են «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 61-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածը, 304-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 313-րդ հոդվածը:

Հայցի փաստական հիմքերում համահայցվորները նշել են, որ գրավի պայմանագիրը կնքվել է օրենքի խախտմամբ, քանի որ՝

- պայմանագիրը եղել է խոշոր գործարք, դրա կնքման համար գրավատու Ընկերության խորհրդի որոշում չի կայացվել, բաժնետերերի ժողով չի հրավիրվել, բաժնետերերը՝ ներառյալ համահայցվորները, ծանուցում չեն ստացել, գոյություն չունի ժողովի արձանագրություն,

- հայցվոր Հայրապետ Թորգոմյանը եղել է Ընկերության 40 տոկոս բաժնեմասի սեփականատերը և նրա ձայնը վճռորոշ էր լինելու գործարք կնքելու վերաբերյալ խորհրդի որոշումը կայացնելու համար, սակայն վերջինս չի քվեարկել գործարք կնքելու օգտին, նաև չի իմացել գործարքը կնքելու մտադրության մասին,

- Ընկերության տնօրեն Սերգեյ Խաչատրյանը, չպահպանելով խոշոր գործարքի կնքման կանոնները, խաբեությամբ և չարամիտ համաձայնության գալով Բանկի ներկայացուցչի հետ, կնքել է վիճարկվող գրավի պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 7-13)

11) Դատարանը 11.12.2020 թվականին, կայացնելով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում, ի թիվս այլնի, համահայցվորների վրա է դրել այն փաստի ապացուցման պարտականությունը, որ գրավի պայմանագիրը կնքվել է օրենքի խախտմամբ, այն է՝

- գործարքը հանդիսացել է խոշոր գործարք և չի պահպանվել խոշոր գործարք կնքելու համար օրենքով սահմանված կարգը, մասնավորապես՝ չի կայացել բաժնետերերի ժողով, ժողովի մասին բաժնետերերին ծանուցումներ չեն ուղարկվել: Հայրապետ Թորգոմյանը, հանդիսանալով 40 տոկոսի բաժնետեր, ունեցել է վճռորոշ ձայնի իրավունք: Գործարքի կնքման պահին չի եղել Ընկերության ժողովի՝ նշված գործարքը կնքելու մասին համաձայնությունը,

- գործարքը կնքվել է խաբեության ազդեցության ներքո, մի կողմի ներկայացուցչի՝ մյուս կողմի հետ չարամիտ համաձայնության արդյունքում (հատոր 5-րդ, գ.թ. 135-138):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ, 62-րդ և 167-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։

 

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածով նախատեսված խոշոր գործարքն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ վեճով ապացուցման պարտականության բեռի բաշխմանը:

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ խոշոր են համարվում`

ա) մեկ կամ մի քանի փոխկապված գործարքները, որոնք, բացառությամբ Ընկերության բնականոն տնտեսական գործունեության շրջանակներում կատարվող գործարքների, ուղղակի կամ անուղղակի կապված են Ընկերության կողմից գույքի ձեռքբերման, օտարման կամ գույքի օտարման հնարավորության հետ, և որոնց արժեքը գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու պահի դրությամբ կազմում է Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 25 և ավելի տոկոսը.

բ) մեկ կամ մի քանի փոխկապված գործարքները, որոնց առարկա է հանդիսանում Ընկերության հասարակ (սովորական) կամ հասարակ (սովորական) բաժնետոմսերի փոխարկվող արտոնյալ բաժնետոմսերի (բացառությամբ ներդրումային ֆոնդերի բաժնետոմսերի) տեղաբաշխումը, որը կազմում է Ընկերության կողմից արդեն տեղաբաշխված հասարակ (սովորական) բաժնետոմսերի 25 և ավելի տոկոսը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ խոշոր գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը որոշվում է նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գույքի շուկայական արժեքը սահմանվում է խորհրդի որոշմամբ (...)։

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ խոշոր գործարք կնքելու մասին որոշումը, որի առարկա է հանդիսանում գույքն ու որի արժեքը գործարքը կնքելու մասին որոշումն ընդունելու պահի դրությամբ կազմում է Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 25-ից 50 տոկոսը, պետք է ընդունվի խորհրդի կողմից միաձայն: Այդ դեպքում խորհրդի դուրս եկած անդամների ձայները հաշվի չեն առնվում:

Եթե գործարք կնքելու մասին որոշումը խորհրդի կողմից չի ընդունվել, ապա խորհուրդն իրավունք ունի որոշում ընդունել` հարցը ժողովում քննարկելու մասին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կետի երկրորդ մասով սահմանված դեպքում, ինչպես նաև եթե գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը գործարքը կնքելու մասին որոշումն ընդունելու պահի դրությամբ կազմում է Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 50 տոկոսից ավելին, ապա գործարքը կնքելու մասին որոշումն ընդունվում է ժողովի կողմից` դրան մասնակցող բաժնետերերի (քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի) ձայների 3/4-ով, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածով սահմանված պահանջները չպահպանելը խոշոր գործարք կնքելիս չի հանգեցնում գործարքի անվավերության, եթե Ընկերության հետ գործարք կնքած անձը գործել է բարեխիղճ` չգիտեր կամ չէր կարող իմանալ նշված պահանջներն Ընկերության կողմից չպահպանելու մասին:

Վերոգրյալ հոդվածների վերլուծությունից նաև բխում է, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ կնքված խոշոր գործարքը կարող է դատական կարգով ճանաչվել անվավեր, բացառությամբ, եթե ընկերության հետ գործարք կնքած անձը գործել է բարեխիղճ` չիմանալով կամ եթե չէր կարող իմանալ նշված պահանջներն ընկերության կողմից չպահպանելու մասին։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը հետազոտված ապացույցը ճանաչում է անարժանահավատ, եթե դրա հետազոտման, գնահատման կամ այլ ապացույցների հետ համադրման արդյունքով հաստատվում է, որ դրանում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը։

Նախկինում կայացրած որոշումներով անդրադառնալով քաղաքացիական գործերով ապացուցման առարկային՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով ապացուցման առարկան ձևավորվում է ոչ միայն հայցի կամ դրա դեմ բերվող առարկությունների հիմքում ընկած փաստերից, այլև վիճելի իրավահարաբերությունը կարգավորող իրավանորմում մատնանշված փաստերից (տե՛ս Սեյրան Քոչարյանն ընդդեմ Օնիկ Մալաքյանի, Շուշիկ Ալեքսանյանի թիվ ԵԱՔԴ/0232/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապացուցման առարկան կազմում են այն նյութաիրավական և դատավարական բնույթի փաստերը, որոնք գործի հարուցման, քննության և լուծման համար ունեն նշանակություն: Դատավարական բնույթի փաստերը, որպես կանոն, գործի վարույթը կասեցնելու, կարճելու կամ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու հիմք են, որոնք ենթակա են ապացուցման: Ընդ որում, մրցակցային դատավարության պայմաններում ապացուցման առարկայի մեջ մտնող ինչպես նյութաիրավական, այնպես էլ դատավարական բնույթի փաստերը հիմնավորելու պարտականությունը դրված է գործին մասնակցող անձանց վրա (տե՛ս «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Կալաչ» ՍՊԸ-ի, Սիլվա Համբարձումյանի թիվ ԵԿԴ/0469/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17072015 թվականի որոշումը)։

ՀՀ սահմանադրական դատարանը 08122009 թվականի թիվ ՍԴՈ-845 որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ նշված հոդվածով ըստ էության նախատեսվում է ապացուցման առարկայի շրջանակներն ուրվագծելու` դատարանի իրավասությունը: Ապացուցման առարկան այն իրավաբանական (հիմնականում նյութաիրավական բնույթի) փաստերի համակցությունն է, որոնք էական նշանակություն ունեն գործն ըստ էության լուծելու համար, և ենթակա են պարզելու դատական քննության ընթացքում: Յուրաքանչյուր գործով ապացուցման առարկայի մեջ մտնող փաստերի կազմը տարբեր է, այն կախված է կողմերի ներկայացրած պահանջներից ու առարկություններից:

ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ ապացուցման առարկայի մեջ մտնող նյութաիրավական փաստերը հանգամանքներ են, որոնց առկայության կամ բացակայության հետ նյութական իրավունքի նորմերը կապում են քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագումը, փոփոխումը, դադարումը, կամ որոնք արգելակում են իրավունքների և պարտականությունների առաջացմանը: Գործով այս փաստերը պարզելն անհրաժեշտ է տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութական իրավունքի նորմի ճիշտ կիրառման և գործն ըստ էության ճիշտ լուծելու համար: Դա էլ հաշվի առնելով որոշվում է ապացուցման առարկան, որն ապացուցողական գործունեության առաջին և ամենակարևոր դատավարական գործողությունն է: Դատարանի վճիռը չի բխի գործի փաստական հանգամանքներից, հետևաբար` օրինական ու հիմնավորված լինել չի կարող, եթե գործին մասնակցող անձինք և դատարանը ճիշտ չորոշեն ապացուցման առարկան կազմող փաստական հանգամանքների շրջանակը և լրիվ չպարզեն դրանք: Փաստական հանգամանքների այդ ամբողջությունը, որն անհրաժեշտ է նաև այլ իրավական հարցեր լուծելու համար, յուրաքանչյուր գործով ենթակա է պարտադիր պարզաբանման: Գործով ապացուցման ենթակա փաստական հանգամանքների այդ ամբողջությունը կազմում է ապացուցման առարկայի հիմնական բովանդակությունը: Բայց դա դեռ բավարար չէ ամեն մի գործով քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու համար: Ապացուցման առարկան ավելի լայն հասկացություն է, դրա մեջ մտնում են նաև այն փաստական հանգամանքները, որոնց պարզաբանումն անհրաժեշտ է գործին ճիշտ լուծում տալու համար:

ՀՀ սահմանադրական դատարանը հավելել է, որ յուրաքանչյուր գործով ապացուցման առարկան կազմող փաստական հանգամանքների ճիշտ սահմանումն անհրաժեշտ պայման է դատաքննության սահմանները որոշելու համար: Ապացուցման առարկայի շրջանակների անհիմն ընդարձակումը կարող է գործը ծանրաբեռնել ավելորդ նյութերով, որը պատճառ կհանդիսանա գործին չվերաբերող նյութերի կուտակմանը, դատավարության ձգձգմանը: Մյուս կողմից` ապացուցման առարկայի շրջանակների անհիմն սահմանափակումը կարող է պատճառ դառնալ գործի միակողմանի, ոչ լրիվ և ոչ օբյեկտիվ քննության համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելը գործը դատաքննության նախապատրաստելու փուլի կենտրոնական խնդիրներից մեկն է (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մաս, 7-րդ կետ, 169-րդ հոդված), որի պատշաճ լուծումը առանցքային նշանակություն ունի գործի քննությունը ճիշտ կազմակերպելու, վարույթի ընթացքը, ուղղվածությունը և բովանդակությունն ուրվագծելու, ինչպես նաև օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար։ Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների շրջանակը որոշելիս դատարանը ղեկավարվում է ոչ միայն կողմերի ներկայացրած պահանջներով և նրանց վկայակոչած հանգամանքներով, այլ նաև նյութական իրավունքի նորմի (նորմերի) բովանդակությամբ և անհրաժեշտության դեպքում կարող է ապացուցման առարկայի մեջ ներառել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք կողմերը չեն վկայակոչել, բայց դրանք նյութական իրավունքի նորմի կիրառման տեսանկյունից գործի լուծման համար ունեն էական նշանակություն։

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշմամբ փաստել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլի նպատակը քաղաքացիական գործի արդյունավետ քննության ապահովումն է: Գործը դատաքննության նախապատրաստելու փուլի նշված նպատակի իրականացումը պայմանավորված է դատավարության այս փուլի խնդիրների ճիշտ իրականացմամբ: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ քաղաքացիադատավարական օրենսդրության վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնել գործը դատաքննության նախապատրաստելու փուլի հետևյալ հիմնական խնդիրները՝

- վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը որոշելը,

- դատավարության մասնակիցների կազմը ճշտելը և նրանց մասնակցությունն ապահովելը,

- գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները (ապացուցման առարկան) որոշելը,

- ապացույցների բավարար համակցության ձևավորումը (ապացույցների կենտրոնացումը) ապահովելը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլի առանցքային տարրը նախնական դատական նիստն է. այն գործը դատաքննության նախապատրաստելու այնպիսի իրավական կառուցակարգ է, որն ապահովում է դատավարության քննարկվող փուլի հիմնական խնդիրների լուծումը, գործը դատաքննության նախապատրաստելուն ուղղված գործողությունների զգալի մասի իրականացումը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ օրենսդիրը նախնական դատական նիստում իրականացվող գործողությունների շարքում նախատեսել է նաև ապացուցում պահանջող փաստերի շրջանակը կողմերի հետ քննարկելու և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան կողմերի միջև ապացուցման պարտականությունը բաշխելու դատավարական գործողությունները: Դատարանի կողմից կատարվող նշված գործողություններն ուղղված են գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները (ապացուցման առարկան) որոշելու և մինչև դատաքննությունը բոլոր հնարավոր ապացույցները կենտրոնացնելու՝ գործը դատաքննության նախապատրաստելու փուլի խնդիրների լուծմանը (տե՛ս «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ «ԱՐՄԻՆԿՈ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0930/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է, որ ապացուցման առարկան որոշելիս դատարանն ուրվագծում է այն փաստական հանգամանքների շրջանակը, որոնք գործն ըստ էության լուծելու համար ունեն էական նշանակություն, ինչպես նաև, թույլատրելիության և վերաբերելիության կանոններից ելնելով, կանխորոշում է դատաքննության սահմանները՝ բացառելով գործի քննության ընթացքում ավելորդ հանգամանքներ և ապացույցներ հետազոտելու անհրաժեշտությունը: Այսինքն՝ գործը դատաքննության նախապատրաստելիս օրենքով սահմանված որոշակի կանոնների պահպանմամբ գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելը, միևնույն ժամանակ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշման համաձայն գործն ըստ էության լուծելը պետք է դիտարկել դատարանի կարևորագույն խնդիրներից մեկը: Հետևաբար` դատարանը, նախնական դատական նիստում ապացուցում պահանջող փաստերի շրջանակը կողմերի հետ քննարկելիս և ապացուցման բեռը բաշխելիս, պարտավոր է քննության ենթակա վեճի լուծումը պայմանավորել ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ (տե՛ս Ասյա Պողոսյանն ընդդեմ Գայանե Գալստյանի, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի (իրավահաջորդ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ), երրորդ անձինք Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ԵԱՔԴ/1539/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20042020 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե´ս Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ նշել է, որ քաղաքացիական դատավարությունում ապացուցման գործընթացի ճիշտ կազմակերպման, ապացուցողական նյութի լրիվության, վարույթի բնականոն ընթացքի ապահովման և արդյունքում գործի ճիշտ լուծման համար կարևոր նշանակություն ունի այն հարցը, թե դատավարության կոնկրետ որ մասնակցի վրա է ընկնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման ծանրությունը կամ ապացուցման բեռը: Հետևաբար օրենքով սահմանված որոշակի կանոնների պահպանմամբ գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելը, որը տեղի է ունենում գործը դատաքննության նախապատրաստելու փուլում, դատարանի կարևորագույն խնդիրներից մեկն է: Գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը կարգավորող օրենսդրական նորմերը` ապացուցման բեռի բաշխման կանոնները, վճռորոշ նշանակություն են ստանում այն դեպքում, երբ կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների իրագործման պայմաններում ներկայացված ապացույցները բավարար չեն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության մասին օբյեկտիվ և հիմնավորված եզրահանգում կատարելու համար, քանի որ քաղաքացիական դատավարությունում դատարանը չի կարող հրաժարվել վճիռ կայացնելուց ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ և ապացուցման ամենաբարդ իրավիճակում անգամ պարտավոր է գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտ կայացնել: Ընդ որում` ապացուցման բեռի բաշխման կանոնները հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները և պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:

Ըստ այդմ` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցներ ներկայացնելու (բացահայտելու) պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև ճիշտ բաշխելու համար դատարանը պետք է ճշգրիտ որոշի գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերի շրջանակը, որոնք պետք է ապացուցվեն գործին մասնակցող տվյալ սուբյեկտի կողմից (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արամ Ավետիսյանի թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը)։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի Շենգավիթ համայնքի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 10ա հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանել է «Երևանի «Քիմտեխ» քիմիատեխնոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ին։ 24.02.2012 թվականին Բանկի և «Թալգրիգ» ՍՊԸ-ի միջև կնքվել է թիվ 009836 հիմնական պայմանագիրը, որով Բանկը Վարկառուին միանվագ կամ մաս առ մաս տրամադրել է վարկ՝ առավելագույնը 6.000.000.000 ՀՀ դրամ գումարով։ Նշված պայմանագրով ստանձնած (ստանձնվող) պարտավորությունների ապահովման համար՝ 18.03.2014 թվականին Ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովը (որին մասնակցել է միայն Սերգեյ Խաչատրյանը՝ 81,25 տոկոս բաժնետոմսով) որոշել է գրավադնել Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևանի Շենգավիթ համայնքի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 10ա հասցեում գտնվող անշարժ գույքը:

 Ի ապահովումն հիմնական պայմանագրի՝ 18.03.2014 թվականին Բանկի, «Թալգրիգ» ՍՊԸ-ի և «Երևանի «Քիմտեխ» քիմիատեխնոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի միջև կնքվել է Պարտապան չհանդիսացող անձին պատկանող անշարժ գույքի գրավի թիվ 180314 պայմանագիրը, ըստ որի՝ Գրավառուի հանդեպ Վարկառուի ստանձնած պարտավորությունները վերջինիս կողմից չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում Գրավառուն իրավունք ունի Վարկառուի նկատմամբ իր պահանջները բավարարել գրավի առարկայի՝ Երևանի Շենգավիթ համայնքի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 10ա հասցեում գտնվող անշարժ գույքի իրացմամբ։ Գրավի պայմանագրից ծագող իրավունքն ստացել է պետական գրանցում և 24.03.2014 թվականին Երևանի Շենգավիթ համայնքի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 10ա հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Բանկին տրվել է իրավունքների պետական գրանցման թիվ 24032014-01-0051 վկայականը։ 11.04.2016 թվականին հայցվոր Հայրապետ Թորգոմյանի կողմից ոստիկանության Էրեբունու բաժին դիմում է ներկայացվել այն մասին, որ Պատասխանող՝ սնանկ ճանաչված ընկերության տնօրեն Սերգեյ Խաչատրյանը, խախտելով ընկերության կանոնադրությունը, առանց համապատասխան ժողով հրավիրելու, հաշվի չառնելով բաժնետերերի կարծիքը, կնքել է Գրավի պայմանագիր, որից հետո քանդել անշարժ գույքի մեծ մասը՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔ վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Մ.Շ.Աբդոյանի 2509.2017 թվականի որոշմամբ թիվ 11130916 քրեական գործով վարույթը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` մեղադրյալ Սերգեյ Սամվելի Խաչատրյանի քննությունից թաքնվելու հիմքով։

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.08.2015 թվականի թիվ ԵԷԴ/0053/04/15 վճռով «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ, և պարտատերերի պահանջների վերջնական ցուցակում գրանցվել է նաև Հայրապետ Թորգոմյանի պահանջը՝ 290315000 ՀՀ դրամ գումարի չափով: Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.10.2016 թվականի որոշմամբ «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ն սնանկության գործով հաստատվել է Բանկի ապահովված պահանջը:

Սույն գործը հարուցվել է Հայրապետ, Արման և Արթուր Թորգոմյանների կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջիններս պահանջել են անվավեր ճանաչել Բանկի, վարկառու «Թալգրիգ» ՍՊԸ-ի և գրավատու «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի միջև 18.03.2014 թվականին կնքված՝ պարտապան չհանդիսացող անձին պատկանող անշարժ գույքի թիվ 180314 գրավի պայմանագիրը, և որպես անվավերության հետևանք` անվավեր ճանաչել այդ պայմանագրի հիման վրա ՀՀ կադաստրի պետական կոմիտեի կողմից 24.03.2014 թվականին կատարված գրավի իրավունքի պետական գրանցումը:

Հայցի իրավական հիմքերում համահայցվորները դրել են «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 61-րդ հոդվածը (որոնք կարգավորում են ընկերությունների խոշոր գործարքների և դրանց կնքման հետ կապված հարաբերությունները), ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածը, 304-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը և 313-րդ հոդվածը:

Հայցի փաստական հիմքերում համահայցվորները նշել են, որ գրավի պայմանագիրը կնքվել է օրենքի խախտմամբ, քանի որ՝

- պայմանագիրը եղել է խոշոր գործարք, դրա կնքման համար գրավատու Ընկերության խորհրդի որոշում չի կայացվել, բաժնետերերի ժողով չի հրավիրվել, բաժնետերերը՝ ներառյալ համահայցվորները ծանուցում չեն ստացել, գոյություն չունի ժողովի արձանագրություն,

- հայցվոր Հայրապետ Թորգոմյանը եղել է Ընկերության 40 տոկոս բաժնեմասի սեփականատերը և նրա ձայնը վճռորոշ էր լինելու գործարք կնքելու վերաբերյալ խորհրդի որոշումը կայացնելու համար, սակայն վերջինս չի քվեարկել գործարք կնքելու օգտին, նաև չի իմացել գործարքը կնքելու մտադրության մասին,

- Ընկերության տնօրեն Սերգեյ Խաչատրյանը, չպահպանելով խոշոր գործարքի կնքման կանոնները, խաբեությամբ և չարամիտ համաձայնության գալով Բանկի ներկայացուցչի հետ, կնքել է վիճարկվող գրավի պայմանագիրը:

Դատարանը 11.12.2020 թվականին, կայացնելով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում, ի թիվս այլնի, համահայցվորների վրա է դրել այն փաստի ապացուցման պարտականությունը, որ գրավի պայմանագիրը կնքվել է օրենքի խախտմամբ, այն է՝.

- գործարքը հանդիսացել է խոշոր գործարք և չի պահպանվել խոշոր գործարք կնքելու համար օրենքով սահմանված կարգը, մասնավորապես՝ չի կայացել բաժնետերերի ժողով, ժողովի մասին բաժնետերերին ծանուցումներ չեն ուղարկվել: Հայրապետ Թորգոմյանը, հանդիսանալով 40 տոկոսի բաժնետեր, ունեցել է վճռորոշ ձայնի իրավունք: Գործարքի կնքման պահին չի եղել Ընկերության ժողովի՝ նշված գործարքը կնքելու մասին համաձայնությունը,

- գործարքը կնքվել է խաբեության ազդեցության ներքո, մի կողմի ներկայացուցչի՝ մյուս կողմի հետ չարամիտ համաձայնության արդյունքում:

Դատարանը 26112021 թվականի վճռով հայցը մերժել է այն հիմնավորմամբ, որ «(...) հայցվորների ներկայացուցչին չհաջողվեց իրագործել հայցվոր կողմի վրա դրված փաստի ապացուցման պարտականությունն առ այն, որ գործարքը հանդիսացել է խոշոր գործարք և չի պահպանվել խոշոր գործարք կնքելու համար օրենքով սահմանված կարգը: Մասնավորապես, հայցվորներին չհաջողվեց ապացուցել այն հանգամանքը, որ չի կայացել բաժնետերերի ժողով, ժողովի մասին բաժնետերերին ծանուցումներ չի ուղարկվել, իսկ Հայրապետ Միհրանի Թորգոմյանը, հանդիսանալով 40 տոկոսի բաժնետեր, ունեցել է վճռորոշ ձայնի իրավունք: Գործում առկա վերաբերելի և թույլատրելի ապացույցների ուժով /«Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ ՓԲ ընկերության ժողովի որոշում, «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության՝ արժեթղթերի սեփականատերերի /անվանատերերի/ ցուցակ, գրավի պայմանագիր, գրավի իրավունքի պետական գրանցում/ Դատարանը գտնում է, որ հայցվորներին չհաջողվեց ապացուցել նաև այն հանգամանքը, որ Գործարքի կնքման պահին առկա չի եղել «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերության ժողովի՝ նշված գործարքը կնքելու մասին համաձայնությունը, ինչպես նաև այն, որ գործարքը կնքվել է խաբեության ազդեցության ներքո՝ մի կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնության արդյունքում:

Դատարանը գտնում է, որ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը»։

Վերաքննիչ դատարանն Արման Թորգոմյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն՝ Դատարանի վճիռը բեկանել է և գործն ուղարկել է նոր քննության՝ պատճառաբանելով, որ «(...) Դատարանը թեև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ հայցվորի վրա է դրել այն փաստի ապացուցման պարտականությունը, որ վիճարկվող գրավի պայմանագիրը եղել է խոշոր գործարք, և վճռում էլ արձանագրել է, որ հայցվորին չհաջողվեց ապացուցել խոշոր գործարքի առկայությունը, այդուհանդերձ, Դատարանը քննարկման առարկա չի դարձրել գործարքի կնքման պահին դրա շուկայական արժեքի և Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի հարաբերակցությունը: (․․․) Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի մասով Դատարանը ևս որևէ եզրահանգում վճռում չի արել:

Ավելին, Դատարանը վճռում չի նշել, թե տվյալ դեպքում Ընկերության ո՞ր մարմինն էր իրավասու ընդունել գրավի պայմանագիր կնքելու մասին որոշումը, այսինքն՝ արդյո՞ք այդ որոշումը ժողովի կողմից կարող էր առհասարակ ընդունվել, թե՞ ոչ:

Նշված հանգամանքները պարզելուց հետո նոր միայն Դատարանը կարող էր անդրադառնալ այն հարցին, թե արդյո՞ք խոշոր գործարք կնքելու մասին որոշումն ընդունվել է Ընկերության արտահերթ ընդհանուր ժողովի՝ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց կողմից և օրենքով սահմանված ձայների անհրաժեշտ քանակի համամասնությամբ:

(․․․) Դատարանը առհասարակ չի քննարկել նաև այն հարցը, որ եթե վիճարկվող գործարքը կնքվել է խոշոր գործարքների կնքման համար սահմանված կարգի խախտմամբ, ապա արդյո՞ք գործարքի մյուս կողմը՝ Բանկը, գիտեր կամ կարող էր իմանալ այդ կարգի խախտված լինելու մասին: Նշված փաստի մասով Դատարանը ապացուցման բեռ չի բաշխել և վճռով էլ դրան անդրադարձ չի կատարել (...)»։

 

Վերը նշված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

«Երևանի «Քիմտեխ» քիմիատեխնոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ» (իրավահաջորդ «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ») ՓԲԸ-ի սեփականատերերի արտահերթ ընդհանուր ժողովի արձանագրության համաձայն՝ ժողովը միաձայն որոշել է`

1. ի ապահովումն Հիմնական պայմանագրով ստանձնած (ստանձնվող) պարտավորությունների՝ գրավադնել Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Երևանի Շենգավիթ համայնքի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 10ա հասցեում գտնվող անշարժ գույքը (…)

4. հանձնարարել Ընկերության տնօրենին` անձամբ կամ լիազորված անձի միջոցով կնքելու և ստորագրելու սույն որոշման կատարման հետ կապված բոլոր պայմանագրերը, համաձայնագրերը և փաստաթղթերը` Բանկի կողմից առաջարկված պայմաններով և կատարել վերոհիշյալ գործարքների հետ առնչվող անհրաժեշտ բոլոր գործողությունները:

«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի՝ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ցուցակի համաձայն՝ առ 18.03.2014 թվականի դրությամբ «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի սեփականատերեր են՝ Խաչատրյան Սերգեյ Սամվելի՝ 81.25 տոկոս, Համլետ Ռուբիկի Ասատրյան՝ 3.125 տոկոս, Հայրապետ Թորգոմյան՝ 2. 604 տոկոս, Արման Թորգոմյան՝ 2. 604 տոկոս, Արթուր Թորգոմյան՝ 2. 604 տոկոս, Լևոն Վարդանյան՝ 2. 604 տոկոս, Արմեն Հավակիմյան՝ 2. 604 տոկոս, Գագիկ Խլղաթյան՝ 2. 604 տոկոս:

«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի 25.09.2021 թվականի թիվ 3-2186 գրության համաձայն՝ «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միջև ռեեստրի վարման պայմանագրի կնքման պահից՝ 02.11.2012 թվականից մինչև 23.09.2021 թվականն ընկած ժամանակահատվածում կենտրոնական դեպոզիտարիայի արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգում գրանցված են «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերության կողմից թողարկված 1 152 հատ, յուրաքանչյուրը՝ 10 000 ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ անվանական բաժնետոմսեր և նշված ժամանակահատվածում՝ 2014 թվականից մինչև 21.06.2021 թվականին ներկայացված հարցման պատասխանն ընկած օրը, վերոնշյալ արժեթղթերի քանակի և (կամ) անվանական արժեքի որևէ փոփոխություն համակարգում չի գրանցվել: Համակարգում վերոնշյալ ժամանակահատվածում «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերության ձայնի իրավունք տվող հասարակ անվանական բաժնետոմսերի ձայնի իրավունքի սահմանափակման վերաբերյալ գրառումներ նույնպես առկա չեն:

Վերոգրյալի հիման վրա Դատարանը հաստատված է համարել, որ 18.03.2014 թվականին Բանկի, «Թալգրիգ» ՍՊԸ-ի և «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի միջև կնքված պարտապան չհանդիսացող անձին պատկանող անշարժ գույքի գրավի թիվ 180314 պայմանագիրը կնքելու պահին «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ ՓԲ ընկերության 81,25 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ում գրանցված է եղել «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ տնօրեն Սերգեյ Խաչատրյանի սեփականության իրավունքը:

Բանկի, «Թալգրիգ» ՍՊԸ-ի և «Երևանի «Քիմտեխ» քիմիատեխնոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի միջև 18.03.2014 թվականին կնքված՝ պարտապան չհանդիսացող անձին պատկանող անշարժ գույքի գրավի թիվ 180314 պայմանագրի 1.3 կետի համաձայն` պայմանագիրը կնքելու պահի դրությամբ գրավադրված գույքը սեփականության իրավունքով պատկանել է «Երևանի «Քիմտեխ» քիմիատեխնոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ին, իսկ ինչ վերաբերում է համահայցվորների այն պնդմանը, որ թիվ 11130916 քրեական գործով հիմնավորվել է, որ Սերգեյ Խաչատրյանը կազմել է «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի կողմից թողարկված արժեթղթերի սեփականատերերի կեղծ ցուցակ, ապա Դատարանն արձանագրել է, որ վերոնշյալ քրեական գործով առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:

Դատարանի 11.12.2020 թվականի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ համահայցվորների՝ որպես այդ հանգամանքը վկայակոչած կողմի վրա ի թիվս այլնի, պարտականություն է դրվել ապացուցելու, որ Բանկի, վարկառու «Թալգրիգ» ՍՊԸ-ի և գրավատու «Երևանի «Քիմտեխ» քիմիատեխնոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի միջև 18.03.2014 թվականին կնքված՝ պարտապան չհանդիսացող անձին պատկանող անշարժ գույքի գրավի թիվ 180314 պայմանագիրը հանդիսացել է խոշոր գործարք և չի պահպանվել խոշոր գործարք կնքելու համար օրենքով սահմանված կարգը, մասնավորապես՝ չի կայացել բաժնետերերի ժողով, ժողովի մասին բաժնետերերին ծանուցումներ չեն ուղարկվել, Հայրապետ Թորգոմյանը, հանդիսանալով 40 տոկոսի բաժնետեր, ունեցել է վճռորոշ ձայնի իրավունք, գործարքի կնքման պահին առկա չի եղել «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերության ժողովի` նշված գործարքը կնքելու մասին համաձայնությունը:

Գործի նյութերից հետևում է, որ համահայցվորների ներկայացուցիչը մասնակցել է դատական նիստերին, որոնց ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկվել են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը, ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը: Այսինքն՝ համահայցվորների ներկայացուցիչը Դատարանի՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու օբյեկտիվ հնարավորություն է ունեցել, որը և իրացրել է: Համահայցվորների ներկայացուցչի միջնորդությամբ Դատարանը հետաձգել է դատական նիստերը` հնարավորություն տալով վերջինիս ապացուցելու Դատարանի կողմից հայցվոր կողմի վրա դրված փաստերի առկայությունը և (կամ) դրանց բացակայությունը: Ավելին, Դատարանի 10.03.2021 թվականի որոշմամբ բավարարվել է համահայցվորների ներկայացուցչի միջնորդությունը և փոփոխվել է Դատարանի 11.12.2020 թվականի որոշմամբ սահմանված ապացույցների ներկայացման ժամկետը՝ սահմանելով ապացույցների և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունների ներկայացման նոր ժամկետ՝ միաժամանակ կողմերին հնարավորություն տալով ներկայացնելու համապատասխան ապացույցներ։ Վերը նշվածը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանը 11122020 թվականի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշմամբ, այնուհետև նաև 1003.2021 թվականի ««Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշմամբ սահմանված ապացույցների ներկայացման ժամկետը փոփոխելու և երկարացնելու մասին» որոշմամբ բավարար ժամանակ է տրամադրել համահայցվորներին՝ վիճարկվող գործարքն ընկերության համար խոշոր գործարք հանդիսանալու և խոշոր գործարք կնքելու համար օրենքով սահմանված կարգի խախտմամբ կնքված լինելու փաստերը հիմնավորող վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույցներ ներկայացնելու համար, որոնք այդպես էլ համահայցվորների կողմից չեն ներկայացվել, որի արդյունքում էլ Դատարանը հանգել է հայցը մերժելու իրավաչափ եզրահանգման:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվոր կողմը, չնայած տրամադրված ժամանակին և հնարավորությանը, արդյունքում չի իրականացրել Դատարանի կողմից իր վրա դրված փաստերի ապացուցման պարտականությունը, ինչն ամենևին չի նշանակում, որ Դատարանը սխալ է բաշխել ապացուցման բեռը ու (կամ) չի իրականացրել ապացույցների բազմակողմանի և լրիվ հետազոտություն, որպիսի սխալ եզրահանգման է եկել Վերաքննիչ դատարանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ գործարքը խոշոր հանդիսացած լինելու փաստի բացակայությունն արդեն իսկ առարկայազուրկ է դարձնում այլ հարցերին անդրադառնալու և վերլուծելու անհրաժեշտությունը։ Այսինքն՝ գործարքը իրավաբանական անձի համար խոշոր համարվելու պայմաններում միայն անհրաժեշտ կլիներ քննարկել այն հարցը, թե արդյո՞ք գործարք կնքելու մասին որոշումը պետք է ընդուներ ընկերության տնօրենների խորհուրդը, թե ընկերության ժողովը։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ գործարքի՝ «խոշոր» հանդիսանալու փաստն ապացուցված չէ, գործի լուծման համար էական է համարել այն հարցը պարզելը, թե Ընկերության որ մարմինն էր իրավասու խոշոր գործարքի դեպքում տալ թույլտվություն:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը լրիվ և բազմակողմանի քննություն չի իրականացրել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը պարզելու ուղղությամբ, միաժամանակ անտեսել է, որ համահայցվորների կողմից չի ապացուցվել սույն գործով հայցի լուծումը պայմանավորող՝ գործարքը խոշոր հանդիսանալու փաստը։

Հետևաբար, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [գլուխ 10] կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, և միաժամանակ օրինական ուժ է տրվում Դատարանի վճռին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ Հայրապետ, Արման ու Արթուր Թորգոմյաններից հօգուտ Բանկի ենթակա է բռնագանձման 20000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Միևնույն ժամանակ սույն գործով այլ դատական ծախսերի կատարման վերաբերյալ ապացույցներ գործում առկա չեն և նման պահանջ դատարան չի ներկայացվել, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մնացած մասով դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05082022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ սնանկության դատարանի 26112021 թվականի վճռին:

2. Հայրապետ, Արման և Արթուր Թորգոմյաններից հօգուտ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 20000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան