Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
17 հունվարի 2008 թվականի N 43-Ա
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել դատական կարգադրիչի համազգեստի, տարբերանշանների և խորհրդանշանների նկարագիրը` համաձայն հավելվածի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
Հավելված |
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
I. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
1. Դատական կարգադրիչների ծառայության արական սեռի անձնակազմի համազգեստը կազմված է`
1) գլխարկ (կեպի)` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, գլխարկաբոլորքով և հովհարով (N 1 ձև): Գլխարկաբոլորքի վրա` առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան.
2) բաճկոն` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, ուրվագիծը` ուղիղ: Լանջափեշերի կրծքամասում մշակված են շերտակարով, կոճկվող կափույրով վրադիր գրպաններ: Գոտկատեղում մշակված է էլաստիկ ժապավենով գոտի: Բաճկոնի օձիքը` շրջվող (լածկանով), թևքերը` երկկարանի, հետևամասը` վերին կտրվածքով, որի միջով անցնում է 2 մմ լայնությամբ նարնջագույն եզրաքուղ: Բաճկոնը կոճկվում է լանջափեշերի տակ ներկարված շղթայով, աստառը` մետաքսյա, ձախ կողմում` ծոցագրպան (N 2 ձև).
3) տաբատ` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, ուրվագիծը` ուղիղ, կողքի կարի միջով անցնում է 2 մմ լայնությամբ նարնջագույն եզրաքուղ, կողքի գրպանները` ուղիղ, հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով գրպան: Տաբատն ունի մետաքսյա աստառ, գոտկատեղում մշակված է գոտին` կամրջակներով, կոճկվում է շղթայով և կոճակով (N 3 ձև).
4) վերնաշապիկ` երկարաթև և կարճաթև` բաց կապույտ կտորից, օձիքը` կանգունակով` ծալովի, լանջափեշերի կրծքամասում` կոճակով կոճկվող կափույրով վրադիր գրպաններ, հետևամասը` վերին կտրվածքով, կարճ թևքերը` ուղիղ թևքածալով, երկար թևքերն ավարտվում են բազկակալով, որոնք փակվում են կոճակով, ուսերին` կտորից ուսադիրներ: Վերնաշապիկը կոճկվում է կոճակով, ձախ լանջափեշը` շերտակարով (N 4 ձև).
5) փողկապ` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, լայնացած ուրվագծով, ավարտվում է սուր անկյունով, վերևում մշակված է հանգույց, ամրանում է էլաստիկ ժապավենով և ամրակով.
6) կաշնե` մուգ կապույտ տրիկոտաժե գործվածքից, լայնությունը` 24 սմ, երկարությունը` 120 սմ.
7) գոտի` կաշվից, 50 մմ լայնքով, երկանցք, հատուկ միջոցների համար նախատեսված գրպանիկներով, ոսկեգույն մետաղյա քառանկյուն ճարմանդով.
8) կոշիկ` սև կաշվից, երեսամասը` ամբողջական առաջամասով, հետևամասի միացումն առաջամասին` էլաստիկ ժապավենով, ներբանը` պադոշից.
9) կիսաճտքավոր կոշիկ` սև կաշվից, երեսամասը` ամբողջական կամ կտրված քթամասով, երկարացված ձևավոր հետևամասերով, ճտքերի վերնամասերը ծալված աստառի հետ միացված են փափուկ մեջդիրով, լեզվակը միացված է առաջամասին.
10) ձմեռային բաճկոն` մուգ կապույտ անջրանցիկ կտորից, ուրվագիծը` ուղիղ: Ձախ լանջափեշի կրծքամասում ներկարված է գրպան, որը փակվում է շղթայով, լանջափեշերի ներքևի մասերում ներկարված են կտրվածքով գրպաններ: Գոտկատեղում մշակված է էլաստիկ ժապավենով գոտի: Բաճկոնի օձիքը` շրջվող, թևքերը ներկարված են, ավարտվում են էլաստիկ ժապավենով մշակված թևքածալերով, հետևամասը` վերին կտրվածքով: Բաճկոնը կոճկվում է շղթայով: Բաճկոնը մշակված է տաք ներդիրով և մետաքսյա աստառով, ձախ կողմում` ծոցագրպան (N 5 ձև): Բաճկոնն ունի անջատվող կրկնակի տաք ներդիր.
11) կոճակներ` ոսկեգույն մետաղյա շրջանակ, որի ներքևից դափնեճյուղեր են, որոնց մեջտեղում պատկերված է դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանը: Օգտագործվում են մեծ` 22 մմ և փոքր` 14 մմ տրամաչափի կոճակներ (N 6 ձև).
12) աջ թևքի թևքանշան` համազգեստի աջ թևքին` ուսակարից 80 մմ ներքև կարվող 80 x 100 մմ չափսերով` դատական կարգադրիչների ծառայության խորհրդանիշ: Թևքանշանի ներքևում դափնեճյուղեր են, որոնց մեջտեղում պատկերված է դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանը, վերևում ոսկեգույն (դեղնավուն) տառերով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը (N 7 ձև).
13) ներքնազգեստ` ամառային և ձմեռային.
14) կիսագուլպա` տրիկոտաժե, սև, մուգ մոխրագույն` ամառային և ձմեռային.
15) փողկապի ամրակ:
II. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
2. Դատական կարգադրիչների ծառայության իգական սեռի ծառայողների համազգեստը կազմված է`
1) պիլոտկա` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, ճակատային մասում ամրացված է գլխարկանշան (N 8 ձև).
2) կիտել` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, ուրվագիծը` նստած, հետևամասի և լանջափեշերի վրա վերևից ներքև` ռելիեֆային կարեր, լանջափեշերի ներքևի մասում` ներկարված կափույրով գրպաններ, աստառը` մետաքսյա, ձախ կողմում` ծոցագրպան (N 9 ձև).
3) կիսաշրջազգեստ` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, ուրվագիծը` նստած, հետևամասի և առաջամասի տապակները գոտկատեղում` սեղմոններով, հետևամասը` երկտապակ, ներքևի մասում` բացվածքով, գոտկատեղում մշակված է գոտի, որը կոճկվում է շղթայով և կոճակով: Կիսաշրջազգեստի կողքի կարի միջով անցնում է 2 մմ լայնությամբ նարնջագույն եզրաքուղ (N 10 ձև).
4) վերնաշապիկ` երկարաթև և կարճաթև` բաց կապույտ կտորից, օձիքը` կանգունակով` ծալովի, լանջափեշերի կրծքամասում` կոճակով կոճկվող կափույրով վրադիր գրպաններ, հետևամասը` վերին կտրվածքով, կարճ թևքերը` ուղիղ թևքածալով, երկար թևքերն ավարտվում են բազկակալով, որոնք փակվում են կոճակով, ուսերին` կտորից ուսադիրներ: Վերնաշապիկը կոճկվում է կոճակով, ձախ լանջափեշը` շերտակարով (N 4 ձև).
5) փողկապ` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, լայնացած ուրվագծով, ավարտվում է սուր անկյունով, վերևում մշակված է հանգույց, ամրանում է էլաստիկ ժապավենով և ամրակով.
6) ձմեռային վերարկու` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, ուրվագիծը` կիսանստած, հետևամասի և լանջափեշերի վրա վերևից ներքև` ռելիեֆային կարեր, լանջափեշերի գրպանատեղում ներկարված են կտրվածքով գրպաններ, թևքերը ներկարված են, ուղիղ, օձիքը` ծալվող: Վերարկուն մշակված է տաք ներդիրով և մետաքսե աստառով: Վերարկուի հետևամասի ներքևը մշակված է կտրվածքով (N 11 ձև).
7) կոշիկ` սև կաշվից, կրունկը` մինչև 5 սմ բարձրությամբ.
8) կիսաճտքավոր կոշիկ` սև կաշվից, կրունկը` մինչև 5.5 սմ բարձրությամբ.
9) կոճակներ` ոսկեգույն մետաղյա շրջանակ, որի ներքևից դափնեճյուղեր են, որոնց մեջտեղում պատկերված է դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանը: Օգտագործվում են մեծ` 22 մմ և փոքր` 14 մմ տրամաչափով կոճակներ (N 6 ձև).
10) աջ թևքի թևքանշան` համազգեստի աջ թևքին` ուսակարից 80 մմ ներքև կարվող 80 x 100 մմ չափսերով` դատական կարգադրիչների ծառայության խորհրդանիշ: Թևքանշանի ներքևում դափնեճյուղեր են, որոնց մեջտեղում պատկերված է դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանը, վերևում ոսկեգույն (դեղնավուն) տառերով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը (N 7 ձև).
11) ներքնազգեստ` ամառային և ձմեռային.
12) զուգագուլպա` կիսաբրդյա, կապրոնե` ամառային և ձմեռային.
13) փողկապի ամրակ:
III. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ
3. Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանը ոլորապտույտ շրջանակ է, որի ներսում գրված են «ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը: Շրջանակի կենտրոնական մասում պատկերված են սուր և վահան` պատված դափնեճյուղերով (սուրը խորհրդանշում է կարգադրիչների` հատուկ միջոցներ կիրառելու լիազորությունը, իսկ վահանը` անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հանցավոր և այլ հակաիրավական ոտնձգություններից, դափնեճյուղերը` կարգադրիչների ծառայության կառուցվածքը): Վահանի միջով անցնող սուրը խորհրդանշանի վրա երևում է իր ծայրով և բռնակով: Վահանի վրա առկա է կշեռքը, որը խորհրդանշում է արդարադատությունը (N 12 ձև):
IV. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԳԼԽԱՐԿԱՆՇԱՆԸ
4. Դատական կարգադրիչների առաջատար խմբի գլխարկանշանը ոսկեզօծ մետաղյա փարթամ դափնեճյուղերով մեծ գլխարկանշան է` 70 x 38 մմ չափսերով, որի մեջտեղում` ատամնավոր էլիպսաձև շրջանակի մեջ պատկերված են դատական կարգադրիչների ծառայության խորհրդանշանի սուրը, վահանը և կշեռքը (N 13 ձև):
5. Դատական կարգադրիչների կրտսեր խմբի ավագ դատական կարգադրիչների գլխարկանշանը ոսկեզօծ մետաղյա դափնեճյուղերով միջին գլխարկանշան է` 53 x 38 մմ չափսերով, որի մեջտեղում` ատամնավոր էլիպսաձև շրջանակի մեջ պատկերված են դատական կարգադրիչների խորհրդանշանի սուրը, վահանը և կշեռքը (N 14 ձև):
6. Դատական կարգադրիչների կրտսեր խմբի դատական կարգադրիչների գլխարկանշանը ոսկեզօծ մետաղյա փոքր գլխարկանշան է` 28 x 38 մմ չափսերով, որի մեջտեղում` ատամնավոր էլիպսաձև շրջանակի մեջ պատկերված են դատական կարգադրիչների խորհրդանշանի սուրը, վահանը և կշեռքը (N 15 ձև):
V. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ
7. Դատական կարգադրիչների ծառայության տարբերանշաններ են լամբակները:
8. Լամբակները պատրաստված են մուգ և բաց կապույտ գույնի շախմատային գործվածքից, շեղանկյուն` երկարությունը` 70 մմ, լայնությունը` 35 մմ:
9. Լամբակների մեջտեղի հատվածում` վերևի աջ անկյունից ուղղահայաց 12 մմ դեպի ներքև հեռավորության վրա ամրացվում է ոսկեզօծ 8.6 x 10 մմ չափսերով խորհրդանշան (N 16 ձև)։
10. Դատական կարգադրիչների առաջատար խմբի պաշտոնների լամբակների մեջտեղով անցնում է 6 մմ լայնությամբ նարնջագույն լուսաշերտ`
1) արդարադատության կապիտանի լամբակներին ամրացվում է չորս ոսկեզօծ ութանկյուն աստղ` 10 մմ տրամագծով, որոնցից երկուսը` լուսաշերտի երկու կողմում` հավասարաչափ հեռավորությամբ, ներքևի աջ անկյունից ուղղահայաց 6 մմ դեպի վերև հեռավորության վրա, երկուսը` լուսաշերտի վրա, աստղերի կենտրոնները միացնող գծից 15-ական մմ հեռավորության վրա (N 17 ձև).
2) արդարադատության ավագ լեյտենանտի լամբակներին ամրացվում է երեք ոսկեզօծ ութանկյուն աստղ` 10 մմ տրամագծով, որոնցից երկուսը` լուսաշերտի երկու կողմում` հավասարաչափ հեռավորությամբ, ներքևի աջ անկյունից ուղղահայաց 6 մմ դեպի վերև հեռավորության վրա, մեկը` լուսաշերտի վրա, աստղերի կենտրոնները միացնող գծից 15-ական մմ հեռավորության վրա (N 18 ձև).
3) արդարադատության լեյտենանտի լամբակներին ամրացվում է երկու ոսկեզօծ ութանկյուն աստղ` 10 մմ տրամագծով, լուսաշերտի երկու կողմում` հավասարաչափ հեռավորությամբ, ներքևի աջ անկյունից ուղղահայաց 6 մմ դեպի վերև հեռավորության վրա (N 19 ձև):
11. Դատական կարգադրիչների կրտսեր խմբի ավագ դատական կարգադրիչների լամբակները`
1) արդարադատության ավագ ենթասպայի լամբակներին մեջտեղի հատվածում` ներքևից դեպի վերև 15 մմ հեռավորության վրա ամրացվում է երեք ոսկեզօծ ութանկյուն աստղ` 10 մմ տրամագծով (N 20 ձև).
2) արդարադատության ենթասպայի լամբակներին մեջտեղի հատվածում` ներքևից դեպի վերև 15 մմ հեռավորության վրա ամրացվում է երկու ոսկեզօծ ութանկյուն աստղ` 10 մմ տրամագծով (N 21 ձև).
3) արդարադատության ավագի լամբակների մեջտեղով անցնում է 12 մմ լայնությամբ նարնջագույն լուսաշերտ (N 22 ձև):
12. Դատական կարգադրիչների կրտսեր խմբի դատական կարգադրիչների լամբակները`
1) արդարադատության ավագ սերժանտի լամբակների վրա ներքևի եզրագծից 6 մմ հեռավորությամբ անցնում է հորիզոնական երեք նարնջագույն լուսաշերտ` 6 մմ լայնությամբ, իրարից 3 մմ հեռավորությամբ (N 23 ձև).
2) արդարադատության սերժանտի լամբակների վրա ներքևի եզրագծից 6 մմ հեռավորությամբ անցնում է հորիզոնական երկու նարնջագույն լուսաշերտ` 6 մմ լայնությամբ, իրարից 3 մմ հեռավորությամբ (N 24 ձև).
3) արդարադատության կրտսեր սերժանտի լամբակների վրա ներքևի եզրագծից 12 մմ հեռավորությամբ անցնում է հորիզոնական` 12 մմ լայնությամբ նարնջագույն լուսաշերտ (N 25 ձև):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |