ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
1 ապրիլի 2008 թ. |
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՆՑԱՎՈՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆԸ (ԼՎԱՑՄԱՆԸ) ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ԴԻՄԱԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` հանցավոր եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը դիմագրավելու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Պայմանագիրն ստորագրվել է 2007 թվականի հոկտեմբերի 5-ին, Դուշանբեում` հանցավոր եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը դիմագրավելու իրավական հիմքերը կատարելագործելու, հանցավոր գործունեությունից ստացված եկամուտներից և հանցագործություններ կատարելու համար օգտագործվող այլ միջոցներից հանցագործներին զրկելու, մասնակից պետությունների ազգային օրենսդրության ներդաշնակեցման, իրավական օգնություն ցույց տալու նպատակով:
2. Պայմանագրի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է, ՀՀ օրենսդրությանը համապատասխան, որոշել իրենց իրավասության շրջանակներում պայմանագրի իրագործման լիազորություններն իրականացնող իրավասու պետական մարմինների ցանկը` դրանում նշելով լիազորված մարմինը, որն իրականացնում է պարտադիր վերահսկողության ենթակա գործարքների և կասկածելի գործարքների վերաբերյալ հաղորդագրությունների ստացումը և վերլուծումը, ինչպես նաև հանցավոր եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր դեպքերին առնչվող տեղեկատվության փոխանցումն իրավապահ մարմիններին:
Հայաստանի Հանրապետությունը պետք է նաև կրի ՀՀ տարածքում առաջացած` հարցման (հանձնարարության) կատարման հետ կապված ծախսերը, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ կարգ չի համաձայնեցվում, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի ՀՀ օրենսդրության ներդաշնակեցման համար` հաշվի առնելով հանցավոր եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը դիմագրավելու ոլորտում միջազգային իրավունքի նորմերը:
Հայաստանի Հանրապետությունը միաժամանակ պարտավոր է`
- ընդունել նորմատիվ իրավական ակտեր, որոնք իր իրավասու մարմիններին թույլ են տալիս նույնականացնել, որոնել հանցավոր եկամուտները և ահաբեկչության ֆինանսավորման համար միջոցները, կանխել ու խափանել նման եկամուտների և միջոցների հետ կապված գործողություններն ու գործարքները, դրանց փոխանցումը կամ այլ ձևով տնօրինումը,
- ընդունել նորմատիվ իրավական ակտեր, որոնք իր իրավասու մարմիններին իրավունք են տալիս հանցավոր եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը դիմագրավելու միջոցների ձեռնարկման համար անհրաժեշտ տեղեկատվություն հայցել,
- ընդունել նորմատիվ իրավական ակտեր, որոնք դրամական միջոցների կամ այլ ունեցվածքի հետ կապված գործարքներ իրականացնող կազմակերպություններին պարտավորեցնում են հանցավոր եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը դիմագրավելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել,
- որոշել այն պետական մարմինների ցանկը, որոնք վերահսկողություն են իրականացնում դրամական միջոցների կամ այլ ունեցվածքի հետ կապված գործարքներ կատարող կազմակերպությունների կողմից հանցավոր եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը դիմագրավելու ուղղությամբ պայմանագրում նշված միջոցների իրագործման նկատմամբ,
- ընդունել նորմատիվ իրավական ակտեր, որոնք սահմանում են դրամական միջոցների կամ այլ ունեցվածքի հետ կապված գործարքներ իրականացնող կազմակերպությունների պատասխանատվությունը տեղեկություններ տրամադրելուց խուսափելու կամ թաքցնելու, ինչպես նաև հանցավոր եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը դիմագրավելու հետ կապված պարտավորությունները չկատարելու համար,
- ընդունել նորմատիվ իրավական ակտեր, որոնց նպատակն է ապահովել հանցավոր եկամուտների, ինչպես նաև ահաբեկչության ֆինանսավորման համար միջոցների բռնագրավումը, ձեռնարկել օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են պայմանագրով արգելված արարքները քրեորեն պատժելի արարք ճանաչելու համար:
Պայմանագրի դրույթների զարգացման նպատակով մասնակից պետությունների իրավասու մարմինները կարող են միմյանց հետ կնքել միջգերատեսչական պայմանագրեր:
Պայմանագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը մասնակից պետությունների միջև լուծվում են շահագրգիռ կողմերի խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Քննության առարկա պայմանագրով ստանձնած պարտավորությունները լիովին համահունչ են ՀՀ ունիվերսալ միջազգային պայմանագրերով, այդ թվում` նաև «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 1999 թ. դեկտեմբերի 9-ի Նյու Յորքի միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` հանցավոր եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը դիմագրավելու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
|