Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.10.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Դատալեքս համակարգ www.datalex.am
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
07.10.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
07.10.2022
Дата вступления в силу
07.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

Վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0653/01/19

Գործ թիվ ԵԴ/0653/01/19

Նախագահող դատավոր՝  Վ. Ռշտունի

 

 Մ․ Հարությունյան

 Ա․ Նիկողոսյան

 

         

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Լ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

     

7 հոկտեմբերի 2022 թվականի

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 14-ի որոշման դեմ ամբաստանյալ Արմեն Նորիկի Քալաշյանի պաշտպան Լ․Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի փետրվարի 27-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 10165419 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի մայիսի 24-ի որոշմամբ Արմեն Նորիկի Քալաշյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։

2019 թվականի հունիսի 19-ին Արմեն Քալաշյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 324-րդ հոդվածի 1-ին մասով ու 38-325-րդ հոդվածի 1-ին մասով:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հունիսի 20-ի որոշմամբ Ա․Քալաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ Ա․Քալաշյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով ու 38-325-րդ հոդվածի 1-ին մասով։

2019 թվականի սեպտեմբերի 2-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։

2․ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունիսի 10-ի որոշմամբ ամբաստանյալ Ա․Քալաշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-325-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ:

Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունիսի 10-ի դատավճռով ամբաստանյալ Ա․Քալաշյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ՝ ոչ ավել քան՝ 7.690.000 (յոթ միլիոն վեց հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամը՝ պատժի սկիզբը հաշվելով 2019 թվականի հունիսի 19-ից։ Ա․Քալաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ։

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Լուսինե Հարությունյանը։

3․ Ամբաստանյալ Ա․Քալաշյանի և նրա պաշտպանի վերաքննիչ բողոքները ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2021 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ թողնվել են առանց քննության։ Նույն որոշմամբ մերժվել է վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Ա․Քալաշյանի պաշտպան Լ․Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի մարտի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ամբաստանյալը զրկվել է պաշտպանության իրավունքի՝ փաստաբանի միջոցով պաշտպանվելու դատավարական երաշխիքից։

Այսպես, բողոքաբերը փաստարկել է, որ ստորադաս դատարանը, արձանագրելով Առաջին ատյանի դատարանում գործի քննությանը ներգրավված փաստաբան Գ․Լյուդվիգյանի՝ ամբաստանյալի շահերի պաշտպանությունն իրականացնելու իրավասությունը դադարեցված լինելու մասին փաստական տվյալների բացակայությունը, հանգել է սխալ եզրահանգման։

Ի հիմնավորումը վերոնշյալի` բողոք բերած անձը նշել է, որ դատավճիռը հրապարակվելուց հետո՝ 2021 թվականի օգոստոսի 3-ին, ամբաստանյալն Առաջին ատյանի դատարանին միջնորդել է վերաքննիչ բողոքարկման համար անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով Հայաuտանի Հանրապետության փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակից պահանջել նշանակել պաշտպան, որը ձևական խոչընդոտի՝ պաշտպան Գ․Լյուդվիգյանից հրաժարվելու մասին նշումի բացակայության հիմքով, նույն թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ մերժվել է։ Այնուհետև, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ բավարարվել է նույն թվականի օգոստոսի 25-ին ներկայացված ամբաստանյալի համաբնույթ միջնորդությունը և նույն օրը գործը հանձնվել է Հայաuտանի Հանրապետության փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանին։

Ամփոփելով վերոգրյալը, բողոքի հեղինակը եզրահանգել է, որ նշված հանգամանքներից ակնհայտ է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռի հրապարակումից հետո փաստաբան Գ․Լյուդվիգյանը փաստացի չի իրականացրել ամբաստանյալի պաշտպանությունը։

Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոքաբերը նշել է, որ ամբաստանյալի ծնողի և փաստաբան Գ․Լյուդվիգյանի միջև կնքված պայմանագրով վերջինիս իրավասությունը սահմանափակված էր բացառապես Առաջին ատյանի դատարանում ամբաստանյալի շահերի պաշտպանության իրականացմամբ՝ բողոքին կից ներկայացնելով այն հաստատող փաստաթուղթը։

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 14-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ Վերաքննիչ բողոքը վարույթն ընդունելու և գործը դատական քննության նշանակելու մասին։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունիսի 10-ի դատավճիռն ամբաստանյալ Ա.Քալաշյանին հասու է դարձել 2021 թվականի հուլիսի 30-ին, իսկ Առաջին ատյանի դատարանում վերջինիս պաշտպանությունն իրականացնող փաստաբան Գ․Լյուդվիգյանը ստացել է 2021 թվականի հուլիսի 9-ին2։

7․1․ 2021 թվականի օգոստոսի 3-ին ամբաստանյալ Ա.Քալաշյանն Առաջին ատյանի դատարանին միջնորդել է Հայաuտանի Հանրապետության փաստաբանների պալատից պահանջել նշանակել հանրային պաշտպան՝ դատավճիռը բողոքարկելու նպատակով3։ 2021 թվականի օգոստոսի 12-ին քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով դատարան մուտքագրված4 հիշյալ միջնորդության կապակցությամբ Առաջին ատյանի դատարանը, նույն թվականի օգոստոսի 16-ին, որոշում է կայացրել այն մերժելու մասին՝ իր դատական ակտը պատճառաբանելով հետևյալ կերպ․ «(․․․) [Հ]աշվի առնելով, որ ամբաստանյալ Ա․Քալաշյանը Դատարանին որևէ տեղեկություն չի ներկայացրել իր անվճարունակ լինելու մասին, հաշվի առնելով, որ քրեական գործի նախաքննության և դատական քննության ընթացքում Ա․Քալաշյանը փաստաբանի ծառայությունից օգտվել է մասնավոր կարգով՝ դատարանը գտնում է, որ միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման»5 ։

7․2․ 2021 թվականի օգոստոսի 26-ին դատարանում ստացված ամբաստանյալ Ա․Քալաշյանի՝ նույն թվականի օգոստոսի 25-ով թվագրված նույնաբովանդակ միջնորդությունն6 Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ բավարարվել է և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատից պահանջվել ամբաստանյալ Ա․Քալաշյանի պաշտպանությունն իրականացնելու համար նշանակել պաշտպան՝ պատճառաբանելով, որ․ «[Ա]մբաստանյալ Ա․Քալաշյանը փաստորեն հնարավորություն չունի օգտվելու փաստաբանի վճարովի ծառայությունից (․․․) պաշտպան ունենալու իրավունքն ապահովելու նպատակով անհրաժեշտ է այդ պահանջով դիմել ՀՀ փաստաբանների պալատ»7։

7․3․ Առաջին ատյանի դատարանի պահանջի հիման վրա Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի՝ 2021 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ գործը հանձնվել է հանրային պաշտպան Մ․Ֆարմանյանին8։

8․ Դատական վերանայման բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու և պաշտպանի բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «[Առաջին ատյանի դատարանի] դատավճիռը (․․․) ամբաստանյալ Ա․Քալաշյանին հանձնելու նպատակով ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ստացվել և ամբաստանյալին հանձնվել է 2021 թվականի հուլիսի 14-ին, ինչը հավաստվում է նյութերում առկա գրությունով և ստացականով:

(․․․) [Ա]մբաստանյալը 2021 թվականի օգոստոսի 3-ին միջնորդել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար հանրային պաշտպանի ծառայություններից օգտվելու խնդրանքով, որը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ մերժվել է:

2021 թվականի օգոստոսի 25-ին ամբաստանյալը կրկին միջնորդել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար հանրային պաշտպանի ծառայություններից օգտվելու խնդրանքով, որը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ բավարարվել է և նույն օրը ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշմամբ գործը հանձնվել է պաշտպան Մ․Ֆարմանյանին: Պաշտպան Մ․Ֆարմանյանը Վերաքննիչ դատարան վերաքննիչ բողոք է ներկայացրել 2021 թվականի սեպտեմբերի 10-ին։

(․․․) [Ք]րեական գործում առկա չէ որևէ տվյալ, որ ամբաստանյալը հրաժարվել է [պաշտպան Գ.Լյուդվիգյանից] կամ, որ Գ.Լյուդվիգյանը դադարել է ամբաստանյալի պաշտպանությունն իրականացնել:

(․․․) [Պ]աշտպան Գ.Լյուդվիգյան[ը] (․․․) [Առաջին ատյանի դատարանի] դատավճիռը ստացել է 2021 թվականի հուլիսի 9-ին, ինչը հավաստվում է նյութերում առկա գրությունով և հանձնման մասին հավաստագրով: Ամբաստանյալի պաշտպան Գ.Լյուդվիգյանի կողմից Վերաքննիչ դատարան վերաքննիչ բողոք չի ներկայացվել։

(․․․) [Հ]աշվի առնելով, որ քրեական դատավարությանը պաշտպանն իրականացնում է անձի իրավունքերի և օրինական շահերի պաշտպանությունը, ուստի Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատավարության ընթացքում պաշտպանի փոփոխման կամ գործի քննությանը նոր պաշտպաններ ներգրավվելու դեպքում որոշումների և դատական ակտերի բողոքարկման ժամկետը պետք է հաշվարկել նախկին պաշտպանի կողմից դրանք ստանալու պահից։

Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ [Առաջին ատյանի] դատարանի՝ 2021 թվականի հունիսի 10-ի դատավճռի բողոքարկման ժամկետը պետք է հաշվել ոչ թե պաշտպան Մ․Ֆարմանյանի կողմից, այլ պաշտպան Գ․Լյուդվիգյանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտը ստանալու պահից:

Վերոնշյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքարկման ժամկետը պետք է հաշվել պաշտպան Գ․Լյուդվիգյանի կողմից Առաջին ատյանի դատարանի դատավճիռը ստանալու հաջորդող օրվանից՝ 2021 թվականի հուլիսի 8-ից, ինչի պարագայում Առաջին ատյանի դատարանի դատավճռի բողոքարկման ժամկետը պաշտպանի համար վերջանում է 2021 թվականի օգոստոսի 8-ին՝ ժամը 24:00-ին, որը ոչ աշխատանքային օր է, ուստի բողոքարկման ժամկետի ավարտ պետք է համարել դրան հաջորդող աշխատանքային օրը՝ 2021 թվականի օգոստոսի 9-ը՝ ժամը 24:00-ը: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պաշտպան Մ․Ֆարմանյանի՝ [Առաջին ատյանի] դատարանի՝ 2021 թվականի հունիսի 10-ի դատավճիռը բողոքարկելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդությունը պետք է մերժել»9 ։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9 . Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք ամբաստանյալ Ա․Քալաշյանի պաշտպան Մ․Ֆարմանյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի համաձայն՝ «(․․․) 2. Իր կողմից բաց թողնված ժամկետի վերականգնման համար (․․․) պաշտպանը (․․․) միջնորդությամբ կամ խնդրանքով դիմում [է] վարույթն իրականացնող մարմնին:

3. Հարգելի պատճառով բաց թողնված ժամկետը պետք է վերականգնվի վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ»։

Նույն օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «Վերաքննիչ բողոք բերվում [է] առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը` հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում»։

Նույն օրենսգրքի 380-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում դատավճիռ կամ որոշում կայացրած դատարանի կողմից, որն իրավունք ունի կանչել միջնորդություն հարուցած անձին` բացատրություններ տալու համար:

2. Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու որոշումը տասնհինգօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, որն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը և քննել գործը` պահպանելով սույն օրենսգրքի 382 հոդվածում և 383 հոդվածի երկրորդ մասում շարադրված պահանջները: Վերաքննիչ դատարանը բողոք ներկայացրած անձի միջնորդության հիման վրա բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով համարում է հարգելի, եթե բողոք ներկայացրած անձը հիմնավորում է, որ դատական ակտն ստանալու պահից չեն լրացել բողոքարկման ժամկետները։ (․․․)»

ՀՀ Սահմանադրական դատարանը, 2015 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՍԴՈ-1249 որոշմամբ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ, ի թիվս այլի, նշել է.

- պետք է երաշխավորվի օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին, ինչպես նաև այն, որ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jure) պետք է ճանաչվի հարգելի:

10․ Վճռաբեկ դատարանը, դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում մշտապես ընդգծել է, որ ինքնին իրավական պաշտպանության արդյունավետության չափանիշը փոխկապակցված է նաև այդ պաշտպանությունը հայցողի կողմից սահմանված ժամկետների պահպանման հետ10։ Ընդհանուր կանոնի համաձայն՝ ժամկետն անցնելուց հետո կատարված գործողություններն առաջացնում են անբարենպաստ վարութային հետևանքներ, եթե ժամկետը չի վերականգնվում։ Անդրադառնալով դատական վերանայման բողոք բերելու բաց թողնված ժամկետի վերականգնման խնդրին՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ տարբերակված է ժամկետը վերականգնելու երկու իրավական ընթացակարգեր։ Առաջինը ենթադրում է բողոքարկման ժամկետի բաց թողումն իրավունքի ուժով (ex jure) հարգելի համարելու հնարավորությունը, երբ վարույթն իրականացնող մարմնի գործողության կամ անգործության արդյունքում անձն օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել պատշաճ բողոքարկելու դատական ակտը11։

Երկրորդ ընթացակարգը ենթադրում է բաց թողնված ժամկետի վերականգնումը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ շահագրգիռ անձի միջնորդությամբ, երբ պատշաճ բողոքարկումը գործնականում անհնար էր իրավական պաշտպանություն հայցողի կամքից անկախ այլ հատուկ և օբյեկտիվ հանգամանքով12։ Նշված դեպքում բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը պետք է ունենա որոշակի փաստական հիմք և կոնկրետ դրսևորում՝ հնարավորություն տալով վարույթն իրականացնող մարմնին ողջամտության սահմաններում գնահատելու բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառի և դատական ակտի վիճարկման հնարավորության հարաբերակցությունը, այսինքն՝ արդյո՞ք առկա է բողոքն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու հարգելի պատճառ, թե ոչ։ Անդրադարձ կատարելով փոփոխված պաշտպանով դատական վերանայման բողոք ներկայացնելու դեպքում բողոքարկման բաց թողնված ժամկետի վերականգնմանն ուղղված դրույթների նպատակային և պատշաճ կիրառմանը, հաշվի առնելով նաև վարույթին ներգրավված մասնակիցների իրավունքները և պարտականությունները դատավարական կարգավիճակով սահմանազատված լինելը, Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում արձանագրել, որ քրեական վարույթին նոր պաշտպանի մասնակցության պարագայում դատական ակտի բողոքարկման ժամկետը հաշվարկելիս, որպես կանոն ելակետ պետք է ընդունել նախկին պաշտպանի կողմից վիճարկվող որոշումը ստանալու օրը։ Այսինքն՝ քրեական վարույթին նոր պաշտպանի մասնակցությունն ինքնին չի կարող վկայել քննարկվող ընթացակարգով բողոքարկման ժամկետի բացթողման հարգելիության չափանիշը հաղթահարված գնահատելու համար։ Սակայն այս համատեքստում անհրաժեշտ է բազմակողմանի վերլուծության ենթարկել վարույթին նոր պաշտպան ներգրավելու ուղղությամբ կողմի դրսևորած վարքագիծը, ձեռնարկված միջոցները և կատարված գործողությունները, ինչպես նաև այլ հանգամանքներ, որոնք կարող են էական նշանակություն ունենալ խնդրո առարկա հարցի լուծման համար։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հիշյալ մոտեցումը կոչված է քրեական վարույթի ընթացքում երաշխավորել հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը։

11․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- ամբաստանյալ Ա.Քալաշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի հունիսի 10-ին կայացրել է մեղադրական դատավճիռ13,

- հիշյալ դատավճիռն ամբաստանյալ Ա.Քալաշյանին հասու է դարձել 2021 թվականի հուլիսի 30-ին, իսկ վերջինիս պաշտպանությունն իրականացնող փաստաբան Գ․Լյուդվիգյանը ստացել է 2021 թվականի հուլիսի 9-ին14,

- Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ, անվճարունակության վերաբերյալ տեղեկություններ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ, մերժվել է հիշյալ դատավճիռը բողոքարկելու նպատակով Հայաuտանի Հանրապետության փաստաբանների պալատից հանրային պաշտպան պահանջելու ամբաստանյալ Ա․Քալաշյանի՝ նույն թվականի օգոստոսի 3-ի միջնորդությունը, որը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով դատարանում ստացվել է 2021 թվականի օգոստոսի 12-ին 15,

- ամբաստանյալ Ա․Քալաշյանի՝ 2021 թվականի օգոստոսի 25-ի նույնաբովանդակ միջնորդության քննության արդյունքում, Առաջին ատյանի դատարանը, վերջինիս անվճարունակությամբ պայմանավորված, 2021 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատից պահանջել է ամբաստանյալ Ա․Քալաշյանի պաշտպանությունն իրականացնելու համար նշանակել հանրային պաշտպան։ Հիշյալ պահանջի հիման վրա նույն օրը գործը հանձնվել է հանրային պաշտպան Մ․Ֆարմանյանին16,

- Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ դատավճռի դեմ պաշտպան Մ․Ֆարմանյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ միջնորդելով վերականգնել բողոքարկման բաց թողնված ժամկետը,

- Վերաքննիչ դատարանը, բողոքարկման բաց թողնված ժամկետի վերականգնման հարցը լուծելիս, արձանագրել է, որ քրեական վարույթին նոր պաշտպանի մասնակցության դեպքում դատական ակտի բողոքարկման ժամկետը հաշվարկելիս, որպես ելակետ պետք է ընդունել նախկին պաշտպանի կողմից վիճարկվող որոշումը ստանալու օրը։ Տվյալ դեպքում, ստորադաս դատարանում ամբաստանյալի պաշտպանությունն իրականացնող փաստաբան Գ․Լյուդվիգյանը վիճարկվող դատավճիռը ստացել է 2021 թվականի հուլիսի 9-ին։ Ընդ որում, վերջինիս իրավասությունը դադարեցված լինելու վերաբերյալ փաստական տվյալներ գործի նյութերում բացակայում են և նրա կողմից վերաքննիչ բողոք չի ներկայացվել։ Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանի պահանջի հիման վրա գործի քննությանը ներգրավված հանրային պաշտպան Մ․Ֆարմանյանը վերաքննիչ բողոք է բերել 2021 թվականի սեպտեմբերի 10-ին։ Նշված լույսի ներքո Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ պաշտպան Մ․Ֆարմանյանը վերաքննիչ բողոքը ներկայացրել է պաշտպանի համար սահմանված բողոքարկման ժամկետը լրանալուց հետո, իսկ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը ենթակա է մերժման17։

12․ Սույն որոշման 10-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումը կիրառելով նախորդ կետում վկայակոչված փաստերի նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկման ժամկետն անցնելուց հետո Առաջին ատյանի դատարանի հիշյալ դատավճիռը բողոքարկելու պաշտպանի հնարավորությունը գնահատելիս Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ եզրահանգման։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ վարույթի արդարության ընդհանուր գնահատման շրջանակներում ստորադաս դատարանը պետք է գնահատեր, թե պաշտպանի համապատասխան միջնորդության փաստական հիմքի հետ սերտ փոխկապակցված ներքոհիշյալ հանգամանքների պայմաններում արդյո՞ք պաշտպան Մ․Ֆարմանյանին գործնականում ընձեռվել է պատշաճ բողոքարկման հնարավորություն։

Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ չնայած ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կողմից կազմված ստացականում ամբաստանյալ Ա․Քալաշյանի կողմից վիճարկվող դատավճռի ստացման օր է նշվել 2021 թվականի հուլիսի 14-ը, սակայն այն վերջինիս փաստացի տրամադրվել է նույն թվականի հուլիսի 30-ին, ինչը հավաստվում է հիշյալ ամսաթվով թվագրված ամբաստանյալի ստորագրությամբ։ Այսինքն, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունիսի 10-ի դատավճիռը ամբաստանյալ Ա․Քալաշյանին հասու է դարձել նույն թվականի հուլիսի 30-ին, սակայն այդ հանգամանքը հիմնավորող ապացույցը՝ հիշյալ ստացականը, Վերաքննիչ դատարանը պատշաճ չի ուսումնասիրել:

Միաժամանակ, ամբաստանյալ Ա․Քալաշյանը, ստանալով դատական ակտը, անմիջապես քայլեր է ձեռնարկել հանրային պաշտպանի միջոցով այն բողոքարկելու ուղղությամբ, ընդ որում՝ ոչ միայն իր, այլև պաշտպանի վերաքննիչ բողոքարկման ժամկետում։ Մինչդեռ՝ 2021 թվականի օգոստոսի 3-ով թվագրված հանրային պաշտպան պահանջելու վերաբերյալ ամբաստանյալի միջնորդությունն Առաջին ատյանի դատարանում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով ստացվել է նույն թվականի օգոստոսի 12-ին։ Այդ կապակցությամբ, անվճարունակության վերաբերյալ տեղեկություններ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ, դատարանն օգոստոսի 16-ին մերժման որոշում է կայացրել։ Ամբաստանյալի՝ 2021 թվականի օգոստոսի 25-ով թվագրված նույնաբովանդակ երկրորդ միջնորդությունն Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ բավարարվել է և նույն օրը գործը հանձնվել է հանրային պաշտպան Մ․Ֆարմանյանին։

Վերոշարադրյալ գործոնների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառի և դատական ակտի վիճարկման հնարավորության գնահատման տեսանկյունից սույն գործով առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, որ պաշտպան Մ․Ֆարմանյանի կողմից դատական վերանայման բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը մեծապես ընդգրկում է պաշտպանության իրավունքը հանրային պաշտպանի միջոցով իրացնելուն ուղղված ամբաստանյալի գործողությունների ժամանակահատվածը։ Տվյալ դեպքում, անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքն իրացնելուն ուղղված ամբաստանյալ Ա․Քալաշյանի վարքագիքը գնահատելիս Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերջինս գործել է բարեխղճորեն և հանրային պաշտպանի ուշ ներգրավումը պայմանավորված չի եղել նրա վարքագծով։ Հետևապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական միջոցների հաշվին իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ժամանակին ապահովված չլինելը գործնականում անհնարին է դարձրել պաշտպանի՝ պատշաճ բողոքարկման հնարավորությունը։

Վերոգրյալ պայմաններում փաստել, որ պաշտպան Մ․Ֆարմանյանի կողմից բողոքարկման ժամկետի բացթողումը կապված չէր վարույթն իրականացնող մարմնի գործողությամբ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վտանգում է կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև ողջամիտ համամասնության պահպանման երաշխիքը։

Անդրադարձ կատարելով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, թե Առաջին ատյանի դատարանում պաշտպանությունն իրականացնող փաստաբան Գ․Լյուդվիգյանի իրավասությունները դադարեցված լինելու վերաբերյալ փաստական տվյալներ բացակայում են, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը ստանալուց հետո ամբաստանյալ Ա․Քալաշյանի դռսևորած վարքագիծը բնութագրող թվարկված փաստական տվյալները բավարար են հակառակի վերաբերյալ ողջամիտ եզրահանգման համար։

14․ Այսպիսով, ընդհանրացնելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդար դատաքննության իրավունքի մասնավոր տարրը համարվող դատարանի մատչելության իրավունքի ապահովման տեսանկյունից, սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում, պաշտպան Մ․Ֆարմանյանի՝ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելն իրավաչափ չի կարող համարվել, քանի որ առկա է բողոքարկման ժամկետի բացթողումն իրավունքի ուժով հարգելի համարելու օբյեկտիվ պատճառ։

Հիմք ընդունելով արված եզրահանգումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա․Քալաշյանի պաշտպան Մ․Ֆարմանյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր չէ:

15․ Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու ու գործը Վերաքննիչ դատարան՝ նոր քննության ուղարկելու համար։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի սեպտեմբերի 14-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

___________________________________________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 144 և 146:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 147 և 148:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 147:

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 150։

6 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 151 և 152։

7 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 155։

8 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 174-175։

9 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 178-182։

10 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Նաիրա Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԴ/0684/11/18 որոշումը, կետ 17:

11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սևակ Սարգսյանի գործով 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ ԿԴ/0089/12/17 որոշումը, կետ 14:

12 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վերգինե Բեգանյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԱՐԴ1/0012/11/16 որոշումը, կետ 15։

13 Տե՛ս, սույն որոշման 2-րդ կետը։

14 Տե՛ս, սույն որոշման 7-րդ կետը։

15 Տե՛ս, սույն որոշման 7․1-րդ կետը։

16 Տե՛ս, սույն որոշման 7․2 և 7․3 կետերը։

17 Տե՛ս, սույն որոշման 8-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ