ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ԵԴ/0079/04/182022 թ. | ||||||
Սնանկության գործ թիվ ԵԴ/0079/04/18 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
|
նախագահող և զեկուցող |
Մ. Դրմեյան |
Ս. Անտոնյան | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի նոյեմբերի 25-ին
գրավոր ընթացակարգով քննելով Շամամ Ղազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2019 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Շամամ Ղազարյանի ընդդեմ Արմեն Հարությունյանի` պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Շամամ Ղազարյանը պահանջել է Արմեն Հարությունյանին ճանաչել սնանկ։
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Չիչոյան) (այսուհետ` Դատարան) 31.07.2019 թվականի վճռով գործի վարույթը կարճվել է: Շամամ Ղազարյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձվել է 100.000 ՀՀ դրամ՝ որպես հետաձգված պետական տուրքի գումար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.12.2019 թվականի որոշմամբ Շամամ Ղազարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 31.07.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Շամամ Ղազարյանը (ներկայացուցիչ՝ Մերի Խաչատրյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Հարությունյանը (ներկայացուցիչ՝ Լիլիթ Մակինյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ դիմումատուն դիմում ներկայացնելիս կարող էր տեղեկություն ունենալ Արմեն Հարությունյանի մեկ այլ սնանկության գործի առկայության մասին, հիմնավոր չէ, քանի որ թիվ ԵԱԴԴ/0105/04/17 սնանկության գործով որոշակի տվյալներ թեև լրացված են www.datalex.am տեղեկատվական համակարգում, սակայն նույն այդ էջում լրացված չէ որևէ անհատականացնող տվյալ, որով հնարավոր կլիներ նույնականացնել երկու սնանկության գործով պարտապաններին /տվյալները փակ են/:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ դեպքում պետական տուրքի վճարման պարտականությունը դիմումատուի վրա դնելով խաթարվում է արդար դատաքննության իրավունքը, քանի որ դիմումատուն դատարան չէր դիմի, եթե պարտապանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման արդյունքում նման անհրաժեշտություն չծագեր:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.12.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ պետական տուրքի գումարը՝ 100.000 ՀՀ դրամը բռնագանձել Արմեն Հարությունյանից կամ պետական տուրքի հարցը համարել լուծված։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ սույն գործով Դատարանը, կարճելով սույն սնանկության գործի վարույթը պարտապան Արմեն Հարությունյանի՝ մեկ այլ սնանկության գործով սնանկ ճանաչված լինելու հիմքով, և նկատի ունենալով, որ թիվ ԵԱԴԴ/0105/04/17 սնանկության գործով դիմումն ավելի վաղ է ներկայացվել, որպիսի հանգամանքը չէր կարող հանդիսանալ պարտապանի մեղքի արդյունք, իրավաչափորեն գտել է, որ Դատարանի 15.02.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումարը պետք է բռնագանձել դիմումատու Շամամ Ղազարյանից, ըստ այդմ, վճռելով Շամամ Ղազարյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 100.000 ՀՀ դրամ՝ որպես հետաձգված պետական տուրքի գումար:
Ըստ բողոքաբերի՝ Դատարանը սխալ է մեկնաբանել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածը։ Այնինչ, նշված հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, այսինքն՝ վճարում է այն կողմը, ում պահանջները չեն բավարարվել։ Հետևաբար, նկատի ունենալով, որ սույն գործով դիմումատու Շամամ Ղազարյանի դատարան ներկայացված պահանջը՝ Արմեն Հարությունյանին սնանկ ճանաչելու մասին, չի բավարարվել, դատական ծախսերի վճարման պարտականությունը պետք է կրի դիմումատուն:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Դատարան ներկայացված դիմումով Շամամ Ղազարյանը խնդրել է պարտապան Արմեն Հարությունյանին ճանաչել սնանկ, միաժամանակ միջնորդել է պետական տուրքի հարցին անդրադառնալ վճռով և այն բռնագանձել պարտապանից (հատոր 1-ին, գ.թ. 3-5).
2) Դատարանի «Դիմումը վարույթ ընդունելու, սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու և պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին» 15.02.2018 թվականի որոշմամբ Շամամ Ղազարյանի դիմումն ընդդեմ Արմեն Հարությունյանի` վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ, իսկ պետական տուրքի վճարումը հետաձգվել է և որոշվել է այդ հարցը լուծել վճռով (հատոր 1-ին, գ.թ. 1).
3) Դատարանի «Դիմումը վարույթ ընդունելու մասին» 14.06.2017 թվականի որոշմամբ Վարդուհի Գրիգորյանի դիմումն ընդդեմ Արմեն Հարությունյանի՝ վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ (հատոր 1-ին,գ.թ. 31).
4) Թիվ ԵԱԴԴ/0105/04/17 սնանկության գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 22.11.2018 թվականի վճռով Վարդուհի Գրիգորյանի դիմումն ընդդեմ Արմեն Հարությունյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին, բավարարվել է. Արմեն Հարությունյանը ճանաչվել է սնանկ: Վճիռը ստացել է օրինական ուժ (հատոր 1-ին, գ.թ. 126-128).
5) Դատարանի 31.07.2019 թվականի վճռով գործի վարույթը կարճվել է: Շամամ Ղազարյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձվել է 100.000 ՀՀ դրամ՝ որպես հետաձգված պետական տուրքի գումար (հատոր 1-ին, գ.թ. 134-135):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք պետական տուրք գանձվում է դիմումատուից այն դեպքում, երբ սնանկության գործի վարույթը կարճվել է դիմումատուից անկախ` պարտապանի մեկ այլ սնանկության գործով սնանկ ճանաչվելու հետևանքով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
Նախկին օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (...) եթե պարտապանի նկատմամբ սնանկության գործ կա դատարանում, ապա նոր դիմողի ներկայացրած սնանկության դիմումը քննվում է որպես առանձին վարույթ և ենթակա է կարճման, եթե նախորդ վարույթի գործով պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ է օրինական ուժի մեջ մտնում:
Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարում է անվճարունակ լինելուց կամ նույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանում են, ապա դիմումը մերժելու մասին վճռով դատարանը պարտավորեցնում է պարտապանին փոխհատուցել դատական ծախսերը և վճարել ժամանակավոր կառավարչի վարձատրությունը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Օրենքով կարգավորված չի եղել այն հարցը, թե ում վրա պետք է դրվի դատական ծախսերի, այդ թվում՝ պետական տուրքի փոխհատուցման պարտականությունը՝ նույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքով՝ սնանկության գործի վարույթը կարճվելու դեպքում:
Անդրադառնալով ներկայումս գործող իրավակարգավորումներին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1.1 մասի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկության վտանգի դիմումը բավարարելու մասին վճիռ կայացնելու դեպքում նույն պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով այլ դիմումներով դատարանի վարույթում առկա գործերի վարույթը կարճվում է վճռի բողոքարկման ժամկետը լրանալուց, իսկ վճռի բողոքարկված լինելու դեպքում` օրինական ուժի մեջ մնալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու դեպքերում դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցման պարտականությունը դրվում է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած անձի վրա, բացառությամբ նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցումը կատարվում է պարտապանի հաշվին, եթե` 1) սնանկության գործի վարույթը կարճվել է պարտապանին այլ սնանկության գործով սնանկ ճանաչելու հիմքով. 2) սնանկության մասին դիմում ներկայացվելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարել է անվճարունակ լինելուց, կամ նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերացել են, և դիմողը հետ է վերցրել սնանկության մասին դիմումը. 3) դա նախատեսված է դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությամբ:
Վերոգրյալից բխում է, որ օրենսդիրը կարգավորել է սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու դեպքերում դատական ծախսերի փոխհատուցման հարցը՝ սահմանելով, որ նման դեպքերում դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը, որպես կանոն, դրվում է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած անձի վրա: Միաժամանակ օրենսդիրը բացառություն է սահմանել այս ընդհանուր կանոնից, ի թիվս այլնի, նաև այն դեպքերի համար, երբ սնանկության գործի վարույթը կարճվում է պարտապանին այլ սնանկության գործով սնանկ ճանաչելու հիմքով՝ նախատեսելով, որ այս դեպքում դատական ծախսերի փոխհատուցումը կատարվում է պարտապանի հաշվին: Այսինքն՝ օրենսդիրը գտել է, որ այն դեպքում, երբ անձը սնանկության դիմում է ներկայացնում դատարան, սակայն գործի վարույթը կարճվում է պարտապանի՝ արդեն իսկ մեկ այլ գործի շրջանակներում սնանկ ճանաչված լինելու հիմքով, այնուամենայնիվ, սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած անձի կողմից դատարան դիմելը չպետք է համարվի չարդարացված և վերջինս չպետք է անբարենպաստ հետևանքներ կրի դատական պաշտպանություն հայցելու համար: Այլ կերպ ասած՝ սնանկության ողջ ինստիտուտի առանձնահատկությունը պահանջում է, որպեսզի պարտապանին սնանկ ճանաչելուց հետո այդ նույն պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով հարուցված գործերի վարույթները կարճվեն, ինչը չի ենթադրում, որ այդ պահանջները եղել են անհիմն կամ բավարարման ոչ ենթակա:
Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պարտապանին այլ սնանկության գործով սնանկ ճանաչելու հիմքով սնանկության գործի վարույթը կարճվելու դեպքում դատական ծախսերի, այդ թվում՝ պետական տուրքի փոխհատուցման պարտականությունը պետք է դրվի պարտապանի վրա, քանի որ հակառակ դեպքում, այսինքն՝ պետական տուրքի փոխհատուցման պարտականությունը դիմումատուի վրա դնելը կխաթարի դատական պաշտպանության իրավունքի էությունը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձը չպետք է որևէ կերպ կաշկանդված լինի դատական պաշտպանության դիմելու հարցում հատկապես այն դեպքերում, երբ մեկ այլ գործով դեռևս առկա չէ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջը բավարարելու կամ մերժելու մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ, ուստի բոլոր այն դեպքերում, երբ սնանկության գործի վարույթը կարճվում է պարտապանին այլ սնանկության գործով սնանկ ճանաչելու հիմքով, ապա դատական ծախսերի փոխհատուցումը պետք է կատարվի պարտապանի հաշվին:
Վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դատարան ներկայացված դիմումով Շամամ Ղազարյանը խնդրել է պարտապան Արմեն Հարությունյանին ճանաչել սնանկ, միաժամանակ միջնորդել է պետական տուրքի հարցին անդրադառնալ վճռով և այն բռնագանձել պարտապանից:
Դատարանի «Դիմումը վարույթ ընդունելու, սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու և պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին» 15.02.2018 թվականի որոշմամբ Շամամ Ղազարյանի դիմումն ընդդեմ Արմեն Հարությունյանի` վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ, իսկ պետական տուրքի վճարումը հետաձգվել է և որոշվել է այդ հարցը լուծել վճռով:
Թիվ ԵԱԴԴ/0105/04/17 սնանկության գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 22.11.2018 թվականի վճռով Վարդուհի Գրիգորյանի դիմումն ընդդեմ Արմեն Հարությունյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին, բավարարվել է. Արմեն Հարությունյանը ճանաչվել է սնանկ: Վճիռը ստացել է օրինական ուժ:
Դատարանը 31.07.2019 թվականի վճռով կարճել է գործի վարույթը՝ պատճառաբանելով, որ թիվ ԵԱԴԴ/0105/04/17 սնանկության գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 22.11.2018 թվականի վճռով Արմեն Հարությունյանն արդեն իսկ սնանկ է ճանաչվել և վճիռը մտել է օրինական ուժի մեջ, որպիսի հանգամանքը Դատարանին հայտնի է դարձել պարտապանի ներկայացուցչի 16.07.2019 թվականին Դատարան ներկայացված համապատասխան դիմումով: Միաժամանակ վճռով Շամամ Ղազարյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձվել է 100.000 ՀՀ դրամ՝ որպես հետաձգված պետական տուրքի գումար:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Շամամ Ղազարյանի՝ պետական տուրքի բաշխման մասով ներկայացված վերաքննիչ բողոքը, արձանագրել է. «պարտապան Ա. Հարությունյանի նկատմամբ թիվ ԵԱԴԴ/0105/04/17 սնանկության գործը հարուցվել է Շամամ Ղազարյանի կողմից նույն պարտապանի նկատմամբ թիվ ԵԴ/0079/04/18 սնանկության գործը հարուցելուց շուրջ մեկ տարի առաջ, և այդ մասին տեղեկությունները հասանելի են եղել դատական իշխանության պաշտոնական կայքէջում` կայքէջի բոլոր այցելուների համար, ուստի Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սնանկության գործի վարույթը կարճելիս` պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը դատարան ներկայացնելու համար օրենքով սահմանված և դատարանի որոշմամբ հետաձգված պետական տուրքը վճարելու պարտականությունը դիմումատու Շամամ Ղազարյանի վրա դնելու առնչությամբ ՀՀ սնանկության դատարանի հետևություններն իրավաչափ են և բխում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի իրավակարգավորումներից»:
Մինչդեռ վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումը և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ թեև թիվ ԵԱԴԴ/0105/04/17 սնանկության գործով դիմումը ներկայացվել է 14.06.2017 թվականին (հիմք՝ court.am պաշտոնական կայք), իսկ սույն գործով Շամամ Ղազարյանի դիմումը՝ ավելի ուշ՝ 15.02.2018 թվականին, այդուհանդերձ, թիվ ԵԱԴԴ/0105/04/17 սնանկության գործով պարտապան Արմեն Հարությունյանին սնանկ ճանաչելու մասին վճիռը կայացվել է 22.11.2018 թվականին, այսինքն՝ սույն գործով Շամամ Ղազարյանի կողմից սնանկության դիմում ներկայացնելուց հետո: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Շամամ Ղազարյանի կողմից սնանկության դիմում ներկայացնելու պահին դեռևս առկա չի եղել պարտապան Արմեն Հարությունյանին սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ: Այս հանգամանքի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պարտապան Արմեն Հարությունյանին սնանկ ճանաչելու մասին վճիռ դեռևս կայացված չլինելու պայմաններում Շամամ Ղազարյանի կողմից իր դատական պաշտպանության իրավունքից օգտվելը չի կարող համարվել չարդարացված, ուստի վերջինս դատարան դիմելու համար չպետք է կրի որևէ բացասական հետևանք, այդ թվում նաև՝ պետական տուրքի վճարման պարտականության տեսքով:
Այսպիսով, Շամամ Ղազարյանի վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը՝ դատական ծախսերի բաշխման մասով, բեկանելու համար։
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն սնանկության գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում բողոք բերող անձից պետական տուրք չի գանձվում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական ակտը բողոքարկվել է դատական ծախսերի մասով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2019 թվականի որոշումը՝ ՀՀ սնանկության դատարանի 31.07.2019 թվականի վճիռը՝ Շամամ Ղազարյանից ՀՀ պետական բյուջե 100.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասով անփոփոխ թողնելու մասը և այն փոփոխել հետևյալ կերպ. Արմեն Հարությունյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 100.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար։
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող և զեկուցող Մ. Դրմեյան Ս. Անտոնյան Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Գ. Հակոբյան Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|