ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2025 թվականի N 121-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշման N 3 հավելվածում (այսուհետ՝ հավելված)՝
1) 3.1-ին կետի 2-րդ ենթակետում «hptt://www.շմն.հայ» բառերը և 14-րդ կետում «http://շմն.հայ» բառերը փոխարինել «www.env.am» բառերով.
2) 3.1-ին կետի 2-րդ ենթակետում «ծանուցում է» բառը փոխարինել «ծանուցվում է» բառով.
3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Հիմք ընդունելով «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից ներկայացված Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման տվյալները՝ յուրաքանչյուր տարի լիազոր մարմինը Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որսի իրականացման հայտերի ընդունման և պայմանագրերի կնքման գործընթացն սկսելու մասին կատարում է հրապարակային ծանուցում՝ լիազոր մարմնի www.env.am պաշտոնական կայքէջում կամ www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների կայքէջում։».
4) 7.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7.2. Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որսի օգտագործման առավելագույն չափաքանակները սահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո լիազոր մարմինը ձկան և խեցգետնի օգտագործման առավելագույն չափաքանակը բաշխում է սույն կարգով սահմանված պահանջները բավարարող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի հայտերով ներկայացրած ձկնորսների ընդհանուր քանակին և ստանում մեկ ձկնորսի հաշվով չափաքանակ։ Չափաքանակի բաշխման հաշվարկի ժամանակ միևնույն ձկնորսի տվյալը հաշվարկվում է մեկ հայտատուի կողմից ներկայացված լինելու պարագայում։ Տարբեր հայտատուների կողմից ձկնորսների տվյալների համընկնման դեպքում այդ տվյալները չեն հաշվարկվում։».
5) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.3-րդ կետով՝
«7.3. Հայտատուի կողմից հայտում ներկայացված չափաքանակը հաշվարկելու նպատակով լիազոր մարմինը՝
1) յուրաքանչյուր հայտով ներկայացված ձկնորսների քանակը բազմապատկում է մեկ ձկնորսի հաշվով չափաքանակի վրա՝ հայտատուի հասանելի չափաքանակը որոշելու նպատակով.
2) հայտատուների հասանելիք որսի քանակից ցածր չափաքանակով հայտերը բավարարում է ամբողջությամբ, իսկ ավել չափաքանակով ներկայացված հայտերի բավարարումն իրականացվում է՝ համաձայն սույն կետի 3-րդ ենթակետի.
3) ցածր չափաքանակով հայտերը բավարարելուց հետո մնացած չափաքանակը հավասարաչափ բաշխում է մնացած ձկնորսների ընդհանուր քանակի վրա և իրականացնում է վերահաշվարկ՝ մինչև ընդհանուր չափաքանակի վերջնական բաշխումը:».
6) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«9. Լիազոր մարմինը յուրաքանչյուր տարվա որսաշրջանի համար Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որսի օգտագործման առավելագույն չափաքանակները սահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է պայմանագիր կամ մերժում է հայտը:».
7) 10-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «կամ դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակներից ավել չափաքանակներ,» բառերը.
8) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«13. Պայմանագիրը կնքվում է երկու օրինակից՝ յուրաքանչյուր կողմին մեկական օրինակ, պայմանագրի պատճենը լիազոր մարմինը պայմանագիրը կնքելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է տարածքը տնօրինողին և էկոպարեկային ծառայությանը։».
9) N 1 ձևի ծանոթագրություն պարբերությունից հանել «ձկնորսների քանակը,» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
06.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 փետրվարի 2025 թվական:
![loading...](/static/img/loader.gif)