ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԱՎԴ2/0037/01/20 | ||||
Գործ թիվ ԱՎԴ2/0037/01/20 |
|||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
|
Ա. Պողոսյանի |
7 հոկտեմբերի 2022 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալներ Նվեր Ռոբերտի Հարությունյանի և Հրաչ Մյասնիկի Մկրտիչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի փետրվարի 21-ի որոշման դեմ պաշտպան Լ.Գասպարյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2019 թվականի դեկտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 44105719 քրեական գործը։
2020 թվականի փետրվարի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Տ.Կարապետյանը որոշում է կայացրել թիվ 44105719 քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նոր՝ թիվ 44100320 քրեական գործը հարուցելու, այն առանձին վարույթում առանձնացնելու և վարույթ ընդունելու մասին:
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մարտի 6-ի որոշմամբ Նվեր Ռոբերտի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մարտի 12-ի որոշմամբ Հրաչ Մյասնիկի Մկրտիչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մարտի 12-ի որոշմամբ Նվեր Ռոբերտի Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մարտի 19-ի որոշմամբ Հրաչ Մյասնիկի Մկրտիչյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Տ.Կարապետյանը 2020 թվականի մայիսի 27-ին կայացրել է որոշում` թիվ 44100320 քրեական գործից ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 1-ին մասով Նվեր Ռոբերտի Հարությունյանի ու Հրաչ Մյասնիկի Մկրտիչյանի վերաբերյալ մասն անջատելու, քրեական գործին թիվ 44100320/1 համարը շնորհելու, վարույթ ընդունելու և նախաքննություն կատարելու մասին:
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մայիսի 27-ի որոշումներով Ն.Հարությունյանին և Հ.Մկրտիչյանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել և նրանց նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 1-ին մասով։
2020 թվականի հունիսի 5-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2021 թվականի նոյեմբերի 9-ի դատավճռով Ն.Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ։ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Ն.Հարությունյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում՝ 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով Ն.Հարությունյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Ն.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով` այդ ընթացքում մշտական բնակության վայրը չփոխելու պարտականության սահմանմամբ:
Նույն դատավճռով Հ.Մկրտիչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ։ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Հ.Մկրտիչյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում՝ 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով Հ.Մկրտիչյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Հ.Մկրտիչյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով` այդ ընթացքում մշտական բնակության վայրը չփոխելու պարտականության սահմանմամբ:
3. Արարատի մարզի դատախազության դատախազ Կ.Իսրաելյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի փետրվարի 21-ի որոշմամբ բողոքը մասնակիորեն բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 9-ի դատավճիռը Ն.Հարությունյանի մասով բեկանել և փոփոխել է՝ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը՝ վերացրել:
Դատավճիռը մնացած, այդ թվում՝ Հ.Մկրտիչյանի մասով թողնվել է անփոփոխ:
4. Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ պաշտպան Լ.Գասպարյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ1:
Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակը նշել է, որ ամբաստանյալներ Նվեր Հարությունյանին և Հրաչ Մկրտիչյանին մեղսագրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ, որոնք ըստ մեղադրանքների, կատարվել են դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 12-ին։ Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտ կայացնելու պահին՝ 2022 թվականի փետրվարի 21-ին ամբաստանյալների նկատմամբ կիրառելի է եղել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ ոչ մեծ ծանրության հանցագործության համար սահմանված վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական գործի վարույթը կարճելու հիմքը, որի համար որևէ իրավական արգելք առկա չի եղել:
5.1. Բացի այդ, բողոքաբերը բարձրացրել է Վերաքննիչ դատարանի կողմից Ն.Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը չկիրառելու հիմնավոր լինելու հարցը։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 21-ի որոշումը, ամբաստանյալներ Ն.Հարությունյանի և Հ.Մկրտիչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի վարույթը կարճել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, իսկ ամբաստանյալ Ն.Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատժի մասով՝ օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին՝ վերջինիս նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Նվեր Ռոբերտի Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «[Ն]ա Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ Հրաչ Մյասնիկի Մկրտիչյանի հետ միասին «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» թիվ 207-Ն որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ «Տելեգրամ» էլեկտրոնային հավելվածով պատվիրել և 2019 թվականի դեկտեմբերի 12-ին ժամը 13-ի սահմաններում, ստացված հաղորդագրությամբ նշված հասցեից` Երևան քաղաքի Լվովի փողոցի 11-րդ շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկում գտնվող շքամուտքի խողովակների միջնամասում տեղադրված հատվածից, նույն փողոցի 13-րդ շենքի 10-րդ հարկի շքամուտքից ապօրինի ձեռք են բերել և պահել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 2010թ. մարտի 18-ի, ՀՀ Կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի 707-ն որոշմամբ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերի» Հավելված N 1-ին ցանկի 93-րդ կետով ներառված խոշոր չափերով` 0,349 գրամ քաշով «ՄԴՄԱ մեթիլենդիօքսիմեթամֆիտամին» տեսակի թմրամիջոց, որը 2019 թվականի դեկտեմբերի 12-ին հայտնաբերվել և վերցվել են ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցների կողմից Հ.Մկրտիչյանի անձնական խուզարկությամբ:
(…)
Բացի այդ, Նվեր Ռոբերտի Հարությունյանը, Հրաչ Մյասնիկի Մկրտիչյանի հետ միասին «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» թիվ 207-Ն որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ «Տելեգրամ» էլեկտրոնային հավելվածով պատվիրել և 2019 թվականի դեկտեմբերի 12-ին ժամը 13:30-ի սահմաններում, ստացված հաղորդագրությամբ Երևան քաղաքի Շիրակի 21 ա շենքի բակի` ծառի տակից, ապօրինի ձեռք են բերել և պահել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2010թ. մարտի 18-ի, ՀՀ Կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի 707-ն որոշմամբ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերի» Հավելված N 1-ին ցանկի 943-րդ և 944-րդ կետով ներառված զգալի չափերով' 0,504 գրամ քաշով 5F-MDM-PICA տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է իր կողմից շահագործված «Լադա Պրիորա» մակնիշի 36 QU 383 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի խուզարկությամբ (…)»2:
7.1. Հրաչ Մյասնիկի Մկրտիչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «[Ն]ա Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ Նվեր Ռոբերտի Հարությունյանի հետ միասին «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» թիվ 207-Ն որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ' «Տելեգրամ» էլեկտրոնային հավելվածով պատվիրել և 2019 թվականի դեկտեմբերի 12-ին ժամը 13-ի սահմաններում, ստացված հաղորդագրությամբ նշված հասցեից` Երևան քաղաքի Լվովի փողոցի 11-րդ շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկում գտնվող շքամուտքի խողովակաների միջնամասում տեղադրված հատվածից, նույն փողոցի 13-րդ շենքի 10-րդ հարկի շքամուտքից ապօրինի ձեռք են բերել և պահել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2010թ. մարտի 18-ի, ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի 707-ն որոշմամբ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերի» Հավելված N 1-ին ցանկի 93-րդ կետով ներառված խոշոր չափերով` 0,349 գրամ քաշով «ՄԴՄԱ (մեթիլենդիօքսիմեթամֆիտամին)» տեսակի թմրամիջոց, որը 2019 թվականի դեկտեմբերի 12-ին հայտնաբերվել և վերցվել է ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցների կողմից նրա անձնական խուզարկությամբ:
(…)
Բացի այդ, Հրաչ Մյասնիկի Մկրտիչյանը Նվեր Ռոբերտի Հարությունյանի հետ միասին, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» թիվ 207-Ն որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ` «Տելեգրամ» էլեկտրոնային հավելվածով պատվիրել և 2019 թվականի դեկտեմբերի 12-ին ժամը 12-ի սահմաններում, ստացված հաղորդագրությամբ Երևան քաղաքի Շիրակի 21ա շենքի բակից` ծառի տակից ապօրինի ձեռք են բերել և պահել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2010թ. մարտի 18-ի, ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի 707-ն որոշմամբ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերի» Հավելված N 1-ին ցանկի 943-րդ և 944-րդ կետով ներառված խոշոր չափերով` 0,504 գրամ քաշով 5F-MDM-PICA տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է Նվեր Հարությունյանի կողմից շահագործված «Լադա Պրիորա» մակնիշի 36 QU 383 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի խուզարկությամբ»3:
8. Առաջին ատյանի դատարանը դատավճռով արձանագրել է. «(...) Դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, հետազոտելով և գնահատելով ապացույցներն իրենց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից` հիմնված ներքին համոզմամբ, հանգում է այն հետևության, որ Նվեր Ռոբերտի Հարությունյանը և Հրաչ Մյասնիկի Մկրտիչյանը կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքները:
Միևնույն ժամանակ Դատարանը գտնում է, որ կատարած հանցավոր արարքների համար ամբաստանյալները ենթակա են քրեական պատասխանատվության և պատժի: (...)
Ամբաստանյալ Նվեր Հարությունյանի նկատմամբ պատիժ սահմանելիս, Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի վերը նշված հոդվածներին համապատասխան հաշվի է առնում նրա կատարած հանցանքների հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, նրա անձը բնութագրող տվյալները, այդ թվում պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, ինչպես նաև գործի ողջ տվյալները:
Դատարանը, որպես ամբաստանյալ Նվեր Հարությունյանի անձը բնութագրող տվյալ դիտում է այն, որ վերջինս` համաձայն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի կողմից 13.03.2020թ. տրված «Ձև 8» տեղեկանքի (...) համարվում է դատվածություն ունեցող, Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի ղեկավար Կ.Կակոյանի կողմից տրված բնութագրի համաձայն` Նվեր Ռոբերտի Հարությունյանը բնութագրվում է բավարար (...):
Դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն որպես ամբաստանյալ Նվեր Հարությունյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում նախաքննության ընթացքում խոստովանական ցուցմունքներով հանդես գալը, կատարած հանցանքի համար դատարանում անկեղծորեն զղջալը:
Միևնույն ժամանակ, Դատարանն ապացուցված է համարում, որ բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածով նախատեսված ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները:
Նվեր Հարությունյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով կատարված արարքներն ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն դասվում են համապատասխանաբար ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների շարքին:
Հաշվի առնելով ամբաստանյալ Նվեր Հարությունյանի կողմից կատարած հանցանքների հանրային վտանգավորության աստիճանը և բնույթը, հանցագործությունների կատարման եղանակը, քրեական օրենսդրությամբ պահպանվող նշված հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակությունը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող վերը նշված հանգամանքները և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, նրա անձը բնութագրող տվյալները, կատարած հանցագործությունների բնույթն ու աստիճանը, և ելնելով պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից, Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Նվեր Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով պետք է դատապարտել ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով պետք է դատապարտել ազատազրկման 3 (երեք) ամիս ժամկետով:
(...)
Միևնույն ժամանակ, քննարկելով ամբաստանյալ Նվեր Հարությունյանի կողմից նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը կրելու հարցը, Դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
(…)
Դատարանի համոզմամբ, ամբաստանյալ Նվեր Հարությունյանի անձը բնութագրող տվյալները՝ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի ղեկավարի կողմից բավարար գնահատվելը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները՝ մեղքը ընդունելը և կատարածի համար անկեղծորեն զղջալը, միևնույն ժամանակ նաև՝ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքի բացակայությունը, էականորեն նվազեցնում են ինչպես ամբաստանյալի անձի, այնպես էլ նրա կատարած հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը, և նշված հանգամանքներն իրենց ամբողջության մեջ հնարավորություն են տալիս ամբաստանյալին դիտել ոչ միայն որպես հանցանք կատարողի, որը պետք է պատասխանատվություն կրի, այլ նաև որպես կոնկրետ անձի՝ իր անհատական հատկանիշներով:
Նշված հիմնավորումներով, միևնույն ժամանակ նաև ելնելով պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից՝ Դատարանը հանգում է այն համոզվածության, որ սոցիալական արդարության վերականգնումը, Նվեր Հարությունյանի ուղղվելը և նոր հանցագործությունները կանխելը հնարավոր է նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակվող պատիժը պայմանականորեն չկիրառելու և միաժամանակ ողջամիտ, տվյալ դեպքում՝ 1 (մեկ) տարի ժամկետով փորձաշրջան սահմանելու պայմաններում, ինչի արդյունքում հնարավոր է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պատժի նպատակների իրականացումը՝ վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:
Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Նվեր Հարությունյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը պետք է դնել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանման կամ համապատասխան բաժնի վրա»4։
9. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) [Ա]նդրադառնալով ամբաստանյալ Նվեր Հարությունյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված վերջնական պատիժը չկրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հիմնավորումներին, դրա վերաբերյալ ներկայացված վերաքննիչ բողոքին՝ Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Ն.Հարությունյանի կատարած հանցագործությունների բնույթն ու վտանգավորության աստիճանը (բնակչության առողջության դեմ ուղղված դիտավորյալ հանցագործություններ են), հանցանքները Հրաչ Մկրտիչյանի հետ կատարելը, մեկ այլ գործով ազատազրկման դատապարտվելու, այն պայմանականորեն չկիրառվելու և համաներման կիրառմամբ այդ պատժի կրումից ազատվելու, բայցև պատշաճ հետևության չհանգելու և սույն գործով վերագրված հանցանքները կատարելու հանգամանքները, դատվածության բացակայությունը՝ արձանագրում է, որ խոստովանական ցուցմունքներ տալը և կատարած արարքների համար անկեղծորեն զղջալը, երիտասարդ լինելը և բնակության վայրում բավարար բնութագրվելը բավարար չեն գալու այն եզրահանգման, որ ամբաստանյալ Ն.Հարությունյանի ուղղումը հնարավոր է առանց սույն գործով նշանակված պատիժը ռեալ (իրական) կրելու:
Վերաքննիչ դատարանը նաև արձանագրում է, որ ամբաստանյալ Ն.Հարությունյանի անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքի ամբողջությունն Առաջին ատյանի դատարանն արդեն իսկ հաշվի է առել նրա նկատմամբ տվյալ հոդվածի սանկցիաներով նախատեսված նվազագույնին մոտ պատիժներ նշանակելիս և դրանք գումարելիս: (...)»5:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալներ Ն.Հարությունյանի և Հ.Մկրտիչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
11. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`
(...)
6) անցել են վաղեմության ժամկետները (...)»:
Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:
ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (…)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(…)։
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»:
ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, իսկ դրա համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում երկու տարին, ուստի այն դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:
12. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ն.Հարությունյանին և Հ.Մկրտիչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող արարքն ավարտվել է 2019 թվականի դեկտեմբերի 12-ին6։ Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը կայացվել է 2021 թվականի նոյեմբերի 9-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2022 թվականի փետրվարի 21-ին7:
14. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ն.Հարությունյանին և Հ.Մկրտիչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքի՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2021 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել։
15. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալներ Ն.Հարությունյանի և Հ.Մկրտիչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
16. Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 5.1.-րդ կետում բարձրացված՝ Ն.Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունների՝ ոչ հիմնավոր լինելու մասին փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ն.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության հարցը որոշելիս ստորադաս դատարանը, համադրված վերլուծության և իրենց ամբողջության մեջ պատշաճ գնահատման ենթարկելով սույն գործի փաստական տվյալները, Ն.Հարությունյանի անձը բնութագրող տվյալները, նրա պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, հանգել է հիմնավորված հետևության, որ վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով սույն գործով հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակների իրագործմանը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ Նվեր Հարությունյանի մասով բեկանելով և փոփոխելով ու ամբաստանյալ Ն.Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը չկիրառելը վերացնելով կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր:
17. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ուստի, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 9-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի փետրվարի 21-ի որոշումը պետք է բեկանել և փոփոխել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալներ Նվեր Ռոբերտի Հարությունյանի և Հրաչ Մյասնիկի Մկրտիչյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:
Ամբաստանյալ Ն.Հարությունյանին պետք է թողնել կրելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, իսկ ամբաստանյալ Հ.Մկրտիչյանին որպես պատիժ թողնել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված՝ 1 տարի ժամկետով ազատազրկումը, որը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառվել:
18. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալներ Նվեր Ռոբերտի Հարությունյանի և Հրաչ Մյասնիկի Մկրտիչյանի վերաբերյալ՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 9-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի փետրվարի 21-ի որոշումը մասնակիորեն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, բեկանել ու փոփոխել:
2. Ամբաստանյալներ Նվեր Ռոբերտի Հարությունյանի և Հրաչ Մյասնիկի Մկրտիչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
3. Ամբաստանյալ Նվեր Ռոբերտի Հարությունյանին թողնել կրելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը։
4. Ամբաստանյալ Հրաչ Մյասնիկի Մկրտիչյանին թողնել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, որը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառվել:
5. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ։
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 80-81։
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 91-92։
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 30-47։
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 64-85։
6 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։
7 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը։
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Ե. Դանիելյան | |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան |