Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.09.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 26.12.2022
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
01.09.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
01.09.2022
Дата вступления в силу
01.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/7115/05/18

2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/7115/05/18

Նախագահող դատավոր`  Ա. Առաքելյան

Դատավորներ`

 Ք. Մկոյան

 Կ. Մաթևոսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

 

2022 թվականի սեպտեմբերի 01-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Տիգրան Մամիկոնյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)` 20.04.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1807971808 որոշումն անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասին վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.04.2020 թվականի որոշման դեմ Տիգրան Մամիկոնյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տիգրան Մամիկոնյանը պահանջել է անվավեր ճանաչել (վերացնել) Ծառայության 20.04.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1807971808 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի ատավոր՝ Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 15022019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 01042020 թվականի որոշմամբ Տիգրան Մամիկոնյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15022019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Մամիկոնյանը (ներկայացուցիչ՝ Մհեր Հակոբյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով վիճարկվում է վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը, ուստի նշված վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացող հանգամանքների, մասնավորապես` հայցվորի կողմից վարչական իրավախախտում կատարված լինելու փաստի, ապացուցման պարտականությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի իմաստով, և վարչական վարույթի, և դատաքննության ընթացքում կրում է պատասխանողը: Այս առումով Դատարանը պետք է պատասխանողից պահանջի ներկայացնել վիճարկվող որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի նյութերը, ներառյալ` իրավախախտման փաստն արձանագրած տեսանյութերը, քանզի պատասխանողի ինտերնետային կայքում ներկայացված տեսանյութերի ուսումնասիրությունը բավարար չէ վիճարկվող որոշմամբ նկարագրված իրավախախտման փաստը հաստատված համարելու համար:

Այսպես, տեսանյութերում երևում է, որ որոշմամբ հիշատակվող տրանսպորտային միջոցը հատել է խաչմերուկը, սակայն նշված խաչմերուկը կարգավորող հիմնական (խաչմերուկից առաջ աջ կողմում տեղակայված) լուսացույցը տեսանյութում չի երևում: Դրա փոխարեն երևում է կրկնող (կրկնվող) լուսացույցը, որով հայցվորը չի ղեկավարվել խաչմերուկն անցնելիս: Հայցվորը պատասխանողից փորձել է ստանալ լրացուցիչ տեսանյութեր, որտեղ կերևար հիմնական լուսացույցը, սակայն պարզվել է, որ նման այլ տեսանյութեր ճանապարհային ոստիկանությունում առկա չեն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.04.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ բեկանել որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ծառայության 20.04.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1807971808 որոշման համաձայն` Տիգրան Մամիկոնյանը 14.04.2018 թվականին ժամը 09։55-ին ք. Երևան, Ամիրյան/Զաքիյան/Քոչինյան խաչմերուկի հատվածում ՀՀ կառավարության 28062007 թվականի թիվ 955-Ն որոշման Հավելված N 1-ի 7-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջը խախտելու, այն է` լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթարկվել է 20.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի (գ.թ. 4)։

2) Ծառայության պետ` Ե. Կարապետյանի 06.06.2018 թվականի թիվ 17-13-62397-18/17-13-1293 որոշման համաձայն` Ճանապարհային ոստիկանության վարչական տույժ նշանակելու մասին 20.04.2018 թվականի թիվ 1807971808 որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ վարչական բողոքն առանց բավարարման (գ.թ. 5)։

3) Իրավախախտման փաստն արձանագրվել է տեսագրությամբ և լուսանկարներով (լազերային կրիչ՝ գ.թ. 22)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտման առանձին տարրերի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, եթե տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած է հարուցում։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 124.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված, կամ լուսանկարահանող սարքերով (այսուհետ` տեխնիկական միջոցներ) հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքի կիրառման ընթացքում ծագող հարաբերություններն ուղղակիորեն չեն կարգավորվում նույն օրենքի դրույթներով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցն իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում, իսկ կասկածի դեպքում մեկնաբանվում է հօգուտ անձի: Իրավախախտման հատկանիշները պարզվում են 15 աշխատանքային օրում:

«Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի թիվ 1699-Ն որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածի «Ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները» բաժնի 3-րդ կետի համաձայն՝ նույն կանոններում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

ճանապարհային նշան (այսուհետ` նշան)` ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոց, որն ունի վահանակի տեսք ու որոշակի ձև և, որի վրա կատարված են այնպիսի նշումներ ու մակագրություններ, որոնք ճանապարհային երթևեկության (այսուհետ` երթևեկություն) մասնակիցներին տեղեկացնում են ճանապարհային պայմանների և երթևեկության ռեժիմների, բնակավայրերի ու այլ օբյեկտների գտնվելու վայրի մասին.

հիմնական նշան` նշան, որի տեղակայման անհրաժեշտությունը որոշվում է` ելնելով ճանապարհային պայմաններից` նույն կանոնների պահանջներին համապատասխան.

կրկնող նշան` հիմնական նշանի հետ ճանապարհի նույն ընդլայնական կտրվածքում տեղակայված նշան, որը ծառայում է երթևեկության մասնակիցների կողմից տեղեկատվության ընկալման հուսալիությունը բարձրացնելու համար.

կրկնվող նշան` հիմնական նշանից հետո տեղակայված նշան, որը հաստատում է հիմնական նշանի վրա նշված տեղեկությունը։

«Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի թիվ 1699-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի «Լուսացույցների տեղակայման կանոնները» բաժնի 43-րդ կետի համաձայն` (․․․) երկկողմ երթևեկությամբ ճանապարհներին խաչմերուկից առաջ բաժանարար գոտու, ուղղորդ կղզյակների կամ անվտանգության կղզյակների բացակայության դեպքում թույլատրվում է Տ(T).1.ձ լուսացույցը տեղակայել աջ կողմում, եթե բնակավայրերում տվյալ ուղղությամբ գոտիների թիվը պակաս է երեքից (բնակավայրերից դուրս՝ երկուսից ոչ ավելի), հակառակ դեպքում Տ(T).1.ձ լուսացույցը տեղակայվում է երթևեկելի մասի վրա։ Նույն բաժնի 44-րդ կետի համաձայն՝ երթևեկելի մասի կողքին տեղակայված Տ(T).1 ցանկացած կատարման և Տ(T).2 լուսացույցները կրկնում են: Կրկնող լուսացույցը տեղակայվում է խաչմերուկում կամ անմիջապես դրանից հետո` հաշվի առնելով վարորդի կողմից լուսացույցի ազդանշանի տեսանելիությունը (․․․): Բաժանարար գոտիների, բարձրացված ուղղորդ կղզյակների կամ անվտանգության կղզյակների բացակայության դեպքում` կրկնող լուսացույցները տեղակայվում են անմիջապես խաչմերուկից հետո` Տ(T).1.ա կամ Տ(T).2 («դեպի աջ» սլաքով)` աջ կողմում, մյուսները` ձախ կողմում, եթե տվյալ ուղղությամբ գոտիների թիվը պակաս է երեքից, իսկ յուրաքանչյուր գոտիով երթևեկության ինտենսիվությունը կազմում է ոչ ավելի, քան 500 միավոր/ժ։

Նույն հավելվածի 45-րդ կետի համաձայն՝ նույն լուսացուցային օբյեկտում տեղակայված բոլոր լուսացույցները (բացի ցանկացած կատարման Տ(T).4 լուսացույցներից) պետք է աշխատեն փոխհամաձայնեցված ռեժիմներում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, այսինքն՝ առկա է իրավախախտման փաստը, եթե տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում: Այլ կերպ ասած՝ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայման է տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանության կասկած չհարուցելը (տե´ս, Աիդա Նազարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6199/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի համար նախատեսել է միայն երկու փուլ՝ իրավախախտման հատկանիշների պարզման (հարուցման) և վարչական ակտի ընդունման (եզրափակիչ) փուլերը: Նշված վարչական վարույթում ընթացիկ փուլի բացառումը պայմանավորված է այն հանգամանքով, որ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների ակնհայտ համընկնման, այդ համընկնման վերաբերյալ որևէ կասկածի կամ վերապահման բացակայության պայմաններում հաստատվում է իրավախախտման փաստը, և բացակայում է նաև իրավախախտման հետ կապված այլ հանգամանքների պարզման, հետևաբար նաև՝ ընթացիկ փուլի անհրաժեշտությունը (տե´ս, Լուսինե Վիրաբյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1570/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն՝ Տիգրան Վահանի Մամիկոնյանը 14.04.2018 թվականին ժամը 09։55-ին ք. Երևան, Ամիրյան/Զաքիյան/Քոչինյան խաչմերուկի հատվածում ՀՀ կառավարության 28062007 թվականի թիվ 955-Ն որոշման Հավելված N 1-ի 7-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջը խախտելու, այն է` լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթարկվել է 20000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի (հիմք՝ 20.04.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1807971808 որոշում)։

Դիմելով դատարան՝ Տիգրան Մամիկոնյանը պահանջել է անվավեր ճանաչել (վերացնել) Ծառայության «Վարչական տույժ նշանակելու մասին» 20042017 թվականի թիվ 1807971808 որոշումը՝ հայցադիմումի հիմքում դնելով այն հանգամանքը, որ տեսանյութում երևում է, որ որոշմամբ հիշատակվող տրանսպորտային միջոցը հատել է խաչմերուկը, սակայն նշված խաչմերուկը կարգավորող հիմնական (խաչմերուկից առաջ աջ կողմում տեղակայված) լուսացույցը տեսանյութում չի երևում։ Տեսանյութում երևում է միայն կրկնվող լուսացույցը։

Դատարանը, 15022019 թվականի վճռով մերժելով հայցադիմումը, արձանագրել է, որ 20.04.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1807971808 որոշմամբ և տեսանյութով հիմնավորվել է, որ TOYOTA մակնիշի 64MT064 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդ Տիգրան Վահանի Մամիկոնյանը 14.04.2018 թվականին, ժամը 09։55-ին ք. Երևան, Ամիրյան/Զաքիյան/Քոչինյան խաչմերուկի հատվածում չի ենթարկվել լուսացույցի արգելող ազդանշանին (ըստ հետազոտված պատասխանողի կողմից կրիչով ներկայացված տեսանյութի և լուսանկարների)։

Վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրել է, որ Ծառայության 20.04.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1807971808 որոշումն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3-րդ հոդվածի 1-ին մասի իրավաչափ կիրառման արդյունքում, ինչը նշանակում է, որ առկա չեն վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով սահմանված հիմքերը, ուստի բացակայում է նաև Ծառայության պետի որոշումը վերացնելու իրավական հիմքը։

Վերաքննիչ դատարանը, մերժելով Տիգրան Մամիկոնյանի վերաքննիչ բողոքը, փաստել է, որ Ծառայության 20.04.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1807971808 որոշմամբ Տիգրան Մամիկոնյանին վերագրվող արարքն ամրագրող տեսանյութերը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնց միջոցով հնարավոր է ապացուցել, որ իրավախախտման կատարման վայրում` խաչմերուկի ձախ հատվածում, առկա է լուսացույց, իսկ նախքան լուսացույցին մոտենալը` հստակ երևացող «Կանգ-գիծ» գծանշում, որին Տիգրան Մամիկոնյանին պատկանող տրանսպորտային միջոցի մոտենալու պահին լուսացույցն ուներ երթևեկությունն արգելող ազդանշան:

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ թեև տեսանյութում արտացոլված չէ խաչմերուկի աջ կողմում գտնվող լուսացույցը, սակայն պարզ երևում է ձախ հատվածի լուսացույցը, որը նույնությամբ պետք է կրկնի աջ կողմի լուսացույցի ազդանշանները: Լուսացույցի դեղին և կարմիր ազդանշաններն արգելում են երթևեկությունը, իսկ դրանցից որևէ մեկի միացման պարագայում վարորդը պետք է կանգ առնի «Կանգ-գիծ» գծանշման առջև: Ներկայացված տեսանյութերից ակնհայտ է, որ Տիգրան Մամիկոնյանին պատկանող տրանսպորտային միջոցը խաչմերուկ մուտք գործելիս չի կատարել նշված պահանջը` չենթարկվելով խաչմերուկի ձախ հատվածում գտնվող լուսացույցի՝ իր համար ողջամտորեն տեսանելի արգելող ազդանշանին: Տվյալ դեպքում տեսանյութերում ամրագրված արարքի և Տիգրան Մամիկոնյանին վերագրվող իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում, և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 20.04.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1807971808 որոշումն անվավեր ճանաչելու հիմքերը բացակայում են:

Վճռաբեկ դատարանը, ուսումնասիրելով սույն գործում առկա նյութերը, արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է և բավարարման ենթական հետևյալ պատճառաբանությամբ

Սույն գործում որպես Տիգրան Մամիկոնյանի կողմից կատարված իրավախախտման արձանագրման փաստ Ծառայությունը Դատարան է ներկայացրել 20.04.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1807971808 որոշման կայացման հիմք հանդիսացած տեսանյութը և լուսանկարները։

Նշված տեսանյութի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ TOYOTA մակնիշի 64MT064 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդ Տիգրան Մամիկոնյանը 14.04.2018 թվականին ժամը 09։55-ին ք. Երևան, Ամիրյան/Զաքիյան/Քոչինյան խաչմերուկի հատվածում չի ենթարկվել կրկնվող լուսացույցի արգելող ազդանշանին, մինչդեռ հիմնական լուսացույցը, որի աշխատանքային ռեժիմը կարելի կլիներ համեմատել կրկնվող լուսացույցի աշխատանքային ռեժիմի հետ, տեսանյութում չի երևում։

Ինչպես հետևում է վերոգրյալ դրույթների համադրված վերլուծությունից, կրկնվող լուսացույցը վերարտադրում, կրկնում է հիմնական լուսացույցի ցուցումները, և խաչմերուկներում է տեղադրվում, որպեսզի ապահովվի տրանսպորտային միջոցների անխափան ու արդյունավետ երթևեկության կարգավորումը` խաչմերուկ մուտք գործելուց հետո ևս: Հետևաբար, որպեսզի փաստենք, որ կրկնող լուսացույցը նույնությամբ կրկնել է հիմնական լուսացույցի ազդանշանները, անհրաժեշտ է այն համեմատել հիմնական լուսացույցի ազդանշանների հետ` միևնույն ժամանակահատվածի ռեժիմով: Մինչդեռ, սույն դեպքում հիմնական լուսացույցը տեսանյութում արտացոլված չէ: Ուստի, տեսանյութում արտացոլված տեղեկությունները թույլ չեն տալիս գալ այն միանշանակ եզրահանգման, որ քննարկվող իրավախախտման պահին կրկնվող լուսացույցը նույնությամբ վերարտադրել է հիմնական լուսացույցի ազդանշանները, հետևաբար, նաև փաստել, որ տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում:

Տվյալ դեպքում տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով խախտում արձանագրելիս վարչական մարմինը պետք է գնահատականի արժանացներ ոչ միայն տեսանյութում կրկնվող լուսացույցի երևալը, այլ նաև այն հանգամանքը, որ հիմնական լուսացույցը տեսանյութում չի երևում և կրկնվող լուսացույցի տվյալները հիմնական լուսացույցի տվյալների հետ համեմատելու իրական հնարավորություն վարչական մարմինը չունի:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտը, որպես կանոն, ընդունվում է գրավոր` որոշման, հրամանի, կարգադրության կամ օրենքով նախատեսված այլ ձևով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` վարչական ակտը կարող է ընդունվել նաև լուսային, ձայնային, պատկերային, ազդանշանների, նշանների կամ օրենքով նախատեսված այլ ձևով (այսուհետ՝ այլ ձևի վարչական ակտեր)։

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն պարագայում լուսացույցը հանդիսանում է այլ ձևով ընդունված վարչական ակտ, որի յուրաքանչյուր գույնի միացված ազդանշանը որոշակի պարտականություններ է սահմանում անձանց հատուկ կատեգորիայի (վարորդ, հետիոտն) համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, (...) քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքի էությունն այն է, որ անձը ենթակա է վարչական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ զանցանքի կատարման մեջ վերջինիս մեղավորությունը (դիտավորություն կամ անզգուշություն) հաստատված է իրավասու մարմնի կողմից, քանի որ անձի արարքում մեղքի բացակայությունը վկայում է վարչական իրավախախտման բացակայության մասին (տե՛ս, Արսեն Խաչատրյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/4936/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Նմանատիպ իրավական դիրքորոշում արտահայտել է նաև ՀՀ սահմանադրական դատարանը 12.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-920 որոշմամբ՝ նշելով, որ վարչական պատասխանատվության սկզբունքներից է «պատասխանատվությունը մեղքի համար» սկզբունքը, ինչը նշանակում է, որ վարչական տույժը (պատասխանատվությունը) կարող է կիրառվել միայն վարչական իրավախախտում կատարելու մեջ մեղավոր անձի նկատմամբ: Հետևաբար` մեղքը, որպես վարչական զանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարր, հանդիսանում է վարչական պատասխանատվության իրավական միակ նախապայմանն ու նախադրյալը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այլ ձևի վարչական ակտերը պետք է հասանելի (տեսանելի) լինեն այն անձանց (սուբյեկտների) համար, որոնց վրա դրվում են որոշակի պարտականություններ, հակառակ դեպքում պետք է բացառվի նաև պատասխանատվությունը դրա չկատարման համար, քանի որ այդ դեպքում բացակայում է անձի մեղքը:

Վերը նշված իրավական վերլուծությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով ապացուցված չէ վարչական պատասխանատվության համար ելակետային նշանակության ունեցող այն հանգամանքը, որ հիմնական և կրկնվող լուսացույցներն աշխատել են միևնույն ռեժիմով, որն էլ էական է վարչական պատասխանատվության համար առանցքային նշանակություն ունեցող պայմանի` մեղքի առկայությունը հաստատելու համար:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև սույն գործով դատական ծախսերի բաշխման հարցին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործի քննության հետ կապված այլ ծախսերն են` դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Նկատի ունենալով այն, որ Տիգրան Մամիկոնյանն սույն գործով հայցադիմումը և վերաքննիչ բողոքը ներկայացնելիս մինչև 01.01.2020 թվականը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է եղել պետական տուրքի վճարման պարտականությունից և պետական տուրք չի վճարել հայցադիմումը և վերաքննիչ բողոքը ներկայացնելիս, հետևաբար հայցապահանջը բավարարվելու դեպքում Ծառայությունը Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում չի կարող կրել հայցադիմումի և վերաքննիչ բողոքի համար սահմանված, սակայն չվճարված պետական տուրքը պետությանը հատուցելու պարտականություն:

Նման պայմաններում սույն գործով հայցադիմում և վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված:

Միևնույն ժամանակ նկատի ունենալով այն, որ 01.01.2020 թվականից գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով Տիգրան Մամիկոնյանը վճռաբեկ բողոքի համար արդեն վճարել է 20.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տիգրան Մամիկոնյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Ծառայության կողմից:

Բացի այդ, Ծառայությունից հօգուտ Տիգրան Մամիկոնյանի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ, 58-րդ և 60-րդ հոդվածների համաձայն, ենթակա է բռնագանձման գործի քննության հետ կապված այլ ծախսի՝ Տիգրան Մամիկոնյանի ներկայացուցչի վճարի հատուցման գումարը։ Ընդ որում, հատուցման չափը որոշելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը համաձայն Անի Դավթյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6377/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումների։ Տվյալ դեպքում հիմք ընդունելով սույն գործի բարդությունը, ներկայացուցչի կատարած աշխատանքի ծավալը (հայցադիմումի և վճռաբեկ բողոքի ներկայացում), Տիգրան Մամիկոնյանի և Մհեր Հակոբյանի միջև 18062018 թվականին կնքված իրավախորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված՝ ներկայացուցչին վճարման ենթակա գումարի չափի և վիճարկվող վարչական ակտով առաջադրված տուգանքի գումարի չափի հարաբերակցությունը՝ կարող է կազմել հենց պայմանագրում նշված 50.000 ՀՀ դրամը: Հետևաբար Ծառայությունից հօգուտ Տիգրան Մամիկոնյանի անհրաժեշտ է բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի հատուցման գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01042020 թվականի որոշումը բեկանել և փոփոխել. Տիգրան Մամիկոնյանի հայցը բավարարել՝ վերացնել ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայության 20.04.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1807971808 որոշումը:

2. ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից հօգուտ Տիգրան Մամիկոնյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես սույն վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից հօգուտ Տիգրան Մամիկոնյանի բռնագանձել 50000 ՀՀ դրամ՝ որպես ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի հատուցման գումար:

Հայցադիմում և վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի բաշխման հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան