ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԴԱՎԹՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատներ թիվ 54261/13 և 18361/16)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
1 մարտի 2022թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գուերրա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,
և Իլզե Ֆրայվըրթ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 1968 թվականին ծնված և տվյալ ժամանակահատվածում Երևանում կալանքի տակ գտնվող, Երևանում գործող իրավաբան պրն Կ. Հակոբյանի կողմից ներկայացվող պրն Սամվել Դավթյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ համապատասխանաբար 2013 թվականի օգոստոսի 17-ին և 2016 թվականի մարտի 23-ին Դատարան ներկայացված գանգատները (թիվ 54261/13 և 18361/16),
դիմումատուի հանդեպ ենթադրյալ վատ վերաբերմունքի, ենթադրաբար արդյունավետ քննություն չիրականացնելու և դատական քննության արդարացիության վերաբերյալ բողոքների մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանի կողմից ներկայացվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
2022 թվականի փետրվարի 8-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Գործը վերաբերում է դիմումատուի հանդեպ ցուցաբերված ենթադրյալ վատ վերաբերմունքին և ենթադրաբար արդյունավետ քննություն չիրականացնելուն։ Այն վերաբերում է նաև դատարանների կողմից՝ ենթադրաբար ճնշման տակ դիմումատուից ձեռք բերված խոստովանության վրա հիմնվելու առնչությամբ դիմումատուի գործով դատական քննության ենթադրյալ անարդարացիությանը։ Դրանով բարձրացվում են հարցեր Կոնվենցիայի 3-րդ և 6-րդ հոդվածների շրջանակներում։
2. 2011 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 8։30-ին, դիմումատուն բերման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն (ԿՀՊԳՎ), որտեղ նա մի քանի ժամ ենթադրաբար ենթարկվել է վատ վերաբերմունքի ոստիկանության ծառայողների կողմից, որոնք հարվածել են նրա մարմնի տարբեր հատվածներին։ Ժամը 11։30-ին դիմումատուն Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության (ՔԳՎ) քննիչի կողմից հարցաքննվել և ձերբակալվել է։ Դրանից հետո նրա հանդեպ վատ վերաբերմունքը ենթադրաբար շարունակվել է ցուցաբերվել, որը ներառել է հագուստը հանելը և ձեռքերն ու ոտքերն աթոռին կապելը, ռետինե մահակներով ծեծելը, էլեկտրաշոկ կիրառելը, ոտքերի ներբաններին, մեջքին, կողոսկրերին և մարմնի մյուս մասերին ոտքով հարվածելը՝ պահանջելով, որ նա խոստովանի հանցագործություն կատարելը։ Ժամը 23։30-ին դիմումատուն ընդունվել է ոստիկանության ժամանակավոր պահելու վայր, որտեղ արձանագրվել են մի շարք վնասվածքներ, այդ թվում՝ «ձախ քունքի հատվածում վերք և այտուցվածություն, մեջքի վրա կարմրավուն հետքեր, երկու սրունքների հատվածում վերքեր, աջ ձեռքի այտուցվածություն, երկու ոտքերի այտուցվածություն և աջ դաստակի հատվածում վերքե։ Դիմումատուի վնասվածքների վերաբերյալ ծանուցում է ուղարկվել ՔԳՎ: 2011 թվականի սեպտեմբերի 24-ին ՔԳՎ-ի քննիչը հարցաքննել է դիմումատուին, որը խոստովանել է հանցագործության կատարումը։ 2011 թվականի հոկտեմբերի 1-ին ՔԳՎ-ի քննիչն ուսումնասիրել է ժամանակավոր պահելու վայրի բժշկական մատյանը և 2011 թվականի հոկտեմբերի 3-ին հարցաքննել է դիմումատուին, որը հրաժարվել է իր վնասվածքների մասին ցուցմունք տալուց։ 2011 թվականի հոկտեմբերի 4-ին քննիչի հանձնարարությամբ դիմումատուն զննության է ենթարկվել դատաբժշկական փորձագետի կողմից, որը հաստատել է դիմումատուի որոշ վնասվածքների առկայությունը՝ եզրակացնելով, որ դրանք հասցվել են բութ ծանր առարկայի միջոցով։
3. 2011 թվականի հոկտեմբերին դիմումատուի ընտրությամբ նշանակվել է փաստաբան, որը վիճարկել է դատաբժշկական փորձաքննության արդյունքները՝ պնդելով, որ դիմումատուի հանդեպ վատ վերաբերմունք է ցուցաբերվել։ 2012 թվականի ապրիլի 6-ին ՔԳՎ-ի քննիչը ցուցմունք է վերցրել դիմումատուին ձերբակալած՝ ԿՀՊԳՎ-ի երկու ծառայողներից։ Երկուսն էլ տվել են մեկ պարբերություն կազմող միանման ցուցմունքներ՝ հերքելով դիմումատուի հանդեպ վատ վերաբերմունքի ցուցաբերումը և պնդելով, որ դիմումատուն ձերբակալման ժամանակ դիմադրություն է ցուցաբերել, որի արդյունքում գործադրվել է ուժ, և դիմումատուն վայր է ընկել այդ միջադեպի ժամանակ, ինչն էլ կարող էր վնասվածքների պատճառ դառնալ։ Քննիչի կողմից հարցեր չեն տրվել։ 2012 թվականի հունիս և հուլիս ամիսներին դիմումատուն մանրամասն բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազին իր հանդեպ ցուցաբերված վատ վերաբերմունքի վերաբերյալ, և պահանջել է, որ իր պնդումները քննվեն Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) կողմից։ Նրա՝ 2012 թվականի հուլիսին ներկայացված բողոքն ուղարկվել է այն մարմին, որի կողմից 2012 թվականի օգոստոսի 15-ին դիմումատուն հարցաքննվել է՝ պնդելով իր բողոքը և հրաժարվելով պատասխանել իր վնասվածքների վերաբերյալ հարցերին։ 2012 թվականի օգոստոսի 23-ին ՀՔԾ-ն մերժել է քրեական վարույթ հարուցել՝ վկայակոչելով ԿՀՊԳՎ-ի երկու ծառայողների ցուցմունքները և դիմումատուի՝ ցուցմունք տալուց հրաժարվելը և եզրակացնելով, որ վնասվածքներն առաջացել են ձերբակալումն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից իրավաչափ ուժ գործադրելուց, որոնք փորձել են կանխել դիմումատուի փախուստը։ Դիմումատուի՝ այդ որոշման դեմ ներկայացված բողոքները մերժվել են դատարանների կողմից։ Հարկ է առանձին նշել նաև, որ նրա դեմ քննվող գործով դատական քննության ժամանակ դիմումատուն մեղավոր է ճանաչվել և դատապարտվել տասնհինգ տարի ժամկետով ազատազրկման: Այդպիսով, դատարանները հիմնվել են, inter alia (ի թիվս այլնի), դիմումատուի 2011 թվականի սեպտեմբերի 24-ի խոստովանության վրա և մերժել են դիմումատուի՝ այդ ապացույցը գործի նյութերից հանելու մասին պահանջը:
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ
4. Հաշվի առնելով գանգատների քննության առարկաների համանմանությունը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք համատեղ քննել մեկ վճռով (Դատարանի կանոնակարգի 42-րդ կանոնի 1-ին կետ)։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
5. Դատարանը նշում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
6. Վատ վերաբերմունքն արգելելու և նման պնդումների առնչությամբ արդյունավետ քննություն իրականացնելու պարտականության վերաբերյալ ընդհանուր սկզբունքներն ամփոփ ներկայացվել են Բույիդն ընդդեմ Բելգիայի [Bouyid v. Belgium] ([ՄՊ], թիվ 23380/09, §§ 81-90, 100-101 և 114-123, ՄԻԵԴ 2015) գործում։
7. Դատարանն անհրաժեշտ է համարում նախևառաջ ուսումնասիրել 3-րդ հոդվածի ընթացակարգային հայեցակետը։ Այն նշում է, որ երբ դիմումատուի վնասվածքները հայտնաբերվել են ոստիկանության ժամանակավոր պահելու վայրում, ծանուցում է ուղարկվել ՔԳՎ, որը, Դատարանի կարծիքով, անկախ մարմին չէր դիմումատուին հասցված վնասվածքների հանգամանքներն ուսումնասիրելու համար: Նախ՝ ՔԳՎ-ի և ԿՀՊԳՎ-ի միջև առկա է ինստիտուցիոնալ կապ, քանի որ երկու գերատեսչություններն էլ Հայաստանի ոստիկանական համակարգի մաս են կազմում: Երկրորդ՝ ՔԳՎ-ն այն մարմինն է, որն իրականացրել է դիմումատուի դեմ հարուցված քրեական գործով քննությունը, ավելին՝ սերտ համագործակցելով ԿՀՊԳՎ-ի ծառայողների հետ, որոնք դիմումատուի հանդեպ ենթադրաբար ցուցաբերել են վատ վերաբերմունք։ Այդ գերատեսչության քննիչները թեև անմիջականորեն առնչություն չեն ունեցել ենթադրյալ վատ վերաբերմունք ցուցաբերելու հետ, այնուամենայնիվ, նրանք այն ծառայողներն էին, որոնք դիմումատուից խոստովանությունը վերցրել են ենթադրյալ նույն վատ վերաբերմունքի արդյունքում։ Երրորդ՝ Կառավարությունն ընդունել է, որ սույն գործով անկողմնակալ և իրավասու մարմինը ՀՔԾ-ն էր։ Հետևաբար քննությունն ի սկզբանե ղեկավարվել է մի մարմնի կողմից, որը չի ունեցել անհրաժեշտ անկախություն:
8. Դատարանը նաև նշում է, որ չնայած դիմումատուի վնասվածքների մասին տեղեկացվել է արդեն 2011 թվականի սեպտեմբերի 23-ին կամ մոտավորապես այդ օրը, ՔԳՎ-ի քննիչը միայն 2011 թվականի հոկտեմբերի 1-ին է որևէ գործողություն ձեռնարկել այդ ուղղությամբ՝ ուսումնասիրելով բժշկական մատյանը։ Դրան հաջորդող երեք օրերի ընթացքում դիմումատուն դատաբժշկական փորձագետի կողմից չի զննվել (տե՛ս վերևում 2-րդ պարբերությունը): Որակավորված մասնագետի կողմից դիմումատուի բժշկական զննության իրականացման հետ կապված նման ձգձգումները պետք է որ հանգեցրած լինեն արժեքավոր ապացույցների կորստի: Ավելին, միայն 2012 թվականի ապրիլի 6-ին, այսինքն՝ ավելի քան վեց ամիս անց է քննիչը ցուցմունք վերցրել ձերբակալումն իրականացրած ոստիկանության ծառայողներից։ Արդյունքում ստացված ցուցմունքները պարունակել են հակիրճ ձևակերպված միանման տեքստեր՝ առանց մանրամասների, քննիչի կողմից առաջադրված որևէ հարցի, և դրանք չեն կարող դիտարկվել որպես դիմումատուին հասցված վնասվածքների հանգամանքները պարզելու լուրջ փորձ (տե՛ս վերևում 3-րդ պարբերությունը):
9. Վերջապես՝ Դատարանը նշում է, որ 2012 թվականի հուլիսին՝ ավելի քան տասը ամիս ուշացումով, Գլխավոր դատախազությունը դիմումատուի բազմաթիվ բողոքներից հետո գործի քննությունն ի վերջո հանձնել է ՀՔԾ-ին։ Ինչպես պարզ է դառնում, այդ մարմնի կողմից ձեռնարկված միակ քննչական միջոցառումը եղել է դիմումատուի 2012 թվականի օգոստոսի 15-ի հարցաքննությունը, որին գրեթե անմիջապես հաջորդել է մասնավորապես քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2012 թվականի օգոստոսի 23-ի որոշումը, որն ամբողջությամբ հիմնված էր ոստիկանության երկու ծառայողների վերոնշյալ ցուցմունքների վրա՝ չնայած այդ ապացույցների ակնհայտ թերություններին և այդ վկաների անկողմնակալության բացակայությանը։ Հատկանշական է, որ այդ ամբողջ ժամանակահատվածում դիմումատուն չի կարողացել օգտվել քրեական վարույթի ընթացքում տուժողի իրավունքներից, քանի որ քրեական գործ չէր հարուցվել: Թեև դիմումատուն ի վերջո կարողացել է քննիչի որոշումը վիճարկել դատարաններում, վերջիններս դիմումատուի բողոքները մերժելիս նրա վնասվածքների վերաբերյալ փաստերի առնչությամբ սեփական քննություն չեն իրականացրել և ամբողջությամբ հիմնվել են քննչական մարմինների կողմից հավաքագրված ապացույցների վրա:
10. Կառավարությունը թեև պնդում է, որ դիմումատուն վատ վերաբերմունքի մասին արժանահավատ հայտարարություն չի արել, միևնույն ժամանակ ընդունել է, որ այդ մարմիններն իրենց նախաձեռնությամբ քննություն են սկսել հնարավոր վատ վերաբերմունքի առնչությամբ՝ հայտնաբերելով դիմումատուին հասցված վնասվածքները: Նման հանգամանքներում նրանց պարտականությունը եղել է այդ հարցի համար համարժեք, արագ և անկողմնակալ արձագանք ապահովելը: Այս կապակցությամբ կարևոր է նաև նկատի ունենալ այն հոգեբանական ազդեցությունը, որը վատ վերաբերմունքը կարող է ունենալ տուժողների վրա, այդ թվում՝ խաթարելով այդ մասին նրանց բարձրաձայնելու կարողությունը (տե՛ս Մոկանուն և այլք ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Mocanu and Others v. Romania [GC]], թիվ 10865/09 և եւս 2-ը, § 274, ՄԻԵԴ 2014 (քաղվածքներ)): Ճիշտ է, դիմումատուն հրաժարվել է ցուցմունք տալուց, երբ 2011 թվականի հոկտեմբերի 3-ին հարցաքննվել է իր վնասվածքների առնչությամբ: Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ այդ հարցաքննությունն անցկացվել է այն ժամանակ, երբ քննությունը ղեկավարվել է ՔԳՎ-ի կողմից, և ավելին, այն իրականացրել է այն քննիչը, որն ստացել էր դիմումատուի խոստովանական ցուցմունքը: Ուստի համագործակցելու մասով նրա ցանկության բացակայությունը կարող է բացատրվել այդ մարմնի անկողմնակալության բացակայությամբ և այն անվստահությամբ, որը դիմումատուն ունեցել է քննիչի նկատմամբ: Թեև դիմումատուի՝ ՀՔԾ քննիչի կողմից հետագայում հարցաքննվելիս ցուցմունք տալուց հրաժարվելը կարող է պակաս հասկանալի լինել, այնուամենայնիվ, դա չի կարող արդարացում լինել այդ հարցաքննությանը նախորդած քննության բոլոր թերությունների կամ դրանից գրեթե անմիջապես հետո հապճեպ եզրակացություններ կայացնելու և ՀՔԾ-ի կողմից քննությունն ավարտելու համար: Հատկանշական է, որ հրաժարվելով հարցերին պատասխանելուց՝ դիմումատուն, այնուամենայնիվ, պնդել է Գլխավոր դատախազին ուղղված՝ իր կողմից գրված բավականին մանրամասն բողոքը, որտեղ ցուցմունք տալուց հրաժարվելու փաստը նա բացատրել է քննության նկատմամբ վստահության կորստով՝ պայմանավորված գրեթե մեկ տարի անց քննության առաջընթացի բացակայությամբ։
11. Վերոնշյալի լույսի ներքո Դատարանը եզրակացնում է, որ իշխանության մարմինները չեն կարողացել արդյունավետ քննություն իրականացնել դիմումատուի հանդեպ ենթադրյալ վատ վերաբերմունքի հանգամանքների առնչությամբ:
12. Ինչ վերաբերում է 3-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետին, ապա Կառավարությունը, հիմնվելով պաշտոնական քննության արդյունքների վրա, պնդել է, որ դիմումատուի վնասվածքներն ստացվել են ոստիկանության ծառայողների կողմից իրավաչափ և համաչափ ուժի գործադրման արդյունքում, երբ նա ձերբակալման ժամանակ ցուցաբերել է դիմադրություն: Դատարանը նշում է, այնուամենայնիվ, որ այս հետևությունն արվել է վերը նկարագրված թերի և մակերեսային քննության արդյունքում և չի կարող համարվել արժանահավատ և բավարար: Այն ամբողջությամբ հիմնված է եղել ձերբակալումն իրականացրած՝ ոստիկանության երկու ծառայողների ցուցմունքների վրա, որոնք անկողմնակալ վկաներ չեն եղել, և նրանց ցուցմունքները չեն հիմնավորվել որևէ այլ ապացույցով, այդ թվում՝ որևէ բժշկական գնահատականով: Հատկանշական է, որ տվյալ ժամանակահատվածում ձերբակալումն իրականացրած՝ ոստիկանության ծառայողների կողմից որևէ հաղորդում չի ներկայացվել դիմումատուի ձերբակալման ժամանակ վերջինիս կողմից ստացված վնասվածքների մասին, ինչպես պահանջվում է «Ոստիկանության մասին» օրենքի 29-րդ հոդվածով (տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի [Mushegh Saghatelyan v. Armenia], թիվ 23086/08, « 122, 2018 թվականի սեպտեմբերի 20), մինչդեռ դիմումատուն քննության ընթացքում հետևողականորեն հերքել է իրադարձությունների այդ վարկածը:
13. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը գտնում է, որ Կառավարությունը չի կարողացել արժանահավատ բացատրություն տրամադրել դիմումատուին հասցված վնասվածքների առնչությամբ: Մասնավորապես չի հաստատվել, որ նրա վնասվածքները հասցվել են ուժի գործադրման հետևանքով, որը խիստ անհրաժեշտ է եղել՝ պայմանավորված նրա վարքագծով (տե՛ս վերևում հիշատակված՝ Բույիդի գործը, § 100): Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուն ենթարկվել է անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի՝ 3-րդ հոդվածի իմաստով:
14. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական և ընթացակարգային հայեցակետերի խախտում:
III. ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ՝ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ
15. Դիմումատուն նաև բողոք է ներկայացրել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն, որը կարգավորվում է Դատարանի հաստատված նախադեպային իրավունքով: Այդ բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
16. Դատարանը վկայակոչում է 6-րդ հոդվածի համաձայն սահմանված իր նախադեպային իրավունքի սկզբունքները՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտմամբ ձեռք բերված ցուցմունքները քրեական վարույթում որպես ապացույց թույլատրելու առնչությամբ (տե՛ս Գեֆգենն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [GՊfgen v. Germany [GC]], թիվ 22978/05, § 166, ՄԻԵԴ 2010 և Իբրահիմը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Ibrahim and Others v. the United Kingdom [GC]], թիվ 50541/08 և եւս 3-ը, § 254, 2016 թվականի սեպտեմբերի 13): Սույն գործով դիմումատուն հանցագործության կատարումը խոստովանել է իր նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի արդյունքում: Այն փաստը, որ դիմումատուն խոստովանել է ՔԳՎ քննիչին, այլ ոչ թե ոստիկանության ծառայողներին, որոնք վատ վերաբերմունք են ցուցաբերել իր հանդեպ, Դատարանի կարծիքով, վճռորոշ չէ (համեմատե՛ք Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Harutyunyan v. Armenia] թիվ 36549/03, § 65, ՄԻԵԴ 2007-III): Դատարանները հետագայում դիմումատուին մեղավոր ճանաչելիս հիմնվել են այդ խոստովանական ցուցմունքի վրա: Այս փաստը դիմումատուի դատական քննությունն ամբողջությամբ դարձրել է անարդար՝ անկախ խնդրո առարկա ցուցմունքի ապացուցողական արժեքից և անկախ նրանից, թե դրա օգտագործումը որոշիչ է եղել դիմումատուի դատապարտումն ապահովելու համար, թե՝ ոչ (տե՛ս վերևում հիշատակված՝ Գեֆգենի գործը, § 166):
17. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում։
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
18. Դիմումատուն պահանջել է 20 000 եվրո (եվրո)՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, և 2 000 000 ՀՀ դրամ՝ Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար։
19. Դատարանը դիմումատուին շնորհում է 18 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։ Այնուհետև այն ողջամիտ է համարում շնորհել 2000 եվրո՝ ծախսերի և ծախքերի համար՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։
20. Դատարանը նաև նպատակահարմար է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է միացնել գանգատները.
2. Հայտարարում է գանգատներն ընդունելի.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական և ընթացակարգային հայեցակետերի խախտում.
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում՝ դիմումատուի գործով դատական քննության արդարացիության առնչությամբ.
5. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով`
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 18 000 եվրո (տասնութ հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 2 000 եվրո (երկու հազար եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
6. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի մարտի 1-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Իլզե Ֆրայվըրթ՝ |
Յոլիեն Շուկինգ՝ |
