Գլխավոր տեղեկություն
Номер
N 1621-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.10.2022-19.11.2023)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2022.10.17-2022.10.30 Պաշտոնական հրապարակման օրը 20.10.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.10.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.10.2022
Дата вступления в силу
30.10.2022
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հոկտեմբերի 2022 թվականի N 1621-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԿԱՄ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՄԱՆ (ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ) ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 224-րդ հոդվածի 1-ին մասին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 210 որոշման 1-ին կետին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և 37-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով կամ վիճակագրական տարածքով փոխադրվող ապրանքների մասին տվյալների հավաքման, մշակման և տարածման (հրապարակման) կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Մաքսային վիճակագրության տվյալների հավաքման, ներկայացման և հրապարակման կարգը հաստատելու մասին» N 174 որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

հոկտեմբերի 20-ի N 1621-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԿԱՄ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՄԱՆ (ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ)

 

1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով կամ վիճակագրական տարածքով փոխադրվող ապրանքների մասին տվյալների հավաքման, մշակման և տարածման (հրապարակման) հետ կապված հարաբերությունները։

2. Մաքսային մարմինների կողմից մաքսային վիճակագրության վարման համար օգտագործվում են մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսները, որոնք ձևավորվում են Եվրասիական տնտեսական միության իրավունքի մասը կազմող միջազգային պայմանագրերի և մաքսային կարգավորման ոլորտի ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային կարգավորման ոլորտի օրենսդրությամբ սահմանված՝ մաքսային գործառնությունների կատարման ժամանակ ներկայացվող փաստաթղթերի և տեղեկությունների հիման վրա և ունեն սահմանափակ հասանելիություն։

3. Մաքսային մարմինների կողմից մշակված տվյալների հիման վրա վարվում է Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի մաքսային վիճակագրությունը` ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով։

4. Մաքսային վիճակագրության ցուցանիշների հավաստիությունն ապահովելու նպատակով մաքսային մարմինների կողմից կատարվում է տվյալների ճշգրտում։

5. Մաքսային մարմնի՝ մաքսային վիճակագրության վարման համար պատասխանատու ստորաբաժանումը մաքսային վիճակագրությանն առնչվող՝ հրապարակային տեղեկատվությունը տեղադրում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում, որը ներառում է մաքսային վիճակագրության վարման համառոտ մեթոդաբանությունը:

6. Սույն կարգի 5-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից ամսական ճշգրտված ցուցանիշները հրապարակվում են հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո տասնհինգ օրվա ընթացքում, եռամսյակային ճշգրտված ցուցանիշները՝ երկու ամսվա ընթացքում, իսկ տարեկան ճշգրտված ցուցանիշները՝ մինչև հաջորդ կիսամյակի ավարտը:

7. Սույն կարգով մշակված վիճակագրական փաստաթղթերը և տեղեկությունները այլ պետական մարմիններին տրամադրվում են Եվրասիական տնտեսական միության իրավունքի մասը կազմող՝ միջազգային պայմանագրերի և մաքսային կարգավորման ոլորտի ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային կարգավորման ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի մաքսային վիճակագրության ամսական, եռամսյակային և տարեկան տեղեկատվության ձևը սահմանում է մաքսային մարմինը։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

20.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2022 թվական: