Գլխավոր տեղեկություն
Номер
N 01-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.06.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Дата принятия
17.06.2022
Подписан
Հանձնաժողովի նախագահ
Дата подписания
17.06.2022
Дата вступления в силу
23.06.2022

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

17 հունիսի 2022 թ․

N 01-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ՏԻՊԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետը, «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը և ղեկավարվելով Օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշում է.

1. Սահմանել հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները՝ համաձայն hավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանձնաժողովի նախագահ`

Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

      

Երևան

 

Հավելված

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 

2022 թվականի հունիսի 17-ի թիվ 01-Ն որոշման

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ՏԻՊԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները (այսուհետ՝ Կանոններ) բխում են «Հանրային ծառայության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված վարքագծի սկզբունքներից և հանդիսանում են հանրային ծառայության բարեվարքության համակարգի տարր:

2. Կանոնների սահմանման նպատակն է՝

1) ապահովել հանրային ծառայողի բարեվարք վարքագիծը.

2) ամրապնդել հանրության վստահությունը հանրային ծառայության նկատմամբ.

3) ամրապնդել կոռուպցիայի նկատմամբ զգոնությունն ու անհանդուրժողականությունը.

4) ապահովել վարքագծի սկզբունքների կիրառման միասնականությունը։

3. Օրենքի իմաստով վարքագծի սկզբունքներն են՝

1) հանրությանը ծառայելու գիտակցում․

2) հավատարմությունը հանրային շահին․

3) բարեկրթություն և հարգալիրություն․

4) բարեխղճություն.

5) օբյեկտիվություն:

4. Կանոններն ընկած են հանրային ծառայողների վարքագծի կանոնների միասնական համակարգի հիմքում:

5. Կանոնները հիմք են հանդիսանում հանրային իշխանության համապատասխան մարմինների կողմից հանրային ծառայության առանձին տեսակների համար համանման կանոնների (կանոնագրքերի) մշակման և սահմանման համար՝ ելնելով այդ մարմիններում ծառայության առանձնահատկություններից:

6. Կանոնները ծառայողական պարտականությունները կատարելիս հանրային ծառայողների ծառայողական էթիկայի և ծառայողական վարքագծի ընդհանուր նորմերի և կանոնների ամբողջություն են, որով պետք է առաջնորդվեն հանրային ծառայողները՝ անկախ իրենց զբաղեցրած պաշտոններից:

7. Կանոններով սահմանվում են նաև hանրային ծառայողի՝ որպես մասնավոր անձի վարքագծի որոշակի կանոններ:

8. Կանոններն ունեն պարտադիր և խրախուսելի բաղադրիչներ։

9. Կանոնների պարտադիր բաղադրիչը (այսուհետ՝ Պարտադիր կանոններ) որոշակի վարքագծի հետևելու պարտադիր կանոնների համախումբ է։ Կանոնների հիման վրա՝ հանրային իշխանության համապատասխան մարմինների կողմից հանրային ծառայության առանձին տեսակների համար ընդունվող համանման կանոններում (կանոնագրքերում) սահմանվող Պարտադիր կանոններին չհետևելու համար հանրային ծառայողը կարող է ենթարկվել Օրենքով սահմանված պատասխանատվության։

10. Կանոնների խրախուսելի բաղադրիչն (այսուհետ՝ Խրախուսելի կանոններ) օրինակելի չափանիշների շարք է, որը պարտադիր նվազագույնից ավելին է և բնորոշում է գերազանցությունը հանրային ծառայության համակարգում: Ընդ որում, Խրախուսելի կանոնների թվարկումը սպառիչ չէ։ Կանոնների հիման վրա՝ հանրային իշխանության համապատասխան մարմինների կողմից հանրային ծառայության առանձին տեսակների համար ընդունվող համանման կանոններում (կանոնագրքերում) սահմանվող խրախուսելի կանոններին չհետևելու համար հանրային ծառայողը չի կարող պատասխանատվության ենթարկվել, սակայն սեփական վարքագծի համապատասխանեցումն այդ նորմերին խրախուսելի է:

11. Կանոնների հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը:

12. Կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են․

1) վարքագծի կանոններ՝ Օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող նորմեր, որոնք կարգավորում են հանրային ծառայողի բարեվարք գործելակերպը պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում և դրանցից դուրս.

2) նվեր՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով նվեր հանդիսացող գույքային առավելություն.

3) բարեվարքություն` ընդհանուր էթիկական արժեքներին, սկզբունքներին և նորմերին համապատասխան գործունեություն և դրանց պահպանում, որի նպատակն է ամրապնդել մասնավոր շահերի նկատմամբ հանրային շահի գերակայությունը և պաշտպանությունը պետական համակարգում.

4) հանրային շահ՝ սահմանադրական արժեք, որի պաշտպանության համար հիմնական իրավունքը կամ ազատությունը կարող է սահմանափակվել: Հանրային շահի առարկան համընդհանուր, համամարդկային որոշակի բարիքներն են, որոնց առարկայացումը հասարակական կյանքում անհրաժեշտ նախապայման է հասարակության գոյատևման և հետագա զարգացման համար: Հանրային շահի կրողը հասարակությունն է՝ որպես մեկ միասնական, ամբողջական օրգանիզմ: Ընդ որում, շահը հանրային որակելու համար պարտադիր նախապայման չէ հասարակության բոլոր անդամների կողմից այդ շահի ընկալելի, ընդունելի լինելու հանգամանքը:

5) սեռական ոտնձգություն` սեռական բնույթի խոսքային, ոչ խոսքային կամ ֆիզիկական գործողությամբ դրսևորվող ցանկացած վարքագիծ, որը նպատակ ունի խոցելու անձի արժանապատվությունը կամ հանգեցնում է դրան, մասնավորապես` ճնշող, թշնամական, նվաստացուցիչ, նվաստացնող կամ վիրավորական մթնոլորտ ստեղծելը.

6) հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձ՝ պետական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձինք, քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձինք, հանրային ծառայության մյուս տեսակների դեպքում՝ վերադաս անձի կամ անմիջական ղեկավարի պարտականություններ ունեցող անձինք.

7) հանրային ռեսուրսներ՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար նախատեսված նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցներ, մարդկային ռեսուրսներ, աշխատաժամանակ:

13. Հանրային ծառայողը կարող է Կանոնների դրսևորման առնչությամբ մասնագիտական խորհրդատվության համար դիմել հանրային իշխանության տվյալ մարմնի բարեվարքության հարցերով կազմակերպչին կամ օրենքով սահմանված դեպքերում՝ խորհրդատվություն տրամադրելու իրավասություն ունեցող այլ անձի (պետական մարմին, ստորաբաժանում և այլն):

 

ԲԱԺԻՆ 2. ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

ԵՆԹԱԲԱԺԻՆ 1. ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԾԱՌԱՅԵԼՈՒ ԳԻՏԱԿՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

 

ԳԼՈՒԽ 1. ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

14. Հանրային ծառայողը պարտավոր է գործել իրավունքի գերակայության սկզբունքին, օրենքի ոգուն և տառին համապատասխան։

15. Հանրային ծառայողը պարտավոր է հարգել և պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սահմանադրական օրենքները, օրենքները և այլ իրավական ակտերը, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերը:

16. Հանրային ծառայողը պարտավոր է զերծ մնալ այնպիսի վարքագիծ դրսևորելուց, որը կարող է ընկալվել որպես անօրինականության խրախուսում կամ դրա նկատմամբ հանդուրժողականություն կամ անհարգալից վերաբերմունք օրինավոր վարքագծի նկատմամբ:

 

ԳԼՈՒԽ 2. ԿԱՆՈՆՆԵՐ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

 

17. Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է օրինակ ծառայել և անձամբ պահպանել վարքագծի այն պահանջները, որոնք ակնկալում է մյուսներից։

18. Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է հստակորեն տիրապետել հանրային իշխանության մարմնի կամ ստորաբաժանման քաղաքականություններին և նպատակներին, դրանց մասին պատշաճ տեղեկացնել իրեն ենթակա հանրային ծառայողներին:

19. Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է, անհրաժեշտության դեպքում խորհրդակցելով բարեվարքության հարցերով կազմակերպչի կամ էթիկայի հանձնաժողովի հետ, պատասխանել Կանոնների պատշաճ իրագործման վերաբերյալ հարցերին։

20. Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, պաշտպանել իրեն ենթակա հանրային ծառայողների և այլ աշխատակիցների օրինական շահերը՝ միջամտելով նրանց հանդեպ ոտնձգության կամ այլ անարդար վերաբերմունքի ցանկացած դրսևորման դեպքում։

21. Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ենթականերին զերծ պահել ոչ հիմնավոր գործողություններ կատարելուց կամ որոշումներ կայացնելուց, աշխատանքային հարաբերություններում բացառել իր կողմից խտրական վարքագծի դրսևորումը, ինչպես նաև վերադասության լիազորության չարաշահումը:

22. Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է չտալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին հակասող, ինչպես նաև իր կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս հանձնարարականներ:

23. Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր ենթակայությամբ աշխատող հանրային ծառայողների և այլ աշխատակիցների կողմից կոռուպցիոն բնույթի գործողությունների և այլ խախտումների վերաբերյալ հաղորդումներ ստանալու դեպքում պարտադիր գործուն քայլեր ձեռնարկել՝ դրանց առնչությամբ հետագա գործողությունների ընթացքն ապահովելու համար։

24. Հանրային ծառայողը պետք է ձեռնարկի բոլոր ողջամիտ քայլերն իրեն ենթակա հանրային ծառայողների և այլ աշխատակիցների շրջանում Հայաստանի Հանրապետության օրենքների, Կանոնների և հանրային ծառայության սկզբունքների մասին իրազեկվածությունն ապահովելու ուղղությամբ, հետևողական լինի դրանց պահպանմանը:

 

ԵՆԹԱԲԱԺԻՆ 2. ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

 

ԳԼՈՒԽ 3. ԲԱՐԵԽՂՃՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԻՆ

 

25. Հանրային ծառայողը պարտավոր է առավելագույն ջանասիրությամբ ծառայել հանրությանը, հանրային շահին ու մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովմանը, ի պաշտոնե վերապահված լիազորությունների, կարողությունների և իրավասության շրջանակներում պարտականությունները կատարել նվիրվածությամբ և առավելագույն արդյունավետությամբ:

26. Հանրային ծառայողը պարտավոր է իր ազնիվ վարքագծով օրինակ ծառայել այլ հանրային ծառայողներին և հանրությանը:

27. Հանրային ծառայողը պարտավոր է իր լիազորություններն իրականացնելիս զգայունություն ցուցաբերել հասարակության բոլոր անդամների, հատկապես՝ խոցելի խմբերի կարիքների նկատմամբ:

28. Հանրային ծառայողը պարտավոր է ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում աջակցել հանրային իշխանության մարմնի հետ հարաբերվող անձանց՝ իրացնելու իրենց այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով :

29. Հանրային ծառայողը պարտավոր է զերծ մնալ այնպիսի պահվածքից, որը կարող է կասկածի տակ դնել հանրային ծառայողի աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն իրականացնելու փաստը, ինչպես նաև խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից, որոնք կարող են վնաս հասցնել իր համբավին կամ հանրային իշխանության համապատասխան մարմնի հեղինակությանը:

30.Հանրային ծառայողը պարտավոր է հանրային իշխանության մարմնի հեղինակությունը պահպանելու հարցում լինել հետևողական, բացահայտել և հնարավորինս վերացնել իր և այլ հանրային ծառայողների կողմից թույլ տրված սխալները և բացթողումները:

31. Հանրային ծառայողը պարտավոր է ծառայողական պարտականություններն իրականացնելիս կիրառել իրավասու մարմինների կողմից ընդունված պարտադիր կատարման ենթակա և վերաբերելի քաղաքականությունները, ուղեցույցները, որոշումները և կազմակերպաիրավական բնույթի այլ ակտերը` անկախ անձնական համոզմունքներից և մոտեցումներից, ենթարկվել վերադաս անձի կամ անմիջական ղեկավարի օրինական պահանջներին:

32. Հանրային ծառայողը պարտավոր է անհրաժեշտության դեպքում մասնագիտական առարկություններ և առաջարկություններ ներկայացնել նախատեսվող պարտադիր կատարման ենթակա և վերաբերելի քաղաքականությունների, ուղեցույցների, որոշումների և կազմակերպաիրավական բնույթի այլ ակտերի վերաբերյալ՝ նախքան դրանց ընդունումը, իսկ դրանց ընդունումից հետո՝ կատարել դրանց պահանջները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ակնհայտորեն ուղղված չեն մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության կամ հանրային շահի պաշտպանության կամ տվյալ պետական մարմնի իրավունքների պաշտպանության և/կամ դրա գործառույթների իրականացման ապահովմանը:

33. Հանրային ծառայողը պարտավոր է իր աշխատավայր հանդիսացող հանրային իշխանության մարմնում գործունեության և այլ ոլորտներում առկա հանգամանքների վերաբերյալ քննադատական մտահոգություններ արտահայտելիս լինել հարգալից և զուսպ:

34. Հանրային ծառայողը պարտավոր է խուսափել հանրային ծառայությունը վարկաբեկելուց կամ նսեմացնելուց:

35. Հանրային ծառայողը պարտավոր է չօգտագործել զբաղեցրած պաշտոնն իր, այլ անձանց կամ մասնավոր կազմակերպությունների համար արտոնություններ, բացառություններ և նպաստավոր այլ պայմաններ ստեղծելու համար:

 

ԳԼՈՒԽ 4. ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

36. Հանրային ծառայողը պարտավոր է իր լիազորություններն իրականացնելիս ապահովել թափանցիկություն և հաշվետվողականություն` բացառությամբ օրենսդրությամբ և հանրային իշխանության տվյալ մարմնի ներքին իրավական ակտերով սահմանված դեպքերի:

37. Հանրային ծառայողը պարտավոր է հանրային իշխանության այլ մարմինների հետ գործողությունները համակարգելիս և համագործակցելիս գործել թափանցիկ, ինչպես նաև պատշաճ կերպով արձագանքել առաջացած խնդիրներին:

38. Հանրային ծառայողը պարտավոր է բացառել չճշտված, իրականությանը չհամապատասխանող և ապակողմնորոշող տեղեկությունների տրամադրումը, այլ հանրային ծառայողներից չպահանջել նման տեղեկությունների տրամադրում:

39. Հանրային ծառայողը պարտավոր է օրենքով սահմանված դեպքերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված հարցումներին ի պատասխան Օրենքով սահմանված կարգով ներկայացնել պարզաբանումներ և լրացուցիչ նյութեր՝ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերի ստուգման և վերլուծության նպատակով:

40. Հանրային ծառայողը պարտավոր է օրենքով սահմանված դեպքերում և կարգով ապահովել հանրության մասնակցությունը որոշումների կայացման հարցում:

 

ԳԼՈՒԽ 5. ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

41. Հանրային ծառայողն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է խուսափել այնպիսի գործողության կատարումից կամ որոշման կայացումից, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես ուղղակի կամ անուղղակի անձնական շահով կամ Օրենքի իմաստով՝ իր հետ փոխկապակցված անձի շահով առաջնորդվել:

42. Եթե հանրային ծառայողի կողմից կամ նրա մասնակցությամբ իր լիազորությունների շրջանակում գործողության կատարումը կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման, ապա հանրային ծառայողը պարտավոր է իր վերադաս անձին կամ անմիջական ղեկավարին, իսկ վերադաս անձ կամ անմիջական ղեկավար չունենալու դեպքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին պաշտոնական հաղորդակցման միջոցներով գրավոր հայտարարություն ներկայացնել շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին։ Նախքան վերադաս անձի կամ անմիջական ղեկավարի գրավոր հանձնարարություն կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից առաջարկություն ստանալը՝ հանրային ծառայողը պարտավոր է զերծ մնալ հարցի վերաբերյալ որևէ գործողություն կատարելուց կամ որոշում ընդունելուց:

43. Հանրային ծառայողը պարտավոր է իր լիազորությունները կատարելիս խուսափել այնպիսի հարաբերություններից, որոնք առաջացնում են կամ կարող են առաջացնել շահերի բախում կամ որոնց առկայության պայմաններում ծառայողը հնարավորություն չի ունենա անաչառ և անկողմնակալ կատարելու իր պարտականությունները:

44. Հանրային ծառայողը պարտավոր է խուսափել այնպիսի գործառույթներ ստանձնելուց, որոնց իրականացման ընթացքում կանխատեսելի կլինեն հաճախակի շահերի բախման իրավիճակներ:

45. Հանրային ծառայողը պարտավոր է չտալ ոչ օբյեկտիվ երաշխավորություններ կամ չանել միջնորդություններ իրեն կամ որևէ այլ անձին հանրային ծառայության պաշտոնի նշանակելու, առաջխաղացման, պաշտոնեական կարգավիճակի բարելավման և այլ հարցերով, ինչպես նաև չդրդել որևէ մեկին նման երաշխավորություններ տալ կամ միջնորդություններ անել:

 

ԳԼՈՒԽ 6. ՆՎԵՐՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐԳԵԼՔ

 

46. Հանրային ծառայողը պարտավոր է զերծ մնալ Օրենքի իմաստով ոչ թույլատրելի նվեր ընդունելուց կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տալուց, եթե նման նվերը ողջամտորեն չէր տրամադրվի հանրային ծառայող չհանդիսացող անձի։

47. Հանրային ծառայողը պարտավոր է զերծ մնալ ոչ նյութական առավելություն ընդունելուց, եթե կարող է ընկալվել, որ դա կարող է ազդել իր լիազորությունների պատշաճ իրականացման վրա: Ոչ նյութական առավելություն կարող է լինել, օրինակ, արտոնյալ դիրքը կամ բարիքներից արագ օգտվելու հնարավորությունը, ինչի դեպքում դրանց դրամական արժեքն ակնհայտ չէ:

48. Հանրային ծառայողը պարտավոր է բոլոր դեպքերում, բացառությամբ՝ սահմանված շեմը չգերազանցող արժեք ունեցող թույլատրելի նվերների, վերադաս անձին կամ անմիջական ղեկավարին պաշտոնական հաղորդակցման միջոցներով գրավոր տեղեկացնել ստացված նվերի, այդ թվում՝ ոչ նյութական առավելության մասին:

 

ԵՆԹԱԲԱԺԻՆ 3. ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԼԻՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

 

ԳԼՈՒԽ 7. ՀԱՐԳԱԼԻՐՈՒԹՅՈՒՆ

 

49. Հանրային ծառայողը պարտավոր է հարգել Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները (դրոշը, զինանշանը, օրհներգը) և պետական լեզուն, ինչպես նաև պետական մարմինների՝ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված խորհրդանիշներն ու տարբերանշանները:

50. Հանրային ծառայողը պարտավոր է զերծ մնալ ծառայողական գործունեության համար նախատեսված տարածքներում Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից, պետական մարմինների՝ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված խորհրդանիշներից ու տարբերանշաններից, լիազոր մարմինների կողմից ընդունված արարողակարգային խորհրդանիշներից և տարբերանշաններից, օտարերկրյա պատվիրակությունների հետ հանդիպումների ընթացքում՝ այդ պետությունների պետական խորհրդանիշներից, միջազգային կառույցների հետ հանդիպումների ընթացքում՝ այդ կառույցների խորհրդանիշներից ու տարբերանշաններից բացի որևէ այլ խորհրդանիշի կամ տարբերանշանի ցուցադրումից:

51. Հանրային ծառայողը պարտավոր է հարգել այլ հանրային ծառայողների և հասարակության բոլոր անդամների արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները:

52. Հանրային ծառայողը պարտավոր է ցանկացած պայմաններում և իրավիճակներում իր գործողություններով, գործնական, մասնագիտական և բարոյական հատկանիշներով զերծ մնալ հանրային ծառայության հեղինակությանը ոչ հարիր կամ այն վարկաբեկող, հանրային ծառայության նկատմամբ հանրության վստահությունը նվազեցնող կամ հանրային ծառայողի անկողմնակալության, անաչառության և անկախության նկատմամբ կասկած հարուցող վարքագիծ դրսևորելուց:

 

ԳԼՈՒԽ 8. ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

53. Հանրային ծառայողը պարտավոր է ծառայողական պարտականությունները կատարելիս՝ այլ անձանց հետ հաղորդակցության ժամանակ, այդ թվում՝ նամակագրությամբ կամ հեռախոսով հաղորդակցվելիս, ներկայանալ՝ հայտնելով անունը, ազգանունը,և այն մարմինը, որը ներկայացնում է՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

54. Հանրային ծառայողը պարտավոր է ի պաշտոնե հաղորդակցության բոլոր միջոցներն օգտագործելիս, ցանկացած իրավիճակում ցուցաբերել զսպվածություն, հավասարակշռվածություն և հարգալիրություն:

55. Հանրային ծառայողը պարտավոր է գործընկերների հետ հարաբերություններում դրսևորել նրբանկատություն, չբարձրացնել ձայնն աշխատավայրում, գործընկերոջ վերաբերյալ քննադատություն արտահայտել միայն նրա ներկայությամբ՝ պարզաբանելով բոլոր հիմքերը։

56. Հանրային ծառայողը պարտավոր է գործընկերների և պետական այլ մարմինների աշխատակիցների հետ հարաբերվելիս լինել նրբանկատ, զուսպ, հարգալից, բարեկիրթ, չխոչընդոտել այլ հանրային ծառայողների աշխատանքային պարտականությունների կատարմանը:

57. Հանրային ծառայողը պարտավոր է զերծ մնալ արտոնյալ վերաբերմունք դրսևորելուց որևէ մեկի նկատմամբ` պայմանավորված հանրային ծառայության համակարգում այդ անձի ունեցած պաշտոնով։

58. Հանրային ծառայողը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, պարտավոր է չգործադրել ֆիզիկական ուժ կամ դրա վերաբերյալ սպառնալիք չներկայացնել, ինչպես նաև չգործադրել հոգեբանական բռնությունն և այլ սպառնալիքներ չներկայացնել:

59. Հանրային ծառայողը պարտավոր է աշխատանքի ներկայանալ պատշաճ տեսքով, պահպանել արտաքին տեսքին ներկայացվող՝ տվյալ մարմնի կողմից սահմանված կանոնները։

60. Հանրային ծառայողին արգելվում է թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր օգտագործել, բացառությամբ՝ օրինական բժշկական նպատակներով օգտագործման կամ ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվել:

61. Հանրային ծառայողին արգելվում է աշխատանքի վայրում ծխել՝ բացառությամբ ծխելու համար սահմանված տարածքների, ինչպես նաև խախտել հրդեհային անվտանգության և սանիտարական նորմերն ու կանոնները:

62. Հանրային ծառայողը պարտավոր է զերծ մնալ ցանկացած տեսակի, այդ թվում՝ սեռական ոտնձգության դրսևորումներից կամ նման տպավորություն ստեղծելուց:

 

ԳԼՈՒԽ 9. ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՎ

 

63. Հանրային ծառայողը պարտավոր է պաշտոնական հարցազրույց տալիս կամ հաղորդակցվելիս պահպանել իր աշխատավայր հանդիսացող հանրային իշխանության մարմնի կանոնները, հաղորդակցության ռազմավարությունը, ուղենիշները, որոշումները և պաշտոնական դիրքորոշումը:

64. Հանրային ծառայողը պարտավոր է հարգել հանրության իրազեկմանն ուղղված զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը, ինչպես նաև իր իրավասության սահմաններում աջակցել նրանց սահմանված կարգով հավաստի տեղեկություններ ստանալու հարցում:

65.Հանրային ծառայողը պարտավոր է սոցիալական ցանցերում չկատարել որևէ գրառում կամ մեկնաբանություն, չհավանել կամ չտարածել գրառումներ, որոնք կարող են վնասել, նսեմացնել կամ այլ եղանակով արատավորել հանրային ծառայության հեղինակությունը:

66. Հանրային ծառայողը պարտավոր է սոցիալական ցանցերում չմեկնաբանել, չքննադատել, չքննարկել իր աշխատավայր հանդիսացող հանրային իշխանության մարմնի գործառույթները, որոշումները, գործունեությանն առնչվող խնդիրները և իրավական հարցերը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա բխում է ի պաշտոնե իրականացվող գործառույթներից ինչպես նաև դրանց վերաբերյալ չտարածել ոչ պաշտոնական լուրեր:

67. Հանրային ծառայողը պարտավոր է խուսափել սոցիալական ցանցերում անձնական այնպիսի լուսանկարներ և տեսագրություններ հրապարակելուց, որոնք կարող են հանրային ծառայությունը վարկաբեկող լուրերի տարածման պատճառ հանդիսանալ:

 

ԵՆԹԱԲԱԺԻՆ 4. ԲԱՐԵԽՂՃՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

 

ԳԼՈՒԽ 10. ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՉՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

 

68. Հանրային ծառայողը պարտավոր է պահպանել ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած՝ օրենքով պահպանվող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի և նյութերի հետ աշխատելու՝ օրենսդրությամբ սահմանված պահանջները:

69. Հանրային ծառայողը պարտավոր է այլ նպատակներով չօգտագործել, չհրապարակել կամ այլ կերպ մատչելի չդարձնել (այդ թվում՝ պաշտոնից ազատվելուց հետո) պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ իրեն հայտնի դարձած ոչ հրապարակային տեղեկությունները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, իսկ նման տեղեկությունները երրորդ անձանց հասանելի դառնալու դեպքում՝ անմիջապես պաշտոնական հաղորդակցման միջոցներով գրավոր տեղեկացնել իր վերադաս անձին, անմիջական ղեկավարին կամ գաղտնի տեղեկությունների պահպանությունն իրականացնող ստորաբաժանման ղեկավարին:

70. Հանրային ծառայողը պարտավոր է պատշաճ կերպով և գաղտնիության, անձնական տվյալների պաշտպանության և անվտանգության կանոնները պահպանելով՝ մշակել և տնօրինել պաշտոնեական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված իր տնօրինության տակ հայտնված տվյալները, տեղեկությունները, գաղտնաբառերը և այլն։

71. Հանրային ծառայողը պարտավոր է ձեռնպահ մնալ իր լիազորությունների կատարման հետ չառնչվող պետական կամ ծառայողական գաղտնիքի տեղեկակիրներին, տեղեկություններին, գաղտնաբառերին կամ հատուկ պահպանվող տարածքներին հասանելիություն ստանալուն ուղղված քայլերի ձեռնարկումից, ինչպես նաև առանց թույլտվության դրանց տեղեկակիրների պատճենահանումից, ձայնագրումից, լուսանկարումից կամ տեսագրումից:

72. Հանրային ծառայողը պարտավոր է իր աշխատանքային և պաշտոնեական պարտականություններից չբխող հետազոտություններում կամ աշխատություններում չօգտագործել այնպիսի տեղեկություններ, որոնք, թեև ենթակա են հրապարակման, սակայն դեռևս չեն հրապարակվել հանրային իշխանության տվյալ մարմնի կողմից:

73. Հանրային ծառայողը պարտավոր է չհրապարակել օրենքով սահմանված դեպքերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրված բարեվարքության եզրակացության տվյալները, հարցազրույցների ընթացքում դրա հետ կապված հարցադրումները կատարել՝ առանց ուղղակիորեն հղում կատարելու եզրակացությանը կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

 

ԳԼՈՒԽ 11. ՀԱՆՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԲԱՐԵԽԻՂՃ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

 

74. Հանրային ծառայողը պարտավոր է իր գործունեության համար տրամադրված հանրային ռեսուրսները և այլ գույքն օգտագործել միայն ծառայողական նպատակներով և խնայողաբար:

75. Հանրային ծառայողը պարտավոր է հանրային ռեսուրսները, այդ թվում՝ այլ հանրային ծառայողների աշխատաժամանակը, չօգտագործել սեփական շահերը բավարարելու կամ այլ անձնական նպատակներով:

76. Հանրային ծառայողը պարտավոր է իր աշխատաժամանակը չօգտագործել իր պաշտոնեական լիազորություններից դուրս այլ գործողություններ կատարելու համար, եթե կիրառելի նորմերին համապատասխան այլ բան չի համաձայնեցվել իր վերադաս անձի կամ անմիջական ղեկավարի հետ։

 

ԵՆԹԱԲԱԺԻՆ 5. ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

 

ԳԼՈՒԽ 12. ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՈՒՄ

 

77. Հանրային ծառայողը պարտավոր է իր պարտականություններն իրականացնելիս դրսևորել անաչառություն, զերծ մնալ խոսքով կամ վարքագծով կողմնակալություն ցուցաբերելուց, գործել այնպես, որ իր անկողմնակալության նկատմամբ անհարկի կասկած չհարուցվի կամ ողջամտորեն այդպիսի տպավորություն չստեղծի, չառաջնորդվել ենթադրություններով, հույզերով, անձնական վերաբերմունքով և այլ կողմնակի ազդեցությամբ: Հանրային ծառայողը պարտավոր է բացառել խտրական վերաբերմունքի դրսևորումը որևէ կազմակերպության, խմբի կամ անհատի նկատմամբ` կապված նրա սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնության պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

78. Հանրային ծառայողը պարտավոր է իր գործընկերների հետ հարաբերվելիս՝ մասնագիտական աջակցության, կարողությունների զարգացման, կատարողականի գնահատման, առաջխաղացման և աշխատանքային հարաբերություններից բխող այլ գործողություններում, ցուցաբերել հավասար վերաբերմունք։

 

ԳԼՈՒԽ 13. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

79. Հանրային ծառայողը պարտավոր է իր պարտականությունները կատարելիս դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն, այդ թվում՝ հրապարակայնորեն չարտահայտել իր քաղաքական տեսակետները, ձեռնպահ մնալ այնպիսի վարքագիծ դրսևորելուց, որը կարող է քաղաքական գործունեությամբ զբաղվելու տպավորություն ստեղծել:

80. Հանրային ծառայողը պարտավոր է իր պարտականությունները կատարելիս չդրսևորել հովանավորչություն որևէ կուսակցության, քաղաքական կազմակերպության կամ շարժման նկատմամբ, որը, ի թիվս այլնի, ներառում է հանրային իշխանության մարմինների տարածքում և տեղեկատվական նյութերում կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) կամ թեկնածուներին բնորոշող խորհրդանիշներ կամ անհատականացնող այլ նշաններ ցուցադրելը, ինչպես նաև իր աշխատավայր հանդիսացող հանրային իշխանության մարմնում որևէ թեկնածուի կամ կուսակցության օգտին կամ դեմ քարոզ իրականացնելը։

81. Հանրային ծառայողը պարտավոր է իր պարտականությունները կատարելիս չկատարել քաղաքական շահը սպասարկող քայլեր կամ ներգրավվել դրանց պաշտպանության մեջ, չկատարել նման գործունեության համար հանրային միջոցներ տրամադրելու պահանջները, ինչպես նաև նման պահանջներ չներկայացնել այլ հանրային ծառայողների:

82. Հանրային ծառայողը պարտավոր է զերծ մնալ քաղաքական բնույթի հանրային ելույթներ ունենալուց, քաղաքական կողմնորոշում ունեցող հոդվածներ հրապարակելուց կամ սոցիալական էջերում քաղաքական որևէ կուսակցության օգտին կամ դրա դեմ գրառումներ կատարելուց, նմանատիպ գրառումներ հավանելուց կամ տարածելուց:

 

ԳԼՈՒԽ 14. ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆՈՒՅԹԻ ԴԵՊՔԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

 

83. Հանրային ծառայողը պարտավոր է իր վերադաս անձին կամ անմիջական ղեկավարին կամ իր նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձին կամ իրավասու մարմնի ղեկավարի լիազորած անձին պաշտոնական հաղորդակցման միջոցներով գրավոր հաղորդում ներկայացնել կոռուպցիոն բնույթի դեպքերի, շահերի առերևույթ բախման իրավիճակների, վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, Օրենքով սահմանված հայտարարագրման կանոնների առերևույթ խախտման, այլ վնասակար գործողությունների, հանրային շահին ուղղված վնասի կամ էական գործառնական սխալների մասին:

84. Հանրային ծառայողը պարտավոր է պաշտոնական հաղորդակցման միջոցներով գրավոր հաղորդում ներկայացնել իր կամ իր վերադաս անձի կամ անմիջական ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ խախտումների, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում հայտնաբերված այլ խախտումների վերաբերյալ։ Իր կողմից թույլ տրված առերևույթ խախտումների վերաբերյալ հանրային ծառայողը հաղորդում է ներկայացնում իր վերադաս անձին կամ անմիջական ղեկավարին, իսկ իր վերադաս անձի կամ անմիջական ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ խախտումների վերաբերյալ՝ վերջիններիս վերադաս անձին կամ անմիջական ղեկավարին:

85. Հանրային ծառայողը պարտավոր է վերադաս անձին կամ անմիջական ղեկավարին պաշտոնական հաղորդակցման միջոցներով գրավոր տեղեկացնել իր գործառույթներով պայմանավորված՝ երրորդ անձանց կողմից ցանկացած օգուտ կամ առավելություն տալու առաջարկի բոլոր դեպքերի վերաբերյալ:

86. Հանրային ծառայողը պարտավոր է հարգալից վերաբերմունք դրսևորել խախտումների մասին հաղորդում ներկայացրած հանրային ծառայողների և այլ անձանց նկատմամբ:

 

ԲԱԺԻՆ 3. ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍԵԼԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐ

 

87. Հանրային ծառայողը պետք է իր աշխատանքի որակը բարձրացնելու նպատակով բաց լինի նորարարական գործելակերպի նկատմամբ, շարունակաբար դիտարկի իր ոլորտին վերաբերելի ազգային ու միջազգային լավ գործելակերպը, հետևի միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև փորձի դրանք ներմուծել իր աշխատանքում՝ որպես կիրառման ենթակա հնարավոր պրակտիկա:

88. Հանրային ծառայողը պետք է ջանքեր գործադրի իր գործունեության ոլորտին վերաբերելի առկա մարտահրավերները վեր հանելու և դրանց հաղթահարման ուղիներ գտնելու ուղղությամբ` մյուս հանրային ծառայողների, հանրային իշխանության այլ մարմինների, հանրային քննարկումների և հանրության հետ համագործակցության միջոցով:

89. Հանրային ծառայողը պետք է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերի գործընկերներին, հատկապես՝ նորանշանակ հանրային ծառայողներին` իրենց ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում:

90. Հանրային ծառայողը պետք է անհրաժեշտության դեպքում գործընկերներին ներգրավի իրենց առնչվող որոշումների կայացման գործընթացում, նրանց թույլ տա արտահայտել այդ որոշումների վերաբերյալ իրենց կարծիքը, իսկ դրանց չհամաձայնելու դեպքում՝ հայտնի պատճառները:

91. Հանրային ծառայողը պետք է այլ կառույցում աշխատանքի անցնելու նպատակով աշխատանքից ազատվելու դեպքում աշխատանքից ազատման դիմումում նշում կատարի նոր աշխատավայրի վերաբերյալ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այլ պաշտոնի է նշանակվում նույն կառույցում:

92. Հանրային ծառայողը պետք է գործադրի բոլոր հնարավոր ջանքերը պետական համակարգչային համակարգերը, սարքավորումները, ծրագրերը, ինչպես նաև իր աշխատավայր հանդիսացող հանրային իշխանության մարմնի տարածքներն անվտանգության հնարավոր սպառնալիքներից պաշտպանելու համար:

93. Հանրային ծառայողը պետք է խրախուսի կոռուպցիոն բնույթի դեպքերի և այլ խախտումների մասին հաղորդում ներկայացնելը և նման վարքագծով օրինակ ծառայի մյուս հանրային ծառայողների համար։

94. Հանրային ծառայողը պետք է քայլեր ձեռնարկի իրեն ենթակա ծառայողների կողմից կոռուպցիոն ռիսկեր պարունակող վարքագիծ թույլ չտալու նպատակով:

95. Հանրային ծառայողը պետք է ստեղծի աշխատանքային բարոյահոգեբանական բարենպաստ և առողջ միջավայր, որը կնպաստի ավելի արդյունավետ աշխատանքի իրականացմանը։

96. Հանրային ծառայողը պետք է բարեխղճորեն կատարի իր պարտականությունները որպես քաղաքացի, ներառյալ՝ բոլոր ֆինանսական պարտավորությունները, հատկապես՝ օրենսդրությամբ նախատեսված հարկերի, տուրքերի և կումունալ վճարումների գծով պարտավորությունները, պահպանի երթևեկության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ կանոնները:

97. Հանրային ծառայողը հանրային ծառայողների միջև մասնավոր ֆինանսական գործարքներ կնքվելու դեպքում պետք է հավաստիանա և ապահովի, որ իրենց մասնավոր գործարքների արդյունքում հանրային ծառայության հեղինակությունը և իրենց աշխատավայր հանդիսացող հանրային իշխանության մարմինների աշխատանքները որևէ գործառնական կամ հեղինակության վնաս չեն կրի:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: