ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ՍԴ/0025/01/20 | ||||||
Գործ թիվ ՍԴ/0025/01/20 |
|||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
2022 թվականի հունվարի 14-ին |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Վարդան Աշոտի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հունիսի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2020 թվականի ապրիլի 17-ի դատավճռով Վարդան Աշոտի Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 120.000 (հարյուր քսան հազար) ՀՀ դրամի չափով:
2. Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ դատավճռի դեմ Սյունիքի մարզի դատախազության դատախազ Ա.Երիցյանի վերաքննիչ բողոքը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2020 թվականի հունիսի 3-ի որոշմամբ, թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի հունվարի 7-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
4. Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի ապրիլի 17-ի դատավճիռը նույն օրը ստացվել է Սյունիքի մարզի դատախազությունում1:
5. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատական ակտի դեմ Սյունիքի մարզի դատախազության դատախազ Ա.Երիցյանի վերաքննիչ բողոքը, փոստային առաքման միջոցով, RG021774584AM բեռնային համարով փոստային ծրարի դիմային երեսին առկա դրոշմի համաձայն՝ 2020 թվականի մայիսի 19-ին ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան2:
6. «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաձայն՝ նշված բեռնային համարով առաքանին հաճախորդից ընդունվել է 2020 թվականի մայիսի 18-ին3:
7. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով դատախազ Ա.Երիցյանի վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) Նկատի ունենալով, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռի պատճենը Սյունիքի մարզի դատախազությունում ստացվել է 17.04.2020թ., իսկ Վերաքննիչ դատարան ուղարկվող բողոքը դատախազի կողմից փոստին է հանձնվել 2020թ. մայիսի 19-ին, դատավճռի պատճենը ստանալու օրվանից` 1 (մեկ) ամիս 1 (մեկ) օր հետո, հետևաբար բերված վերաքննիչ բողոքը ժամկետանց է և այն պետք է թողնել առանց քննության»4։
8. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը ներկայացված վճռաբեկ բողոքին կցել է «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից տրված RG021774584AM բեռնային համարով անդորրագիրը, որի համաձայն՝ Սյունիքի մարզի դատախազությունը փոստային առաքման միջոցով, 2020 թվականի մայիսի 18-ին վերաքննիչ բողոքն ուղարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան5:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքի հեղինակը գտել է, որ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված ժամկետների պահպանմամբ ներկայացված վերաքննիչ բողոքը ժամկետանց գնահատելով և առանց քննության թողնելով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն իր բնույթով էական է, ազդել է գործի ելքի վրա և հիմք է դատական ակտը բեկանելու համար:
Մասնավորապես, բողոքի հեղինակը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 17-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքը Սյունիքի մարզի դատախազության դատախազ Ա.Երիցյանի կողմից փոստին է հանձնվել 2020 թվականի մայիսի 18-ին, մինչդեռ՝ Վերաքննիչ դատարանն անհասկանալի պատճառով արձանագրել է, որ բողոքը փոստին հանձնվել է ոչ թե մայիսի 18-ին, այլ 19-ին՝ այդպիսով, առանց բավարար հիմքերի հրաժարվելով բողոքը քննության առնելուց և բողոքում նշված հանգամանքների վերաբերյալ որոշում կայացնելուց։
Բողոքաբերն ընդգծել է, որ սույն դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները պահպանվել են, ինչը հիմնավորվում է նաև վճռաբեկ բողոքին կից ներկայացված՝ «Հայփոստ» ՓԲԸ Կապանի թիվ 04 մասնաճյուղի № 734 անդորրագրով, որի համաձայն՝ վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել 2020 թվականի մայիսի 18-ին։
10. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հունիսի 3-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով քննության։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Սյունիքի մարզի դատախազության դատախազ Ա.Երիցյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:
12. ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ (...)»:
13. Վճռաբեկ դատարանը, արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնալով դատական բողոքարկման դատավարական ժամկետների պահպանության ստուգման հարցին, արձանագրել է, որ անձի` դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումները բացառելու նպատակով, ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին դատարանների եզրահանգումները պետք է կառուցվեն հստակ և որոշակի փաստական հանգամանքներից բխող հետևությունների վրա` ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև համարժեք հարաբերակցությունը։ Մասնավորապես, համապատասխան փաստական տվյալները կարող են ձեռք բերվել փոստային անդորրագրի, «Հայփոստ» ՓԲԸ-ի կայքէջի, համապատասխան հարցում կատարելու և այլ միջոցներով6։
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի ապրիլի 17-ի դատավճիռը նույն օրը ստացվել է Սյունիքի մարզի դատախազությունում7,
- Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատավճռի դեմ Սյունիքի մարզի դատախազության դատախազ Ա.Երիցյանի վերաքննիչ բողոքը, փոստային առաքման միջոցով, RG021774584AM բեռնային համարով փոստային ծրարի դիմային երեսին առկա դրոշմի համաձայն՝ 2020 թվականի մայիսի 19-ին ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան8:
- «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաձայն՝ RG021774584AM բեռնային համարով առաքանին հաճախորդից ընդունվել է 2020 թվականի մայիսի 18-ին9,
- Վերաքննիչ դատարանը 2020 թվականի հունիսի 3-ի որոշմամբ մեղադրողի բողոքը թողել է առանց քննության՝ նշելով, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռի պատճենը Սյունիքի մարզի դատախազությունում ստացվել է 2020 թվականի ապրիլի 17-ին, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ուղարկվող բողոքը փոստին է հանձնվել 2020 թվականի մայիսի 19-ին, դատավճռի պատճենը ստանալու օրվանից` 1 (մեկ) ամիս 1 (մեկ) օր հետո, հետևաբար բերված վերաքննիչ բողոքը ժամկետանց է և այն պետք է թողնել առանց քննության10,
- ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը ներկայացված վճռաբեկ բողոքին կցել է «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից տրված RG021774584AM բեռնային համարով անդորրագիրը, որի համաձայն՝ Սյունիքի մարզի դատախազությունը, փոստային առաքման միջոցով, 2020 թվականի մայիսի 18-ին վերաքննիչ բողոքն ուղարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան11:
15. Վերլուծելով վերոշարադրյալ փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև փոստային ծրարի դիմային երեսին առկա դրոշմի համաձայն` բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ուղարկվել 2020 թվականի մայիսի 19-ին, «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաձայն՝ նշված փոստային առաքանին հաճախորդից ընդունվել է (փոստային ծառայությանն է հանձնվել) 2020 թվականի մայիսի 18-ին, հետևաբար սույն գործով վերաքննիչ բողոքը ներկայացնելու ժամկետը պարզելիս և բողոքը ժամկետանց դիտարկելիս Վերաքննիչ դատարանը չպետք է հիմք ընդուներ միայն փոստային ծրարի դիմային երեսին առկա դրոշմի վրա նշված ժամկետը:
16. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատախազ Ա.Երիցյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մեղադրող Ա.Երիցյանը վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ուղարկել բողոքարկման ժամկետի պահպանմամբ:
17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հունիսի 3-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար12:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննության առնի մեղադրողի վերաքննիչ բողոքը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Վարդան Աշոտի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հունիսի 3-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
____________________________
1Տե'ս քրեական գործ, հատոր 1, թերթ 189:
2Տե'ս քրեական գործ, հատոր 1, թերթ 190:
3Տե'ս https://www.haypost.am
4Տե'ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 193-194:
5Տե'ս քրեական գործ, հատոր 1, թերթ 217:
6Տե'ս, mutatis mutandis, Վարտգես Գասպարիի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0067/11/16 որոշումը, 15-րդ կետ, Անդրանիկ Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ՇԴ2/0049/01/17 որոշումը:
7Տե'ս սույն որոշման 4-րդ կետը:
8Տե'ս սույն որոշման 5-րդ կետը:
9Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:
10Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:
11Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:
12Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:
Նախագահող` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Ե. Դանիելյան | |
Լ. Թադևոսյան | |
Ա. ՊՈՂՈՍՅԱՆ | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական: