Գլխավոր տեղեկություն
Номер
N 8-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.02.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.01.24-2022.02.06 Պաշտոնական հրապարակման օրը 27.01.2022
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
27.01.2022
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
27.01.2022
Дата вступления в силу
06.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 հունվարի 2022 թ.
ք. Երևան

N 8-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 50-րդ հոդվածի 1.1-ին մասով, 7-րդ մասով և 51-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Սահմանել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում վերահաշվարկ իրականացնելու նպատակով վիճակահանություններ անցկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2022 թ. հունվարի 27-ի N 8-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Ընտրական օրենսգիրք) սահմանված դեպքերում վերահաշվարկ իրականացնելու նպատակով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից վիճակահանություններ անցկացնելու կարգը:

2. Քվեարկությունից հետո երկրորդ օրը՝ ժամը 11:00-ին հրավիրված նիստում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը սույն կարգի համաձայն իրականացված վիճակահանությամբ պատահականության սկզբունքով ընտրում է իր սպասարկման տարածքում գտնվող երեք, իսկ 10-ից պակաս ընտրական տեղամասերի առկայության դեպքում՝ մեկ ընտրական տեղամաս, որոնց քվեարկության արդյունքները պետք է վերահաշվարկվեն առաջին հերթին:

3. Համապատասխան թվով ընտրական տեղամաս ընտրելու նպատակով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ ընտրում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներին, ովքեր պետք է վիճակահանությամբ ընտրեն համապատասխան թվով ընտրական տեղամասերը: Այդ նպատակով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը պատրաստում է վիճակահանությանը մասնակցող հանձնաժողովի անդամների թվին հավասար թվով իրարից չտարբերվող թերթիկներ, որոնցից՝

1) երեք ընտրական տեղամաս ընտրելու դեպքում մեկ թերթիկի վրա նշում է «1», երկրորդի վրա՝ «2», երրորդի վրա՝ «3» թվերը,

2) մեկ ընտրական տեղամաս ընտրելու դեպքում՝ մեկ թերթիկի վրա նշում է «1» թիվը:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը բոլոր թերթիկները (նաև նշում չպարունակող) ծալում է այնպես, որ միմյանցից չտարբերվեն և տեղավորում է վիճակահանության արկղի մեջ: Հանձնաժողովի անդամները ազգանունների, իսկ ազգանունները համընկնելու դեպքում՝ անունների (հայրանունների) այբբենական հերթականությամբ վիճակահանության արկղից հանում են մեկական թերթիկ:

4. Ընտրական տեղամասերն ընտրելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում պատրաստվում են տվյալ ընտրության անցկացման նպատակով կազմավորված ընտրական տեղամասերի թվին հավասար թվով, իրարից չտարբերվող թերթիկներ, որոնց վրա նշվում են բոլոր ընտրական տեղամասերի համարները: Բոլոր թերթիկները ծալվում են այնպես, որ միմյանցից չտարբերվեն և տեղավորում վիճակահանության արկղի մեջ:

5. Վիճակահանության արդյունքներով ընտրված հանձնաժողովի անդամները թերթիկների վրա նշված թվերի հերթականությամբ վիճակահանության արկղից հանում են մեկական թերթիկ: Մեկ ընտրական տեղամաս ընտրելու դեպքում հանվում է մեկ թերթիկ:

Առաջին հերթում ընտրական տեղամասերը վերահաշվարկվում են վիճակահանության արդյունքներով ընտրված հանձնաժողովի անդամներին բաժին ընկած համարների հերթականությամբ:

6. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված վիճակահանության արդյունքներն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառելուց հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ուսումնասիրում է վերահաշվարկի մասին Ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումները և հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրում այն ընտրական տեղամասերի համարները, որոնցում պահանջվում է կատարել վերահաշվարկ: Վերահաշվարկի դիմումներով և վիճակահանության արդյունքով ընտրված ընտրական տեղամասերի համընկնման դեպքում լրացուցիչ վիճակահանություն չի իրականացվում:

Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 7-րդ մասով պահանջների համապատասխան սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկ իրականացնելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընդունում է որոշում:

7. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացվող, ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացված դիմումներով պահանջվող ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները վերահաշվարկելու հերթականությունը որոշելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում պատրաստվում են սույն կարգի 6-րդ կետում նշված ընտրական տեղամասերի թվին հավասար թվով, իրարից չտարբերվող թերթիկներ, որոնց վրա նշում են վեահաշվարկվող ընտրական տեղամասերի համարները:

Հանձնաժողովի անդամները ազգանունների, իսկ ազգանունները համընկնելու դեպքում՝ անունների (հայրանունների) այբբենական հերթականությամբ վիճակահանության արկղից հանում են մեկական թերթիկ, և հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրվում է հանձնաժողովի նախաձեռնությամբ, դիմումներով պահանջվող ընտրական տեղամասերի համարները՝ որոշելով երկրորդ և երրորդ հերթերում վերահաշվարկվող ընտրական տեղամասերի հերթականությունը:

8. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում անցկացվող բոլոր վիճակահանությունների արդյունքները գրառվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունվարի 2022 թվական: