Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.06.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 08.10.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
04.06.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
04.06.2021
Дата вступления в силу
04.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/9012/02/18

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/9012/02/18

Նախագահող դատավոր՝  Ա. Պետրոսյան

Դատավորներ՝

 Ա. Մկրտչյան

 Կ Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

     

2021 թվականի հունիսի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով Զարուհի Պողոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Օֆիկ Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Արման Տոնոյանի ընդդեմ Զարուհի Պողոսյանի, երրորդ անձինք «Էքսպրես Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն), Օֆիկ Գրիգորյանի՝ 19.08.2015 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և որպես գործարքի անվավերության հետևանք՝ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

   

Պ Ա Ր Զ Ե Ց

    

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Օֆիկ Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Արման Տոնոյանը պահանջել է անվավեր ճանաչել Օֆիկ Գրիգորյանի և Զարուհի Պողոսյանի միջև 19.08.2015 թվականին կնքված Երևան քաղաքի Պարոնյան փողոցի թիվ 28 շենք 55-րդ բնակարանի նվիրատվության պայմանագիրը և որպես գործարքի անվավերության հետևանք՝ անվավեր ճանաչել նշված գործարքի հիման վրա Զարուհի Պողոսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Դավթյան) (այսուհետ` Դատարան) 15.06.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:   

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան)  30.10.2020 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 15.06.2020 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել՝ հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Զարուհի Պողոսյան (ներկայացուցիչ Փիրուզա Վարդանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Մարիամ Ղուլյան): 

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  66-րդ հոդվածը, կիրառել է իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ թեև նվիրատվության պայմանագիրը կնքելու պահին՝ 19.08.2015 թվականին Օֆիկ Գրիգորյանն ունեցել է ժամկետանց պարտավորություններ Ընկերության հանդեպ, սակայն հստակ է, որ վերջինս չէր կարող կանխատեսել ապագայում իր ֆինանսական դրության վատթարացումը, և այն, որ հետագայում ինքն ի վիճակի չի լինելու մարելու ստացված վարկը, հատկապես հաշվի առնելով այն փաստական հանգամանքը, որ թվով երկու վարկային պայմանագրերով վարկի գումարներն ապահովված են եղել գրավադրված անշարժ գույքերով, որոնց ընդհանուր արժեքն ավել է եղել, քան ընդհանուր պարտավորությունների գումարը:

Տվյալ դեպքում նվիրատվության պայմանագիրը կնքվել է 19.08.2015 թվականին, իսկ Օֆիկ Գրիգորյանը սնանկ է ճանաչվել միայն երկու տարի անց՝ 06.06.2017 թվականին, այսինքն՝ Օֆիկ Գրիգորյանը չէր կարող կամ պարտավոր չէր կանխատեսել ապագայում իր ֆինանսական դրության վատթարացումը, հետևաբար վերջինս չի կատարել անհատույց փոխանցում՝ ապագայում պարտատերերի հանդեպ ունեցած պարտավորությունների կատարումից դիտավորյալ խուսափելու մտադրությամբ:

Բացի այդ, Օֆիկ Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Արման Տոնոյանը Դատարանին չի ներկայացրել այնպիսի ապացույցներ, որոնք կարող են հաստատել այն հանգամանքը, որ Օֆիկ Գրիգորյանը նվիրատվության պայմանագիրը կնքել է պարտատերերի հանդեպ իր պարտավորությունները կատարելուց խուսափելու նպատակով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.10.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 15.06.2020 թվականի վճռին։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Տվյալ դեպքում Օֆիկ Գրիգորյանը՝ որպես վարկառու, ունենալով վարկային պարտավորություններ, իսկ մեկ այլ պարտավորության կատարման համար հանդես գալով որպես երաշխավոր, Երևան քաղաքի Պարոնյան փողոցի թիվ 28 շենքի 55-րդ բնակարանի իրեն պատկանող բաժնեմասը 19.08.2015 թվականին նվիրատվության պայմանագրով օտարել է դստերը՝ Զարուհի Պողոսյանին։ Այսինքն՝ Օֆիկ Գրիգորյանն իր գույքը փոխանցել է անհատույց, փոխանցել է դստերը, դա արել է՝ պարզ գիտակցելով, որ ունի ժամկետանց պարտավորություններ։ Հետևաբար Վերաքննիչ դատարանն իրականացրել է գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, ինչի արդյունքում կայացրել է հիմնավորված և պատճառաբանված որոշում։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1 17.03.2014 թվականի Ընկերության և Անահիտ Հարությունյանի միջև կնքված թիվ 61/14ՀՁ վարկային պայմանագրի համաձայն՝ Ընկերությունն Անահիտ Հարությունյանին տրամադրել է 275.500 ԱՄՆ դոլար վարկ:

Ի ապահովումը նշված պայմանագրով Անահիտ Հարությունյանի ստանձնած պարտավորությունների կատարման՝ 17.03.2014 թվականին  Ընկերության՝ որպես գրավառու, «ՀԻՆ ՁՈՐԱԳՅՈՒՂ» ՍՊԸ-ի՝ որպես գրավատու և Անահիտ Հարությունյանի՝ այսուհետ վարկառու, կնքվել է Հիփոթեքի/հաջորդող գրավի/ 61/14դՀՁ պայմանագիրը, որի 1.1 կետի համաձայն՝ Գրավատուն գրավադնում է Գրավառուին իր սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը՝ Գրավի առարկա, որը գտնվում է ք. Երևան, Պարոնյան փողոց, 16 հասցե, թիվ 3 շենք հասցեով և իրենից ներկայացնում է 337,0քմ մակերես ունեցող հողամաս և 202,1 քմ մակերես ունեցող տարածք։

Նույն պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ գրավի առարկան գրավադրվում է ի ապահովումն Վարկառուի մոտ առաջացած պարտավորությունների կատարմանը՝ համաձայն 17.03.2014 թվականին կնքված վարկային թիվ 61/14ՀՁ պայմանագրի:

Նույն պայմանագրի 19 կետի համաձայն՝ Գրավի առարկայի արժեքը պայմանագրի կնքման օրվա դրությամբ գնահատվում է 180000000 ՀՀ դրամ (հատոր 3-րդ, գ.թ. 26-32):

2. Քրիստինա Գրիգորյանի՝ այսուհետ վաճառող, Անահիտ Հարությունյանի՝ այսուհետ գնորդ/ գրավատու/ և վարկառու Ընկերության՝ այսուհետ գրավառու միջև 17.03.2014 թվականին կնքված Անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի/հաջորդող գրավի/ թիվ 61/14գՀՁ պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ վաճառողը վաճառում է իր սեփականությունը հանդիսացող ավտոտնակը, այսուհետ անշարժ գույք կամ գրավի առարկա, իսկ գնորդ/գրավատուն/, որպես սեփականություն ձեռք է բերում ք. Երևան, Կենտրոն, Պարոնյան փողոց, 28 շենք, թիվ 17 ավտոտնակը, որի մակերեսը կազմում է 52,1 քմ:

Նույն պայմանագրի 2.1 կետի համաձայն՝ Գնորդը/գրավատուն/ գնում է անշարժ գույքը և դրա նկատմամբ իր սեփականության իրավունքի ծագման, այն է՝ պետական գրանցման պահից պայմանագրով գրավադնում է այն գրավառուի մոտ, որպես Գրավառուի և վարկառուի միջև 17.03.2014 թվականին կնքված վարկային թիվ 61/14ՀՁ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովում։

Նույն պայմանագրի 110 կետի համաձայն՝ Գրավի առարկայի արժեքը կազմում է 12816000 ՀՀ դրամ (հատոր 3-րդ, գ.թ. 40-47):

3. Քրիստինա Գրիգորյանի՝ այսուհետ վաճառող, Անահիտ Հարությունյանի՝ այսուհետ գնորդ/ գրավատու/ և վարկառու Ընկերության՝ այսուհետ գրավառու,  միջև 17.03.2014 թվականին կնքված Անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի/հաջորդող գրավի/ թիվ 61/14աՀՁ պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ վաճառողը վաճառում է իր սեփականությունը հանդիսացող բնակարանը, այսուհետ՝ անշարժ գույք կամ գրավի առարկա, իսկ գնորդ/գրավատուն/, որպես սեփականություն ձեռք է բերում ք. Երևան, Կենտրոն, Մաշտոցի պողոտա, 37 շենք, թիվ 35 բնակարանը, որի մակերեսը կազմում է 82,5 քմ:

Նույն պայմանագրի 2.1 կետի համաձայն՝ Գնորդը/գրավատուն/ գնում է անշարժ գույքը և դրա նկատմամբ իր սեփականության իրավունքի ծագման, այն է՝ պետական գրանցման պահից պայմանագրով գրավադնում է այն գրավառուի մոտ, որպես Գրավառուի և վարկառուի միջև 17.03.2014 թվականին կնքված վարկային թիվ 61/14ՀՁ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովում։

Նույն պայմանագրի 110 կետի համաձայն՝ Գրավի առարկայի արժեքը կազմում է 56000000 ՀՀ դրամ (հատոր 3-րդ, գ.թ. 33-39):

4. Քրիստինա Գրիգորյանի՝ այսուհետ վաճառող, Անահիտ Հարությունյանի՝ այսուհետ գնորդ/գրավատու/ և վարկառու  Ընկերության՝ այսուհետ գրավառու, միջև 17.03.2014 թվականին կնքված Անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի/հաջորդող գրավի/ թիվ 61/14բՀՁ պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ վաճառողը վաճառում է իր սեփականությունը հանդիսացող բնակարանը, այսուհետ՝ անշարժ գույք կամ գրավի առարկա, իսկ գնորդ/գրավատուն/, որպես սեփականություն ձեռք է բերում ք. Երևան, Կենտրոն, Պարոնյան փողոց, 28 շենք, թիվ 15 բնակարանը, որի մակերեսը կազմում է 97,5քմ:

Նույն պայմանագրի 1.2.1 կետի համաձայն՝ Գնորդը/գրավատուն/ գնում է անշարժ գույքը և դրա նկատմամբ իր սեփականության իրավունքի ծագման, այն է՝ պետական գրանցման պահից պայմանագրով գրավադնում է այն գրավառուի մոտ, որպես Գրավառուի և վարկառուի միջև 17.03.2014 թվականին կնքված Վարկային թիվ 61/14ՀՁ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովում։

Նույն պայմանագրի 110 կետի համաձայն՝ Գրավի առարկայի արժեքը կազմում է 45500000 ՀՀ դրամ (հատոր 3-րդ, գ.թ. 48-55):

5. 19.08.2015 թվականի անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի համաձայն՝ Օֆիկ Գրիգորյանը Երևան քաղաքի Պարոնյան փողոցի թիվ 28 շենքի 55-րդ բնակարանի իրեն պատկանող բաժնեմասը նվիրել է իր դստերը՝ Զարուհի Պողոսյանին։ Գույքը բաղկացած է 83,6 քմ ընդհանուր մակերեսից (հատոր 1-ին, գ.թ. 12-14):

6. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած 06.06.2017 թվականի թիվ ԵԿԴ/0053/04/17 վճռով Օֆիկ Գրիգորյանը սնանկ է ճանաչվել (հատոր 1-ին, գ.թ. 8-10):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին  մասի 2-րդ  կետով  նախատեսված հիմքի առկայությամբ՝  նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պարտապանի կողմից իր հետ փոխկապակցված անձանց կատարած անհատույց փոխանցումները որպես պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու մտադրությամբ կատարված ակնհայտորեն վկայող փոխանցումներ գնահատելու խնդրին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։

Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:

Իրավահարաբերության ծագման պահին՝ 17.06.2016 թվականին ընդունված և 23.07.2016 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-105-Ն ՀՀ օրենքի փոփոխություններով գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն`  Կառավարիչը կարող է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դիմել և դատական կարգով հետ ստանալ պարտապանի կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում` ոչ դրամային) պարտապանի հետ փոխկապակցված անձանց, որոնք կատարվել են պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆիզիկական անձ պարտապանի հետ փոխկապակցված են համարվում նրա ամուսինը, նրանց հետ երկու աստիճան ուղիղ վերընթաց և վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, եղբայրը, քույրը և նրանց հետ ուղիղ վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, ամուսնու եղբայրը, քույրը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), անդրադառնալով Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածին, իր որոշումներում նշել է, որ թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, հռչակելով սեփականության իրավունքը, միաժամանակ նախատեսում է սեփականության իրավունքի սահմանափակման հնարավորություն ի շահ հանրության, եթե այդ սահմանափակումը նախատեսված է օրենքով և միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով, և ընդհանուր շահերին համապատասխան սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար: Եվրոպական դատարանը նշել է նաև, որ ինչ հիմքով էլ, որ տեղի ունենա միջամտությունը սեփականության իրավունքին, դա կարող է արդարացված համարվել բացառապես այն դեպքում, երբ այն տեղի է ունեցել ի շահ հանրության և հետապնդել է իրավաչափ նպատակ (…) (տե՛ս, Sporrong and Lonnroth v. Sweden գործով Եվրոպական դատարանի 23.09.1982 թվականի վճիռը, կետ 61, Mkhchyan v. Russia գործով Եվրոպական դատարանի 07.02.2017 թվականի վճիռը, կետեր 65-67, Barcza and Others v. Hungary գործով Եվրոպական դատարանի 11.10.2016 թվականի վճիռը, կետեր 41-45):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետին և արձանագրել է, որ վկայակոչված իրավակարգավորումը նախատեսում է սնանկության վերաբերյալ գործով կառավարչի դատարան դիմելու իրավունքը` պարտապանի կողմից իրեն փոխկապակցված անձանց կատարված փոխանցումները հետ ստանալու պահանջով, որի նպատակը պարտապանի գույքի հավաքագրումն է` սնանկության վարույթի ընթացքում պարտատերերի պահանջների բավարարման նպատակով: Այսինքն` նշված նորմը սահմանում է սեփականության իրավունքի դադարման ինքնուրույն հիմք: Ընդ որում, կատարված փոխանցումները հետ ստանալու հիմքում դրված է այն հանգամանքը, որ դրանք պետք է փոխանցված լինեն պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում և անհատույց: Այդ փոխանցումները կարող են լինել նաև ոչ դրամային, այսինքն` այլ գույքային փոխանցումներ, այդ թվում` ապրանքներ, արժեթղթեր, շարժական և անշարժ գույք: Կառավարիչն այդ իրավունքը դատական կարգով կարող է իրականացնել պարտապանին սնանկ ճանաչելուց հետո, բայց ոչ ուշ քան մեկ տարվա ընթացքում (տե՛ս, Հարություն Զուլումյանի սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյանն ընդդեմ Գայանե և Ռուբեն Զուլումյանների թիվ ԵԿԴ/2304/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի որոշումը): 

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ այն նախատեսում է սնանկության վերաբերյալ գործով կառավարչի դատարան դիմելու իրավունքը` պարտապանի կողմից իրեն փոխկապակցված անձանց կատարված փոխանցումները հետ ստանալու պահանջով: Վերոնշյալ հոդվածով առանձնացվել  են այնպիսի փոխանցումների տեսակներ, որոնք ակնհայտորեն վկայում են պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու պարտապանի մտադրության մասին (տե՛ս, Լիզա Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Համլետ Նաջարյանն ընդդեմ Լիզա Գրիգորյանի, Սոնիկ Աթայանի թիվ ԵՔԴ/1165/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.10.2012 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը 31.01.2017 թվականի թիվ ՍԴՈ-1340 որոշմամբ, քննելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, գտել է, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` կառավարիչը կարող է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դիմել և դատական կարգով հետ ստանալ պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում պարտապանի հետ փոխկապակցված անձանց պարտապանի կատարած այն անհատույց փոխանցումները, որոնք դատարանի կողմից կգնահատվեն որպես պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին ակնհայտորեն վկայող փոխանցումներ:

Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(...) օրենքի վիճարկվող դրույթով սահմանված պայմաններին համապատասխանող փոխանցումներն ինքնին չեն կարող վկայել պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին: Նման դիրքորոշման համար հիմք են հանդիսանում այն հանգամանքները, որ, նախ` նման մտադրության առկայությունը կամ բացակայությունը գնահատման ենթակա հանգամանքներ են, որոնք կարող են հաստատվել դատարանի կողմից գործի կոնկրետ հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրման և գնահատման արդյունքում, երկրորդ` նշված պայմաններին համապատասխանող ոչ բոլոր փոխանցումները կարող են վկայել պարտապանի ոչ իրավաչափ մտադրության մասին։

Վերոնշյալ իրավական դիրքորոշման համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ նման դեպքերը, թեև համապատասխանում են վիճարկվող դրույթի սահմանած պայմաններին, սակայն չեն կարող ծառայել վիճարկվող դրույթի` օրենսդրի կողմից սահմանված և ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող նպատակին, և գտել է, որ դատարանները վիճարկվող դրույթը կիրառելիս դրա գործողության շրջանակից պետք է բացառեն այն անհատույց փոխանցումները, որոնք ակնհայտորեն չեն վկայում պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին: Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթում սահմանված պայմանները բավարարող բացառապես բոլոր փոխանցումները հետ ստանալը, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ դրանցից ոչ բոլորը կարող են ակնհայտորեն վկայել պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին, չի կարող դիտարկվել որպես ՀՀ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար անհրաժեշտ միջոց: Նման մոտեցումը կխախտի ոչ միայն անձի սեփականության իրավունքը, այլև հիմնական իրավունքների սահմանափակման համաչափության սահմանադրական իրավունքը:

ՀՀ սահմանադրական դատարանի նշված որոշման հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

1.  յուրաքանչյուր դեպքում, երբ առկա է սեփականության իրավունքի սահմանափակում, մասնավորապես՝ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով սեփականության իրավունքի նկատմամբ միջամտություն, ապա սեփականության հիմնարար իրավունքի պաշտպանությունից բխում է, որ այդ սահմանափակումը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ: Ընդ որում, սեփականության իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև պետք է ապահովվի ողջամիտ հավասարակշռություն,

2.  պարտապանի` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերով նախատեսված անձանց կատարած անհատույց փոխանցումները սնանկության գործով կառավարչի կողմից հետ ստանալու` օրենքով սահմանված հնարավորությունը Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով միջամտություն է սեփականության իրավունքին,

3.  այդ միջամտությունը, այն է՝ կատարված անհատույց փոխանցումները հետ ստանալը, հետապնդում է պարտատերերի նկատմամբ պարտավորության կատարումից չարամտորեն խուսափելը կանխելու նպատակ, որով պետությունն ապահովում է պարտատերերի հիմնական իրավունքների պաշտպանությունը: Ընդ որում, այդ նպատակով սեփականության իրավունքի սահմանափակումը, ըստ ՀՀ սահմանադրական դատարանի, համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Հետևաբար կատարված անհատույց փոխանցումներն իրավաչափ կերպով հետ ստանալու համար անհրաժեշտ է, որ պարտապանը գործարքը կնքած լինի պարտատիրոջ նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու մտադրությամբ,

4.  «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կամ «բ» կետերով նախատեսված պայմաններին համապատասխանող պահանջ ներկայացնելն ինքնին բավարար չէ պարտապանի՝ պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու մտադրության մասին եզրահանգում կատարելու համար: Հետևաբար այդ նորմերի տառացի կիրառումը որոշակի դեպքերում կհանգեցնի պարտապանի ունեցած ոչ իրավաչափ մտադրության մասին սխալ ենթադրության,

5.  նման մտադրության առկայությունը կամ բացակայությունը գնահատման ենթակա հանգամանքներ են, որոնք կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և դատարանի կողմից կարող են հաստատվել միայն դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրման և գնահատման արդյունքում,

6.  պարտատերերի իրավունքների և անձի սեփականության իրավունքի միջև ողջամիտ հավասարակշռություն ապահովելու համար դատարանները խնդրո առարկա իրավանորմերը կիրառելիս դրանց գործողության շրջանակից պետք է բացառեն այն անհատույց փոխանցումները, որոնք ակնհայտորեն չեն վկայում պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին, և այդ դեպքում կապահովվի սեփականության սահմանադրական իրավունքի սահմանափակման և դրանով հետապնդվող նպատակի համաչափությունը: Այսինքն՝ խնդրո առարկա իրավակարգավորումների տեսանկյունից անհատույց փոխանցումն անվավեր գործարք կարող է համարվել միայն, այն դեպքում երբ, ի թիվս այլ հանգամանքների, ապացուցված է պարտապանի ոչ իրավաչափ մտադրության առկայությունը (տե՛ս, Արթուր Բադալյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանն ընդդեմ Սեդա Մելիք-Թանգյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ԵԿԴ/0598/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

Սույն գործի փաստերի համաձայն՝ 17.03.2014 թվականին Ընկերության և Անահիտ Հարությունյանի միջև կնքվել է թիվ 61/14ՀՁ վարկային պայմանագիրը, որի համաձայն՝ Ընկերությունն Անահիտ Հարությունյանին տրամադրել է 275.500 ԱՄՆ դոլար վարկ։ Ի ապահովումն նշված պայմանագրի՝ 17.03.2014 թվականին կնքվել են հիփոթեքի/հաջորդող գրավի/ թիվ 61/14դՀՁ, անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի/հաջորդող գրավի/ թիվ 61/14գՀՁ, անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի/հաջորդող գրավի/ թիվ 61/14աՀՁ, անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի/հաջորդող գրավի/ թիվ 61/14բՀՁ պայմանագրերը։

19.08.2015 թվականի անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի համաձայն՝ Օֆիկ Գրիգորյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող  Երևան քաղաքի Պարոնյան փողոցի թիվ 28 շենքի 55-րդ բնակարանի իրեն պատկանող բաժնեմասը անհատույց հանձնել (նվիրել) է Զարուհի Պողոսյանին։ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած 06.06.2017 թվականի թիվ ԵԿԴ/0053/04/17 վճռով Օֆիկ Գրիգորյանը սնանկ է ճանաչվել։

Դատարանը, հայցը մերժելով, նշել է, որ թեև նվիրատվության պայմանագիրը կնքելու պահին՝ 19.08.2015 թվականին, Օֆիկ Գրիգորյանն ունեցել է պարտավորություններ Ընկերության հանդեպ, սակայն նա չէր կարող կանխատեսել ապագայում իր ֆինանսական դրության վատթարացումը, որ հետագայում ի վիճակի չի լինելու մարելու ստացված վարկը: Օֆիկ Գրիգորյանը սնանկ է ճանաչվել միայն երկու տարի անց՝ 06.06.2017 թվականին, հետևաբար, Դատարանը գտել է, որ վերջինս չի կատարել անհատույց փոխանցում՝ ապագայում պարտատերերի հանդեպ ունեցած պարտավորությունների կատարումից խուսափելու մտադրությամբ։ Դատարանն արձանագրել է նաև, որ Ընկերության հանդեպ Անահիտ Հարությունյանի վարկային պայմանագրով ստանձնած պարտավորություններն ապահովված են եղել անշարժ գույքերի գրավներով, և գրավի առարկաների արժեքը գերազանցել է ստացած վարկի չափը, հետևաբար այս առումով ևս Օֆիկ Գրիգորյանն իրավաչափորեն չէր կարող ակնկալել, որ Անահիտ Հարությունյանը Ընկերության հանդեպ իր պարտավորությունները չի կարողանալու կատարել, քանի որ եթե անգամ լիներ կետանց, ապա պարտավորությունները տրամաբանորեն կկատարվեին գրավի առարկաների հաշվին։

Վերաքննիչ դատարանը, Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարելով, նշել է, որ ունենալով չկատարված վարկային պարտավորություններ և հանդիսանալով այլ պարտավորությունների կատարման երաշխավոր, Օֆիկ Գրիգորյանը, չարաշահելով սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքն օտարելու իրավունքը, Երևան քաղաքի Պարոնյան փողոցի թիվ 28 շենքի 55-րդ բնակարանում ունեցած իր բաժնեմասը 19082015 թվականի նվիրատվության պայմանագրով օտարել է դստերը՝ Զարուհի Պողոսյանին, որպեսզի հանգամանքը չի գնահատվել Դատարանի կողմից, ինչն էլ հանգեցրել է սխալ դատական ակտ կայացնելու և Դատարանը հայցապահանջը բավարարելու փոխարեն այն մերժել է։

 

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց, որը կվկայեր այն մասին, որ Օֆիկ Գրիգորյանն իր գործողություններով, այն է՝ Զարուհի Պողոսյանին 19082015 թվականին կատարած անհատույց փոխանցումով, ակնհայտորեն մտադրություն և նպատակ է ունեցել խուսափել պարտատիրոջ նկատմամբ ունեցած պարտավորությունից: Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման է գալիս հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում երաշխավորը և պարտապանը պարտատիրոջ առջև կրում են համապարտ պատասխանատվություն, եթե երաշխավորի սուբսիդիար պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը՝ ներառյալ տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած՝ պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով:

Անդրադառնալով երաշխավոր հանդիսացող պարտապանի նկատմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի կիրառման առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ պայմանավորված երաշխավորության պարտավորության լրացուցիչ բնույթով՝ պարտապանի կողմից պարտավորության կատարումից ակնհայտորեն խուսափելու նպատակ ունենալը պարզելու համար անհրաժեշտ է գնահատել պարտավորությունն այլ ապահովման եղանակներով ապահովված լինելը, պարտավորության խախտման ժամանակահատվածը, երաշխավորի պատասխանատվության տեսակը (սուբսիդիար կամ համապարտ), երաշխավորի կողմից պարտավորության խախտման մասին տեղեկացված լինելու հանգամանքը, պարտատիրոջ կողմից երաշխավորին պարտավորության չափի մասին ծանուցելը և այլն:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վարկային պարտավորությունն ապահովված է ոչ միայն երաշխավորության պայմանագրով, այլ նաև թվով չորս անշարժ գույքի գրավի պայմանագրերով, որոնց արժեքը գերազանցում է վարկային պարտավորությունը։ Ավելին, թեև Ընկերության կողմից Դատարան են ներկայացվել ծանուցումներ (հատոր 2-րդ, գթ 47-54), որոնցով Ընկերությունը նշել է, որ Օֆիկ Գրիգորյանն Ընկերության հանդեպ ունի ժամկետանց պարտքեր, ապա գործում առկա չէ Օֆիկ Գրիգորյանի կողմից նշված ծանուցումները ստանալը հավաստող որևէ ապացույց։ Այսինքն՝ չի հիմնավորվել, որ Օֆիկ Գրիգորյանը՝ որպես երաշխավոր, տեղյակ լինելով պարտավորության կետանցի մասին, ակնհայտորեն պարտավորության կատարումից խուսափելու նպատակ է հետապնդել: Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար կարևորում է նաև այն հանգամանքը, որ անհատույց փոխանցումը կատարվել է 19.08.2015 թվականին, իսկ Օֆիկ Գրիգորյանը սնանկ է ճանաչվել երկու տարի անց՝ 06.06.2017 թվականի վճռով:

Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված ապացույցները բավարար չեն՝ նվիրատվության պայմանագիրը ՀՀ սահմանադրական դատարանի կողմից սահմանված՝ «պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու` պարտապանի մտադրության մասին ակնհայտորեն վկայող փոխանցում» որակելու համար։ Ընդ որում, նման իրավաչափ եզրահանգման է եկել նաև Դատարանը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, նյութական նորմի սխալ մեկնաբանման, արդյունքում նաև՝ դատավարական նորմի խախտման հետևանքով բեկանելով Դատարանի վճիռը, սխալ եզրահանգման է եկել գործի ելքի վերաբերյալ:

 

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են («Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը՝ նույն գլխի կանոնների համաձայն:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա. 1» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են սնանկության կառավարիչները` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը՝ պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝  նույն օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար կառավարիչն ազատվում է պետական տուրքի վճարումներից: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ:

Նկատի ունենալով, որ սույն գործով Դատարանի վճիռը բեկանվել է Ընկերության վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, իսկ Զարուհի Պողոսյանի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Օֆիկ Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Արման Տոնոյանի հայցը` մերժման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունից հօգուտ Զարուհի Պողոսյանի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Միաժամանակ նկատի ունենալով, որ հայցը հարուցված է սնանկության գործով կառավարչի կողմից, որն էլ իր հերթին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա. 1» կետի հիմքով ազատված է դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարման ենթակա պետական տուրքի վճարումից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում հայցադիմումի համար վճարման ենթակա պետական տուրքի գումարի հետ կապված հարցը պետք է համարել լուծված:

    

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

   

Ո Ր Ո Շ Ե Ց

  

1.  Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 15.06.2020  թվականի վճռին:

2.  «Էքսպրես Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ից հօգուտ Զարուհի Պողոսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։

Դատական ծախսերի հարցը` հայցադիմումի համար վճարման ենթակա պետական տուրքի գումարի հետ կապված, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա. 1» կետի հիմքով համարել լուծված։

3.  Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

  

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2021 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան