ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2018 թվականի N 498-Ն
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. ապրիլի 27 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 498-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կազմավորման և գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները։
2. Հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, որի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եզրակացությունների քննարկումն է, դրանց վերաբերյալ ամփոփ եզրակացություններ կազմելը և դրանք Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելը:
(2-րդ կետը փոփ. 25.07.19 N 945-Ն)
3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
4. Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի ղեկավարից, անդամներից և քարտուղարից։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ։
(4-րդ կետը խմբ. 25.07.19 N 945-Ն)
5. Հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։
(5-րդ կետը փոփ. 25.07.19 N 945-Ն)
6. Հանձնաժողովի կազմում ընդգրկված անձինք հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:
6.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացությունները հանձնաժողովում քննարկվում են դրանք ստանալուց հետո առավելագույնը երկամսյա ժամկետում:
(6.1-ին կետը լրաց. 19.03.20 N 341-Ն)
7. Հանձնաժողովի գործառույթների իրականացումն ապահովվում է էլեկտրոնային ընթացակարգերի միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնաժողովի ղեկավարն իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամներից մեկի միջնորդությամբ հրավիրում է հանձնաժողովի նիստ:
(7-րդ կետը խմբ. 19.03.20 N 341-Ն)
7.1 Հանձնաժողովի քարտուղարը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կազմված բոլոր եզրակացությունների ուսումնասիրության արդյունքում կազմում է ամփոփ հաշվետվություն և, խորհրդակցելով հանձնաժողովի ղեկավարի հետ, հաշվետվությունը և քվեարկության դրվող հարցերն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է հանձնաժողովի անդամների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին: Հաշվետվության մեջ ներառվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ներկայացված քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու վերաբերյալ դրական և բացասական եզրակացությունների ընդհանուր թիվը, բացասական եզրակացությունների դեպքում` համապատասխան դիմումը չբավարարելու իրավական հիմքը և հնարավոր վիճահարույց գործերի վերաբերյալ տեղեկատվություն:
(7.1-ին կետը լրաց. 19.03.20 N 341-Ն)
7.2. Հանձնաժողովի անդամները սույն կարգի 7.1-ին կետով սահմանված կարգով ամփոփ հաշվետվությունն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում լրացնում և ստորագրում են քվեաթերթիկը (Ձև N 1)՝ էլեկտրոնային եղանակով ուղարկելով հանձնաժողովի մյուս անդամներին և քարտուղարին:
(7.2-րդ կետը լրաց. 19.03.20 N 341-Ն, 14.01.21 N 24-Ն)
8. Հանձնաժողովի նիստ հրավիրվելու դեպքում նիստի հրավիրման օրվա, վայրի և ժամանակի մասին հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամներին ծանուցում է նիստից առնվազն 3 օր առաջ:
(8-րդ կետը խմբ. 19.03.20 N 341-Ն)
9. (կետն ուժը կորցրել է 19.03.20 N 341-Ն)
10. Հանձնաժողովի նիստերը հրավիրում և անցկացնում է հանձնաժողովի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի անդամներից մեկը` մեծամասնության համաձայնությամբ:
(10-րդ կետը փոփ. 14.01.21 N 24-Ն)
11. Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել, եթե քվեարկությանը մասնակցել են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հավասար ձայների դեպքում վճռորոշ է հանձնաժողովի ղեկավարի ձայնը: Հանձնաժողովի քարտուղարը քվեարկությանը չի մասնակցում:
(11-րդ կետը խմբ. 19.03.20 N 341-Ն)
12. Քվեարկության վերաբերյալ հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է արձանագրություն և եզրակացություն: Արձանագրությունն ստորագրվում է հանձնաժողովի ղեկավարի և քարտուղարի կողմից, որից հետո այն հանձնաժողովի եզրակացության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կազմված եզրակացությունների ու հանձնաժողովի անդամների ստորագրած քվեաթերթիկների հետ` մեկամսյա ժամկետում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:
(12-րդ կետը խմբ. 19.03.20 N 341-Ն, 14.01.21 N 24-Ն)
13. (կետն ուժը կորցրել է 19.03.20 N 341-Ն)
14. (կետն ուժը կորցրել է 19.03.20 N 341-Ն)
Ձև N 1
Ք Վ Ե Ա Թ Ե Ր Թ Ի Կ
20__թ. _____ __
Հանձնաժողովի անդամ ________
Քաղաքացիություն ստանալու համար ներկայացված դիմումներ | |||
Դրական՝ |
Կողմ |
Բացասական՝ |
Կողմ |
Դեմ |
Դեմ |
Քաղաքացիության դադարեցման համար ներկայացված դիմումներ | |||
Դրական՝ |
Կողմ |
Բացասական՝ |
Կողմ |
Դեմ |
Դեմ |
Հանձնաժողովի անդամ |
________________ |
(ձևը լրաց. 19.03.20 N 341-Ն)
(հավելվածը խմբ., փոփ. 25.07.19 N 945-Ն, լրաց., խմբ., փոփ. 19.03.20 N 341-Ն, 14.01.21 N 24-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |