Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.10.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.12.2020
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
20.10.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
20.10.2020
Дата вступления в силу
20.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի 
որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/20761/02/18

2020 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/20761/02/18

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հոկտեմբերի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Լարիսա Գուրգենի Մկրտչյանի ընդդեմ Լարա-Դինարա Մկրտիչյանի, «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Օսան Հակոբյանի` լիազորագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Լարիսա Մկրտչյանի ներկայացուցիչ Ազատ Շահբազյանի վճռաբեկ բողոքը

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Լարիսա Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել 06.03.2010 թվականին Ալիսա Մկրտչյանի կողմից Ռոբերտ Գրիգորյանին տրված և «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Օսան Հակոբյանի կողմից վավերացված լիազորագիրը և որպես անվավերության հետևանք` անվավեր ճանաչել Երևանի Նոր Նորքի 7-րդ միկրոշրջանի 26-րդ շենքի թիվ 21 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի հետ կապված բոլոր հետագա գործարքները, ինչպես նաև իրեն ճանաչել Երևանի Նոր Նորքի 7-րդ միկրոշրջանի 26-րդ շենքի թիվ 21 բնակարանի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Զ. Նախշքարյան) (այսուհետ` Դատարան) 09.10.2018 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է հայցվորի ներկայացուցչի անձնագրային տվյալները նշված չլինելու, պատասխանողի ազգանվան մեջ տառասխալ լինելու, պատասխանողի բնակության կամ հաշվառման վայրը նշված չլինելու և պակաս պետական տուրք վճարված լինելու հիմքերով` միաժամանակ տրամադրելով ժամկետ որոշմամբ արձանագրված թերությունները շտկելու և հայցադիմումը կրկին ներկայացնելու համար:

Դատարանի 09.11.2018 թվականի որոշմամբ հայցադիմումը կրկին վերադարձվել է` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա չլինելու հիմքով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.12.2018 թվականի որոշմամբ Դատարանի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման դեմ Լարիսա Մկրտչյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լարիսա Մկրտչյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ,  13-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի  1-ին մասը, 22-րդ հոդվածի 1-ին մասը, 24-րդ հոդվածի 1-ին մասը, իրավահարաբերության ծագման ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, նույն հոդվածի 5-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում հայցվորը ներկայացրել է պահանջ մի քանի պատասխանողների դեմ, հետևաբար հայցվորը չի խախտել ընդդատության կանոնները և իր հայեցողությամբ ընտրել է պատասխանողներից մեկի` նոտարի գտնվելու վայրի դատարանը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանի պնդումները հիմնական և ածանցյալ պահանջների վերաբերյալ անհիմն են, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով չի նախատեսված պատասխանողների տարանջատում` ըստ ներկայացված պահանջների առաջնահերթության: Հիմնական և ածանցյալ հասկացությունները վերաբերում են պահանջներին և կոչված են որոշելու հայցի ենթակայության և առարկայական ընդդատության հարցերը:

Բացի այդ, հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում կայացնելիս, Դատարանը պարտավոր էր սպառիչ կերպով արձանագրել հայցադիմումի մեջ առկա բոլոր թերությունները, մինչդեռ Դատարանը, առաջին անգամ վերադարձնելով հայցադիմումը, ընդդատությունը պահպանված չլինելու վերաբերյալ որևէ դատողություն չէր արել: Եվ միայն երկրորդ անգամ հայցադիմումը վերադարձնելու որոշման մեջ, երբ շտկվել են բոլոր թերությունները, հայցադիմումը վերադարձրել է տարածքային ընդդատության կանոնը պահպանված չլինելու և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա չլինելու հիմքով:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերաքննիչ բողոք բերած անձի սահմանադրորեն երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, զրկել է վերջինիս դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել Վերաքննիչ դատարանի 10.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է` հայցադիմումն ընդունել վարույթ»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.  

      Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի  3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման արդյունքում առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

      ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված՝ անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանն ևս իր մի շարք որոշումներում անդրադարձել է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացումն ապահովելու խնդիրներին և այդ կապակցությամբ հայտնել է մի շարք սկզբունքային իրավական դիրքորոշումներ:

Անդրադառնալով սահմանադրորեն երաշխավորված անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. անձի` դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանելու դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:

Մեկ այլ, այն է՝ 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2013 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման՝ դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է։ Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, [2005 թվականի փոփոխություններով] ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը։ Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին, չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից։

Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս,    ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932,   ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

 - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի   1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

Եվրոպական դատարանի կողմից հստակ ձևավորված նախադեպային իրավունքը Պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե դրանք ստեղծվել են, պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից, այդ թվում նաև՝ քաղաքացիական իրավունքների և պարտականությունների կապակցությամբ դատարան դիմելու իրավունքից (տե՛ս Kudła v. Poland գործով (թիվ 30210/96 գանգատ) Եվրոպական դատարանի 20.10.2000 թվականի վճիռը, կետ 122):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-րդ հոդվածի համաձայն` նույն օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (այսուհետ` առաջին ատյանի դատարան), Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանում (այսուհետ` վերաքննիչ դատարան) և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում (այսուհետ` Վճռաբեկ դատարան) քաղաքացիական գործերով դատավարության իրականացման կարգը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի համաձայն՝ հայցը հարուցվում է նույն օրենսգրքով սահմանված կարգով հայցադիմում ներկայացնելու միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն՝ hայցադիմումը ներկայացվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում`

1) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին

2) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին

3) հայցադիմումը վերադարձնելու մասին:

Իրավահարաբերության ծագման պահին՝ մինչև 05.01.2020թ. գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե՝ գործն ընդդատյա չէ տվյալ առաջին ատյանի դատարանին: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել նույն օրենսգրքով սահմանված կարգով, բացառությամբ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 12-րդ կետերով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը բողոքարկելու հնարավորությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը, կանոնակարգելով միջանկյալ դատական ակտերի բողոքարկումը՝ ելնելով անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության միջոցների արդյունավետության երաշխիքների սահմանման անհրաժեշտությունից, գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսել է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման անմիջական և հետաձգված կարգեր: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես կանոն անմիջական բողոքարկման են ենթակա այն միջանկյալ դատական ակտերը, որոնց չբողոքարկման արդյունքում օբյեկտիվ արգելքներ են առաջանում դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման համար: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջանկյալ դատական ակտերի համար սահմանել է անմիջական բողոքարկման կարգ, իսկ նշված դրույթով չնախատեսված մնացած բոլոր միջանկյալ դատական ակտերի համար գործում է «հետաձգված բողոքարկման» կարգը, այն է` բողոքարկում գործը եզրափակիչ դատական ակտի բողոքարկման շրջանակներում։

Վճռաբեկ դատարանը, վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով իրավահարաբերության ծագման ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման բողոքարկման կարգին, արձանագրում է, որ վերը նշված հոդվածի համաձայն՝ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը, որպես կանոն, ենթակա է անմիջական բողոքարկման։ Այս կանոնից բացառություն էին կազմում հետևյալ երկու դեպքերը.

1. եթե գործը տվյալ դատարանին ընդդատյա չէ, այսինքն՝ հայցադիմումը ներկայացվել է ընդդատության կանոնների խախտմամբ.

2. եթե վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձի կողմից հայցադիմումը ներկայացվել է նույն օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ:

Այսինքն` իրավահարաբերության ծագման պահին գործող քաղաքացիական դատավարության օրենսդրությունը վերոնշյալ երկու հիմքերով առաջին ատյանի դատարանի կողմից հայցադիմումը վերադարձնելու դեպքերի համար չի նախատեսել հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման անմիջական բողոքարկման իրավական հնարավորություն։ Վերոնշյալ հիմքերով հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումները վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէին: Հետևաբար դրանց դեմ բերված վերաքննիչ բողոքի ընդունումը վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից ենթակա է մերժման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված հիմքով:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ միջանկյալ դատական ակտերի (այդ թվում՝ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման) բողոքարկման կարգի (անմիջական կամ հետաձգված) ընտրության հարցում օրենսդիրն օժտված է գնահատման որոշակի ազատությամբ: Սակայն օրենսդրի այդ ազատությունը բացարձակ չէ. այն սահմանափակված է դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների գործնականում արդյունավետ իրացման բավարար երաշխիքներ և կառուցակարգեր սահմանելու անհրաժեշտությամբ։ Դրանով պայմանավորված՝ միջանկյալ այն դատական ակտերը, որոնք կարող են կասեցնել կամ խոչընդոտել դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքը, պետք է ենթակա լինեն անմիջական բողոքարկման։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից իրավահարաբերության ծագման ժամանակ գործող վերը նշված կարգավորումը չի ապահովում ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող միջոցի և հետապնդվող իրավական նպատակի միջև համաչափության առումով հետևյալ պատճառաբանությամբ՝

Գործը տվյալ առաջին ատյանի դատարանին ընդդատյա չլինելու հիմքով հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման բողոքարկման հետաձգված կարգի կիրառումն առանձին դեպքերում կարող է անհնարին լինել: Այսինքն՝ հնարավոր են դեպքեր, երբ անձի կողմից ներկայացված հայցի հիման վրա չկայացվի այն եզրափակիչ դատական ակտը, որի հետ մեկտեղ անձն իրավունք կունենա բողոքարկելու հայցադիմումը քննարկվող հիմքով վերադարձնելու մասին դատարանի որոշումը։ Մասնավորապես, նման իրավիճակ անխուսափելիորեն առաջանում է այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանը հայցադիմումը վերադարձնում է՝ գտնելով, որ գործն ընդդատյա է մեկ այլ դատարանի, իսկ վերջինս իր հերթին համարում է, որ տվյալ գործն իրեն ընդդատյա չէ և նույն հիմքով վերադարձնում է ներկայացված հայցադիմումը։ Քննարկվող իրավիճակում անձը ոչ միայն հնարավորություն չի ունենում բողոքարկելու հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումները, այլև արդյունքում ընդհանրապես զրկվում է դատարանում իր գործի քննության իրավունքից, քանի որ դատարանները համարում են, որ գործն իրենց ընդդատությանը չի պատկանում։

Փաստորեն, անձը, չունենալով հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումները բողոքարկելու հնարավորություն, կարող է հայտնվել իրավական փակուղում՝ ձևականորեն ունենալով դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներ, սակայն չկարողանալով դրանք գործնականում իրացնել։ Մինչդեռ իրավական պետության պայմաններում պետք է երաշխավորվեն ոչ թե տեսական, երևակայական իրավունքներ, այլ գործնականում հնարավոր և արդյունավետ իրավունքներ: Այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը կարևորում է վերոնշյալ դատական ակտերի անմիջական բողոքարկման հնարավորության օրենսդրական ամրագրումը: 

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ գործը տվյալ առաջին ատյանի դատարանին ընդդատյա չլինելու հիմքով հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը ևս պետք է ենթակա լինի անմիջական բողոքարկման, քանի որ այն առնվազն խոչընդոտում է դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքն այնպես, ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մյուս հիմքերով հայցադիմումը վերադարձնելը։ Հետևաբար հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման բողոքարկման հարցում անհրաժեշտ է առաջնորդվել միևնույն մոտեցմամբ, այն է՝ այդ որոշումը պետք է ենթակա լինի անմիջական բողոքարկման՝ անկախ այն հանգամանքից, որ վերադարձվել է 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

Այսինքն՝ առաջին ատյանի դատարանի կողմից դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների հիմնական բաղադրիչների պահպանումը կարող է գործնականում ապահովվել միայն գործը տվյալ առաջին ատյանի դատարանին ընդդատյա չլինելու հիմքով հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն անմիջականորեն բողոքարկելու հնարավորություն սահմանելու դեպքում։

Այսպիսով, առաջին ատյանի դատարանի կողմից քննարկվող հիմքով հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն անմիջականորեն բողոքարկելու անհնարինությունն այնպես և այն աստիճան է սահմանափակում ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ, ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները, ինչի արդյունքում խախտվում են այդ իրավունքների բուն էությունը, քանի որ անձն արդյունքում կարող է զրկվել իրավասու դատարանի կողմից իր գործի քննության իրավունքից։ Այսինքն՝ բողոքարկման իրավունքի նման սահմանափակումը չի բխում անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության միջոցների արդյունավետության երաշխիքների սահմանման պահանջից։ Վերը նշված դատավարական կարգավորումը, բացառելով գործը տվյալ առաջին ատյանի դատարանին ընդդատյա չլինելու հիմքով հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման անմիջական բողոքարկման հնարավորությունը, չի ապահովում դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր։

Վճռաբեկ դատարանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի վերոնշյալ կարգավորումը փոփոխվել է 12.12.2019 թվականի «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-298-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել 05.01.2020թ.

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձը հայցադիմումը ներկայացրել է նույն օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել նույն օրենսգրքով սահմանված կարգով, բացառությամբ նույն հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված դեպքի:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը գործող իրավակարգավորմամբ սահմանել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման անմիջական բողոքարկելու միայն մեկ բացառություն, այն է՝ երբ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձը հայցադիմումը ներկայացրել է նույն օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ: Այսինքն՝ վերը նշված օրենսդրական փոփոխությամբ ըստ էության անձին վերապահվել է գործն առաջին ատյանի դատարանին ընդդատյա չլինելու հիմքով հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման անմիջական բողոքարկման հնարավորություն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ կարևորել է, որ Հայաստանի Հանրապետության՝ որպես իրավական պետության կարևորագույն հատկանիշ է այն, որ սահմանադրական մակարդակով պետությունը հավաստում է իր հավատարմությունն այդ տեսությանը, ճանաչում և ամրագրում է իր կախվածությունն իրավունքից, իրավունքի գերակայությունը՝ պետական իշխանության նկատմամբ: Իրավական պետության և իրավունքի գերակայության սկզբունքը, ի թիվս այլոց, դրսևորվում է նրանում, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների՝ որպես անմիջականորեն գործող իրավունք լինելու գաղափարը: Այն իր արտացոլումն է գտել նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 5-րդ (Իրավական նորմերի աստիճանակարգությունը) և 6-րդ (Օրինականության սկզբունքը) հոդվածներում՝ մասնավորապես ամրագրելով, որ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Էդիկ Հակոբյանի թիվ ԼԴ/0509/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.07.2018 թվականի որոշումը):

      Սույն գործով հայցվոր Լարիսա Մկրտչյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Լարա-Դինարա Մկրտիչյանի, «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Օսան Հակոբյանի` 06.03.2018 թվականի լիազորագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու, ինչպես նաև ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին:

      Դատարանը, 09.10.2018 թվականի որոշմամբ վերադարձնելով հայցադիմումը, արձանագրել է, որ «հայցադիմումում նշված չէ հայցվորի ներկայացուցչի անձնագրային տվյալները, ինչպես նաև պատասխանողի ազգանունը նշված է «Մկրտչյան», մինչդեռ հայցադիմումին կից ներկայացված լիազորագրում նշված է «Մկրտիչյան», հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ Լարա-Դինարա Մկրտիչյանը հաշվառված է 5510 Սեփուլվեդա բուլվարդ, բնակարան 238, Շերման Օքս, Կալիֆորնիա 91411 հասցեում, մինչդեռ հայցադիմումում նշվել է Երևանի Նոր Նորք 7-րդ մ/շ թիվ 26 շենքի 21-րդ բնակարան հասցեն»: Բացի այդ, Դատարանն արձանագրել է, որ հայցվորը ներկայացրել է թվով երկու պահանջ, սակայն պետական տուրքը վճարվել է միայն մեկ պահանջի համար, միաժամանակ հայցվորին տրամադրվել է ժամկետ՝ որոշմամբ արձանագրված թերությունները վերացնելու և հայցադիմումը կրկին ներկայացնելու համար:

     Դատարանի 09.11.2018 թվականի որոշմամբ հայցադիմումը կրկին վերադարձվել է ընդդատության կանոնները պահպանված չլինելու հիմքով: Դատարանը, մասնավորապես, պատճառաբանել է, որ «հայցվորի կողմից նշված պատասխանողի հասցեն չի գտնվում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ընդդատության տարածքում, Լարա-Դինարա Մկրտիչյանը հաշվառված է 5510 Սեփուլվեդա բուլվարդ, բնակարան 238, Շերման Օքս, Կալիֆորնիա 91411 հասցեում, իսկ ինչ վերաբերում է Երևանի Նոր Նորք 7-րդ մ/շ թիվ 26 շենքի 21-րդ բնակարան հասցեին, ապա հայցադիմումին կից ներկայացրած փաստաթղթերից ակնհայտ է, որ Լարա-Դինարա Մկրտիչյանը նշված հասցեում չի բնակվում, այլ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում»:

     Միաժամանակ, Դատարանը նշել է, որ «ինչ վերաբերում է երկրորդ պատասխանողի հասցեին, որը գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ընդդատության տարածքում, ապա նոտարը սույն գործով հիմնական պահանջով պատասխանող չէ, այլապես սույն հայցը ենթակա կլիներ քննության ՀՀ վարչական դատարանում (…), որպիսի պայմաններում հայցադիմումը ենթակա է վերադարձման հայցվորին՝ ընդդատության կանոնների չպահպանման հիմքով»:

Վերաքննիչ դատարանի 10.12.2018 թվականի որոշմամբ Լարիսա Մկրտչյանի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ. «Դատարանի 09.11.2018 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով, որի պայմաններում Դատարանի 09.11.2018 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը» բողոքարկման ենթակա չէ վերաքննության կարգով, ինչն էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի   5-րդ կետով սահմանված կարգով հիմք է վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու համար»:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կարգավորումը չի ապահովում կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցությունը և անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակում է այն աստիճան, որ խաթարում է դատական պաշտպանության իրավունքի բուն էությունը:

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու լիազորությունը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել Վերաքննիչ դատարան նոր քննության՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Լարիսա Մկրտչյանի վերաքննիչ բողոքի ընդունելության հարցը քննարկելու և լուծելու համար:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 10.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

                                        

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ա. Բարսեղյան 

  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
 

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

 

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան
  Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԴ/20761/02/18 քաղաքացիական գործով 20.10.2020 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ            

        

20.10.2020 թվական

 

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2020 թվականի հոկտեմբերի 20-ին գրավոր ընթացակարգով քննելով Լարիսա Մկրտչյանի ներկայացուցիչ Ազատ Շահբազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Լարիսա Մկրտչյանի ընդդեմ     Լարա-Դինարա Մկրտիչյանի և «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Օսան Հակոբյանի` լիազորագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Լարիսա Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել 06.03.2010 թվականին Ալիսա Մկրտչյանի կողմից Ռոբերտ Գրիգորյանին տրված և «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Օսան Հակոբյանի կողմից վավերացված լիազորագիրը և որպես անվավերության հետևանք` անվավեր ճանաչել Երևանի Նոր Նորքի 7-րդ միկրոշրջանի 26-րդ շենքի թիվ 21 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի հետ կապված բոլոր հետագա գործարքները, ինչպես նաև իրեն ճանաչել Երևանի Նոր Նորքի 7-րդ միկրոշրջանի  26-րդ շենքի թիվ 21 բնակարանի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Զ. Նախշքարյան) (այսուհետ` Դատարան) 09.10.2018 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է հայցվորի ներկայացուցչի անձնագրային տվյալները նշված չլինելու, պատասխանողի ազգանվան մեջ տառասխալ լինելու, պատասխանողի բնակության կամ հաշվառման վայրը նշված չլինելու և պակաս պետական տուրք վճարված լինելու հիմքերով` միաժամանակ տրամադրելով ժամկետ որոշմամբ արձանագրված թերությունները շտկելու և հայցադիմումը կրկին ներկայացնելու համար:

Դատարանի 09.11.2018 թվականի որոշմամբ հայցադիմումը կրկին վերադարձվել է` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա չլինելու հիմքով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.12.2018 թվականի որոշմամբ Դատարանի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման դեմ Լարիսա Մկրտչյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լարիսա Մկրտչյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»։

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ, 13-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի  1-ին մասը, 22-րդ հոդվածի 1-ին մասը, 24-րդ հոդվածի 1-ին մասը, իրավահարաբերության ծագման ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, նույն հոդվածի 5-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում հայցվորը ներկայացրել է պահանջ մի քանի պատասխանողների դեմ, հետևաբար հայցվորը չի խախտել ընդդատության կանոնները և իր հայեցողությամբ ընտրել է պատասխանողներից մեկի` նոտարի գտնվելու վայրի դատարանը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանի պնդումները հիմնական և ածանցյալ պահանջների վերաբերյալ անհիմն են, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով չի նախատեսված պատասխանողների տարանջատում` ըստ ներկայացված պահանջների առաջնահերթության: Հիմնական և ածանցյալ հասկացությունները վերաբերում են պահանջներին և կոչված են որոշելու հայցի ենթակայության և առարկայական ընդդատության հարցերը:

Բացի այդ, հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում կայացնելիս, Դատարանը պարտավոր էր սպառիչ կերպով արձանագրել հայցադիմումի մեջ առկա բոլոր թերությունները, մինչդեռ Դատարանը, առաջին անգամ վերադարձնելով հայցադիմումը, ընդդատությունը պահպանված չլինելու վերաբերյալ որևէ դատողություն չէր արել: Եվ միայն երկրորդ անգամ հայցադիմումը վերադարձնելու որոշման մեջ, երբ շտկվել են բոլոր թերությունները, հայցադիմումը վերադարձրել է տարածքային ընդդատության կանոնը պահպանված չլինելու և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա չլինելու հիմքով:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերաքննիչ բողոք բերած անձի սահմանադրորեն երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, զրկել է վերջինիս դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել Վերաքննիչ դատարանի 10.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է` հայցադիմումն ընդունել վարույթ»»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

     «Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման արդյունքում առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

     ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված՝ անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանն ևս իր մի շարք որոշումներում անդրադարձել է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացումն ապահովելու խնդիրներին և այդ կապակցությամբ հայտնել է մի շարք սկզբունքային իրավական դիրքորոշումներ:

Անդրադառնալով սահմանադրորեն երաշխավորված անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. անձի` դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանելու դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:

Մեկ այլ, այն է՝ 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2013 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման՝ դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է։ Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, [2005 թվականի փոփոխություններով] ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը։ Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին, չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից։

Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

 - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի   1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

Եվրոպական դատարանի կողմից հստակ ձևավորված նախադեպային իրավունքը Պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե դրանք ստեղծվել են, պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից, այդ թվում նաև՝ քաղաքացիական իրավունքների և պարտականությունների կապակցությամբ դատարան դիմելու իրավունքից (տե՛ս Kudła v. Poland գործով (թիվ 30210/96 գանգատ) Եվրոպական դատարանի 20.10.2000 թվականի վճիռը, կետ 122):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-րդ հոդվածի համաձայն` նույն օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (այսուհետ` առաջին ատյանի դատարան), Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանում (այսուհետ` վերաքննիչ դատարան) և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում (այսուհետ` Վճռաբեկ դատարան) քաղաքացիական գործերով դատավարության իրականացման կարգը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի համաձայն՝ հայցը հարուցվում է նույն օրենսգրքով սահմանված կարգով հայցադիմում ներկայացնելու միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն՝ hայցադիմումը ներկայացվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում`

1) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին

2) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին

3) հայցադիմումը վերադարձնելու մասին:

Իրավահարաբերության ծագման պահին՝ մինչև 05.01.2020թ. գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե՝ գործն ընդդատյա չէ տվյալ առաջին ատյանի դատարանին: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել նույն օրենսգրքով սահմանված կարգով, բացառությամբ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 12-րդ կետերով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը բողոքարկելու հնարավորությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը, կանոնակարգելով միջանկյալ դատական ակտերի բողոքարկումը՝ ելնելով անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության միջոցների արդյունավետության երաշխիքների սահմանման անհրաժեշտությունից, գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսել է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման անմիջական և հետաձգված կարգեր: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես կանոն անմիջական բողոքարկման են ենթակա այն միջանկյալ դատական ակտերը, որոնց չբողոքարկման արդյունքում օբյեկտիվ արգելքներ են առաջանում դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման համար: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջանկյալ դատական ակտերի համար սահմանել է անմիջական բողոքարկման կարգ, իսկ նշված դրույթով չնախատեսված մնացած բոլոր միջանկյալ դատական ակտերի համար գործում է «հետաձգված բողոքարկման» կարգը, այն է` բողոքարկում գործը եզրափակիչ դատական ակտի բողոքարկման շրջանակներում։

Վճռաբեկ դատարանը, վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով իրավահարաբերության ծագման ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման բողոքարկման կարգին, արձանագրում է, որ վերը նշված հոդվածի համաձայն՝ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը, որպես կանոն, ենթակա է անմիջական բողոքարկման։ Այս կանոնից բացառություն էին կազմում հետևյալ երկու դեպքերը.

1. եթե գործը տվյալ դատարանին ընդդատյա չէ, այսինքն՝ հայցադիմումը ներկայացվել է ընդդատության կանոնների խախտմամբ.

2. եթե վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձի կողմից հայցադիմումը ներկայացվել է նույն օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ:

Այսինքն` իրավահարաբերության ծագման պահին գործող քաղաքացիական դատավարության օրենսդրությունը վերոնշյալ երկու հիմքերով առաջին ատյանի դատարանի կողմից հայցադիմումը վերադարձնելու դեպքերի համար չի նախատեսել հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման անմիջական բողոքարկման իրավական հնարավորություն։ Վերոնշյալ հիմքերով հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումները վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէին: Հետևաբար դրանց դեմ բերված վերաքննիչ բողոքի ընդունումը վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից ենթակա է մերժման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված հիմքով:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ միջանկյալ դատական ակտերի (այդ թվում՝ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման) բողոքարկման կարգի (անմիջական կամ հետաձգված) ընտրության հարցում օրենսդիրն օժտված է գնահատման որոշակի ազատությամբ: Սակայն օրենսդրի այդ ազատությունը բացարձակ չէ. այն սահմանափակված է դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների գործնականում արդյունավետ իրացման բավարար երաշխիքներ և կառուցակարգեր սահմանելու անհրաժեշտությամբ։ Դրանով պայմանավորված՝ միջանկյալ այն դատական ակտերը, որոնք կարող են կասեցնել կամ խոչընդոտել դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքը, պետք է ենթակա լինեն անմիջական բողոքարկման։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից իրավահարաբերության ծագման ժամանակ գործող վերը նշված կարգավորումը չի ապահովում ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող միջոցի և հետապնդվող իրավական նպատակի միջև համաչափության առումով հետևյալ պատճառաբանությամբ՝

Գործը տվյալ առաջին ատյանի դատարանին ընդդատյա չլինելու հիմքով հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման բողոքարկման հետաձգված կարգի կիրառումն առանձին դեպքերում կարող է անհնարին լինել: Այսինքն՝ հնարավոր են դեպքեր, երբ անձի կողմից ներկայացված հայցի հիման վրա չկայացվի այն եզրափակիչ դատական ակտը, որի հետ մեկտեղ անձն իրավունք կունենա բողոքարկելու հայցադիմումը քննարկվող հիմքով վերադարձնելու մասին դատարանի որոշումը։ Մասնավորապես, նման իրավիճակ անխուսափելիորեն առաջանում է այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանը հայցադիմումը վերադարձնում է՝ գտնելով, որ գործն ընդդատյա է մեկ այլ դատարանի, իսկ վերջինս իր հերթին համարում է, որ տվյալ գործն իրեն ընդդատյա չէ և նույն հիմքով վերադարձնում է ներկայացված հայցադիմումը։ Քննարկվող իրավիճակում անձը ոչ միայն հնարավորություն չի ունենում բողոքարկելու հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումները, այլև արդյունքում ընդհանրապես զրկվում է դատարանում իր գործի քննության իրավունքից, քանի որ դատարանները համարում են, որ գործն իրենց ընդդատությանը չի պատկանում։

Փաստորեն, անձը, չունենալով հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումները բողոքարկելու հնարավորություն, կարող է հայտնվել իրավական փակուղում՝ ձևականորեն ունենալով դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներ, սակայն չկարողանալով դրանք գործնականում իրացնել։ Մինչդեռ իրավական պետության պայմաններում պետք է երաշխավորվեն ոչ թե տեսական, երևակայական իրավունքներ, այլ գործնականում հնարավոր և արդյունավետ իրավունքներ: Այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը կարևորում է վերոնշյալ դատական ակտերի անմիջական բողոքարկման հնարավորության օրենսդրական ամրագրումը: 

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ գործը տվյալ առաջին ատյանի դատարանին ընդդատյա չլինելու հիմքով հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը ևս պետք է ենթակա լինի անմիջական բողոքարկման, քանի որ այն առնվազն խոչընդոտում է դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքն այնպես, ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մյուս հիմքերով հայցադիմումը վերադարձնելը։ Հետևաբար հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման բողոքարկման հարցում անհրաժեշտ է առաջնորդվել միևնույն մոտեցմամբ, այն է՝ այդ որոշումը պետք է ենթակա լինի անմիջական բողոքարկման՝ անկախ այն հանգամանքից, որ վերադարձվել է 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

Այսինքն՝ առաջին ատյանի դատարանի կողմից դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների հիմնական բաղադրիչների պահպանումը կարող է գործնականում ապահովվել միայն գործը տվյալ առաջին ատյանի դատարանին ընդդատյա չլինելու հիմքով հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն անմիջականորեն բողոքարկելու հնարավորություն սահմանելու դեպքում։

Այսպիսով, առաջին ատյանի դատարանի կողմից քննարկվող հիմքով հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն անմիջականորեն բողոքարկելու անհնարինությունն այնպես և այն աստիճան է սահմանափակում ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ, ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները, ինչի արդյունքում խախտվում են այդ իրավունքների բուն էությունը, քանի որ անձն արդյունքում կարող է զրկվել իրավասու դատարանի կողմից իր գործի քննության իրավունքից։ Այսինքն՝ բողոքարկման իրավունքի նման սահմանափակումը չի բխում անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության միջոցների արդյունավետության երաշխիքների սահմանման պահանջից։ Վերը նշված դատավարական կարգավորումը, բացառելով գործը տվյալ առաջին ատյանի դատարանին ընդդատյա չլինելու հիմքով հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման անմիջական բողոքարկման հնարավորությունը, չի ապահովում դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր։

Վճռաբեկ դատարանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի վերոնշյալ կարգավորումը փոփոխվել է 12.12.2019 թվականի «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-298-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել 05.01.2020թ.

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձը հայցադիմումը ներկայացրել է նույն օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել նույն օրենսգրքով սահմանված կարգով, բացառությամբ նույն հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված դեպքի:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը գործող իրավակարգավորմամբ սահմանել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման անմիջական բողոքարկելու միայն մեկ բացառություն, այն է՝ երբ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձը հայցադիմումը ներկայացրել է նույն օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ: Այսինքն՝ վերը նշված օրենսդրական փոփոխությամբ ըստ էության անձին վերապահվել է գործն առաջին ատյանի դատարանին ընդդատյա չլինելու հիմքով հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման անմիջական բողոքարկման հնարավորություն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ կարևորել է, որ Հայաստանի Հանրապետության՝ որպես իրավական պետության կարևորագույն հատկանիշ է այն, որ սահմանադրական մակարդակով պետությունը հավաստում է իր հավատարմությունն այդ տեսությանը, ճանաչում և ամրագրում է իր կախվածությունն իրավունքից, իրավունքի գերակայությունը՝ պետական իշխանության նկատմամբ: Իրավական պետության և իրավունքի գերակայության սկզբունքը, ի թիվս այլոց, դրսևորվում է նրանում, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների՝ որպես անմիջականորեն գործող իրավունք լինելու գաղափարը: Այն իր արտացոլումն է գտել նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 5-րդ (Իրավական նորմերի աստիճանակարգությունը) և 6-րդ (Օրինականության սկզբունքը) հոդվածներում՝ մասնավորապես ամրագրելով, որ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Էդիկ Հակոբյանի թիվ ԼԴ/0509/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.07.2018 թվականի որոշումը):

      Սույն գործով հայցվոր Լարիսա Մկրտչյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Լարա-Դինարա Մկրտիչյանի, «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար Օսան Հակոբյանի` 06.03.2018 թվականի լիազորագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու, ինչպես նաև ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին:

      Դատարանը, 09.10.2018 թվականի որոշմամբ վերադարձնելով հայցադիմումը, արձանագրել է, որ «հայցադիմումում նշված չէ հայցվորի ներկայացուցչի անձնագրային տվյալները, ինչպես նաև պատասխանողի ազգանունը նշված է «Մկրտչյան», մինչդեռ հայցադիմումին կից ներկայացված լիազորագրում նշված է «Մկրտիչյան», հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ Լարա-Դինարա Մկրտիչյանը հաշվառված է 5510 Սեփուլվեդա բուլվարդ, բնակարան 238, Շերման Օքս, Կալիֆորնիա 91411 հասցեում, մինչդեռ հայցադիմումում նշվել է Երևանի Նոր Նորք 7-րդ մ/շ թիվ 26 շենքի 21-րդ բնակարան հասցեն»: Բացի այդ, Դատարանն արձանագրել է, որ հայցվորը ներկայացրել է թվով երկու պահանջ, սակայն պետական տուրքը վճարվել է միայն մեկ պահանջի համար, միաժամանակ հայցվորին տրամադրվել է ժամկետ՝ որոշմամբ արձանագրված թերությունները վերացնելու և հայցադիմումը կրկին ներկայացնելու համար:

     Դատարանի 09.11.2018 թվականի որոշմամբ հայցադիմումը կրկին վերադարձվել է ընդդատության կանոնները պահպանված չլինելու հիմքով: Դատարանը, մասնավորապես, պատճառաբանել է, որ «հայցվորի կողմից նշված պատասխանողի հասցեն չի գտնվում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ընդդատության տարածքում,          Լարա-Դինարա Մկրտիչյանը հաշվառված է 5510 Սեփուլվեդա բուլվարդ, բնակարան 238, Շերման Օքս, Կալիֆորնիա 91411 հասցեում, իսկ ինչ վերաբերում է Երևանի Նոր Նորք 7-րդ մ/շ թիվ 26 շենքի 21-րդ բնակարան հասցեին, ապա հայցադիմումին կից ներկայացրած փաստաթղթերից ակնհայտ է, որ Լարա-Դինարա Մկրտիչյանը նշված հասցեում չի բնակվում, այլ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում»:

     Միաժամանակ, Դատարանը նշել է, որ «ինչ վերաբերում է երկրորդ պատասխանողի հասցեին, որը գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ընդդատության տարածքում, ապա նոտարը սույն գործով հիմնական պահանջով պատասխանող չէ, այլապես սույն հայցը ենթակա կլիներ քննության ՀՀ վարչական դատարանում (…), որպիսի պայմաններում հայցադիմումը ենթակա է վերադարձման հայցվորին՝ ընդդատության կանոնների չպահպանման հիմքով»:

Վերաքննիչ դատարանի 10.12.2018 թվականի որոշմամբ Լարիսա Մկրտչյանի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ. «Դատարանի 09.11.2018 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով, որի պայմաններում Դատարանի 09.11.2018 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը» բողոքարկման ենթակա չէ վերաքննության կարգով, ինչն էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի   5-րդ կետով սահմանված կարգով հիմք է վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու համար»:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կարգավորումը չի ապահովում կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցությունը և անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակում է այն աստիճան, որ խաթարում է դատական պաշտպանության իրավունքի բուն էությունը:

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի   2-րդ մասով սահմանված՝ Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու լիազորությունը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել Վերաքննիչ դատարան նոր քննության՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Լարիսա Մկրտչյանի վերաքննիչ բողոքի ընդունելության հարցը քննարկելու և լուծելու համար:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 10.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար»։

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

 

Այսպես`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ (…)

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է Վերաքննիչ դատարանի կողմից մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությամբ, որը դրսևորվել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, Կոնվենցիայի 6-րդ հոդվածը խախտելու արդյունքում արդարադատության բուն էությունը խաթարելու եղանակով։

Այսինքն՝ Վճռաբեկ դատարանը ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի  2-րդ կետի և նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիմքով՝ գտնելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտ կայացնելիս առերևույթ թույլ է տրվել մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը տվյալ դեպքում դրսևորվել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, Կոնվենցիայի 6-րդ հոդվածը խախտելու արդյունքում արդարադատության բուն էությունը խաթարելու եղանակով:

Բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը, բավարար համարելով վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, Վերաքննիչ դատարանի 10.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով, և գործն ուղարկել է նույն դատարան նոր քննության:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։

Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի կարգավորումը, և այն, թե տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն ինչով է պայմանավորել սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը, կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանն իրավունք ուներ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածով իրեն վերապահված՝ վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու լիազորությունն իրացնել բացառապես այն դեպքում, երբ իր որոշման մեջ նշեր այն շարժառիթները, որոնցով չի համաձայնվել դատական ակտը կայացրած Վերաքննիչ դատարանի հետևությունների հետ՝ պատճառաբանելով վերջինիս ՀՀ Սահմանադրության  61-րդ և 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի այնպիսի խախտում թույլ տալը վերագրելը, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը։

Մինչդեռ տվյալ դեպքում, ինչը բխում է Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական մասի բովանդակությունից, դրա մեջ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու առումով որևէ շարժառիթ՝ կապված Վերաքննիչ դատարանի հետևությունների հետ չհամաձայնվելու և նրան ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի այնպիսի խախտում թույլ տալու, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը, վերագրված չէ։ Դրա փոխարեն Վճռաբեկ դատարանը բավարարվել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետը, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված համապատասխան որոշումները, ՀՀ սահմանադրական դատարանի համապատասխան որոշումները, Եվրոպական դատարանի համապատասխան վճիռները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին, 120-րդ և 124-րդ հոդվածները, մինչև 05.01.2020 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, նույն հոդվածի 5-րդ մասը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը վկայակոչելու արդյունքում որոշակի իրավական դիրքորոշումներ հայտնելով և դրա հետևանքով այն եզրահանգումն անելով, որ «իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կարգավորումը չի ապահովում կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցությունը և անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակում է այն աստիճան, որ խաթարում է դատական պաշտպանության իրավունքի բուն էությունը»:

Այսինքն՝ Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ Վերաքննիչ դատարանին ոչ թե վերագրել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում թույլ տալը, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը, ինչով պայմանավորել էր սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը, այլ, ըստ էության, հայտնել է իր անհամաձայնությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի նախկին կարգավորման վերաբերյալ։ Նախ կարծում եմ, որ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները, վերջինս պետք է իր անհամաձայնությունը հայտներ ոչ թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի   127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, այլ՝ նույն հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ, քանի որ հենց այդ մասով նախատեսված կարգավորումն էր արգելում հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման բողոքարկումը գործը տվյալ առաջին ատյանի դատարանին ընդդատյա չլինելու հիմքով վերադարձնելու մասին որոշման բողոքարկումը։ Բացի այդ, կարծում եմ նաև, որ Վերաքննիչ դատարանին չէր էլ կարող վերագրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում, քանի որ վերջինս տվյալ դեպքում ղեկավարվել է Դատարանի կողմից 09.11.2018 թվականին որոշում կայացնելիս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 5-րդ մասով։

Նման պայմաններում կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող Վերաքննիչ դատարանի 10.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով, և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության:

 

Դատավոր`

Գ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2020 թվական: