04.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2020 թվականի N 1977-Լ
2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՍԿՍՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՉԱՓԱՀԱՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՑԱՄՍՅԱ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման վեցամսյա սոցիալական աջակցության միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 10-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված սոցիալական աջակցության տրամադրման կարգ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
04.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1977-Լ որոշման |
2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՍԿՍՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՉԱՓԱՀԱՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՑԱՄՍՅԱ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գտնվող քաղաքացիներին ժամանակավորապես հյուրընկալած ֆիզիկական անձանց (այսուհետ՝ հյուրընկալ), որոնք հյուրընկալել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ որոշման շահառու հանդիսացող չափահաս քաղաքացիներին (այսուհետ՝ հյուրընկալվող)։
2. Սույն միջոցառման շրջանակում հյուրընկալ է համարվում այն ֆիզիկական անձը, ում Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունքով պատկանում է բնակելի անշարժ գույք և ով հյուրընկալվողին տրամադրում է կացարան 2020 թվականի դեկտեմբեր, 2021 թվականի հունվար-մայիս ամիսների համար:
3. Սույն միջոցառման իմաստով հյուրընկալվող չի համարվում Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունքով բնակելի անշարժ գույք ունեցող քաղաքացին։
4. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է անհատույց՝ յուրաքանչյուր ամիս դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր հյուրընկալված քաղաքացու համար 30 000 դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանի Հանրապետությունում է, և 45 000 դրամ, եթե հյուրընկալի կացարանը Արցախի Հանրապետությունում է, որը, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ենթակա չէ հարկման։
5. Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝
1) 2020 թվականի դեկտեմբեր ամսվա համար՝ դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը ներառյալ.
2) 2021 թվականի հունվար-մայիս ամիսների համար՝ յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։
(5-րդ կետը փոփ. 14.01.21 N 36-Լ)
6. Դիմումին կցվում է նաև հյուրընկալվողի անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը:
7. Մեկ հյուրընկալվողի գծով սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամսական միայն մեկ անգամ: Ընդ որում, սոցիալական աջակցության տրամադրումը դադարեցվում է, եթե հյուրընկալվողը ներկայացնում է աջակցության տրամադրման դադարեցման դիմում՝ փաստացի հյուրընկալված չլինելու հիմքով կամ Արցախի Հանրապետության կառավարության կողմից հյուրընկալվողի՝ Արցախի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատելու տեղեկության դեպքում։
(7-րդ կետը փոփ. 14.01.21 N 36-Լ)
8. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է դրամական օգնության գումարը բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:
(հավելվածը փոփ. 14.01.21 N 36-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |