Գլխավոր տեղեկություն
Номер
N 730-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.05.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.05.20/53(1608) Հոդ.624
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.05.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.05.2020
Дата вступления в силу
20.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2020 թվականի N 730-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածը, 146-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնութերորդ միջոցառումը հաստատելու մասին» 2020 թվականի մայիսի 12-ի N 726-Լ որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 12-ի N 726-Լ որոշմամբ հաստատված Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնութերորդ միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ միջոցառման ֆինանսավորման և իրականացման պատասխանատու մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 14

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 14-ի N 730-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնութերորդ միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) նպատակն է միանվագ դրամաշնորհի տրամադրման միջոցով օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը:

2. Սույն կարգի իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գրանցում ստացած իրավաբանական անձը կամ հաշվառված անհատ ձեռնարկատերը՝ բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունների, ներդրումային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական բրոքերների, վարկային և ապահովագրական բյուրոների, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, հասարակական միավորումների, ոչ առևտրային կոոպերատիվների, կուսակցությունների։

3. Օժանդակությունը տրամադրվում է այն տնտեսավարողներին, որոնք 2020 թվականի փետրվար, մարտ և ապրիլ ամիսների համար օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե (այսուհետ՝ ՀՀ ՊԵԿ) ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներով ունեցել են ամսական 2-ից 100 աշխատակից (ներառյալ 2 և 100)։

Աշխատողների թիվը որոշվում է օրենքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված համապատասխան ամիսների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված աշխատակիցների (այն աշխատակիցների, որոնց գծով [1.6], [1.7], [1.8], [1.9] սյունակների հանրագումարը մեծ է զրոյից) քանակի հիման վրա (այդ թվում` հաշվի առնելով նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողների թիվը):

4. Տնտեսավարողների կողմից օրենքով սահմանված կարգով 2020 թվականի ապրիլ ամսվա համար եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարողը ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իր անձնական էջին ստանում է ծանուցում (իսկ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հարկային հաշվարկ ներկայացրած տնտեսվարողները` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում)՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ, եթե.

1) տնտեսավարողի կողմից 2020 թվականի ապրիլ ամսվա համար օրենքով սահմանված կարգով ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկում հայտարարագրված աշխատակիցների թիվը գերազանցում է (կամ հավասար է) փետրվար և մարտ ամիսների համար օրենքով սահմանված կարգով ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում հայտարարագրված աշխատակիցների թիվը, և

2) տնտեսավարողի կողմից 2020 թվականի ապրիլ ամսվա համար օրենքով սահմանված կարգով ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկում հայտարարագրված աշխատակիցների գծով նշված եկամուտների (այսուհետ` հաշվարկված եկամուտների) մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) փետրվար և մարտ ամիսների համար օրենքով սահմանված կարգով ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում հաշվարկված եկամուտների մեծության 95 տոկոսը:

Սույն կարգի իմաստով հաշվարկված եկամուտների մեծությունը հաշվարկվում է եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկում արտացոլված աշխատակիցների գծով [1.6], [1.7], [1.8], [1.9] սյունակներում նշված եկամուտների հանրագումարով:

Սույն կարգի իմաստով 2020 թվականի փետրվար ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ է համարվում 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հարկային մարմին ներկայացված համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշվարկը, 2020 թվականի մարտ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ է համարվում մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշվարկը, իսկ 2020 թվականի ապրիլ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ է համարվում մինչև 2020 թվականի մայիսի 31-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշվարկը:

5. ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իր անձնական էջին միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ ծանուցում ստանալուց հետո, տնտեսավարողը ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում տեղադրված ձևանմուշով էլեկտրոնային եղանակով ներկայացնում է դիմում՝ միանվագ դրամաշնորհ ստանալու համար։

Սույն կետով սահմանված դիմումները (այդ թվում` ճշտված) կարող են ներկայացվել մինչև 2020 թվականի հունիսի 10-ը ներառյալ:

6. ՀՀ ՊԵԿ կողմից դիմումներն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ստուգվում են միջոցառման շահառուների ցանկում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանելու հիմքերը, կատարվում է միանվագ դրամաշնորհի մեծության հաշվարկ, կազմվում է վճարման հանձնարարական և ներկայացվում է գանձապետարան։ Վճարման հանձնարարագրի ներկայացումը հավաստում է դրամաշնորհի տրամադրման քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման փաստը:

7. Միանվագ դրամաշնորհի գումարը շահառուին փոխանցելու նպատակով կոմիտեի կողմից գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները`

1) շահառուի անվանումը կամ անունը, ազգանունը.

2) շահառուի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

3) շահառուի բանկային հաշվի համարը.

4) միանվագ դրամաշնորհի գումարի չափը:

8. Վճարման հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում միանվագ դրամաշնորհը փոխանցվում է շահառուի բանկային հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան