ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
16 հունիսի 2011 թ. |
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի հունիսի 8-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր» փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2011 թվականի հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով փոխառության համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր» փոխառության համաձայնագիրն (Փոխառության համաձայնագիր) ստորագրվել է 2011 թվականի հունիսի 8-ին:
2. Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է քսան միլիոն (20.000.000) ԱՄՆ դոլարի չափով փոխառություն` Փոխառության համաձայնագրի պայմաններին և դրույթներին համապատասխան գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր (Ծրագիր) իրականացնելու համար:
Ծրագրի նպատակն է` Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերում նվազեցնել աղքատությունը, ի թիվս այլ միջոցների, փոքր ծավալի արտադրություն ունեցողների ունեցվածքն ու եկամուտներն ավելացնելու միջոցով և նրանց համար մատչելի դարձնելով`
ա) արտադրական և բարձրարտադրողական տեխնոլոգիաները և
բ) սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների օգուտները:
Ծրագիրը բաղկացած է չորս բաղադրիչներից.
ա) այգեգործական արտադրության հավելյալ արժեքի շղթայի ստեղծում, մասնավորապես, փոքր ծավալի արտադրություն ունեցողների ունեցվածքի ու եկամուտների ավելացում, ի թիվս այլ միջոցների, նրանց` պտղի և ընդեղենի արտադրության հավելյալ արժեքի շղթային կապելու միջոցով.
բ) գյուղական վայրերի ֆինանսավորում, մասնավորապես, գյուղական վայրերի փոքր և միջին ծավալի արտադրություն ունեցողների համար ֆինանսական ծառայությունների մատչելիության բարելավում.
գ) գյուղական ենթակառուցվածքներ, մասնավորապես, կենսամակարդակի բարձրացման նպատակով ենթակառուցվածքային ներդրումների պահանջի լրացում և շահառուների որոշակի խմբերի կողմից իրենց տնտեսական ներուժն ամբողջությամբ օգտագործելուն աջակցում.
դ) Ծրագրի կառավարում:
Ծրագրի ավարտման ժամկետն է 2015 թվականի դեկտեմբերի 31-ը:
3. Փոխառության համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
ա) վճարել տարեկան տոկոսավճար` փոխառության մայր գումարից դուրս գրված և օգտագործված գումարի երեք և երեք տասնորդական տոկոսադրույքի (3.3 տոկոս) չափով.
բ) վճարել տարեկան ծառայավճար` փոխառության մայր գումարից դուրս գրված և օգտագործված գումարի մեկ տոկոսի (1.0 տոկոս) չափով.
գ) համաֆինանսավորել Փոխառության համաձայնագրի հավելված 2-ով նախատեսված Ծրագրի գյուղական ենթակառուցվածքներ և Ծրագրի կառավարում բաղադրիչների գծով ծախսերի համապատասխանաբար 40.55 տոկոսը և 82 տոկոսը.
դ) արտոնյալ ժամկետի ավարտից անմիջապես հետո վերադարձնել մայր գումարը դոլարով կամ Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի ղեկավարության համար ընդունելի ազատ փոխարկելի որևէ այլ արժույթով, որը պետք է լինի համարժեք վճարման պահին և վայրում շուկայական փոխանակման կուրսով հաշվարկված` դոլարով արտահայտված գումարի չափին: Վճարումները պետք է կատարվեն երեսուն (30) կիսամյակային վճարումներով` Փոխառության համաձայնագրի հավելված 3-ում նշված օրերին (2016 թվականի հունիսի 15-ից մինչև 2030 թվականի դեկտեմբերի 15-ը) և չափաբաժիններով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2011 թվականի հունիսի 10-ին հավանություն է տվել սույն գործով քննության առարկա Փոխառության համաձայնագրին:
5. Փոխառության համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8 և 9-րդ հոդվածների դրույթներին, կոչված են ստեղծելու բարենպաստ պայմաններ տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության ծավալման համար։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2011 թվականի հունիսի 8-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր» փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
16 հունիսի 2011 թ. |