ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԴ/0078/01/18 |
ԵԴ/0078/01/18 |
Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան |
Դատավորներ՝ |
Մ. Պապոյան |
Ռ. Բարսեղյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Լ. Թադևոսյանի մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի Ս. Ավետիսյանի Ե. Դանիելյանի ա. պողոսՅԱՆԻ
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ`
Մ. Ավագյանի
մասնակցությամբ դատախազ`
Դ. Մելքոնյանի
2019 թվականի հունիսի 12-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում քննության առնելով ամբաստանյալ Արամ Զավենի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի օգոստոսի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2018 թվականի փետրվարի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 60104018 քրեական գործը:
Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Արամ Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով:
2018 թվականի փետրվարի 23-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հունիսի 19-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Նշանակված տուգանքի վճարման համար ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի հիման վրա սահմանվել է ժամկետ` մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը: Ա.Գրիգորյանի նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ մեղադրողի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ բողոքարկված դատական ակտը` թողել անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունվարի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ա.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «2018 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 1:20-ին, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում, առանց տրանսպորտային միջոց վարելու իրավունքի և ոչ սթափ՝ 0.26 մգ/լ ալկոհոլ օգտագործած վիճակում վարել է «Տոյոտա» մակնիշի 22 NN 211 պ/հ ավտոմեքենան, որի համար ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության 1-ին սպայական գումարտակի 3-րդ սպայական դասակի տեսուչ Ռոբերտ Համլետի Գրիգորյանի կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ ԱԴ 422397 արձանագրությունը, որը ՃՈ համակարգչային բազա մուտքագրելիս պարզվել է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 1-ին հրապարակված և 2017 թվականի մարտի 17-ին օրինական ուժի մեջ մտած դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար Արամ Գրիգորյանը դատապարտվել է ազատազրկման՝ երկու տարի ժամկետով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվելով մեկ տարի ժամկետով և պատիժը պայմանականորեն չի կիրառվել ու նշանակվել է փորձաշրջան՝ մեկ տարի ժամկետով: Այսպիսով, Արամ Զավենի Գրիգորյանը մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից և գտնվելով փորձաշրջանի մեջ, 2018 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 1:20-ին, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյանի փողոցում, առանց տրանսպորտային միջոց վարելու իրավունքի և ոչ սթափ՝ 0.26 մգ/լ ալկոհոլ օգտագործած վիճակում վարել է «Տոյոտա» մակնիշի 22 NN 211 պ/հ ավտոմեքենան»1:
6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(…) Ամբաստանյալ Արամ Գրիգորյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում ինչպես կատարած հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, այնպես էլ ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները` այն, որ ամբաստանյալը հարևանների կողմից բնութագրվում է դրականորեն:
Որպես ամբաստանյալ Արամ Գրիգորյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում այն, որ վերջինիս խնամքի տակ են գտնվում նրա մայրը, կինը, քույրը և չորս երեխաները, որոնցից երկուսը` մինչև տասնչորս տարեկան (…):
Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք դատարանը չի հայտնաբերել: Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արամ Գրիգորյանն իր կատարած հանցանքի համար ենթակա է պատժի, որը պետք է կրի: Նման պայմաններում և հաշվի առնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` Եթե դատապարտյալը փորձաշրջանի ընթացքում (...) ինչպես նաև անզգույշ կամ ոչ մեծ ծանրության դիտավորյալ հանցանք կատարելու դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելու վերացման հարցը լուծում է դատարանը, ուստի դատարանը գտնում է, որ թիվ ԵԿԴ/0127/01/15 քրեական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի ապրիլի 1-ի դատավճռով սահմանված պատիժը պայմանականորեն չկիրառելը նպատակահարմար չէ վերացնել»2:
7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ նշել է. «(…) Վերաքննիչ դատարանը հանգում է (…) հետևության, որ Դատարանի կողմից ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայի սահմաններում տուգանքի ձևով պատիժ նշանակելը բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից, կարող է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակները (…):
(…)
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի վերլուծությունից երևում է, որ դատապարտյալի կողմից փորձաշրջանի ընթացքում անզգույշ կամ ոչ մեծ ծանրության դիտավորյալ հանցանք կատարելու դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հարցը գտնվում է դատարանի հայեցողության շրջանակներում:
(…)
Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Ա.Գրիգորյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով կատարած ոչ մեծ ծանրության հանցանքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, սույն գործով հաստատված վերջինիս անձը բնութագրող տվյալները, այդ թվում պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունն իրենց համակցությամբ, նպատակահարմար չի գտնվում վերացնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2016 թվականի դատավճռով ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելը:
Վերաքննիչ դատարանի վերոնշյալ հետևությունը, ի թիվս վերոգրյալ հանգամանքների, կայանում է նրանում, որ ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելը վերացնելու և նույն օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով պատիժ նշանակելու արդյունքում, գործով հաստատված վերջինիս ընտանեկան դրությունը, նրա խնամքին գտնվող անձանց առկայությունը (մայրը, կինը, քույրը և չորս երեխաները, որոնցից երկուսն անչափահաս են) կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա ընտանիքի կյանքի պայմանների վրա: (…)»3:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 30-ի որոշումն օրինական և հիմնավորված չէ:
Բողոքաբերը փաստարկել է, որ Ա.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձևով պատիժ չնշանակելը և նրա նկատմամբ նախկին դատավճռով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը չվերացնելը չեն բխում ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 48-րդ հոդվածների պահանջներից: Մասնավորապես, ըստ բողոքաբերի` դատարանները պետք է համակարգային վերլուծության ենթարկեին դատապարտյալի կողմից ինչպես նախկինում կատարած, այնպես էլ փորձաշրջանի ընթացքում թույլ տված հանրորեն վտանգավոր արարքների բնույթը և վտանգավորությունը, դրանք գնահատեին մեկ ամբողջական իրավական տիրույթում։
Բողոքի հեղինակն ընդգծել է, որ Ա.Գրիգորյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 1-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության համար։ Չնայած ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը սուբյեկտիվ կողմից բնութագրվում է անզգուշությամբ, սակայն այն առավել բարձր հանրային վտանգավորություն ներկայացնող արարք է, քանի որ դրա հետևանքով առաջանում է ծանր հետևանք՝ մարդու մահ։ Ուստի, նման հանցագործության համար դատապարտվելուց հետո, գտնվելով փորձաշրջանի մեջ, Ա.Գրիգորյանը չի ուղղվել, կատարել է նոր դիտավորյալ հանցանք, ընդ որում՝ ոչ սթափ վիճակում, ինչն իր հերթին իրական վտանգ է ներկայացրել հասարակության և երթևեկության մասնակիցների համար։
Հետևաբար, ստորադաս դատարաններն ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի համար պատժի տեսակը որոշելիս և վերջինիս նկատմամբ նախորդ դատավճռով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հարցը քննարկելիս պատշաճ գնահատականի չեն արժանացրել կատարված արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, արարքի և հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ ամբաստանյալի հոգեբանական վերաբերմունքը, հաշվի չեն առել սուբյեկտիվ կողմի դինամիկան, այն է՝ անզգուշությամբ կատարվող հանցագործությունից հետո կրկին համասեռ՝ հասարակական անվտանգության դեմ ուղղված, սակայն արդեն ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելը։
Բողոքի հեղինակը փաստարկել է նաև, որ փորձաշրջանի ժամանակ նոր հանցանք կատարելու դեպքում ամբաստանյալի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հարցը յուրաքանչյուր դեպքում ենթակա է պատճառաբանման:
9. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 30-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբերի կողմից բարձրացված իրավական հարցերն ըստ էության վերաբերում են ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժի համաչափությանը և նախկին դատավճռով սահմանված` Ա.Գրիգորյանի պայմանական դատապարտումը չվերացնելու իրավաչափությանը։
Մասնավորապես, սույն գործի փաստական տվյալներից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանն Ա.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար դատապարտել է տուգանքի, իսկ նախորդ` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 1-ի դատավճռով սահմանված պատիժը պայմանականորեն չկիրառելը չի վերացրել4: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանն Ա.Գրիգորյանի նկատմամբ նշանակված պատժի հարցում եկել է ճիշտ հետևության: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ փորձաշրջանի ընթացքում անզգույշ կամ ոչ մեծ ծանրության դիտավորյալ հանցանք կատարելու դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հարցը գտնվում է դատարանի հայեցողության շրջանակներում5:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի իրավակարգավորմամբ փորձաշրջանի ընթացքում անզգույշ կամ ոչ մեծ ծանրության դիտավորյալ հանցանք կատարելու դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հարցը թողնվում է դատարանի հայեցողությանը, այնուամենայնիվ դա չի ենթադրում, որ դատարանի վերոնշյալ լիազորությունը բացարձակ բնույթ է կրում. պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու կամ չվերացնելու վերաբերյալ դատարանի հետևությունը պետք է լինի պատճառաբանված և բխի տվյալ գործի հանգամանքների բազմակողմանի վերլուծությունից6:
Սույն գործով Ա.Գրիգորյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտված լինելով երկու տարի ժամկետով ազատազրկման, գտնվելով փորձաշրջանի մեջ և զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, ոչ սթափ վիճակում վարել է տրանսպորտային միջոց: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, ամբաստանյալի նկատմամբ տուգանքի ձևով պատիժ նշանակելով և պատիժը պայմանականորեն չկիրառելը չվերացնելով, պատշաճ գնահատականի չեն արժանացրել կատարված հանցագործությունների բնույթը, այն է` ամբաստանյալի կողմից կատարվել են համասեռ հանցավոր արարքներ, որոնք ոտնձգում են միևնույն օբյեկտի` հասարակական անվտանգության դեմ: Այսպես` նախկինում դատապարտված լինելով տուժողի մահն առաջացրած ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար և գտնվելով փորձաշրջանի մեջ` Ա.Գրիգորյանը կատարել է միաբնույթ հանցավոր արարք, ինչն իր հերթին իրական վտանգ է ներկայացրել երթևեկության մասնակիցների համար: Վերոնշյալը վկայում է, որ նշանակված պատիժը բավարար չի եղել պատժի նպատակների իրացման, այն է` հանցավորի ուղղման և նոր հանցագործությունների կանխարգելման տեսանկյունից:
Հետևաբար, հիմնավոր են բողոքաբերի` սույն որոշման 8-րդ կետում բարձրացված փաստարկներն առ այն, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի համար պատժի տեսակը որոշելիս և վերջինիս նկատմամբ նախորդ դատավճռով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հարցը քննարկելիս պատշաճ գնահատականի չեն արժանացրել կատարված արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, արարքի և հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ ամբաստանյալի հոգեբանական վերաբերմունքը:
Սակայն, հաշվի առնելով սույն գործով վարույթը բացառող` «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքը (այսուհետ` նաև Համաներման մասին օրենք) ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ կիրառելի լինելու հանգամանքը` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով դատական վերանայման սահմաններով կաշկանդված չլինելու հիմքերի վերաբերյալ Մ.Էլոյանի և այլոց վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները7, գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է դուրս գալ վճռաբեկ բողոքարկման սահմաններից։
11. ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1.Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`
(…)
13) ընդունվել է համաներման մասին օրենք:
(…)
5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը:
6. Սույն հոդվածի առաջին մասի (…) 13-րդ [կետում նշված հիմքով] գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:
Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` «Քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով՝
(…) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան չորս տարի ժամկետով ազատազրկում»:
Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` «Սույն օրենքի կատարումը վերապահել՝
(...)
3) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին՝ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերով վճռաբեկ բողոքներն ընդունվել են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարույթ (...)»:
12. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն դեպքում, երբ համաներման մասին օրենքն ընդունվում է գործը դատական քննության փուլում գտնվելու ժամանակահատվածում, այդ հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելու պարտականությունը կրում է դատարանը։ Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում։ Մասնավորապես, այն դեպքում, երբ ամբաստանյալը համաձայն է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի համաներման մասին օրենքի ընդունման հիմքով, և առկա են նաև այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու համար անհրաժեշտ օրենքով նախատեսված վավերապայմանները, ապա դատարանը, կաշկանդված չլինելով բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններով, պարտավոր է անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից և գտնվելով փորձաշրջանի մեջ, 2018 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 1:20-ին, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում, առանց տրանսպորտային միջոց վարելու իրավունքի և ոչ սթափ՝ 0.26 մգ/լ ալկոհոլ օգտագործած վիճակում, վարել է «Տոյոտա» մակնիշի 22 NN 211 պ/հ ավտոմեքենան8:
Առաջին ատյանի դատարանի դատավճռով ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Նշանակված տուգանքի վճարման համար ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի հիման վրա սահմանվել է ժամկետ` մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը9։
Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժել է` բողոքարկված ակտը թողնելով անփոփոխ10:
14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Ա.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվում է դիտավորությամբ կատարված հանցագործություն, որի համար որպես պատիժ է նախատեսված տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով, և որը կատարվել է 2018 թվականի հունվարի 27-ին:
Այսինքն` վերը նշված հանգամանքների համակցությունից հետևում է, որ Ա.Գրիգորյանը մեղադրվում է դիտավորությամբ կատարված ոչ մեծ ծանրության հանցագործություն համար, որը տեղի է ունեցել մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը, և որի համար նախատեսված պատիժը չի գերազանցում չորս տարի ժամկետով ազատազրկումը։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա են ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման անհրաժեշտ վավերապայմանները: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ քրեական գործի նյութերում բացակայում է Համաներման մասին օրենքն ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ կիրառելուն խոչընդոտող որևէ հանգամանք։
Հետևաբար Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Համաներման մասին օրենքն ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը բացառող հանգամանք է:
15. Համաներման մասին օրենքի կիրառմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով Ա.Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում նաև այն, որ Ա.Գրիգորյանն իր նկատմամբ կայացված դատական ակտը վերադաս ատյան չի բողոքարկել. այն բողոքարկվել է միայն դատախազի կողմից: Այլ կերպ` ամբաստանյալն իր մեղավորության հարցը վերադաս դատական ատյաններում չի վիճարկել, հետևաբար Վճռաբեկ դատարանը պարտավոր չէ ամբաստանյալից լրացուցիչ ճշտել` արդյոք նա չի առարկում, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի` Համաներման մասին օրենքի ընդունման հիմքով11:
16. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը` կարճման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի, այն է` համաներման մասին օրենքի ընդունման հիմքով:
17. Վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա բեկանելու Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի և Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի օգոստոսի 30-ի դատական ակտերը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի հիման վրա` ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու:
18. Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը ենթակա է վերացման։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ամբաստանյալ Արամ Զավենի Գրիգորյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի հունիսի 19-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի օգոստոսի 30-ի որոշումը բեկանել։
2. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հիման վրա Արամ Զավենի Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել։
3. Արամ Զավենի Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
______________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 45-46:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 33:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 71-72:
4 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:
5 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:
6 Դատական հայեցողության սահմանների վերաբերյալ տե'ս mutatis mutandis Վճռաբեկ դատարանի` Հ.Դավթյանի վերաբերյալ 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12 որոշման 22-րդ կետը:
7 Տե'ս Մ.Էլոյանի և մյուսների վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 13-14-րդ կետերը։
8 Տե'ս սույն որոշման 5-րդ կետը:
9 Տե'ս սույն որոշման 2-րդ կետը:
10 Տե'ս սույն որոշման 3-րդ կետը:
11 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ֆ.Ավագիմյանի վերաբերյալ գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14, Ս.Ղամբարյանի և այլոց վերաբերյալ գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշումները:
Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. Ասատրյան Ս. Ավետիսյան Ե. Դանիելյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան