Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.08.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.04.25/34(1392).1 Հոդ.606.15
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
30.08.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
30.08.2017
Дата вступления в силу
30.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱԴԴ/0076/01/15

ԵԱԴԴ/0076/01/15

Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան

Դատավորներ՝

Ս. Համբարձումյան
Ա. Խաչատրյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Օհանյանի

Հ. Ասատրյանի

ե. դԱՆԻԵԼյանի

Լ. Թադևոսյանի

ա. պողոսՅԱՆԻ

 
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

 

2017 թվականի օգոստոսի 30-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Տիգրան Բորիսի Թամրազյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2015 թվականի մարտի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 10116215 քրեական գործը։

Նախաքննության մարմինը 2015 թվականի ապրիլի 7-ին որոշում է կայացրել Տիգրան Բորիսի Թամրազյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու մասին։ Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Տ.Թամրազյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նախաքննության մարմինը 2015 թվականի ապրիլի 8-ին որոշում է կայացրել Տ.Թամրազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու մասին։

Հետախուզման մեջ գտնվող Տ.Թամրազյանը 2015 թվականի սեպտեմբերի 15-ին ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին։

Նախաքննության մարմինը 2015 թվականի սեպտեմբերի 19-ին որոշում է կայացրել առաջադրված մեղադրանքը լրացնելու մասին, և նույն օրվա մեկ այլ որոշմամբ Տ.Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։

2015 թվականի հոկտեմբերի 26-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճռով Տ.Թամրազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ ութ տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում մեկ տարի վեց ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա Տ.Թամրազյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` ութ տարի վեց ամիս ժամկետով։

3. Վերոհիշյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ամբաստանյալ Տ.Թամրազյանի պաշտպան Է.Խաչատրյանը։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)` 2017 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, Տ.Թամրազյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճիռը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով բեկանվել և փոփոխվել է, Տ.Թամրազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալը դատապարտվել է ազատազրկման` հինգ տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` մեկ տարի վեց ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Տ.Թամրազյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` հինգ տարի վեց ամիս ժամկետով։

4. Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի հունիսի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ Տ.Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ «[Ն]ա 2015 թվականի մարտի 31-ին՝ ժամը 03.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մարգարյան 8/1 հասցեում գործող «Պենտհաուս» գիշերային ակումբի մուտքի մոտ՝ ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով իր մոտ ապօրինի պահվող, հրազեն հանդիսացող ատրճանակից կրակել է Էդգար Աշոտի Ջաբուրյանի որովայնին, պատճառելով վերջինիս առողջությանը ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, որն արտահայտվել է՝ որովայնի ձախ կեսի շրջանի հրազենային, գնդակային, թափանցող, բարակ աղիների վնասմամբ՝ կույր վիրավորման ձևով, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը և դիմել է փախուստի» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 156-158)։

5.1. Գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դեպքից անմիջապես հետո երեք անձինք փորձել են Տ.Թամրազյանի ձեռքից վերցնել ատրճանակը, ինչը նրանց չի հաջողվել։ Հրազենը ամբաստանյալի ձեռքից վերցնել չի հաջողվել նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի պահպանության ստորաբաժանման ոստիկան Վան Սիմոնյանին, ով այդ օրը նշանակված է եղել ծառայության հիշյալ ակումբում։ Մասնավորապես վերջինիս ցուցմունքների համաձայն՝ նա միջամտել է, փորձել վերցնել ատրճանակը, բայց չի ստացվել։ Միմյանց հրմշտելով հասել են Ֆուչիկի փողոց, ատրճանակը վայր է ընկել, որը վերցրել է Տ.Թամրազյանի ընկերներից մեկը, և նրանք նստել են ավտոմեքենաներն ու հեռացել (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 42-48, 54-55, 113, 219-220, հատոր 3, թերթեր 145-148, 170-171, 174, հատոր 4, թերթեր 91-92, հատոր 5, թերթ 32)։

6. Առաջին ատյանի դատարանը 2016 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճռում արձանագրել է` «(...) Վերլուծելով և գնահատելով դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցներն իրենց համակցության մեջ, դատարանը ձեռք բերված ապացույցները բավարար է գտնում և գործի փաստական հանգամանքներով հաստատված է համարում, որ ամբաստանյալ Տիգրան Թամրազյանը կատարել է հանցավոր արարքներ, որոնք համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին, որոնցով էլ նա ենթակա է քրեական պատասխանատվության։ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 86-91)։

7. Վերաքննիչ դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) [Ք]ննության առնելով քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ գործի փաստական հանգամանքները չեն համապատասխանում դատական ակտում շարադրված հետևություններին, ամբաստանյալ Տ.Թամրազյանի կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով կատարված արարքին տրվել է սխալ քրեաիրավական գնահատական, նրա արարքն ըստ գործով ձեռք բերված փաստական հանգամանքների` համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմին։

(...)

Նախ` Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերոնշյալ արարքի կատարման շարժառիթներին, նպատակին, եղանակին և օգտագործվող գործիքներին, մարմնական վնասվածքների քանակին, բնույթին և տեղակայմանը, ինչպես նաև հանցավորի և տուժողի վարքագծին հանցագործությանը նախորդող և հաջորդող պահերին, նրանց փոխհարաբերություններին, հանցավորի կողմից հանցավոր գործողությունների դադարեցման պատճառներին, հանցավորի կողմից հանցավոր գործողությունների և այլ հանգամանքներին, որոնք հնարավորություն կտան բացահայտելու ամբաստանյալ Տիգրան Թամրազյանի դիտավորության ուղղվածությունը, ինչն էլ իր հերթին կհանգեցնի կատարված արարքին քրեաիրավական ճիշտ գնահատական տալուն և սպանության փորձը` տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուց սահմանազատելուն։

1) Գործով հաստատվել է, որ ամբաստանյալ Տ.Թամրազյանը նախկինում ճանաչել է տուժող Է.Ջաբուրյանին, վերջիններս հանցագործությանը նախորդող և հաջորդող պահերին գտնվել են նորմալ հարաբերությունների մեջ, այլ կերպ, միմյանց հետ որևէ թշնամություն չեն ունեցել։

2) Անդրադառնալով տուժողին հասցված մարմնական վնասվածքների բնույթին, տեղակայմանը, ծանրության աստիճանին` Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը.

Դատաբժշկական փորձաքննության թիվ 579 եզրակացությամբ հաստատվել է, որ տուժող Է.Ջաբուրյանը մարմնական վնասվածքը ստացել է ձախ գոտկային հրազենային, գնդակային, որովայնի խոռոչ թափանցող, բարակ աղիների վնասմամբ` կույր վիրավորման ձևով, պատճառվել է` գնդակով լիցքավորված հրազենից արձակված կրակոցով, որն առաջացրել է առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող։

3) Այս տեսանկյունից անհրաժեշտ է նաև պարզել, թե արդյո՞ք ամբաստանյալը տվյալ իրադրությունում ունեցել է նոր վնասվածք պատճառելու իրական հնարավորություն, թե՞ ոչ։

Գործով առկա տվյալներով հիմնավորվել է, որ ամբաստանյալ Տիգրան Թամրազյանն իր մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող ատրճանակից մեկ անգամ տուժող Է.Ջաբուրյանի որովայնին կրակելուց հետո, տուժողին կյանքից զրկելու ուղղությամբ որևէ այլ գործողություններ չի կատարել` ողջամտորեն հնարավորություն ունենալով շարունակելու իր հանցավոր գործունեությունը, այն է` այլ հրազենային վնասվածքներ հասցնելու միջոցով տուժողին զրկել կյանքից, այլ դիմել է փախուստի։

Այլ կերպ, դեպքի իրադրության ժամանակ ամբաստանյալն ունեցել է անհրաժեշտ ու բավարար միջոցներ և հնարավորություն տուժողին կյանքից զրկելու համար, սակայն չի արել այդ, ինչն էլ գործով առկա մյուս հանգամանքների հետ միասին վկայում է վերջինիս առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դիտավորության ուղղվածության մասին։

4) Ինչ վերաբերում է հանցագործության գործիք հանդիսացած ատրճանակին, ապա այդ հանգամանքը պետք է գնահատվի գործով առկա մյուս հանգամանքների համակցության մեջ և այս տեսանկյունից, որքան էլ այն իր բնույթով համարվի վտանգավոր գործիք, տուժողին կյանքից զրկելու դիտավորության բացակայության դեպքում նման հանգամանքը ի չիք է դարձվում։

Այլ կերպ` ատրճանակի առկայությունը և դրա գործադրումը ինքնին չի կարող վկայել ամբաստանյալի մոտ առկա տուժողին կյանքից զրկելու դիտավորության մասին, քանի որ գործով առկա մյուս հանգամանքները հնարավորություն չեն տալիս հանգելու նման հետևության։

Վերաքննիչ դատարանը անհրաժեշտ է համարում ևս մեկ անգամ փաստել, որ տուժողի որովայնի շրջանում արձակված մեկ կրակոցը` վերջինիս մահ պատճառելու դիտավորություն ունենալու մասին բացակայող այլ հանգամանքների պայմաններում, որը փաստացի վրա չի էլ հասել, չի կարող որակվել որպես սպանության փորձ։ Բացի այդ, ատրճանակից մեկ անգամ կրակելուց հետո Տ.Թամրազյանը` տեսնելով, որ տուժողը կենդանի է, նրան կյանքից զրկելուն ուղղված որևէ այլ գործողություն չի նախաձեռնել, թեև ունեցել է դրա իրական հնարավորությունը։

Ելնելով վերը շարադրվածից` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Տ.Թամրազյանը 2015 թվականի մարտի 31-ին` ժամը 03։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մարգարյան 8/1 հասցեում գործող «Պենտհաուս» գիշերային ակումբի մուտքի մոտ տուժող Է.Ջաբուրյանի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու նպատակով իր մոտ ապօրինի պահվող, հրազեն հանդիսացող ատրճանակից կրակել է տուժողի որովայնին, պատճառելով վերջինիս առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող, որն արտահայտվել է` որովայնի ձախ կեսի շրջանի հրազենային, գնդակային, թափանցող, բարակ աղիների վնասմամբ` կույր վիրավորման ձևով։

(...)

Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Տ.Թամրազյանին առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասից ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով փոփոխելը հնարավոր է համարում, քանի որ մեղադրանքի նման փոփոխությունով ամբաստանյալի վիճակը չի վատթարանում, ավելին` բարելավվում է։ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 62-79)։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

8. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքաբերի կարծիքով Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ։ Մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով վերաորակելով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի նորմերի սխալ կիրառում, որի արդյունքում առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձը քրեական պատասխանատվության է ենթարկվել ծանր հանցագործություն կատարելու համար։

Բողոքաբերն ընդգծել է, որ Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ կրակոց արձակելուց հետո Տ.Թամրազյանը տուժողին կյանքից զրկելուն ուղղված ակտիվ գործողություններ չի ձեռնարկել, չի բխում գործի փաստական հանգամանքներից։ Այսպես` ամբաստանյալն առավելագույնը 1 մետր հեռավորությունից հրազենից տուժողի որովայնի ուղղությամբ կրակոց արձակելու պայմաններում, ըստ էության, իրենից կախված ամեն ինչ արել է հանցագործությունն ավարտելու համար, իսկ հանցագործությունն ավարտին չի հասել նրա կամքից անկախ հանգամանքներով` տուժողին հնարավոր է եղել փրկել միայն ցույց տրված բուժօգնության շնորհիվ։

Բողոք բերած անձը նշել է, որ գործում առկա ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Տ.Թամրազյանը հրազենից տուժողի ուղղությամբ կրակել է մոտ տարածությունից, որից հետո երեք տղա փորձել են նրա ձեռքից խլել ատրճանակը, ինչը չի հաջողվել։ Այսինքն` հրազենից մեկ անգամ տուժողի որովայնի ուղղությամբ կրակոց արձակելուց հետո ամբաստանյալը չի դադարեցրել հանրորեն վտանգավոր գործողությունները, այլ դրանք կանխվել են դեպքին վրա հասած անձանց կողմից, Տ.Թամրազյանը ընդդիմացել է իրեն խոչընդոտելու, ձեռքից զենքը վերցնելու, հանրորեն վտանգավոր գործողությունները դադարեցնելու ներկաների փորձերին և դեպքի վայրից հեռացել է միայն ոստիկանության ծառայող Վան Սիմոնյանի գալուց հետո։

9. Բողոքի հեղինակը ընդգծել է նաև, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է ապացույցների գնահատման մասին Վճռաբեկ դատարանի` Մ.Հովհաննիսյանի և Ա.Մարտիրոսյանի, Ա.Ավագյանի և Վ.Սահակյանի, Մ.Հակոբյանի վերաբերյալ, ինչպես նաև հանրորեն վտանգավոր արարքը սպանության փորձ որակելու մասին Ս.Հունիկյանի, Ա.Բաղդասարյանի, Գ.Մանուկյանի վերաբերյալ գործերով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին։

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 7-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճռին։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյոք Տ.Թամրազյանի արարքում սպանության փորձի բացակայության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հանցակազմի առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը։

ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն` «Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով»։

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկել[ն է։

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում»։

Հանցագործության փորձը մեկ այլ ավարտված հանցագործության հատկանիշներից տարբերակելու, անձի դիտավորության ուղղվածությունը որոշելու և կատարված արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու հիմնահարցերը Վճռաբեկ դատարանը համակարգված վերլուծության է ենթարկել Գ.Մանուկյանի վերաբերյալ գործով որոշման շրջանակներում` արձանագրելով հետևյալը` «(…) [Հ]անցափորձ են ձևավորում միայն ուղղակի դիտավորությամբ կատարվող այն գործողությունները (անգործությունը), որոնք անմիջականորեն ուղղված են հանցանքի կատարմանը։ «Անմիջականությունը» ենթադրում է, որ հանցավորը ձեռնամուխ է լինում հանցագործության օբյեկտիվ կողմի իրականացմանը, սակայն այն ավարտին չի հասցնում իր կամքից անկախ այնպիսի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքներով, որոնք նա չէր նախատեսել կամ չէր կարողացել հաղթահարել։ Այլ կերպ ասած՝ հանցափորձի դեպքում հանցագործությունը չի ավարտվում, քանի որ կա՛մ հանցավոր արարքն ամբողջությամբ չի իրականացվում, կա՛մ արարքն իրականացվում է, սակայն չի առաջանում հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված և նրա համար ցանկալի հանրորեն վտանգավոր հետևանքը (նյութական հանցակազմերի դեպքում)։

Վերոշարադրյալից բխում է, որ նյութական հանցակազմերի դեպքում ավարտված հանցագործության և հանցափորձի տարանջատման հիմնական չափանիշն անձի դիտավորության ուղղվածությունն է։ Մասնավորապես, եթե կատարվածի արդյունքում առաջանում են անձի դիտավորության մեջ չընդգրկված, սակայն ավարտված մեկ այլ հանցագործության հատկանիշներ, ապա արարքը պետք է որակել ոչ թե ըստ փաստացի վրա հասած հետևանքի, այլ ըստ անձի սուբյեկտիվ ընկալման` որպես իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության փորձ։ Այսինքն` արարքը փորձ կամ ավարտված հանցագործություն որակելու հարցում էական նշանակություն ունի անձի դիտավորության ուղղվածության բացահայտումը, ինչը հնարավոր է գործի փաստական հանգամանքների համադրման և ամբողջական վերլուծության արդյունքում (...)» (տե՛ս Գրիգոր Վոլոդյայի Մանուկյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱՆԴ/0110/01/12 որոշման 16-րդ կետը)։

10.1. Հանցափորձի ավարտված և չավարտված տեսակների վերլուծության համատեքստում անդրադառնալով սպանության ավարտված հանցափորձի առանձնահատկություններին և դրա շրջանակներից դուրս գտնվող, հանցագործությունից կամովին հրաժարում չհամարվող անձի հետհանցավոր դրական վարքագծի նշանակությանը, Վճռաբեկ դատարանը Գ.Մանուկյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը` «(...) [Կ]ատարվածը սպանության փորձ որակելու համար անհրաժեշտ է, որ հանցավորն ունենա անձին կյանքից զրկելու պարզ կոնկրետացված (նախապես կամ հանկարծակի առաջացած) դիտավորություն, ինչը հնարավոր է պարզել գործի հանգամանքների համակողմանի վերլուծության արդյունքում` հատկապես ուշադրություն դարձնելով հանցավորի` նախքան հանցագործությունը, հանցանքի ընթացքում և դրանից հետո դրսևորած վարքագծին։

Հանցագործությունն ավարտին հասցնելուն ուղղված անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարելուց հետո (ավարտված հանցափորձ) հանցագործությունից կամովին հրաժարում չհամարվող անձի հետհանցավոր դրական վարքագիծը կարևոր նշանակություն ունի վերջինիս դիտավորության ուղղվածությունը ճիշտ որոշելու համար։ Սակայն այն ինքնին, գործի մյուս փաստական հանգամանքներից անջատ, չի կարող արարքի որակման հարցում ունենալ որոշիչ նշանակություն և պետք է գնահատման ենթարկվի նախքան հանցագործությունը և դրա ընթացքում անձի դրսևորած վարքագծի շրջանակներում, որոնք, որպես կանոն, վկայում են հանցանքը կատարելու պահին անձի ունեցած իրական դիտավորության մասին։

Մասնավորապես, եթե գործի փաստական հանգամանքների համակցության վերլուծությունը ցույց է տալիս, որ հանցանքը կատարելու պահին հանցավորի դիտավորությունն ուղղված է եղել տուժողին կյանքից զրկելուն (օրինակ` դրա մասին կարող են վկայել հանցագործության գործիքները կամ միջոցները` հրազեն, սառը զենք, սուր ծակող-կտրող գործիքներ և այլն, հարվածների քանակն ու ուժգնությունը, պատճառված մարմնական վնասվածքների քանակը, բնույթը և տեղակայումը (օրինակ` մարդու կենսականորեն կարևոր օրգանների վնասումը), հանցագործության եղանակը, մեխանիզմը, նպատակը, շարժառիթը, իրադրությունը և այլ հանգամանքներ), ապա համապատասխան արարքն իրականացնելուց հետո անձի դրսևորած դրական վարքագիծը (օրինակ` հետագա գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալը, տուժողին օգնություն ցույց տալը, շտապօգնություն կանչելը և այլն) դուրս է սպանության ավարտված հանցափորձի շրջանակներից, վկայում է ոչ թե սպանելու ուղղակի դիտավորության բացակայության, այլ պարզապես կատարածի համար զղջալու մասին, ինչը դատարանի կողմից կարող է հաշվի առնվել պատիժ նշանակելիս։ Նման գործողությունները չեն կարող ազդեցություն ունենալ և փոխել արարքի քրեաիրավական որակումը (...)» (տե՛ս Գրիգոր Վոլոդյայի Մանուկյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱՆԴ/0110/01/12 որոշման 17-17.1-րդ կետերը)։

11. Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը կրկին արձանագրում է, որ սպանության փորձը դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուց սահմանազատելու համար առաջնային նշանակություն ունի վնասվածքներ հասցնելու պահին հանցավորի դիտավորության ուղղվածության բացահայտումը։ Մասնավորապես, եթե սպանության փորձի ժամանակ հանցավորի դիտավորությունն ուղղված է տուժողին կյանքից զրկելուն, ապա ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելիս դիտավորությունն ուղղված է տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառելուն կամ հանցավորը հետևանքների նկատմամբ դրսևորում է չկոնկրետացված դիտավորություն։

Հանցավորի դիտավորության ուղղվածության հարցը լուծելիս անհրաժեշտ է ելնել հանցագործության բոլոր հանգամանքների համակցությունից և հաշվի առնել, մասնավորապես, հանցավոր արարքի կատարման եղանակը, վնասվածքներ հասցնելիս օգտագործվող գործիքները, մարմնական վնասվածքների քանակը, բնույթը և տեղակայումը (օրինակ` մարդու կենսականորեն կարևոր օրգանների վնասումը), շարժառիթն ու նպատակը, ինչպես նաև հանցավորի և տուժողի վարքագիծը հանցագործությանը նախորդող և հաջորդող պահերին, նրանց փոխհարաբերությունները, հանցավորի կողմից հանցավոր գործողությունների դադարեցման պատճառները և այլն (տե ՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ս.Հունիկյանի գործով 2008 թվականի փետրվարի 29-ին կայացված թիվ ՎԲ-11/08, Ա.Բաղդասարյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ին կայացված թիվ ԵԷԴ/0168/01/10, Գ.Մանուկյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ին կայացված թիվ ԵԱՆԴ/0110/01/12 որոշումները)։ Միայն վերոնշյալ հանգամանքների համադրման և վերլուծության հիման վրա է հնարավոր բացահայտել դիտավորության ուղղվածությունը և դրա տեսակները, ինչն էլ իր հերթին կհանգեցնի կատարված արարքին քրեաիրավական ճիշտ գնահատական տալուն։

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Տ.Թամրազյանը 2015 թվականի մարտի 31-ին՝ ժամը 03.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մարգարյան 8/1 հասցեում գործող «Պենտհաուս» գիշերային ակումբի մուտքի մոտ, Էդգար Ջաբուրյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող, հրազեն հանդիսացող ատրճանակից կրակել է վերջինիս որովայնին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս։

Դեպքից անմիջապես հետո երեք անձինք փորձել են Տ.Թամրազյանի ձեռքից վերցնել ատրճանակը, ինչը նրանց չի հաջողվել։ Հրազենը ամբաստանյալի ձեռքից վերցնել չի հաջողվել նաև ոստիկան Վան Սիմոնյանին։ Միմյանց հրմշտելով հասել են Ֆուչիկի փողոց, ատրճանակը վայր ընկելուց հետո այն վերցրել է Տ.Թամրազյանի ընկերներից մեկը, և նրանք նստել են ավտոմեքենաներն ու հեռացել (տե՛ս սույն որոշման 5-5.1-րդ կետերը)։

Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել, որ ամբաստանյալը կատարել է հանցավոր արարքներ, որոնք համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը)։

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործի փաստական հանգամանքները չեն համապատասխանում ստորադաս դատարանի դատական ակտում շարադրված հետևություններին և Տ.Թամրազյանին մեղսագրված արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասից վերաորակել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։ Մասնավորապես Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ ամբաստանյալ Տ.Թամրազյանը նախկինում ճանաչել է տուժող Է.Ջաբուրյանին, վերջիններս հանցագործությանը նախորդող և հաջորդող պահերին գտնվել են նորմալ հարաբերությունների մեջ, միմյանց հետ որևէ թշնամություն չեն ունեցել, ամբաստանյալն իր մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող ատրճանակից մեկ անգամ Է.Ջաբուրյանի որովայնին կրակելուց հետո նրան կյանքից զրկելու ուղղությամբ որևէ այլ գործողություններ չի կատարել` ունենալով անհրաժեշտ ու բավարար միջոցներ և հնարավորություն տուժողին կյանքից զրկելու համար։ Արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ տուժողի որովայնի շրջանում արձակված մեկ կրակոցը` վերջինիս մահ պատճառելու դիտավորության մասին վկայող այլ հանգամանքների բացակայության պայմաններում, չի կարող որակվել որպես սպանության փորձ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը)։

13. Սույն որոշման նախորդ կետում հիշատակված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-11-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել գործում առկա փաստական տվյալների համակցությունը, արդյունքում սխալ եզրահանգման է եկել անձի դիտավորության ուղղվածության, հետևաբար նաև` արարքի քրեաիրավական որակման հարցում։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ամբաստանյալ Տ.Թամրազյանի դիտավորության ուղղվածությունը և բովանդակությունը բացահայտելիս անհրաժեշտ էր մանրամասն վերլուծության ենթարկել գործի այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք էին հանցագործության գործիքը, մարմնական վնասվածքի բնույթն ու տեղակայումը, հանցավորի դրսևորած վարքագիծը։ Այսպես` Տ.Թամրազյանը հրազեն հանդիսացող ատրճանակից մոտ տարածությունից կրակել է տուժողի կենսականորեն կարևոր օրգանի` որովայնի շրջանում` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք, ինչից հետո չի ցանկացել դադարեցնել վտանգավոր գործողությունները, զենքը չի հանձնել, խոչընդոտել է ներկաների, ինչպես նաև ոստիկանության աշխատակցի կողմից զենքը վերցնելու փորձերին։ Վերոնշյալ հանգամանքները վկայում են հանցավորի մոտ տուժողին կյանքից զրկելու ուղղակի դիտավորության առկայության մասին, ինչը սակայն վրա չի հասել նրա կամքից անկախ հանգամանքներում, այն է` տուժողին հիվանդանոց տեղափոխելու և ցուցաբերված բժշկական օգնության շնորհիվ։

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ ամբաստանյալն ունեցել է անհրաժեշտ ու բավարար միջոցներ տուժողին կյանքից զրկելու համար, սակայն այդ ուղղությամբ որևէ այլ գործողություններ չի կատարել` ողջամտորեն հնարավորություն ունենալով շարունակելու իր հանցավոր գործունեությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն հիմնավոր չէ, քանի որ նախ` հրազենից մեկ անգամ տուժողի որովայնի ուղղությամբ կրակոց արձակելուց հետո ամբաստանյալի վտանգավոր գործողությունները կանխվել են դեպքին վրա հասած անձանց կողմից, ովքեր փորձել են վերցնել հրազենը, երկրորդ` գործի փաստական հանգամանքների համակցության վերլուծությունը ցույց է տալիս, որ հանցանքը կատարելու պահին հանցավորի դիտավորությունն ուղղված է եղել տուժողին կյանքից զրկելուն (հաշվի առնելով, մասնավորապես, օգտագործված գործիքը, մարմնական վնասվածքի բնույթն ու տեղակայումը), իսկ համապատասխան արարքն իրականացնելուց հետո անձի կողմից տուժողին կյանքից զրկելուն ուղղված հետագա գործողություններ չկատարելը դուրս է սպանության ավարտված հանցափորձի շրջանակներից։ Նման վարքագիծը չի կարող ազդեցություն ունենալ և փոխել արարքի քրեաիրավական որակումը։

14. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տ.Թամրազյանի արարքում սպանության փորձի բացակայության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հանցակազմի առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, չկիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածը, և կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածը` թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, իրավաչափորեն հաստատված է համարել, որ Տ.Թամրազյանի արարքներում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանցակազմերը։ Այլ կերպ՝ Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Ամբաստանյալ Տիգրան Բորիսի Թամրազյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 7-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճռին։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Օհանյան
Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան