ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0395/02/15 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0395/02/15 |
Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան |
Դատավորներ՝ |
Ն. Բարսեղյան |
Մ. Հարթենյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ն. Տավարացյանի |
2017 թվականի ապրիլի 07-ին,
դռնբաց դատական նիստում, քննելով Արտաշես Թառումյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2016 թվականի որոշման դեմ` ըստ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) դիմումի, երրորդ անձ Արտաշես Թառումյանի` գույքը տիրազուրկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Նախարարությունը պահանջել է «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ի մաքսային պահեստում գտնվող, փորձագետի եզրակացությանը համապատասխանող 21 մատանիները, 3 արձանիկների գլուխները, 32 բանկային թղթադրամները, 11 նամականիշերը, 5 փոստային քարտերը, 13 բանկային չեկերը, 2 նամակները և 21 մետաղադրամները ճանաչել տիրազուրկ` հանձնելով պետության սեփականությանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 04.11.2015 թվականի վճռով Նախարարության դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.02.2016 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 04.11.2015 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտաշես Թառումյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները՝ հաշվի չառնելով այն, որ Արտաշես Թառումյանը, հանդիսանալով առգրավված գույքի սեփականատեր, ձեռնարկել է ակտիվ գործողություններ իրեն պատկանող գույքը վերադարձնելու ուղղությամբ: Հետևաբար ակնհայտ է, որ մաքսային մարմինների կողմից առգրավված գույքը տիրազուրկ չէ և չի կարող հանձնվել պետության սեփականությանը: Ավելին` Նախարարությունն ի հիմնավորումն իր դիմումի չի ներկայացրել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց այն մասին, որ առգրավված գույքը տիրազուրկ է, իսկ վկայակոչած փաստի ապացուցված չլինելու բացասական հետևանքները պետք է կրի Նախարարությունը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ թե՛ մաքսային մարմինները, թե՛ ՀՀ գլխավոր դատախազությունը և թե՛ Նախարարությունը հաստատապես համոզված են եղել, որ առգրավված գույքի սեփականատերն Արտաշես Թառումյանն է, այլապես վերջինիս դեմ չէր իրականացվի վարչական վարույթ և քրեական հետապնդում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.02.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 04.11.2015 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության (այսուհետ` Վարչություն) «Զվարթնոց» բաժնի աշխատակիցների կողմից 27.04.2013 թվականին կազմված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրության համաձայն` 27.04.2013 թվականին` ժամը 14։00-ի սահմաններում Վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում Երևան-Մոսկվա թիվ «ՏՍ1861» չվերթով մեկնող ուղևորների մաքսային հսկողության ժամանակ ՀՀ քաղաքացի Արտաշես Ալեքսանի Թառումյանի ուղեբեռում գտնվող թերմոսի մեջ հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցրած տարբեր պետությունների և տարբեր ժամանակաշրջանների 257 մետաղադրամներ, իսկ ձեռքի պայուսակի միջից` հետևյալ ապրանքատեսակները. 21 մատանիներ, 3 արձանիկների գլուխներ, 32 բանկային թղթադրամներ, 11 նամականիշներ, 5 փոստային քարտեր, 13 բանկային չեկեր, 2 նամակներ, 21 մետաղադրամներ: Իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող վերոգրյալ առարկաները վերցվել են՝ ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 264-րդ հոդվածով (հատոր 1-ին, գ.թ. 7-8):
2) Ապրանքագրի ի պահ ընդունման համար 04.11.2013 թվականին կազմված ակտի համաձայն` Կոմիտեի քննչական վարչության քննիչի կողմից «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ի մաքսային պահեստ ի պահ է հանձնվել ապրանք (մշակութային արժեքներ) (հատոր 1-ին, գ.թ. 113):
3) Կոմիտեի քննչական վարչության 3-րդ բաժնի քննիչ Վ. Հակոբջանյանի 28.10.2013 թվականի «Քրեական գործ հարուցելը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշման համաձայն` նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, և Արտաշես Թառումյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` ՀՀ Ազգային ժողովի կողմից համաներման ակտ ընդունելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 110-112):
4) Դատարանին հասցեագրված 03.03.2015 թվականի դիմումով Արտաշես Թառումյանը միջնորդություն է ներկայացրել սույն գործով որպես երրորդ անձ ներգրավվելու մասին՝ հայտնելով, որ ինքը Նախարարության կողմից պահանջվող գույքի սեփականատերն է: Դատարանի որոշմամբ Արտաշես Թառումյանի միջնորդությունը բավարարվել է, և վերջինս գործով ներգրավվել է որպես երրորդ անձ (հատոր 1-ին, գ.թ. 117, հատոր 2-րդ, գ.թ. 1-3):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` մաքսային հսկողությունից թաքցված և մաքսային մարմինների կողմից վերցված շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու հնարավորության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե մաքսային հսկողությունից թաքցված և մաքսային մարմինների կողմից վերցված գույքը կարո՞ղ է արդյոք տվյալ փաստի առթիվ քրեական գործ հարուցված չլինելու և քրեական հետապնդում չիրականացվելու դեպքում դատական կարգով ճանաչվել տիրազուրկ այն պայմաններում, երբ գործի քննությամբ չի հաստատվում այն տիրազուրկ ճանաչելու իրավական և փաստական հիմքերի առկայությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ տիրազուրկ շարժական գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել նույն օրենսգրքի 179-188-րդ հոդվածների կանոններով: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ տիրազուրկ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու հիմքերն ու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` շարժական գույքը, որը սեփականատերը լքել է կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու նպատակով թողել է այլ կերպ (դեն նետված գույք), այլ անձինք կարող են վերածել իրենց սեփականության` նույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ անձը, ում սեփականության, տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող հողամասում, ջրավազանում կամ այլ օբյեկտում կա նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափից ակնհայտ ցածր արժեք ունեցող դեն նետված գույք կամ դեն նետված մետաղների ջարդոն, խոտանված արտադրանք, օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ առաջացած լցակույտեր, արտադրական և այլ թափոններ, իրավունք ունի այդ գույքը վերածել իր սեփականության` ձեռնամուխ լինելով դրա օգտագործմանը կամ կատարելով գույքը սեփականության վերածելու այլ գործողություններ: Դեն նետված այլ գույքն անցնում է այն տիրապետող անձի սեփականությանը, եթե այդ անձի դիմումի հիման վրա դատարանը գույքը ճանաչում է տիրազուրկ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից (...), սեփականության իրավունքից հրաժարվելու (...), և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի` օրենքով նախատեսված այլ դեպքերում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 187-րդ հոդվածի համաձայն` գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումում պետք է նշվի, թե որ գույքն է տիրազուրկ ճանաչվելու, նկարագրվեն դրա հիմնական տարբերակիչ հատկանիշները, ինչպես նաև բերվեն ապացույցներ, որոնք հաստատում են սեփականատիրոջ կողմից առանց գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանելու մտադրության գույքը թողնելու փաստը և ապացույցներ` գույքը դիմողի տիրապետմանն անցնելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն` դատարանը, գտնելով, որ գույքը սեփականատեր չունի կամ այն դրա սեփականատիրոջ կողմից թողնվել է առանց դրա նկատմամբ սեփականության իրավունքը պահպանելու մտադրության, վճիռ է կայացնում գույքը տիրազուրկ ճանաչելու և տիրապետող անձի սեփականությանն այն հանձնելու մասին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքի նկատմամբ անձի սեփականության սուբյեկտիվ իրավունքը ծագում է օրենքով նախատեսված իրավաբանական փաստերի ուժով, որոնք հիմք են հանդիսանում սեփականության իրավունքի առաջացման համար: Սեփականության իրավունքի ծագման նշված հիմքերից մեկը նախատեսված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 179-րդ հոդվածով, որը սահմանում է լքյալ (դեն նետված) գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման պայմաններն ու կարգը: Այսպես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 179-րդ, 279-րդ և 280-րդ հոդվածների վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ անձը կարող է սկզբնական եղանակով սեփականության իրավունք ձեռք բերել լքյալ (դեն նետված) շարժական գույքի նկատմամբ. շարժական գույքը համարվում է լքյալ (դեն նետված), եթե սեփականատերը լքել է այն կամ այլ կերպ թողել է այն՝ դրա նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու նպատակով: Ընդ որում, ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից որևէ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելը, որը կատարվում է այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության, համարվում է այդ անձի սեփականության իրավունքի դադարման հիմք և հանդիսանում է նույն գույքի՝ որպես լքյալ (դեն նետված) գույքի նկատմամբ այլ անձի սեփականության իրավունքի առաջացման նախադրյալ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքը դատական կարգով տիրազուրկ ճանաչելու կարգը սահմանված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, որի 187-րդ և 188-րդ հոդվածների համակարգային վերլուծության համաձայն` գույքը տիրազուրկ ճանաչելու պահանջով դատարան դիմած անձը պետք է ներկայացնի ապացույցներ, որոնք կհաստատեն հետևյալ փաստական հանգամանքների առկայությունը.
1) տիրազուրկ ճանաչելու պահանջի առարկա գույքը գտնվում է դատարան դիմած անձի տիրապետության ներքո,
2) գույքը չունի սեփականատեր կամ տվյալ գույքի սեփականատերը լքել է այն՝ առանց դրա նկատմամբ սեփականության իրավունքը պահպանելու մտադրության:
Ընդ որում, դատարանը կարող է գույքը տիրազուրկ ճանաչելու և տիրապետող անձի սեփականությանն այն հանձնելու մասին վճիռ կայացնել միայն այն դեպքում, երբ գործի քննությամբ հաստատվի, որ գույքը չունի սեփականատեր, կամ այն թողնվել է սեփականատիրոջ կողմից՝ առանց դրա նկատմամբ սեփականության իրավունքը պահպանելու մտադրության:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի իրավական վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս, օրինակ, Էդգար Մարկոսյանն և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն՝ 27.04.2013 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում Երևան-Մոսկվա թիվ «ՏՍ1861» չվերթով մեկնող ուղևորների մաքսային հսկողության ժամանակ Վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցների կողմից ՀՀ քաղաքացի Արտաշես Թառումյանի ուղեբեռում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցրած իրեր (մետաղադրամներ, բանկային թղթադրամներ, բանկային չեկեր, նամականիշներ, փոստային քարտեր, նամակներ, մատանիներ, արձանիկների գլուխներ), որոնք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 264-րդ հոդվածի կիրառմամբ վերցվել են և ի պահ են հանձնվել «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ի մաքսային պահեստում: Սակայն նշված փաստի առթիվ քրեական գործ չի հարուցվել, և Արտաշես Թառումյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` ՀՀ Ազգային ժողովի կողմից համաներման ակտ ընդունելու հիմքով:
Սույն գործով դիմելով դատարան՝ Նախարարությունը պահանջել է Արտաշես Թառումյանից վերցված և ի պահ հանձնված վերոգրյալ իրերը ճանաչել տիրազուրկ և հանձնել պետության սեփականությանը, քանի որ այդ իրերի սեփականատերը հրաժարվել է դրանցից: Մինչդեռ Արտաշես Թառումյանը հայտնել է Դատարանին, որ ինքն է հանդիսանում Նախարարության կողմից պահանջվող իրերի սեփականատերը և չի հրաժարվել դրանց նկատմամբ սեփականության իրավունքից:
Դատարանը մերժել է Նախարարության դիմումը՝ պատճառաբանելով, որ Նախարարությունը չի ներկայացրել ապացույցներ այն մասին, որ իր կողմից ներկայացված պահանջի առարկա հանդիսացող գույքը սեփականատեր չունի:
Վերաքննիչ դատարանը բավարարել է Նախարարության վերաքննիչ բողոքը, բեկանել է Դատարանի վճիռը և գործն ուղարկել նոր քննության՝ պատճառաբանելով, որ Դատարանը չի իրականացրել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն: Ըստ Վերաքննիչ դատարանի՝ Դատարանը, մասնավորապես, չի պարզել այն հարցը, թե առկա չեն արդյոք բավարար հիմքեր եզրակացնելու համար, որ Նախարարության կողմից պահանջվող իրերի սեփականատերն իր գործողություններով (անգործությամբ) փաստացի հրաժարվել է այդ իրերի նկատմամբ սեփականության իրավունքից:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործի փաստերի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ Նախարարության կողմից ներկայացված պահանջի առարկա հանդիսացող շարժական գույքը դուրս է եկել Արտաշես Թառումյանի տիրապետությունից իրենից անկախ հանգամանքներում, քանի որ այդ գույքը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 264-րդ հոդվածի կիրառմամբ վերցվել է Արտաշես Թառումյանից Վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցների կողմից և հետագայում ի պահ է հանձնվել մաքսային պահեստ: Տվյալ դեպքում ՀՀ մաքսային սահմանը հատելիս Արտաշես Թառումյանի մոտ մաքսային հսկողությունից թաքցված իրեր հայտնաբերելու փաստի առթիվ քրեական գործ կամ վարչական վարույթ չի հարուցվել, մինչդեռ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 264-րդ հոդվածի հիմքով վերջինիցս վերցված գույքը վարչական մարմինն առանց որևէ իրավական հիմքի շարունակել է պահել իր տիրապետության ներքո և ոչ իրավաչափորեն չի վերադարձրել այն անձին, որից այդ գույքը վերցվել է, այսինքն` Արտաշես Թառումյանին:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արտաշես Թառումյանից վերցված գույքի տնօրինման հարցը վերջինիս նկատմամբ քրեական հետապնդման չիրականացման պարագայում ենթակա էր լուծման քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից, և տվյալ գույքը պետք է վերադարձվեր այն անձին, որից այդ գույքը վերցվել էր, այսինքն՝ Արտաշես Թառումյանին:
Ավելին` Վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցների կողմից 27.04.2013 թվականին կազմված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրության համաձայն՝ Արտաշես Թառումյանի մոտ հայտնաբերված մաքսային հսկողությունից թաքցրած իրերը վերցվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 264-րդ հոդվածի ուժով, որի համաձայն՝ (...) իրերի զննության ժամանակ հայտնաբերված իրավախախտման (...) անմիջական օբյեկտ հանդիսացող իրերը (...) վերցվում են նույն օրենսգրքի 261-րդ և 263-րդ հոդվածներում նախատեսված մարմինների պաշտոնատար անձանց կողմից: Վերցված իրերն ու փաստաթղթերը ընդհուպ մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը պահվում են այն մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից որոշվող տեղերում, որոնց իրավունք է վերապահված վերցնելու իրերը և փաստաթղթերը, իսկ գործը քննելուց հետո, նայած գործի քննության արդյունքներին, դրանք սահմանված կարգով բռնագրավվում կամ վերադարձվում են տիրոջը (...):
Վերոգրյալ իրավադրույթները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 264-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ Արտաշես Թառումյանից վերցված իրերը գործը քննելուց հետո պետք է վերադարձվեին տիրոջը, տվյալ դեպքում՝ Արտաշես Թառումյանին, քանի որ տվյալ դեպքում վերջինից վերցված գույքի բռնագրավման որևէ իրավական հիմք առկա չէ:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մաքսային մարմինների կողմից հայտնաբերված մշակութային արժեքներն Արտաշես Թառումյանի տիրապետումից դուրս են եկել իրենից անկախ հանգամանքներում և վերոհիշյալ գույքի` մաքսային պահեստում ի պահ հանձնումը չէր կարող վկայել գույքը լքելու կամ դրանից հրաժարվելու մասին: Հետևաբար վերջինիս կողմից իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից հրաժարվելու մասին վկայող գործողությունների բացակայության պայմաններում, որոնք ակնհայտ կդարձնեին գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից մեկուսանալու և այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք չպահպանելու մտադրությունը, առկա չեն բավարար հիմքեր եզրակացնելու, որ Արտաշես Թառումյանը հրաժարվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքից:
Փաստորեն, սույն գործով չի ապացուցվել այն հանգամանքը, որ Արտաշես Թառումյանը կատարել է որևէ գործողություն, որը վկայում է Վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցների կողմից վերցված իրերի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից Արտաշես Թառումյանի մեկուսացման մասին՝ առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության: Այլ կերպ ասած՝ սույն գործով Նախարարությունը չի ներկայացրել բավարար ապացույցներ այն մասին, որ Արտաշես Թառումյանը լքել է խնդրո առարկա շարժական գույքը՝ առանց դրա նկատմամբ սեփականության իրավունքը պահպանելու մտադրության:
Այսպիսով, սույն գործով Նախարարության դիմումը ենթակա էր մերժման, քանի որ դատարանը կարող է գույքը տիրազուրկ ճանաչելու և տիրապետող անձի սեփականությանն այն հանձնելու մասին վճիռ կայացնել միայն այն դեպքում, երբ գործի քննությամբ հաստատվի, որ գույքը չունի սեփականատեր, կամ այն թողնվել է սեփականատիրոջ կողմից՝ առանց դրա նկատմամբ սեփականության իրավունքը պահպանելու մտադրության: Մինչդեռ սույն գործի քննությամբ չի հաստատվել այն հանգամանքը, որ Արտաշես Թառումյանից վերցված և մաքսային պահեստ ի պահ հանձնված շարժական գույքը չունի սեփականատեր, կամ այն թողնվել է սեփականատիրոջ կողմից՝ առանց դրա նկատմամբ սեփականության իրավունքը պահպանելու մտադրության, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Բացի այդ, ՀՀ մաքսային սահմանը հատելիս Արտաշես Թառումյանի մոտ մաքսային հսկողությունից թաքցված իրեր հայտնաբերելու փաստի առթիվ քրեական գործ չի հարուցվել և Արտաշես Թառումյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, որպիսի պայմաններում վերջինից վերցված և մաքսային պահեստ հանձնված գույքի տնօրինման հարցը ենթակա էր լուծման վարույթն իրականացնող մարմնի կողմից: Ավելին` սույն գործում առկա չէ որևէ ապացույց` վերը նշված խախտման համար վարչական վարույթ հարուցված լինելու և Արտաշես Թառումյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշմամբ նշված փաստարկներն անհիմն են, քանի որ Դատարանը լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատել է սույն գործում առկա բոլոր ապացույցները և իրավացիորեն հանգել այն եզրակացության, որ սույն գործի քննությամբ չի հաստատվել Նախարարության կողմից ներկայացված պահանջի առարկա շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու իրավական և փաստական հիմքերի առկայությունը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը, համաձայն որի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Այս դեպքում վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատճառաբանում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, եթե այն թերի կամ սխալ է պատճառաբանված:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, ուստի Դատարանի վճռին պետք է տալ օրինական ուժ` սույն որոշման պատճառաբանություններով:
Միաժամանակ վերոհիշյալ դիրքորոշման համար Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին, 3-րդ և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդված 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի «գ» կետի համաձայն՝ (...) պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար հատուկ վարույթի գործերով՝ բազային տուրքի տասնապատիկի չափով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ (...) բազային տուրքի չափ է սահմանվում 1.000 դրամը:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածների վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ հատուկ վարույթի կարգով քննվող սույն քաղաքացիական գործով Արտաշես Թառումյանի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի՝ օրենքով սահմանված չափը կազմում է 10.000 ՀՀ դրամ: Արտաշես Թառումյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ պետական տուրք:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ Արտաշես Թառումյանի կողմից վճարված պետական տուրքը՝ 10.000 ՀՀ դրամի չափով, անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերած անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, գտնում է, որ Արտաշես Թառումյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 10.000 ՀՀ դրամի չափով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Նախարարության կողմից:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վճռաբեկ բողոք բերելու համար Արտաշես Թառումյանի կողմից օրենքով պահանջվող պետական տուրքի չափից ավելի վճարված պետական տուրքը՝ 10.000 ՀՀ դրամի չափով, ենթակա է վերադարձման այն վճարած անձին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.11.2015 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով:
2. ՀՀ ֆինանսների նախարարությունից հօգուտ Արտաշես Թառումյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Արտաշես Թառումյանի կողմից օրենսդրությամբ պահանջվող պետական տուրքի չափից ավելի՝ 10.000 ՀՀ դրամի չափով վճարված պետական տուրքի հարցը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Դատավորներ` Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Ռ. Հակոբյան Տ. Պետրոսյան
Ե. Խունդկարյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Ն. Տավարացյան