Գլխավոր տեղեկություն
Номер
N 1395-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.12.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.12.04/81(1170) Հոդ.1072
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.11.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.11.2015
Дата вступления в силу
05.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2015 թվականի N 1395-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչությունը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի ստեղծման ծրագիրը հաստատելու մասին» N 584-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.

«1.1. «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:».

2) որոշման 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերում և որոշման հավելվածում «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» բառերը փոխարինել «Աղետների բժշկության կենտրոն» բառերով.

3) որոշման ամբողջ տեքստում և որոշման հավելվածում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով.

4) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սահմանել, որ «Աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

1) փրկարարական ծառայության անցնելու համար դիմող քաղաքացիների, փրկարարական ծառայողների, փրկարարական ուսումնական հաստատությունների դիմորդների պիտանիության ռազմաբժշկական փորձաքննության իրականացումը.

2) ռադիոակտիվ նյութերով, իոնիզացնող ճառագայթման աղբյուրներով, էլեկտրամագնիսական դաշտ ստեղծող սարքավորումներով աշխատելու համար փրկարարական ծառայողների պիտանիության ռազմաբժշկական փորձաքննության իրականացումը, փրկարարական ծառայողների ստացած հիվանդությունների ու վնասվածքների, խեղումների հետևանքների և ծառայության պատճառական կապի որոշումը.

3) փրկարարական ծառայողների ամենամյա պարտադիր բժշկական դիսպանսեր հետազոտության իրականացումը և նրանց առողջական վիճակի մասին համապատասխան բժշկական եզրակացության տրամադրումը.

4) փրկարարական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, փրկարարական ծառայության կենսաթոշակառուների բժշկական օգնության և սպասարկման իրականացումն ու կազմակերպումը.

5) ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում ծառայության գործուղված՝ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողների, նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության և սպասարկման իրականացումն ու կազմակերպումը.

6) արտակարգ իրավիճակներում և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ժամանակ տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման ցուցաբերումը.

7) բժշկական օգնության և սպասարկման ցուցաբերման և արտակարգ իրավիճակների, արհավիրքների, կոնֆլիկտների տարածքից տուժածների բուժտարահանման միջոցառումների կառավարման օպերատիվ, կազմակերպչական և ռազմավարական հիմունքների մշակումը.

8) աղետների բուժսանիտարական հետևանքների ուսումնասիրումը և կանխատեսումը, աղետների բժշկագիտության գիտամեթոդական սկզբունքների մշակումն ու մեթոդական ձեռնարկների ստեղծումը, հրապարակումը և բնակչության առաջին բժշկական օգնության ու սպասարկման հիմքերի ուսուցման կազմակերպումը և անցկացումը.

9) մասնակցությունը աղետների բժշկության ուղղությամբ իրականացված և իրականացվող միջոցառումների մասին տեղեկատվության հավաքմանը, մշակմանն ու ներդրմանը.

10) արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման նպատակով ընդգրկված անձնակազմի առողջության պահպանումը և բժշկական օգնության ու սպասարկման ցուցաբերումը.

11) մասնակցությունն աղետների բժշկության համակարգի բժշկական մասնագետների պատրաստմանը և վերապատրաստմանը.

12) հոգեբանական վերականգնողական նպատակային գործունեության կազմակերպումը.

13) մասնակցությունը աղետների բժշկագիտության զարգացման և կատարելագործման ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը:»:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության լուծարման արդյունքում կրճատվող քաղաքացիական ծառայողների 4 հաստիքի պահպանման համար նախատեսված միջոցները հատկացնել «Աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, այդ թվում՝ փրկարարական ծառայության հաստիքների թիվը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 277-Ն որոշման 1-ին կետի աղյուսակում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «64» թիվը փոխարինել «60» թվով.

2) «3548» թիվը փոխարինել «3544» թվով.

3) «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» բառերը և «15» թիվը համապատասխանաբար փոխարինել «Աղետների բժշկության կենտրոն» բառերով և «27» թվով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 531-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի N 634-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 279-Ն որոշման N 3 հավելվածից հանել «Բժշկական ապահովման վարչություն» պարբերությունը:

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) մեկամսյա ժամկետում ապահովել «Աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունների հաստատումը և սահմանված կարգով դրա պետական գրանցումը.

2) երկամսյա ժամկետում, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության լուծարման արդյունքում կրճատված քաղաքացիական ծառայության 4 հաստիքի պահպանման համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացված միջոցներն «Աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը վերահատկացնելու մասին:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 30

Երևան