Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.11.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.01.12/1(1090) Հոդ.12
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
28.11.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
28.11.2014
Дата вступления в силу
28.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0607/02/12

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0607/02/12

2014 թ.

Նախագահող դատավոր՝  Լ. Գրիգորյան

Դատավորներ՝   

Գ. Մատինյան
 

Ա. Թումանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

   

Վ. Աբելյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

2014 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մանվել Գրիգորյանի ներկայացուցիչ Ցոլակ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կայծեր Խաչատրյանի ընդդեմ Մանվել Գրիգորյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կայծեր Խաչատրյանը պահանջել է Մանվել Գրիգորյանից բռնագանձել 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած 22.08.2009 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, ինչպես նաև 35.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 14.02.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.06.2013 թվականի որոշմամբ Կայծեր Խաչատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 14.02.2013 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյան) (այսուհետ` Դատարան) 25.12.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.05.2014 թվականի որոշմամբ Մանվել Գրիգորյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.12.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կայծեր Խաչատրյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 78-րդ հոդվածները, 118-րդ հոդվածի 2-րդ կետը, 1499 -րդ հոդվածի 2-րդ կետը, 228-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը 10.12.2013 թվականին ժամը 12:50-ին հրավիրել է նախնական դատական նիստ, որը կայացվել է պատշաճ ծանուցված պատասխանողի բացակայությամբ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ նախնական դատական նիստին պատասխանողի բացակայության պայմաններում, Դատարանը նույն նիստի ընթացքում անցել է դատաքննության և, ավարտելով գործի քննությունը, նշանակել է վճռի հրապարակման օր` 2013 թվականի դեկտեմբերի 25-ը:

Վերաքննիչ դատարանը քննության առարկա չի դարձրել և գնահատական չի տվել այն հանգամանքին, որ 06.11.2013 թվականին նշանակված նախնական նիստի ժամանակ հայցվորի և պատասխանողի ներկայացուցիչները 10.12.2013 թվականին ժամը 12:50-ին հրավիրված նիստի ժամանակ ծանուցվել են նախնական նիստին ներկայանալու մասին, մինչդեռ պատասխանողը չի ծանուցվել նույն օրը նշանակված գործի դատաքննության մասին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.05.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոք ներկայացրած անձը, վկայակոչելով դատավարական իրավունքի նորմերի խախտման հետևանքով մրցակցության և հավասարության սկզբունքների խախտումները, չի նշել, թե հատկապես ինչ ապացույց է ներկայացվել հայցվորի կողմից գործի քննության ժամանակ` իր բացակայության ընթացքում, որի վերաբերյալ նա զրկվել է իր դիրքորոշումը հայտնելուց կամ հակառակ ապացույցը ներկայացնելուց:

Պատասխանողի վկայակոչած հանգամանքը` նիստին մասնակից չլինելու մասին` սույն գործի համար էական նշանակություն չունի, քանի որ պատասխանողը տեղյակ լինելով նիստի ժամանակի և վայրի մասին` չի ցանկացել օգտվել իր դատավարական իրավունքից, չի վկայակոչել իր ներկայությամբ լուծվող մի փաստ, որը էական էր գործի համար:

Մասնավորապես` պատասխանողը ներկա է գտնվել գործի նախնական նիստին, այդ նիստի ընթացքում տեղեկացել է հաջորդ նիստի ժամանակի և վայրի մասին, մինչդեռ հաջորդ նիստին չի ներկայացել և չի ներկայացրել դիմում իր բացակայությունը հարգելի համարելու կամ նիստը հետաձգելու վերաբերյալ:

Վճռաբեկ բողոք ներկայացրած անձը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի համաձայն վճիռը զուտ ձևական նկատառումներով չի կարող բեկանվել, եթե խախտումը վեճի լուծման համար էական նշանակություն չի կարող ունենալ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Դատարանի` 06.11.2013 թվականի նախնական դատական նիստին ներկա են գտնվել հայցվորի և պատասխանողի ներկայացուցիչները: Դատական նիստի ընթացքում պատասխանողի ներկայացուցիչ Ցոլակ Գրիգորյանը միջնորդել է հրավիրված նախնական դատական նիստը հետաձգել: Դատարանը բավարարել է պատասխանողի ներկայացուցչի միջնորդությունը և նախնական դատական նիստը հետաձգել է մինչև 10.12.2013 թվականի ժամը 12:50-ը (հատոր 3-րդ, գ.թ. 21-22):

2) Դատարանի` 10.12.2013 թվականի նախնական դատական նիստին ներկայացել են հայցվորը և նրա ներկայացուցիչը: Դատարանը նույն օրը նախնական դատական նիստը հայտարարել է ավարտված և որոշել անցնել դատաքննության: Այնուհետև, նույն օրը գործի քննությունը հայտարարելով ավարտված` նշանակել է դատական ակտի հրապարակման օրը` 25.12.2013 թվականի ժամը 11:45-ին (հատոր 3-րդ, գ.թ. 27):

3) Սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ պատասխանող Մանվել Գրիգորյանը պատշաճ ձևով ծանուցվել է 10.12.2013 թվականին նշանակված դատաքննության ժամանակի և վայրի մասին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1499 -րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 Սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է այն իրավական խնդրին, թե արդյոք դատարանը նախնական դատական նիստի ավարտից անմիջապես հետո կարող է անցնել գործի դատաքննությանը այն պարագայում, երբ կողմերից մեկը ներկա չէ և չի իրազեկվել գործը դատաքննության նշանակելու որոշման մասին:

Դատարանում գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Դատական ծանուցագրերով դատարան են կանչվում նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները:

Նույն օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով կամ ուղարկվում է էլեկտրոնային փոստով` նույն հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով (այսուհետ` պատշաճ ձևով):

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի կիրառման հարցին և անհրաժեշտ է համարում վերահաստատել այդ որոշումներում արտահայտած դիրքորոշումը:

Վճռաբեկ դատարանը նշել է, որ տվյալ իրավական նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը (տե′ս, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, ամրագրելով քաղաքացիական դատավարության փուլերը (գործի հարուցման, գործը դատաքննության նախապատրաստելու, դատաքննության և այլն), պարտավորեցնում է դատարանին դատավարության մի փուլից անցումը մյուսին ձևակերպել առանձին դատավարական փաստաթղթով: Նշված իրավակարգավորումն ինքնանպատակ չէ և կոչված է երաշխավորելու գործին մասնակցող անձանց իրավունքների լիարժեք իրականացումը: Մասնավորապես` քաղաքացիական դատավարության յուրաքանչյուր փուլ ունի քաղաքացիական դատավարության ընդհանուր նպատակից բխող իր նպատակը, խնդիրները, դրանց լուծմանն ուղղված գործողությունների շրջանակը:

Վերը նշվածով պայմանավորված` յուրաքանչյուր փուլում գործին մասնակցող անձանց իրավունքների և պարտականությունների շրջանակը ևս տարբեր է, հետևաբար վերջիններիս կողմից դատավարության համապատասխան փուլին անցնելու վերաբերյալ իրազեկումն ուղղակի անհրաժեշտություն է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1499 -րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավորը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն`գործը դատաքննության նշանակելու մասին որոշումն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, որում նշվում է գործի դատաքննության ժամանակի և վայրի մասին:

Կայացնելով գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը` դատարանը մի կողմից արձանագրում է գործը դատաքննության նախապատրաստելու փուլի ավարտը, մյուս կողմից` անցումը դատաքննության փուլին, որի շրջանակներում էլ իրականացվում է գործի ըստ էության քննությունը և լուծումը: Մասնավորապես` դատավարության այս փուլում դատարանը պարզում է հայցվորի պահանջները, պատասխանողի առարկությունները, անմիջականորեն հետազոտում է ապացույցները, պարզում է գործի փաստական հանգամանքները, կոնկրետ իրավահարաբերության սահմաններում կողմերի իրական իրավունքները և պարտականությունները:

Վերը շարադրվածով պայմանավորված` դատավարության այս փուլում գործին մասնակցող անձանց հիմնական իրավունքները հանգում են իրենց դիրքորոշումը ներկայացնելուն և ապացույցների հետազոտմանը մասնակցելուն: Հետևաբար օրենսդրի պահանջը` դատաքննության նշանակելու մասին որոշումն առանձին ակտի ձևով կայացնելու և այն գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ, կոչված է ապահովելու վերջիններիս կողմից դատավարության այս փուլին նախապատրաստվելու և դատարան ներկայանալու իրական հնարավորությունը:

Վճռաբեկ դատարանի վերը նշված եզրահանգումը բխում է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (այսուհետ` Կոնվենցիա) երաշխավորված յուրաքանչյուրի` արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշումներից: Մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեցիարիայի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի վերլուծությանը, արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով (տես, Լիլիթ Գևորքովան ընդդեմ Սվետլանա Միքայելյանի թիվ ԵԷԴ/1730/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Հետևաբար այն դեպքում, երբ անձը չի տեղեկացվում դատաքննության փուլին անցնելու վերաբերյալ, որպես հետևանք զրկվում է դատավարության այդ փուլում օրենսդրորեն իրեն վերապահված դատավարական իրավունքներն իրացնելու հնարավորությունից` հայտնվելով դատավարության մյուս կողմի հետ համեմատ էականորեն նվազ բարենպաստ վիճակում, ինչն իրավահավասարության սկզբունքի խախտում է:

Վճռաբեկ դատարանը, միաժամանակ ելնելով գործի արդյունավետ քննության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից, հարկ է համարում հավելել, որ դատարանը նախնական դատական նիստի ավարտից անմիջապես հետո կարող է որոշում կայացնել դատաքննությունը սկսելու մասին բացառապես այն դեպքում, երբ նախնական դատական նիստին ներկայացել են գործին մասնակցող բոլոր անձինք և նրանց հնարավոր է իրազեկել գործը դատաքննության նշանակելու մասին որոշման վերաբերյալ (տե'ս «Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ի ընդդեմ Սուսաննա Հարությունյանի թիվ ԵՄԴ/0826/02/12 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ սույն գործի դատաքննությունն իրականացվել է 10.12.2013 թվականին կայացած դատական նիստում, այդ նիստի մասին պատասխանողի ներկայացուցիչը պատշաճ ծանուցված է եղել և չի ներկայացել, որպիսի պայմաններում Դատարանը գործը քննել է պատշաճ ծանուցված պատասխանող կողմի բացակայությամբ և վճիռ է կայացրել՝ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով:

Սույն գործի փաստերի համաձայն Դատարանը 10.12.2013 թվականին նախնական դատական նիստը հայտարարել է ավարտված և որոշել է անցնել դատաքննության, որից հետո գործի քննությունը հայտարարելով ավարտված` նշանակել է դատական ակտի հրապարակման օրը` 25.12.2013 թվականի ժամը 11:45-ին: Սույն գործում առկա չէ որևէ ապացույց 10.12.2013 թվականին նշանակված դատաքննության ժամանակի և վայրի մասին պատասխանող Մանվել Գրիգորյանին պատշաճ ձևով ծանուցելու վերաբերյալ:

Վերը նշվածը հաշվի առնելով և այն համադրելով սույն որոշմամբ արտահայտված իրավական վերլուծությունների հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, գործը դատաքննության նախապատրաստման փուլից դատաքննության փուլին անցնելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո, պարտավոր էր պատշաճ ծանուցել պատասխանողին կամ նրա ներկայացուցչին` նշելով գործը դատաքննություն նշանակելու ժամանակի և վայրի մասին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մանվել Գրիգորյանը պատշաճ ձևով չի տեղեկացվել 10.12.2013 թվականին նշանակված դատաքննության ժամանակի և վայրի մասին, ինչի արդյունքում խախտվել է նրա` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ պատասխանող Մանվել Գրիգորյանը պատշաճ ծանուցվել է 10.12.2013 թվականին նշանակված դատաքննության վայրի և ժամանակի մասին:

Վերը նշված հիմնավորումներով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

Վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

 

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ե. Սողոմոնյան